Ա Թագավորություններ 1.1-23
1 Արիմաթէմ Սիբայից՝ Եփրեմի լեռից եկած Եղկանա անունով Նասիբ Եփրեմցի մի մարդ կար: Նա Թոկիի որդի Հեղիի որդի Յերեմիէլի որդին էր: 2 Նա երկու կին ունէր. մէկի անունն էր Աննա, իսկ երկրորդինը՝ Փեննանա: 3 Փեննանան ունէր որդիներ, իսկ Աննան որդի չունէր: Այդ մարդը տարէցտարի ելնում էր իր Արիմաթէմ քաղաքից, գնում էր Սելով՝ Զօրութիւնների Տէր Աստծուն երկրպագելու եւ զոհ մատուցելու: Այնտեղ էին նաեւ Հեղին եւ նրա երկու որդիները՝ Օփնին ու Փենէէսը, որոնք Տիրոջ քահանաներն էին: 4 Եղկանան իր զոհ մատուցած օրը իր կին Փեննանային, նրա որդիներին ու դուստրերին բաժիններ տուեց: 5 Իսկ Աննային մէկ բաժին տուեց, քանզի նա որդի չունէր: Եղկանան, սակայն, Աննային առաւել էր սիրում, քան Փեննանային, քանզի Տէրը փակել էր նրա արգանդը, որպէսզի նրան որդի չպարգեւելով՝ տառապանք ու տրտմութիւն պատճառի նրան: 6 Եղկանան տրտմել էր, որ Տէրը փակել էր նրա արգանդը, որպէսզի նրան որդի չպարգեւի: 7 Նա, ամէն տարի Տիրոջ տունը գալով, այդպէս էր վարւում, բայց Աննան տրտմում էր, լալիս եւ ոչինչ չէր ուտում: 8 Նրա ամուսին Եղկանան ասաց նրան. «Աննա»: Սա ասաց. «Այստեղ եմ, տէ՛ր»: Եղկանան ասաց նրան. «Ինչո՞ւ ես լալիս, ինչո՞ւ չես ուտում, եւ ինչո՞ւ է հոգիդ ալեկոծւում, մի՞թէ ես քեզ համար տասը որդուց լաւ չեմ»: 9 Նրա հետ ուտելուց յետոյ Աննան եկաւ Սելով ու կանգնեց Տիրոջ առջեւ: 10 Հեղի քահանան նստել էր մի աթոռի վրայ՝ Տիրոջ տաճարի սեմի մօտ: Նա վշտահար հոգով աղօթեց Տիրոջը ու դառնօրէն լաց եղաւ եւ ասաց. 11 «Իսրայէլի Տէ՛ր Աստուած, Զօրութիւնների Տէր, եթէ կամենաս տեսնել քո աղախնի տառապանքները, ինձ յիշես ու արու զաւակ տաս քո աղախնին, մինչեւ նրա մահուան օրը քեզ կնուիրեմ նրան, նա գինի չի խմի ու չի հարբի եւ նրա գլխին ածելի չի դիպչի»: 12 Նա երկար աղօթեց Տիրոջ առաջ, եւ Հեղի քահանան, հետեւելով նրա շրթունքներին, նկատեց, որ աղօթում է մտքում. շրթունքները չէին շարժւում: 13 Ձայնը լսելի չէր, բայց Տէրը լսեց նրան: 14 Հեղին կարծեց, թէ նա հարբած է, ուստի Հեղիի սպասաւորն ասաց Աննային. «Մինչեւ ե՞րբ հարբած վիճակում ես մնալու, սթափուի՛ր գինովութիւնից ու գնա հեռացի՛ր Տիրոջ առջեւից»: 15 Պատասխան տալով Աննան ասաց. «Ո՛չ, տէ՛ր, այդպէս չէ: Ես վշտացած սրտով կին եմ: Ո՛չ գինի եմ խմել, ո՛չ էլ հարբած եմ: Ես իմ սիրտն եմ բացել Տիրոջ առջեւ: 16 Քո աղախնին անզգամ կին մի՛ համարիր, ես իմ բազում տրտմութիւնից եւ իմ տխրութիւնից մտամոլոր կանգնել եմ մինչեւ այժմ»: 17 Պատասխան տուեց Հեղին եւ ասաց. «Գնա՛ խաղաղութեամբ, եւ Իսրայէլի Աստուածը թող կատարի նրանից հայցած քո բոլոր խնդրանքները»: 18 Աննան ասաց. «Քո աղախինը շնորհ գտաւ քո առաջ»: Եւ կինը գնաց իր ճանապարհով, մտաւ իր կացարանը, կերաւ ու խօսեց իր ամուսնու հետ, եւ իր երեսից վերացաւ տխրութիւնը: 19 Առաւօտ կանուխ նրանք երկրպագեցին Տիրոջը եւ գնացին իրենց ճանապարհով: Եղկանան մտաւ Արիմաթէմում գտնուող իր տունը ու մերձեցաւ իր կնոջը՝ Աննային: 20 Տէրը նրան յիշեց, եւ կինը յղիացաւ: Երբ ժամանակը հասաւ, ծնեց որդի, որի անունը դրեց Սամուէլ՝ ասելով, թէ՝ «Նրան Զօրութիւնների Տէր Աստծուց եմ խնդրել»: 21 Նրա ամուսինը՝ Եղկանան, ու իր ամբողջ ընտանիքը եկան Սելով՝ տարուայ զոհը մատուցելու: 22 Նա իր ուխտ արած ընծաներն ու ամբողջ ունեցուածքի տասանորդը ընծայեց: Բայց Աննան չգնաց նրա հետ եւ ասաց իր ամուսնուն. «Մնամ այստեղ, մինչեւ մանկանը կրծքից կտրեմ, ապա կտանեմ նրան, որ ներկայանայ Տիրոջ առջեւ եւ այնտեղ ծառայի ընդմիշտ»: 23 Նրա ամուսին Եղկանան նրան ասաց. «Արա՛ այնպէս, ինչպէս յարմար ես գտնում. նստի՛ր այստեղ, մինչեւ նրան կտրես կրծքից: Թող Տէրը կատարի այն, ինչ ելաւ քո բերանից»:
Առակներ 1.2-33
2 Ճանաչել իմաստութիւնն ու խրատը, իմանալ հանճարի խօսքերը, 3 ընկալել խօսքի բարդ դարձուածքները, հասկանալ ճշմարիտ արդարութիւնը եւ ուղղել իրաւունքը՝ 4 պարզամիտներին խորագիտութիւն եւ երիտասարդներին միտք ու հանճար տալու համար, 5 որպէսզի դրանք լսելով՝ իմաստունն աւելի իմաստուն լինի, իսկ հանճարեղը առաջնորդութիւն ստանայ, 6 թափանցի առակների եւ խորին ասոյթների մէջ, իմաստունների ճառերի եւ նրանց այլաբանութիւնների մէջ: 7 Իմաստութեան սկիզբը Տիրոջ երկիւղն է, որ բարի հանճար է բոլոր նրանց համար, ովքեր առաջնորդւում են նրանով, իսկ զգօնութեան սկիզբը բարի աստուածապաշտութիւնն է, բայց ամբարիշտներն արհամարհում են իմաստութիւնն ու խրատը: 8 Լսի՛ր, որդեա՛կ, հօրդ խրատը եւ մի՛ մերժիր մօրդ պատուիրանը, 9 որպէսզի շնորհի պսակ կրես քո գլխին եւ ոսկի մանեակ՝ քո պարանոցին: 10 Որդեա՛կ, թող քեզ չխաբեն ամբարիշտ մարդիկ, 11 եւ հաւանութիւն չտաս, եթէ քեզ կանչեն ու ասեն. «Արի՛ մեզ հետ, մասնակի՛ց եղիր արիւնահեղութեան, անմեղ տեղը սպանենք եւ հողի տակ ծածկենք արդար մարդուն, 12 գերեզմանի պէս նրան ողջ-ողջ կուլ տանք եւ նրա յիշատակը վերացնենք երկրից, 13 յափշտակենք նրա տեսակ-տեսակ ունեցուածքը եւ մեր տները լցնենք աւարով: 14 Եկ մեզ բաժնեկի՛ց դարձիր, բոլորս մի ընդհանուր քսակ կունենանք, եւ միեւնոյն տեղը կլինի մեր գանձարանը»: 15 Որդեա՛կ, ճանապարհ մի՛ գնայ նրանց հետ, ոտքդ շեղի՛ր նրանց շաւիղներից, 16 քանզի նրանց ոտքերը դէպի չարիք են ընթանում, եւ նրանք շտապում են արիւն հեղելու: 17 Արդարեւ, իզուր թակարդ չեն լարում թռչունների համար: 18 Նրանք, որ սպանութեան մասնակից են դառնում, չարիք են գանձում իրենց անձի համար. չար է լինելու անիրաւ մարդկանց կործանումը: 19 Դա է ճանապարհը բոլոր նրանց, որ անիրաւութիւն են գործում, որովհետեւ ամբարտաւանութեամբ նրանք սպանում են իրենց հոգին: 20 Իմաստութիւնը գովաբանւում է ճանապարհների վրայ, բարձր ձայնով հռչակւում հրապարակներում, 21 քարոզւում պարիսպների գլխից, ազդարարւում հզօրների դռների առջեւ եւ համարձակ խօսւում քաղաքների դարպասների մօտ: 22 Այնքան ժամանակ, քանի դեռ անմեղները հետամուտ կլինեն արդարութեան, չեն ամաչելու: Բայց ամբարիշտները, որ թշնամութիւն են ցանկանում եւ ամբարշտանալով ատում են իմաստութիւնը, պիտի դատապարտուեն յանդիմանութեան: 23 Ահաւասիկ ես ձեր առջեւ կբացեմ իմ հոգու պատգամները եւ իմ խօսքերը կսովորեցնեմ ձեզ. 24 որովհետեւ ես կանչում էի, բայց դուք չէիք լսում, երկար թախանձում էի, բայց դուք չէիք ունկնդրում ինձ, 25 այլեւ զանց էիք առնում իմ խորհուրդները եւ չէիք ուզում անսալ իմ յանդիմանութիւններին: 26 Ես այսուհետեւ պիտի ծիծաղեմ ձեր կորստեան վրայ եւ խնդամ, երբ ձեր նեղութիւնն ու տագնապը պաշարեն ձեզ: 27 Եւ երբ յանկարծակի խռովութիւն հասնի ձեզ վրայ, եւ ինչպէս մրրիկ՝ կործանում գայ, կամ երբ ձեր վախճանը հասնի, 28 գուցէ դուք կանչէք ինձ, բայց ես ձեզ չեմ լսելու. չարերը պիտի փնտրեն ինձ, բայց չեն գտնելու, 29 քանզի ատեցին իմաստութիւնը եւ Տիրոջ երկիւղը չընտրեցին, 30 չկամեցան անսալ իմ խորհուրդներին, արհամարհեցին իմ յանդիմանութիւնները: 31 Այսուհետեւ նրանք կուտեն իրենց ճանապարհների պտուղները եւ կյագենան իրենց ամբարշտութեամբ: 32 Քանի որ զրկում էին երեխաներին, պիտի կոտորուեն, եւ կշտամբանքը պիտի սպանի ամբարիշտներին: 33 Իսկ նա, ով ինձ լսի, կապրի ապահով եւ երկիւղ չի ունենայ ոչ մի չարիքից:
Երեմիա 1.1-10
1 Աստծոյ պատգամը՝ ուղղուած Քեղկիայի որդի Երեմիային, որը Բենիամինի երկրում՝ Անաթոթում ապրող քահանաներից էր: 2 Տէրը նրա հետ խօսեց Հրէաստանի արքայ Ամոնի որդի Օսիայի օրօք՝ վերջինիս թագաւորութեան տասներեքերորդ տարում, 3 նաեւ Հրէաստանի արքայ Օսիայի որդի Յովակիմի օրօք, մինչեւ Յուդայի երկրի արքայ Օսիայի որդի Սեդեկիայի տասնմէկերորդ տարուայ վերջը, մինչեւ Երուսաղէմի բնակչութեան գերութիւնը, որ տեղի ունեցաւ նոյն տարուայ հինգերորդ ամսին: 4 Տէրը խօսքն ուղղեց ինձ եւ ասաց. 5 «Դեռ քեզ որովայնում չստեղծած՝ ես ընտրեցի քեզ եւ, դեռ արգանդից դուրս չեկած, սրբացրի քեզ ու հեթանոսների վրայ մարգարէ կարգեցի»: 6 Իսկ ես ասացի. «Տէ՛ր, ո՛վ դու Տէր, ահա ես նոյնիսկ խօսել չգիտեմ, քանզի մանուկ եմ»: 7 Տէրն ինձ ասաց. «Մի՛ ասայ, թէ՝ “Մանուկ եմ ես”. ում մօտ որ ուղարկեմ քեզ, բոլորի մօտ էլ պիտի գնաս ու այն ամէնը, ինչ որ պատուիրեմ քեզ, պիտի խօսես: 8 Չվախենաս նրանցից,– ասում է Տէրը,– քանզի ես քեզ հետ եմ քեզ փրկելու համար»: 9 Եւ Տէրը, ձեռքն ինձ երկարելով, հպեց բերանիս ու ասաց. «Ահա իմ խօսքը քո բերանը դրեցի: 10 Ահա քեզ այսօր իշխանութիւն տուեցի ազգերի ու թագաւորութիւնների վրայ, որպէսզի դրանք քանդես ու խորտակես, կործանես ու աւերես, կառուցես ու հաստատես»: