“Որ զօրենս սրբութեան” շարական երգվում է Մեծ Պահքի երկրորդ՝ Արտաքսման կիրակիին։ Հեղինակը սուրբ Ներսես Շնորհալի հայրապետն է։ Արտաքսման կիրակին խորհրդանշում է նախաստեղծ ծնողների՝ Ադամի և Եվայի արտաքսումը դրախտից՝ արգելված պտուղը ճաշակելու համար։ Շարականը նկարագրում է նախաստեղծների երանավետ վիճակը, ապա արտաքսումը դրախտից մեղքի պատճառով և հույս հայտնում վերադարձի Հիսուս Քրիստոսի միջոցով։ Կատարում են Վազգեն ուրկ․ Սարգսյանը և Կարլեն ուրկ․ Գասպարյանը։
Որ զօրէնս սրբութեան պահոց նախ ի դրախտին աւանդեցեր, զոր ոչ պահելով նախաստեղծիցն ճաշակմամբ պտղոյն՝ ճաշակեցին զդառնութիւն մեղաց եւ մահու, վասն որոյ շնորհեա՛ մեզ, Տէ՛ր, ճաշակել զքաղցրութիւն Քոց պատուիրանաց: Որ զանազան վիրօք մեղաց հարաք յոգիս ի թշնամւոյն եւ ի բազմապատիկ հիւանդութիւնս կարօտացաք Մարդասիրիդ բառնալոյ զցաւս մեր, վասն որոյ բժշկեա՛ զմեզ, Քրիստո՛ս, որպէս մարդասէր: Փա՜ռք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ։
Որ զդառնութեան պտղոյն ճաշակն, որով մեռաք արդարութեան, պահելով Քո քառասնօրեայ՝ փոխեցեր ի քաղցրագոյն օրինաց Քոց ճաշակումն, աղաչեմք. արբո՛ մեզ, Տէ՛ր, զուրախարար սիրոյ Քո զբաժակն: Այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն: Որ անապական ծննդեամբդ Քո լուծեր զերկունս նախամօրն, Մարիա՛մ, մա՛յր Աստուծոյ, բարեխօսեա՛ առ Միածին Որդին լուծանել զկապանս մեղաց մերոց եւ աղաչեա՛ փրկել զանձինս մեր ի փորձութենէ:
Վազգեն Սարգսյան