Բ Օրենք 6.4-7.10
6.4 Մովսէսն այնուհետեւ շարունակեց. «Լսի՛ր, Իսրայէ՛լ, մեր Տէր Աստուածը մէկ Տէր է: 5 Քո Տէր Աստծուն պիտի սիրես քո ամբողջ հոգով, քո ամբողջ էութեամբ ու քո ամբողջ ուժով: 6 Այս պատգամները, որ այսօր հաղորդում եմ քեզ, կպահես մտքիդ ու հոգուդ մէջ: 7 Դրանք կհաղորդես քո որդիներին եւ դրանց մասին կխօսես, երբ տանը նստած ես, ճանապարհ գնալիս, պառկելիս ու վեր կենալիս: 8 Դրանք որպէս նշան կկապես քո ձեռքին, որ մնան անշարժ քո աչքերի առջեւ, 9 դրանք կգրես քո տների մուտքին ու դռների վրայ: 10 Եւ երբ քո Տէր Աստուածը քեզ տանի այն երկիրը, որ երդուեց տալ քո հայր Աբրահամին, Իսահակին ու Յակոբին, եւ քեզ տայ մեծամեծ ու գեղեցիկ քաղաքներ, որոնք դու չես կառուցել, 11 ամէն տեսակի բարիքներով լցուած տներ, որոնք դու չես լցրել, փորուած ջրհորներ, որոնք դու չես բացել, այգիներ ու ձիթաստաններ, որոնք դու չես տնկել, 12 եւ ուտես ու յագենաս, 13 ապա այն ժամանակ զգո՛յշ եղիր, որ չմոռանաս Եգիպտացիների երկրից՝ ստրկութեան տնից քեզ դուրս բերած քո Տէր Աստծուն: Երկնչի՛ր քո Տէր Աստծուց, միայն նրա՛ն պաշտիր, նրա՛ն հետեւիր ու նրա՛ անունով երդուիր: 14 Օտար աստուածների, ձեր շուրջը գտնուող ժողովուրդների աստուածների յետեւից մի՛ գնայ, 15 որովհետեւ քո Տէր Աստուածը, որ ձեր մէջ է, նախանձոտ Աստուած է: Այնպէս չլինի, որ քո Տէր Աստուածը սրտմտելով բարկանայ ու քեզ վերացնի երկրի երեսից: 16 Քո Տէր Աստծուն մի՛ փորձիր, ինչպէս փորձեցիք Փորձութեան վայրում: 17 Անսասա՛ն պահիր քո Տէր Աստծոյ քեզ հաղորդած պատուիրանները, օրէնքներն ու կանոնները: 18 Կատարի՛ր այն, ինչ բարի ու հաճելի է քո Տէր Աստծոյ առջեւ, որպէսզի լաւ լինի քեզ համար, եւ դու մտնես ու ժառանգես այն լաւ երկիրը, որ Տէրը երդուեց տալ մեր հայրերին, 19 որպէսզի նա հալածի բոլոր թշնամիներին քո առջեւից, ինչպէս ասել է: 20 Եւ երբ վաղը քո որդին քեզ հարցնի ու ասի, թէ՝ “Այդ ի՞նչ պատուիրաններ, օրէնքներ ու կանոններ են, որ մեր Տէր Աստուածը պատուիրել է մեզ”, 21 ապա քո որդուն կասես. “Եգիպտոսում փարաւոնի ստրուկներն էինք մենք, եւ Տէր Աստուածը ամուր ձեռքով ու հզօր բազկով մեզ դուրս բերեց այնտեղից: 22 Տէրը Եգիպտացիների երկրում փարաւոնի ու նրա տան վրայ մեր ներկայութեամբ սոսկալի նշաններ եւ մեծագործութիւններ արեց: 23 Նա մեզ դուրս բերեց այդտեղից, որպէսզի բերի այստեղ, մեզ տայ այն երկիրը, որ երդուել էր տալ մեր հայրերին: 24 Տէրը մեզ պատուիրեց գործադրել բոլոր այս օրէնքները, յաւիտեանս երկնչել մեր Տէր Աստծուց, որպէսզի լաւ լինի մեզ համար մեր կեանքի բոլոր օրերում, եւ ապրենք, ինչպէս որ ապրում ենք այսօր: 25 Մեզ համար ողորմածութիւն կլինի, եթէ հետեւենք, որ մեր Տէր Աստծոյ առջեւ գործադրուեն բոլոր այս պատուիրանները, ինչպէս որ Տէրը կարգադրել է մեզ”: 7
7.1 Երբ քո Տէր Աստուածը քեզ տանի այն երկիրը, ուր պիտի մտնես այն ժառանգելու համար, եւ քո առջեւից հալածի մեծ ու բազմաթիւ ազգերին՝ քետացիներին, գերգեսացիներին, ամորհացիներին, քանանացիներին, փերեզացիներին, խեւացիներին ու յեբուսացիներին՝ քեզնից մեծ ու հզօր եօթ ազգերին, 2 եւ քո Տէր Աստուածը նրանց մատնի քո ձեռքը, կհարուածես, կոչնչացնես նրանց: Նրանց հետ ուխտ չդնես եւ նրանց չխնայես: 3 Նրանց հետ խնամութիւն չհաստատես. քո աղջկան նրա որդուն չտաս, նրա աղջկան քո որդու համար կին չառնես, 4 որովհետեւ քո որդուն իմ դէմ կապստամբեցնեն. նա օտար աստուածներ կպաշտի, եւ Տէրը սաստիկ կբարկանայ ձեզ վրայ ու անմիջապէս կկոտորի ձեզ: 5 Այսպէս կվարուէք նրանց հետ. քարուքանդ կանէք նրանց բագինները, ջարդուփշուր կանէք նրանց արձանները, կկոտորէք նրանց անտառները, կրակի կմատնէք նրանց կուռքերը: 6 Դու ես քո Տէր Աստծոյ սուրբ ժողովուրդը, եւ քո Տէր Աստուածը քեզ է ընտրել, որ դու լինես իր սեփական ժողովուրդը, քան թէ երկրի վրայ ապրող մնացած բոլոր ազգերը: 7 Տէրը բարեհաճեց ու ընտրեց ձեզ ոչ նրա համար, որ դուք բոլոր ազգերից բազմամարդ էք, քանի որ դուք բոլոր ազգերից սակաւաթիւ էք, 8 այլ՝ նրա համար, որ Տէրը սիրում էր ձեզ եւ ուզում էր պահել այն երդումը, որ նա տուել էր ձեր հայրերին: Տէրն ամուր ձեռքով ու հզօր բազկով ձեզ դուրս բերեց, ձեզ փրկեց ստրկութեան տնից՝ եգիպտացիների արքայ փարաւոնի ձեռքից: 9 Պէտք է իմանաս, որ քո Տէր Աստուածն է Աստուածը, հաւատարիմ Աստուածը: Նա պահում է իրեն սիրող եւ իր պատուիրանները պահող մարդկանց հետ արած ուխտն ու ողորմածութիւնը մինչեւ հազար սերունդ, 10 իսկ իրեն ատողներին փոխհատուցում է՝ նրանց սպանելով: Նա իրեն ատողներին պատժում է առանց յապաղելու, ուղղակի փոխհատուցում նրանց:
Հոբ 6.2-7.13
6.2 «Թէ որ կշռելով կշռէր մէկը իմ սրտմտութիւնը, ցաւերս էլ բարձէր նժարին կշռի, ծովի աւազներից էլ ծանր կլինէին դրանք: 3 Խօսքերս կարծես խենթ-խելառ լինեն, 4 զի նետերն Տիրոջ մէջն են իմ մարմնի, զայրոյթը նրա արիւնս է ծծում. բերան բացելիս կտտում են ինձ: 5 Արդ, մի՞թէ զուր է էշն վայրի զռում, եթէ չի խնդրում իր համար նա կեր: Կամ թէ կգոռա՞յ եզը մսուրում, եթէ ունենայ առատ կերակուր: 6 Կամ կուտուի՞ առանց աղի հաց: Կամ համ կլինի՞ դատարկ խօսքերում: 7 Չի կարող հանդարտուել իմ հոգին, քանի որ շարաւոտ եմ տեսնում կերակուրս, ինչպէս հոտն առիւծի: 8 Երանի՜ կատարուի խնդիրքն իմ, եւ յոյսս լիացնի Տէրը: 9 Սկսեց Տէրը ինձ խոցոտել, սակայն թող չսպանի ինձ իսպառ: 10 Գերեզմանս թող լինի քաղաքն իմ, որի պարսպի վրայ ճեմում էի. չպիտի խնայեմ ես նրան, որպէսզի սուտ չելնեն խօսքերը սուրբ Աստծուս: 11 Զօրութիւնս ի՞նչ է, որ համբերեմ. ժամանակս ի՞նչ է, որ դիմանայ իմ հոգին: 12 Մի՞թէ քար զօրութիւն է ուժն իմ. մարմինս պղնձի՞ց է միթէ: Կամ չէի վստահում ես դրան: 13 Զրկուեցի ինքս իմ նեցուկից. օգնութիւնը հեռացաւ արդ ինձնից. Տիրոջ այցն անտեսեց ինձ լրիւ: 14 Մերձաւոր չնայեց երբեք ինձ. նուազած առուի պէս, ալիքի պէս անցան իմ կողքով: 15 Ովքեր դողում էին ինձնից, 16 այժմ ահա եկել են ինձ վրայ: 17 Ձիւնն ինչպէս կամ ինչպէս քարացած սառոյցը, որ իսկոյն հալչում է ջերմոյթից, չի յիշում, թէ ինչ էր ինքն առաջ, 18 նոյն ձեւով լքուեցի բոլորից նաեւ ես, կորստեան մատնուեցի ու դարձայ ես տնանկ: 19 Եւ դուք, որ նայում էք Սաբայի շաւիղին, տեսէք եւ ճամփաներն թեմնացւոց. 20 ամօթով կմնան, ովքեր որ յոյս դրեցին քաղաքի, ինչքերի վրայ այս: 21 Դէ ահա դուք նոյնպէս անողորմ հասել էք ինձ վրայ. գէթ վէրքիս նայելով՝ դուք երկիւղ կրեցէք: 22 Այժմ բան խնդրեցի՞ ես ձեզնից 23 կամ մի՞թէ ձեր ուժով կարող եմ փրկել ինձ թշնամուց կամ փրկել հզօրաց ձեռքերից: 24 Ուսուցէ՛ք դուք էլ ինձ, կլռեմ: Իսկ եթէ մոլորուած ես լինեմ, ինձ խելքի՛ բերէք դուք: 25 Բայց կարծես իզուր են խօսքերն այս ճշմարիտ. չէ՞ որ ես ձեզնից զօրութիւն չեմ խնդրում: 26 Ոչ էլ ձեր կշտամբանքի բառերն են կարող լռեցնել. պիտ չանսամ նաեւ ձեր բարբառած խօսքերին: 27 Բայց քանի հասել էք ինձ վրայ՝ իբրեւ մի որբուկի, շարժուել էք բարեկամի վրայ ձեր, 28 էլի ես, նայելով ձեր դէմքին, պիտ երբեք չստեմ: 29 Նստեցէ՛ք. դատի մէջ անիրաւ բան չլինի. եւ դարձեալ արդարին հետեւէ՛ք, 30 քանի որ իմ լեզուին անիրաւ բան չկայ, քիմքս էլ չի ձգտում երբեք իմաստութեան:
7.1 Փորձութիւն չէ՞ միթէ երկրի վրայ կեանքը մարդու. վարձկանի օրական վարձը չէ՞ կեանքը իր: 2 Ինչպէս որ ծառան է վախենում տիրոջից ու պահւում ստուերում, կամ ինչպէս վարձկանն է սպասում իր վարձին, 3 այնպէս էլ ես զուր եմ սպասել ամիսներ: Ցաւագին գիշերներ են բաժին ընկել ինձ. 4 թէ քնեմ, ասում եմ. “Ե՞րբ պիտի բացուի լոյս”. արթնանամ, դարձեալ թէ՝ “Ե՞րբ կլինի երեկոյ”: Ցաւով եմ լեցուն ես իրիկուն-առաւօտ: 5 Ծածկուած է մարմինս զազրելի որդերով. խեցեր եմ մաշել ես թարախոտ վէրքերն իմ քերելու: 6 Եւ կեանքս խօսքից էլ թեթեւ է. կորել է նա ունայն յոյսերում: 7 Յիշի՛ր, որ քամի է կեանքը իմ. աչքերս է՛լ չեն տեսնի բարի բան. 8 չեն նայի այլեւս ինձ աչքերն տեսնողի: Աչքերդ ինձ վրայ ես յառում. այլեւս չեմ լինի երկնքից ջնջուած ամպի պէս: 9 Զի եթէ իջնի մարդ գերեզման, 10 չի ելնի այլեւս, չի դառնայ իր տունը. իր տեղն էլ նրան չի ճանաչի: 11 Այսուհետ չպիտի զսպեմ ես բերանս. պիտ խօսեմ, քանի դեռ վիշտ ունեմ, տագնապով պիտ բացեմ դառնութիւնն իմ հոգու: 12 Ծո՞վ եմ ես, թէ՞ կէտ ձուկ, որ շուրջս պահակ ես դու կարգել: 13 Ասացի՝ ամոքեն պիտի ինձ մահիճներս. եւ ինքս պիտ քննեմ անկողնում իմ բոլոր գործերը:
Եսայի 40.1-8
1 «Մխիթարեցէ՛ք, մխիթարեցէ՛ք իմ ժողովրդին,– ասում է Աստուած,– 2 դուք՝ քահանաներդ, Երուսաղէմի սրտո՛վ խօսեցէք եւ մխիթարեցէ՛ք նրան, որովհետեւ նա լի է տառապանքով»: Թող նրա մեղքերին թողութիւն լինի, քանզի իր մեղքերի համար նա Տիրոջ կողմից կրկնակի հատուցում ստացաւ: 3 Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցէ՛ք մեր Աստծոյ շաւիղները: 4 Բոլոր ձորերը պիտի լցուեն, եւ բոլոր լեռներն ու բլուրները պիտի ցածրանան, դժուարին տեղերը պիտի դիւրին դառնան, եւ առապարները՝ դաշտեր: 5 Պիտի յայտնուի Տիրոջ փառքը, եւ ամէն մի մարմնաւոր պիտի տեսնի Աստծոյ փրկութիւնը, քանզի Տէրը խօսեց»: 6 Մի ձայն ասում է՝ կանչի՛ր: Ասում եմ՝ ի՞նչ կանչեմ: «Իմացի՛ր, ամէն մարմին նման է խոտի, եւ մարդու ամբողջ փառքը նման է խոտածաղկի: 7 Խոտը չորանում է, նրա ծաղիկը՝ թափւում, որովհետեւ նրա վրայ փչում է Տիրոջ շունչը: Արդարեւ, իմ այս ժողովուրդը նման է խոտի: 8 Խոտը չորանում է, ծաղիկը՝ թափւում, բայց Տիրոջ խօսքը մնում է յաւիտեան»: