Այսուհետև հնարավորին չափ փախե՛ք նաև չար լեզվից, քանզի թեպետ մեր լեզուն փոքր անդամ է, բայց ավելի չար գազան է, քան առյուծը, վիշապը, գիշատիչը: Եվ աշխարհի կործանումն էլ օձի լեզվի միջոցով եղավ, որովհետև սատանան, նստելով այնտեղ, խոսեց նենգությամբ և կործանեց Եվային ու [նրանով]՝ նաև մեզ: Այսօր էլ սատանան նստած է բոլոր չար ու անկարգ լեզուներին և շատերին է կործանում: Եվ ոչ ոք չի կարող հաշվել, թե քանի մարդ է զրպարտվում, պատուհասվում և մեռնում չար լեզվի միջոցով: Այս պատճառով Քրիստոս և Նրա բոլոր սրբերը խստորեն պատվիրեցին մեզ՝ ասելով. Սանձեցե՛ք ձեր լեզուները և չար բաներ մի՛ խոսեք, որովհետև բոլոր մեղքերը երկյուղով ու ամոթով են գործվում, մինչդեռ լեզվի չարիքը՝ համարձակորեն, հեշտությամբ ու աներկյուղ: Եվ դա ծանր մեղք է, քանզի ով իզուր մատնում է [ընկերոջը], Հուդային է ընկերանում, և ով բարկանում է և իզուր նզովում, դա իրեն է վերադառնում, քանզի Քրիստոս անիրավ դատաստան չի անում:
ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ (XII-XIII դդ.)
Աղբյուր՝ «Ընտրանի հայ եկեղեցական մատենագրության»,
աշխ.՝ Պողոս Խաչատրյանի և Հակոբ Քյոսեյանի.
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2003
(փոխադրությունը գրաբարից՝ Տիգրան Խաչատրյանի)