Մարմնացեալդ ի Կուսէն նախայաւիտեան Բանդ`
այսօր ի տաճարն եկիր կատարել զօրէնս. վասն փրկութեան հեթանոսաց:
Որ յանարուեստ աթոռ նստիս, բարեբանեալդ ի հրեշտակաց.
այսօր ի Սիմէօնի բառնալով ի գիրկս` որ ընծայեսցես զմեզ ի կեանսդ յաւիտենից:
Որ արձակիչդ ես կապելոց պարգեւատու ամենեցուն.
այսօր հայցմամբ ծերունւոյն արձակեա եւ զիս`
զբազմամեղս ի կապանաց մահու ի կեանսդ յաւիտենից:
Այսօր անսկզբնական ծնունդ Հայրական ծոցոյ Բանն եկաւորեալ ի տաճարն. ընծայէ զարարածս Հօր ի յերկինս:
Այսօր բարձեալ եղեւ ի գիրկս ծերունւոյն.
որ բանիւ զարարածս բարձեալ ունի օրհնաբանեսցուք:
Այսօր եւ մեք հաւատացեալքս ընդ ծերունւոյն Սիմէօնի`
զԲանն համագոյ Հօր եւ Սուրբ Հոգւոյն օրհնաբանեսցուք:
Այսօր ի տաճարն եկեալ Կենարարն եւ ի գիրկսն Սիմէօնի գգուե
ցաւ. զոր խնդութեամբ ընկալաւ Երուսաղէմ: Այսօր երկիրս երկինք անուանեցաւ.
զի Տէրն տէրանց իջեալ յերկնից ի յերկիր.
եւ ընծայիլ յանձն առնու ի գործոց ձեռաց իւրոց:
(Շարակնոց)
Ըստ Մովսէսի օրինադրած աստուածային հրամանի՝ ամէն առաջնածին արու զաւակ, ով արգանդ է բացում, պէտք է սուրբ կոչուի, այսինքն` Աստուծոյ բաժինը լինի, եւ նորածին մանկան մայրը պէտք է քառասուն օր արեւ չտեսնի այն տան դռնից դուրս, ուր ծնուել է մանուկը: Եւ սա է պատճառը: Երբ կինն ընդունում է որդեծնութեան սերմը, քառասուն օր յետոյ նրա արգանդում այն շնչաւորւում եւ հոգեւորում է: Այդ պատճառով օրէնք դրուեց, որ փոխարէն այն քառասուն օրերի, որ կինն իր մէջ սերմ ունէր առանց հոգու, պէտք է ծննդաբերելուց յետոյ քառասուն օր տանը փակուած մնայ եւ ապա դուրս ելնի: Այսպէս արեց նաեւ Աստուածածին Կոյս Մարիամը, թէպէտ նա սուրբ էր եւ անարատ, ու նրանից ծնուածը Սուրբ Հոգով էր:
Երբ, ըստ Մովսէսի օրէնքի, լրացան նրա սրբութեան օրերը, այսինքն` Բեթղեհէմում Քրիստոսի յետծննդեան քառասուն օրերը, բնութեան պարտքերը վճարելու համար Մարիամն ու Յովսէփը երեսունինը օր յետոյ առան մանուկ Յիսուսին եւ եկան Երուսաղէմի տաճար` Աստուծոյ երեսին յանդիման: Եւ ընծայ բերեցին աղաւնու երկու ձագ: Երեկոյեան հասան տաճար: Մութը պատել էր երկիրը: Տաճարի դուռը, որ վաղուց ի վեր փակ էր, ինքնին բացուեց նրանց առջեւ, ինչպէս որ Եզեկիէլ մարգարէն էր ասել. «Այդ դուռը փակ է մնալու ու չի բացուելու, նրանով ոչ ոք չի անցնելու, որպէսզի Իսրայէլի Տէր Աստուածը մտնի այդտեղով» 1: Այդպէս դուռը փակուել էր ըստ մարգարէի այն խօսքի, որ ասաց Բաբելոնում, եւ այնտեղ` Երուսաղէմում. դուռը փակուել էր առանց փականի եւ սողնակի: Փակուել էր այնպէս ամուր, որ եթէ հազար երկաթ եւ ճոպան բերէին` դուռը բանալու համար, չէին կարողանայ:
Իսկ այսօր Քրիստոսի գալստեամբ յանկարծ դուռն ինքնիրեն բացուեց: Դռան բացուելու ուժգին ձայնից դղրդաց ողջ քաղաքը, եւ բոլորը դուրս վազեցին: Եւ քանի որ մութը պատել էր քաղաքը, բոլորը եկան վառուող ջահերով ու լապտերներով` տեսնելու տաճար եկած Մանկանը: Ձայն էին տալիս միմեանց եւ ասում` «Տէր ընդ առա՜ջ», իսկ ոմանք պատասխանում էին` «Տէր ընդ այս»: Եւ փութապէս տաճար գալով` տեսան Յովսէփին ու Մարիամին` գրկում մանուկ Յիսուսին: Տաճարում տեսան հինաւուրց եւ զառամեալ Սիմէօն ծերունուն:
Այս Սիմէօնը մէկն էր եօթանասուներկու թարգմանիչներից, ովքեր Եգիպտոսի Պտղոմէոս թագաւորի հրամանով եբրայերէն լեզուից յունարէնի էին թարգմանում մարգարէների բոլոր գրքերը: Մինչ նա թարգմանում էր Եսայու մարգարէութիւնը, հասաւ այն տողերին, որ ասում է. «Ահա Կոյսը պիտի յղիանայ եւ Որդի ծնի» 2: Նա գրեց այս խօսքերը, ապա տարակուսեց իր մտքում եւ ասաց. «Հեթանոսներն այս բանին չեն հաւատայ», եւ ջնջեց գրածը: Բայց յետոյ փոշմանեց եւ տրտմեց` մտածելով. «Գուցէ իմ ընկերներն էլ այդպէս գրեն եւ միայն ես նախատինք դառնամ: Եւ բացի այդ` թարգմանիչների միջեւ մարգարէական խօսքերի վերաբերեալ հակառակութիւն եւ տարաձայնութիւն կը ծագի»: Ճանաչեց իր ընկերոջը, ով պէտք է իր հետ լինէր, քանզի Փառան կղզում եօթանասուներկու թարգմանիչներին երկուերկու բաժանել էին միմեանց միջեւ, ամէն երկու հոգին նստում էր մի տաղաւարում, եւ սահմանել էին այնպէս, որ անհնար լինէր հաղորդակցուելը: Նրանց սենեակների բոլոր դռները ծովահայեաց էին, որպէսզի չկարողանային միմեանց մօտ գնալ եւ միաբանուած խօսքեր գրել, այլ որպէսզի իրարից հեռու եւ առանց միմեանց տեսնելու, գրէին ստոյգը եւ ճշմարիտը: Պտղոմէոս թագաւորի հրամանով, ով նստում էր Ալեքսանդրիայում, ամէն առաւօտ թարգմանիչներին տանում էին կղզի եւ դարձեալ ամէն երեկոյ նրանց բերում թագաւորի մօտ, որպէսզի ի լուր արքայի ընթերցէին օրուայ թարգմանած նիւթը: Երեկոյեան օրուայ գրածը կարդում էին թագաւորի առջեւ, որպէսզի երեւար թարգմանած խօսքերի ճշմարտութիւնը եւ մարգարէների միասնականութիւնը: Եւ բոլորը միեւնոյնն էին կարդում:
Մարգարէները, հեռու լինելով միմեանցից, մարգարէանում էին Աստուծոյ Բանի գալստեան մասին: Այն, ինչ գրեց Սիմէօնը ու յետոյ ջնջեց, բայց վարանեց, նրա հետ տարակուսեց ու վարանեց նաեւ իր ընկերը: Եւ տրտմած երկուսն էլ քուն մտան: Արթնանալով` զարմանահրաշ սքանչելիք տեսան. տառերը գրուած էին ոսկեայ գրով: Սիմէօնը օր ու գիշեր արտասուեց եւ երանի տուեց նրան, ով կը տեսնի կուսածին Մանկանը: Այնժամ Սուրբ Հոգին ասաց նրան. «Դու մահ չես տեսնի, մինչեւ չտեսնես այն Մանկանը, ով Օծեալ Տէրն է, եւ կը հասնես երանութեան»:
Այդպէս ճշմարիտ Հոգու հրամանով նա ողջ մնաց եւ 344 տարի անց հասաւ իր բաղձանքին. երբ քառասնօրեայ Օծեալ Յիսուս եկաւ տաճար, Սուրբ Հոգին կանչեց Սիմէօնին եւ ասաց. «Արի՛, ծե՛ր, ե՛կ տաճար եւ ընդունի՛ր Նրան, Ում խնդրում էիր տեսնել: Ահա՛ Կոյսը եւ նրա Որդին»: Եւ նա ցնծութեամբ տաճար մտաւ, իր գիրկն առաւ Մանկանը եւ ասաց. «Այժմ, Տէ՛ր, ըստ Քո խօսքի, խաղաղութեամբ արձակիր Քո ծառային, քանզի իմ աչքերը տեսան Քո փրկութիւնը, որ պատրաստեցիր Քո ժողովրդի առջեւ: Լոյս, որ կը լինի յայտնութիւն հեթանոսների համար եւ փառք` Իսրայէլի Քո ժողովրդի համար»:
Սիմէօնն օրհնեց Յովսէփին ու Մարիամին եւ ապա դառնալով Մարիամին՝ օծեալ Մանկան համար ասաց. «Ահա Նա, Ով պատճառ է դառնալու Իսրայէլի մէջ շատերի անկման ու բարձրացման եւ նշան՝ հակառակութեան: Իսկ քո հոգու միջով սուր պիտի անցնի, որպէսզի բազում սրտերի խորհուրդներ յայտնի դառնան»: Այս ասելով` ծերը Մանկանը տուեց մօրը եւ հանգստացաւ ծերութեան տառապանքներից. տաճարում Աստուծոյ ձեռքն աւանդեց իր հոգին եւ արձակուեց մարմնի կապանքներից: Այդտեղ էր նաեւ Աննա մարգարէուհին` Ասերի ցեղից Փանուէլի դուստրը, ով այդ պահին գոհանում էր Տիրոջից եւ խօսում Նրա մասին բոլոր նրանց հետ, ովքեր ակնկալում էին Երուսաղէմի մխիթարութեանը:
Կատարելով իրենց ուխտը` Յովսէփն ու Մարիամը գնացին Նազարէթ: Տասներկու օր յետոյ նրանք մանուկ Յիսուսի հետ Աստուծոյ հրամանով փախուստ տուին Եգիպտոս` Յերմուպոլիս քաղաք, որպէսզի Հերովդէսը չսպանի Մանկանը, եւ որպէսզի կատարուի Եսայու մարգարէութիւնը, թէ` «Ահաւասիկ Տէրը, բազմած թեթեւասահ ամպերի վրայ, գալու է Եգիպտոս. եգիպտացիների կուռքերը Նրա ահից պիտի դողան, նրանց սրտերը պիտի յուսալքուեն» 3, ինչպէս որ եղաւ:
Արդ, Աստուած Սիմէօն ծերունուն արգելեց մահ տեսնել, որ յայտնի լինի Աստուծոյ Որդու իշխանութիւնը: Սուրբ Հոգին Հօր կամքով նրան կապեց երկար տարիներ, որ երբ գայ Աստուծոյ Որդին եւ արձակի ծերին, աշխարհը ճանաչի Նրան: Անցան դարեր, եւ ծերը պահւում էր, որպէսզի վկայի, թէ ով է ժամանակների Տէրը: Ննջում էին ազգերն ու սերունդները, եւ Սիմէօնը կենդանի էր մնում, որովհետեւ ակնկալում էր մշտնջենաւորը: Մահն անցնում էր այս ու այն կողմերով եւ նրան չէր մօտենում, բոլոր նահապետներին անց էր կացնում նրա առջեւով, բայց նրան մօտենալ չէր համարձակւում: Ինչպէս ճանապարհի վրայ դրուած մի արձան էր Սիմէօնը. ով վերցնէր նրան կեանքից, Նա էր կենդանարարը: Աստուած նրան կապել էր անքակտելի կապանքներով, որ երեւար, թէ Ով կը գայ եւ կÿարձակի նրան, Նա էր ճշմարիտն Աստուած, Ով հանգիստ կը տար նրան իր ծերութիւնից, Նա էր Տէրը: Սա նշան էր ծերացած, բազում օրեր ապրած ծերի վրայ: Յոգնել էր` նայելով անցնող բոլոր սերունդներին եւ սպասելով, թե նրանցից ով պիտի արձակի իրեն: Եւ մինչ նա համբերում էր, լրացաւ ժամանակը. եկաւ արարածներին Նախախնամողը` արձակելու կենդանակապ նաւին եւ նրան կապելու մահուան նաւահանգստին, մինչեւ Իր միւս անգամ Գալուստը:
Սուրբ Կոյսը, մանկանը գրկած, մտաւ տաճար, իսկ Սուրբ Հոգին կանչեց Սիմէօնին` ասելով. «Ե՛կ, ընդունի՛ր կապանքներն Արձակողին եւ խնդրի՛ր Նրան, որ արձակի քեզ: Արի՛, ծե՛ր, եւ այս Մանուկից ընդունիր մահդ»: Իսկ Սիմէօնը զօրացաւ հոգով, իր գիրկն առաւ մանկանը եւ ասաց. «Արդ, Տէ՛ր, ըստ Քո խօսքի` խաղաղութեամբ արձակի՛ր ինձ, ինչպէս խոստացար, քանդի՛ր իմ կապանքները, քանզի սպասել եմ, որ արձակուեմ Քո Ծննդեամբ: Հրամայի՛ր մահուանը, որ այսուհետ ննջեմ, ինչպէս որ խոստացար: Պահում էիր ինձ մինչ այժմ, որ տեսնեմ Քո Գալուստը՝ աշխարհ: Արդ, Տէ՛ր, բա՛ց դուռը` ելնեմ, քանզի տեսայ Փրկիչ Աստծուդ, եւ արձակի՛ր կապուածիս, քանզի ժամն է, որ ննջեմ հողում: Հրամայի՛ր մահուան հողմին փչել ինձ վրայ, որպէսզի գամ օթեւաններդ եւ սպասեմ, մինչեւ գաս` տանելու ինձ: Հրամայի՛ր մարմնիս հող դառնալ, որպէսզի երբ գաս բազում հրեշտակներով, յարութիւն տաս եւ ինձ: Շատ տքնեցի ես՝ սպասելով Քեզ աշխարհի ճանապարհներին: Այսուհետ տո՛ւր ինձ ննջել, մինչեւ Յարութեան օրը, երբ Քո ձայնը կÿարթնացնի ինձ: Սերմանի՛ր ինձ գերեզմանում, որ երբ անցնի աշխարհի ձմեռը, բուսնեմ Քո հրամանով: Տէ՛ր, թաղի՛ր ինձ գերեզմանի ակոսում որպէս ցորեն, որ երբ տեղայ կեանքի անձրեւը, պտուղներ տամ բազում արդիւնքներով»:
Իսկ Յովսէփը, մօտենալով ծերին, ասաց. «Արդ, ասա՛ ինձ, ո՛վ Սիմէօն, այդպիսի խօսքեր թերեւս ասեն կատարեալ մէկին: Մանուկը քառասնօրեայ է, Նա ինչպէ՞ս կարող է հասկանալ քո այս խօսքերը: Ե՞րբ Նա կապեց քեզ, կամ որտե՞ղ ես դու տեսել Նրան: Մանուկն ընդամենը քառասնօրեայ է, իսկ դու` հին օրերից եկած: Մի՞թէ քո հնամաշ ծերութիւնն աւելի կրտսեր է, քան Նրա մանկութիւնը: Եւ եթէ այդպէս է, ուրեմն ստուգապէս Նա է աշխարհի ճշմարիտ Տէրը»:
Սիմէօնի խնդրանքները ճշմարտապէս վկայում էին Մարիամի Որդու մասին, որ Նա է յաւիտենական ճշմարիտն Աստուած:
«Սիմէօն» թարգմանւում է «ունկնդրութիւն»: Սա նշանակում է, որ ով կամենում է ընդունել մանուկ Յիսուսին, պէտք է լեցուն լինի Սուրբ Հոգու շնորհներով, պէտք է ունկնդրի ու հնազանդ լինի Աստուծոյ օրէնքներին, ապա իր մէջ ընդունի Քրիստոսին, քանզի ով չունի հոգու մաքրութիւն եւ չի հնազանդւում Աստուծոյ օրէնքներին, չի կարող լինել ընդունարան Քրիստոսի համար: Ինչպէս որ Քրիստոս բնակւում է երկնայինների դասում, որոնք սուրբ են եւ հնազանդ Աստծուն, կամ Աստուածածին Կոյսը, ով լի էր Սուրբ Հոգով եւ խոնարհութամբ իրեն Աստուծոյ աղախին էր կոչում, իր մէջ ընդունեց Քրիստոսին եւ ունէր իր գրկում, նոյնպէս էլ Քրիստոս հանգստանում է սուրբ եւ Աստծուն հնազանդ հոգիների մէջ:
Աստուածածին Կոյսը, որ այսօր եկաւ տաճար եւ ընծայեց քառասնօրեայ մանուկ Յիսուսին, եղաւ հաշտութեան միջնորդ եւ բարեխօս մեզ համար: Նրա անդառնալի բարեխօսութեամբ թող Քրիստոս Աստուած հաշտուի եւ Սիմէօն ծերունու հետ ընդունի մեր աղաչանքները: Եւ ինչպէս որ այսօր արձակեց նրան մարմնի կապանքներից, թող մեզ էլ արձակի մեղքի կապանքներից, նորոգի մեղքերի հնութիւնից եւ արժանացնի Իր միւս անգամ Գալստեանը մտնել Վերին Երուսաղէմի տաճար՝ մասնակից լինելու անդրանիկների ժողովին՝ Իր սուրբերի եւ սիրելիների հետ, որպէսզի նրանց հետ մշտնջենաւոր սրբաբանութեամբ օրհնութիւն եւ փառք վեր առաքենք Նրան՝ Իր ամենակալ Հօր եւ ազատիչ Սուրբ Հոգու հետ յաւիտեանս. ամէն:
Արդ, Յակոբոս Աստուածեղբայրը եւ Մեծն Կիւրեղը կարգեցին, որ Տիրոջ քառասնօրեայ գալստեան տօնակատարութիւնը լինի փետրուար ամսուայ տասնչորսերորդ օրը` յունուարի վեցից յետոյ քառասուն օր անց: