Իմաստ. Սողոմոնի 3.1-8
1 Բայց արդարների հոգիներն Աստծոյ ձեռքին են, եւ մահը չի մօտենալու նրանց: 2 Անզգամների աչքին թուաց, թէ նրանք մեռան, եւ նրանց ելքն այս աշխարհից համարուեց տանջանք, իսկ նրանց հեռանալը մեզնից՝ կործանում, 3 բայց նրանք գտնւում են խաղաղութեան մէջ: 4 Ու թէպէտ եւ մարդկանց թւում է, թէ նրանք տանջուեցին, բայց նրանք անմահութեան հաստատ յոյս ունեն, 5 ինչպէս եւ նրանք, որոնք չխուսափեցին սակաւ-ինչ տառապանքից, պիտի բարիքներ գտնեն, քանի որ Աստուած փորձեց նրանց եւ նրանց էլ արժանի գտաւ իրեն: 6 Նրանց փորձեց, ինչպէս ոսկին բովի մէջ, եւ իբրեւ ողջակէզի զոհ ընդունեց նրանց: 7 Եւ երբ Տէրն այցելի նրանց, նրանք պիտի պայծառանան ու վեր ընթանան, ինչպէս կայծը եղէգի միջով: 8 Պիտի դատեն ազգերին եւ տիրեն ժողովուրդներին, եւ նրանց վրայ յաւիտեան թագաւորելու է Տէրը:
Եսայի 49.8-9
8 Այսպէս է ասում Տէրն Իսրայէլին. պատեհ ժամանակ քեզ լսեցի եւ փրկութեան օրը օգնեցի. ես քեզ ստեղծեցի եւ ուխտի նպատակով հեթանոսներին տուեցի քեզ՝ երկիրը վերականգնելու եւ աւերակ ժառանգութիւնները ժառանգներին վերադարձնելու համար, 9 շղթայուածներին ասելու՝ ելէ՛ք, իսկ խաւարի մէջ գտնուողներին՝ յայտնուեցէ՛ք: Նրանք պիտի արածեն բոլոր ճանապարհներին, նրանց արօտը պիտի լինի բոլոր շաւիղների վրայ:
Եբրայեցիներ 12.1-7
1 Ուրեմն, մենք էլ, որ մեր շուրջը վկաների այսչափ բազմութիւն ունենք, դէ՛ն գցենք ամէն հպարտութիւն եւ ծանր մեղք, համբերատարութեամբ ընթանանք դէպի մրցասպարէզ, որ բացուած է մեր առաջ. 2 նայենք Յիսուսին՝ հաւատի Զօրագլխին, այն Կատարելագործողին, որն իր առաջ դրուած ուրախութեան համար յանձն առաւ խաչը, արհամարհեց ամօթը եւ նստեց Աստծոյ աթոռի աջ կողմում: 3 Ապա ուրեմն, մտաբերեցէ՛ք Յիսուսին, որ այսպէս համբերեց իր հանդէպ մեղաւորների ունեցած հակառակութեանը, որպէսզի չլինի թէ յոգնէք եւ յուսալքուէք. 4 դուք, որ կռուի մէջ դեռ արիւն թափելու չափ չհակառակուեցիք մեղքին 5 եւ մոռացաք այն յորդորը, որ ուղղուած է ձեզ՝ իբրեւ որդիների. «Որդեա՛կ իմ, Տիրոջ խրատը մի՛ անարգիր եւ մի՛ վհատուիր, երբ յանդիմանուես նրանից, 6 քանի որ Տէրը ում սիրում է, խրատում է, պատժում է ամէն մի որդու, որին ընդունում է»: 7 Թէ խրատին համբերող էք, Աստուած ձեզ կմօտենայ իբրեւ որդիների:
Ավ. ըստ Ղուկասի 6.20-26
20 Եւ Յիսուս աչքերը բարձրացրեց իր աշակերտների վրայ ու ասաց. «Երանի՜ հոգով աղքատներիդ, որովհետեւ Աստծոյ արքայութիւնը ձերն է: 21 Երանի՜ նրանց, որ քաղցած են այժմ, որովհետեւ պիտի յագենան: Երանի՜ նրանց, որ այժմ լալիս են, որովհետեւ պիտի ծիծաղեն: 22 Երանի՜ է ձեզ, երբ որ մարդիկ ձեզ ատեն եւ երբ որ ձեզ մերժեն ու նախատեն եւ մարդու Որդու պատճառով ձեր մասին չար անուն հանեն: 23 Ուրախացէ՛ք այդ օրը եւ ցնծացէ՛ք, որովհետեւ ձեր վարձը մեծ է երկնքում. նրանց հայրերը նոյն ձեւով էին վարւում մարգարէների հետ: 24 Բայց վա՜յ ձեզ՝ հարուստներիդ, որովհետեւ դուք ձեր մխիթարութիւնը ստացել էք: 25 Վա՜յ ձեզ, որ այժմ յագեցած էք, որովհետեւ քաղցած պիտի մնաք: Վա՜յ ձեզ, որ այժմ ծիծաղում էք, որովհետեւ պիտի սգաք ու պիտի լաք: 26 Վա՜յ ձեզ, երբ որ բոլոր մարդիկ լաւ խօսեն ձեր մասին, որովհետեւ նրանց հայրերը սուտ մարգարէներին այդպէս էին անում: