Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքն ու կարոտը, ինչպես այսօր, և երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր:
Դարավոր կարգերի ու հասկացողությունների հեղաշրջումի օրը, պատմության ահավոր դատաստանի օրը: Մեծ ալեկոծություններն ու ակնկալությունները ամենքին տեղահան են արել, դուրս են բերել իրենց անկյուններից, և ահա — ժողովուրդներն իրենց ունեցած ուժերով հրապարակի վրա են:
Ամեն մարդ շարժվում է, ամեն մարդ խոսում է։ Անշուշտ նա պիտի շարժվեր այնպես, ինչպես ինքն է կամենում, և խոսեր այն, ինչ որ ինքն է մտածում:
Այդպես պիտի լիներ մարդը, առավել ևս այս տեսակ մի ժամանակի առաջ, երբ շարժումը կամ խոսքը կարող է ունենալ այնպիսի հետևանք, որ ուրիշ ժամանակ աներևակայելի է:
Նրա այս խոսքից կամ այն շարժումից կախված է շատ բան:
Եվ հանկարծ․․․ դուք տեսնում եք․․․ Նա խաղ է անում, դերասանություն է անում:
Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են:
Դրա համար էլ բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները: Նրանք խաղ են անում ամեն տեղ, ամեն բանի հետ, և ահա, մեր կյանքը ավելի նման է թատրոնական բեմի, ու այդ բեմը թեև փոքր, բայց, տեսեք, որքա՜ն դերասաններ ունի․․․
Իրենց վրա առած զանազան դերեր՝ նրանք մտել են ու խաղում են այս կամ այն ասպարեզում:
Ահա սա՝ ներկայանում է ամեն տեղ որպես չհասկացված ու հալածված գաղափարական գործիչ, մյուսը նշանավոր հերոս է խաղում, երրորդը հրապարակախոսություն է սարքել, չորրորդը բարեգործ է ձևանում, հինգերորդը գրող է կեղծում, վեցերորդը հանդիսանում է արդեն որպես նահատակ, յոթերորդը գալիս է որպես դատավոր, ամենքին մեղադրելու և ամենքից հաշիվ ուզելու․․․
Ու բնականաբար, չնայելով այսքան շատ գործիչների ներկայությանը, դուք զգում եք, որ ցուրտ է, որովհետև չկա անկեղծության ջերմությունը, զգացմունքի հուրը, որովհետև նրանք խոսում են լեզվով, իսկ սիրտները շատ է հեռու, և զզվում եք վերջապես:
Սրանք ոչինչ չեն սիրում, այլ ցույց են տալիս, թե սիրում են:
Եվ ինչպես դերասանն ունի իր դերը, որ տանում է, իսկական գործիչն ունի իր խաչը, որ կրում է, սրանք էլ, այս կամ այն գործին կպչելով, փոխանակ գործի ծանրության տակ մտնելու և տանելու, իրենք են բարձրանում, հեծում նրա վրա ու շինում են իրենց էշը:
Եվ այս դերասաններից ամեն մեկն ունի իր էշը, ու միշտ էլ իր էշն է քշում, թեկուզ աշխարհքը քանդվի: Հաճախ սրանց շահատակությունը տևում է շատ երկար, նայած թե ինչ տեղ են մեյդան բաց արել, և ով են թամաշավորները կամ երբ են գլխի ընկնելու:
Ու որպեսզի այդ թամաշավոր-ժողովրդի սիրտը շահած լինեն ու բարեկամ պահած, միշտ գոռում են «ժողովրդի» անունը: Խոսքն ընչի մասին ուզում է լինի, միշտ վերջացնում են «ժողովուրդով»: Ժողվուրդն այդպես է կամենում․․․
«Ժողովուրդը մեզ հետ է․․․ Ժողովուրդը ձեզ կդատի․․․ Ո՞ւր ես, ժողովուրդ, անարգում են քեզ․․․»:
Այդ հերիք չէ դեռ: Ժողովուրդն էլ են կեղծում․․․ Իրենց մարդկանցից ոմանց հանդես են բերում կեղծ ստորագրություններով,
անգրագետներին իրենց շինած հոդվածներով ու ներկայացնում որպես ժողովուրդ:
— Տեսեք, ժողովուրդը մեզ հետ է:
Դե եկեք ու ջոկեցեք իսկականը կեղծիքից:
Անկեղծ չենք:
Հովհաննես Թումանյանի հոդվածներից, 1907թ.
Վեէցված է ՝ https://mediamag.am/ — ից