Այսօր սրբոց հայրապետացն ժողովեալք ի միասին.
եդին հաստատութեամբ զհիմունս հաւատոյ.
ի վերայ հիման առաքելոց եւ մարգարէից:
Այսօր զԲանն ի սկզբանէ քարոզեցին սուրբ հայրապետքն.
յառաջ քան զյաւիտեանս ի Հօրէ ծնունդ անճառ.
Այսօր զՀոգին ճշմարտութեան դաւանեցին սուրբ հայրապետքն.
ծագումն առ ի Հօրէ յառաջ բղխեալ անհատաբար.
ընդ նմին յաւէտ մշտնջենաւոր փառակից Որդւոյ
(Շարակնոց)
Գումարուել 381 թուականին հռոմէական Թէոդոս Ա. Մեծ կայսեր հրամանով:
Առիթը Ընդհանրական Եկեղեցուն ալեկոծած Կոստանդնուպոլսի եպիսկոպոս Մակեդոնի վարդապետութիւնն էր, որը ժխտում էր Սուրբ Հոգու Աստուածութիւնը (այստեղից էլ առաջացել է նրանց «հոգեմարտներ» անուանումը):
Ժողովին մասնակցել են 150 եպիսկոպոսներ:
Մեծն Կոստանդիանոսի ինքնակալութեան տարիներին Նիկիայի սուրբ ժողովի կողմից արիոսական չար աղանդը ջախջախելուց եւ ապա Կոստանդիանոսի որդի Կոստասի օրօք նրանց սանձահարելուց յետոյ երբ թագաւորեց նրա միւս որդին՝ Կոստանդը, ով կուսակից էր արիոսականներին, դարձեալ զօրացան չարափառները
Այդ աղանդի դառն արմատներից ընձիւղուեց Մակեդոնի անիծեալ արմատը` հայհոյիչ հոգեմարտը, Սուրբ Հոգու Աստուածութիւնն ուրացողը եւ Նրան որպէս կատարեալ Անձ մերժողը: Այդ շրջանում արիոսականների հետ միաժամանակ առաջ եկան նաեւ եւնոմեանների, ապողինարիների, փոտինեանների եւ այլ հերեսիովտապետերի անիծեալ շառաւիղները:
Արդ, Կոստանդ կայսրը արիոսական եպիսկոպոսների սադրանքով երանելի Պօղոս Խոստովանողին ուղղափառութեան համար երկու անգամ հեռացրեց Աթոռից եւ նրա փոխարէն ընտրեց Մակեդոնին, քանի որ նա համախոհ էր Արիոսին: Եւ Տիրոջ 342 եւ 351 թուականներին հերեսիովտապետ Մակեդոնը Կոստանդնուպոլսում մէկերկու անգամ յաջորդաբար նստեց Յունաց պատրիարքութեան Աթոռին, սակայն նա ատելի եղաւ ոչ միայն ուղղափառների դասին, այլեւ արիոսականներին` նրանց կեղեքելու եւ հարստահարելու պատճառով: Հակառակ ժողովրդի կամքի եւ առանց կայսեր գիտութեան` նա Մեծն Կոստանդիանոսի մարմինը փոխադրել տուեց Ակակիոս վկայի եկեղեցի, որի համար մեծ աղմուկ բարձրացաւ եւ մինչեւ անգամ արիւնահեղութիւն եղաւ: Սրանով նա ընկաւ Կոստանդի աչքից. Տիրոջ 361 թուականին կայսրը նրան վերջնականապէս հեռացրեց Աթոռից եւ նրա փոխարէն նշանակեց արիոսական Եւդոքսիոսին: Այս բանից չարացաւ Մակեդոնը, հեռացաւ արիոսականներից եւ յարեց այլ աղանդի` կիսաարիոսականներին: Նրանց առջեւ շնորհ գտնելու համար սկսեց քարոզել նրանց հաճոյ թուացող վարդապետութիւն, որի մէջ ներքաշեց շատերին: Օրէցօր բազմանում էին Մակեդոնի համախոհները: Անօրէնը յաւելեց այլ մոլորութիւն եւս. նա ցանկացաւ լինել առանձին աղանդի գլուխ եւ ունենալ իր առանձին ժողովուրդը: Նա բացում էր իր պիղծ բերանը ընդդէմ Ամենասուրբ Հոգու եւ հայհոյում, թէ` չկայ Սուրբ Հոգու հաղորդութիւն Հօր կամ Որդու Աստուածութեան հետ, այլ Նա օտար է Նրանց Էութիւնից եւ Տէրութիւնից եւ լոկ Նրանց սպասաւորն է: Եւ թէպէտ հոգեմարտ հայոյիչը քիչ օրեր անց մեռաւ չարաչար մահով, սակայն նրա նողկալի աղանդը մնաց իր հետեւորդների մէջ, ովքեր կոչուեցին մակեդոնեաններ: Նրանք միաբան մերժում էին Սուրբ Հոգու Աստուածութիւնը, որի համար էլ կոչուեցին հոգեմարտներ:
Այդ օրերին արիոսականների արմատից ելաւ մէկ այլ չար շառաւիղ` եւնոմեականների աղանդը: Նրանց առաջնորդը Գէորգ եպիսկոպոսի սարկաւագն էր՝ արիոսականների եւ մելիտիանոսների աղանդից: Նրա անունն էր Այետիոս, որը թարգմանւում է «անամօթ», սակայն իր հայհոյախօսութեան պատճառով կոչուեց Աթէոս, որը նշանակում է «անաստուած»: Դեռեւս մանկուց նա անմասն էր Սուրբ Գրքի գիտութեանը, իսկ երբ չափահաս դարձաւ, գնաց Ալեքսանդրիա, ուր խորամուխ եղաւ սոփեստական ուսմունքի մէջ եւ յանդգնեց հաւատի վարդապետութիւնը յեղյեղել մարդկային տկար խօսքի ճարտարութեամբ: Այսպէս, նա սերմանեց Արիոսի եւ Մակեդոնի համախառն վարդապետութիւնը. մերժեց Որդու եւ Հոգու համագոյակից ու նմանագոյակից լինելը եւ յօրինեց այլագոյակից կամ օտար բնութիւններ լինելը: Այս Այետիոսի գլխաւոր աշակերտը եղաւ Եւնոմիոսը` աւելի չար մէկը, քան իր վարդապետը, քանի որ յայտնապէս յամարձակուեց Արիոսի հետ ուսուցանել, թէ` Որդին արարած է, ստեղծուածների մէջ գերագոյնը եւ առաջինը, օտար` Հօր բնութիւնից: Նոյնպէս էլ, Մակեդոնի հետ հայհոյելով Հոգուն, ասում էր, թէ Նա արարած է, եւ ոչ թէ Հօրից բխած, իսկ Որդին նախքան այլ արարածներն է: Ուղղափառների մկրտութիւնը, որ Ամենասուրբ Երրորդութեան անուամբ էր, կամեցաւ թիւրել. նրանց համարում էր չմկրտուած, իսկ իր մոլորութեամբ խոտորուածներին նորաձեւ մկրտութեամբ կրկին եւէթ մկրտել էր տալիս:
Կոստանդ կայսրը չկարողացաւ հանդուրժել այսօրինակ անզգամութիւնը եւ աքսորել տուեց նրանց առաջնորդներին` Այետիոսին` Փռիւգիա, Եւնոմիոսին` Պամփիլիա, սակայն մնացին նրանց աշակերտները: Չասենք նաեւ այլեւայլ հերձուածների մասին, որոնք մոլորութեան տեսակտեսակ որոմներ ցանեցին Քրիստոսի Եկեղեցու բարի ագարակում եւ ծաւալուելով տարածուեցին Կոստանդի կայսրութեան շատ տեղերում` շարունակելով գործել նրա յաջորդների օրօք` մինչեւ արիոսամոլ Վաղես կայսեր վախճանը: Սա յայտնապէս հալածում էր ուղղափառներին, աքսորում էր սուրբ եպիսկոպոսներից շատերին, որոնց թւում նաեւ Հայոց Ներսէս Մեծ հայրապետին:
Եւ երբ Տիրոջ 379 թուականին թագաւորեց աստուածասէր եւ բարեպաշտ Թէոդոս Մեծ կայսրը, ով գահակից էր Գրատիանոս ուղղափառ ինքնակալին, անյապաղ ձեռնամուխ եղաւ Եկեղեցու ուղղափառ հաւատի հաստատութեանը եւ խաղաղութեանը:
Տիրապէս հրաման տուեց, որ իր թագաւորութեան բոլոր քրիստոնեաները միաբանուեն Նիկիական դաւանութեան եւ մի կաթողիկէ Եկեղեցու ճշմարիտ հաւատի ներքոյ: Հետ բերեց բոլոր նրանց, ովքեր աքսորուած էին չարափառ Վաղեսի կողմից եւ հաստատեց իրենց տեղերում: Նրանց հետ նաեւ բերեց սուրբ Ներսէսին եւ մեծ պատուով պահեց իր մօտ` Կոստանդնուպոլսում, որպէսզի նա մասնակցի առաջիկայ մեծ ժողովին, որ պատրաստւում էր գումարել ընդդէմ հոգեմարտների մոլորութեան եւ ժամանակի այլ աղանդների: Միաժամանակ որոշեց Գրիգոր Աստուածաբանին նշանակել Կոստանդնուպոլսի պատրիարքութեան Աթոռին եւ նրա փոխարէն կարգել անարժան Մաքսիմոսին: Մեծ խռովութիւն էր տիրում թագաւորական քաղաքում:
Այսպէս, Տիրոջ 381 թուականի մայիս ամսին քրիստոսասէր Թէոդոս ինքնակալի հրամանով եւ Հռոմի հայրապետ սուրբ Դամասոսի հաւանութեամբ Կոստանդնուպոլսում հաւաքուեցին հարիւր եւ յիսուն եպիսկոպոսներ, որոնց մէջ կային իրենց սրբութեամբ եւ իմաստութեամբ բազում նշանաւոր հայրեր`
Սուրբ Գրիգոր Նազիազանցին, Աստուածաբանը եւ Եկեղեցու ջահը,
Սուրբ Գրիգոր Նիւսացին` Մեծն Բարսեղ Կեսարացու եղբայրը,
Անտիոքի սուրբ Մելիտոս հայրապետը,
Երուսաղէմի սուրբ Կիւրեղ հայրապետը,
Իկոնիայի սուրբ Ամփիլոքիոս եպիսկոպոսը` սուրբ Բարսեղի եւ սուրբ Գրիգորի գործակջցը,
Կապադովկիացիների Կեսարիայի Եղադիոս եպիսկոպոսը` սուրբ Բարսեղի յաջորդը,
Ալեքսանդրիայի Տիմոթէոս հայրապետը,
Պաղեստինեան Կեսարիայի Գեղասիոս եպիսկոպոսը եւ այլ երեւելի առաջնորդներ:
Արդ, նախ եւ առաջ խօսք գնաց Կոստանդնուպոլսի մասին` այն Նոր Հռոմ կոչելու համար, ապա միաձայնութեամբ հեռացրին Մաքսիմոս աղանդաւորին եւ դարձեալ իբրեւ արժանաւոր հովուի` ընտրեցրին Գրիգոր Աստուածաբանին: Սակայն մինչ ընթանում էր ժողովը, վախճանուեց Անտիոքի սուրբ Մելիտոս հայրապետը: Եւ քանի որ բոլորից առաւել սուրբ Մելիտոսը նախընտրում էր Աստուածաբանին, չարակնոտները որոշեցին նրան հեռացնել պատրիարքութեան Աթոռից: Տեսնելով, որ խռովութիւն է ծագում եւ գնալով սաստկանում` սուրբ Գրիգորը մօտեցաւ սուրբ ժողովի ատեանին եւ հրաշալի ատենախօսութեամբ ու ինքնակամ հրաժարուեց իրեն Կոստանդնուպոլսի Աթոռի պատուին արժանացնելուց: Այնժամ լսելով նրան` սուրբ հայրերն ակամայ զիջեցին եւ ընտրեցին Նեքտարիոս Տարսոնացուն, ով մի այր էր ընտիր վարքով եւ երեւելի:
Այնուհետեւ սուրբ հայրերը, պարսպուած հաւատի հանգանակի խօսքերով, դիմեցին մակեդոնեանների դասից երեսուն եպիսկոպոսների եւ պահանջեցին կաթողիկէ Եկեղեցու հետ ընդունել Նիկիական հաւատի դաւանութիւնը, դաւանել եւ քարոզել Որդուն` որպէս բնութենակից եւ համագոյակից Հօրը եւ Սուրբ Հոգուն: Նոյնպէս էլ Ամենասուրբ Հոգուն` էակից եւ համագոյակից Հօրը եւ Որդուն: Եւ երբ նրանք յանձն չառան, հեռացրին նրանց ուղղափառների ժողովից եւ Եկեղեցու հետ հաղորդութիւնից, ու նզովեցին հոգեմարտ Մակեդոնին եւ նրա հետեւորդներին, եւնոմեականներին, ապողինարեաններին եւ ժամանակի բոլոր աղանդաւորներին: Հաստատեցին Նիկիական հաւատը` համագոյ եւ միասնական անբաժանելի Սուրբ Երրորդութեան` Հօր, Որդու եւ Սուրբ Հոգու մի Աստուածութիւնը: Հերոսիովտականների մոլորութիւնից առաւել զգուշանալու համար որոշեցին Նիկիական հաւատին կցել ինչինչ բացատրութիւն` շարադրելով մէկ այլ հանգանակ` իբրեւ նախորդի բացայայտութիւն, որը ժողովի բոլոր հայրերի հաւանութեամբ գրեց սուրբ Գրիգոր Նիւսացին: Այդ հաւելուածին միաբան իրենց ձեռքը դրին բոլորը` ըստ իրենց կարգի եւ պատուի աստիճանի: Ժողովը յստակեցրեց Բանի Մարդեղութեան եւ Սուրբ Հոգու վերաբերեալ դրոյթները:
Այդ ժողովում սահմանուեցին պէսպէս կանոններ Եկեղեցու բարեկարգութեան եւ բարեզարդութեան համար, որով Եկեղեցում խաղաղութիւն հաստատուեց:
Կոստանդնուպոլսի տիեզերական սուրբ ժողովն ընդունել է Է (7) կանոն:
Ա. կանոնը հաւաստում է, որ ժողովը հաւատարիմ է մնացել Նիկիոյ հանգանակին, նզովում է Մակեդոնին, Փոտինոսին, Ապողինարիոսին եւ միւս աղանդապետներին:
Բ. կանոնը սահմանում է, որ իւրաքանչիւր եկեղեցի` անկախ աւագութեան աստիճանից, միայն իր եկեղեցու եւ վարչական տարածքում է իրաւասու գործել ու տնօրինել, իրաւունք չունի միջամտել միւսների գործերին կամ կարգադրութիւններ անել:
Գ. կանոնը վերաբերում է աթոռների աւագութեանը: Կոստանդնուպոլսի աթոռը յայտարարուեց երկրորդը Հռոմից յետոյ: Սա ուղղուած էր Ալեքսանդրիայի աթոռի դէմ, որի աճող հեղինակութիւնը հարուածում էր թէ՛ Հռոմի, թէ՛ Կոստանդնուպոլսի շահերին: Ըստ աւագութեան` Ալեքսանդրիայի աթոռը երրորդն էր, Անտիոքի աթոռը՝ չորրորդը, Երուսաղէմի աթոռը՝ հինգերորդը:
Մնացած չորս կանոնները վերաբերում էին Եկեղեցու կարգ ու կանոնին:
Ինքն իսկ՝ ինքնակալ Թէոդոսը, խիստ հրաման արձակեց, ըստ որի եթէ եպիսկոպոսներից մէկը համարձակուի հեռանալ Նիկիոյ եւ Կոստանդնուպոլսի սուրբ ժողովների վարդապետութիւնից, կը հեռացուի իր Աթոռից, կ՚արտաքսուի Եկեղեցուց եւ նրան թոյլ չի տրուի յարել որեւէ ուղղափառ եկեղեցու եւ նրանց քաղաք մտնել: Ովքեր դէմ եղան այս հրամանին, արքունի իշխանութեամբ սանձեց նրանց եւ այդպէս անդորր հաստատեց Եկեղեցում:
Մեծ պատուով ազատեց նաեւ սուրբ Ներսէսին եւ ուղարկեց իր Աթոռ, ով Հայաստան գալով` սահմանեց ժողովի կանոնները` ըստ իր հօտի կարիքների եւ համաձայն սուրբ Լուսաւորչի կողմից լրացուած Նիկիական հանգանակի, որն անվրէպ պահում է Հայաստանեայց Եկեղեցին: Հարկ չհամարեց Որդու համար առանձին սահմանել «յառաջ քան զամենայն յաւիտեանս», որովհետեւ սուրբ Լուսաւորչի կողմից Ամենասուրբ Երրորդութեան համար նախապէս գրուած էր. «Իսկ մեք փառաւորեսցուք` որ յառաջ քան զյաւիտեանս` երկիր պագանելով Սուրբ Երրորդութեան եւ մի Աստուածութեան…»: Այս հաստատելով` հարկ չկար յաւելել Սուրբ Հոգու համար` «երկրպագակից եւ փառաւորակից», քանի որ սուրբ Լուսաւորիչն արդէն սահմանել էր այս կարեւոր եզրը` «Հաւատամք եւ ի Սուրբ Հոգին` յանեղն եւ ի կատարեալն, որ խօսեցաւ յՕրէնս եւ ի մարգարէս եւ յԱւետարանս»: Նոյնպէս եւ ընդդէմ բոլոր հերետիկոսների` Բանի մարդեղութեան մասին Լուսաւորչեան հանգանակում յաւելուեց. «մարմնացաւ, մարդացաւ, ծնաւ կատարելապէս ի Մարիամայ սրբոյ Կուսէն` Հոգւովն Սրբով, որով էառ մարմին, հոգի եւ միտք, եւ զամենայն որ ինչ է ի մարդ, ճշմարտապէս եւ ո՛չ կարծեօք»:
Հայ Եկեղեցին Նիկիայի Ա (325 թ.) եւ Եփեսոսի Գ (431 թ.) տիեզերական ժողովների հետ միասին ընդունում է նաեւ Կոստանդնուպոլսի ժողովի տիեզերական հեղինակութիւնը: Կոստանդնուպոլսի տիեզերաժողովի վճիռներն ու կանոնները Հայաստան մտնելով` ընդունուեցին Ասպուրակէս հայրապետի եւ Հայ Եկեղեցու եպիսկոպոսների կողմից:
Այդ ժողովի եւ Մակեդոնի հոգեմարտ վարդապետութեան մասին հայ իրականութեան մէջ առաջին անգամ յիշատակւում է Մովսէս Խորենացու «Հայոց պատմութեան» մէջ, Բաբկէն Ա Ոթմսեցի կաթողիկոսի (490- 516թթ.) նամակներում, որտեղ Կոստանդնուպոլսի տիեզերական ժողովը համարւում է իբրեւ Նիկիայի ժողովի որոշումները վաւերացնող:
Հայ Եկեղեցին Կոստանդնուպոլսի Բ տիեզերական ժողովի եւ 150 հայրապետների յիշատակը տօնում է Բուն Բարեկենդանին նախորդող շաբաթ օրը: