Չծուլանա՛նք բարեգործություններ անելիս, քանի որ դրանց միջոցով է փառավորվում Աստված։ «Պիտի տեսնեն,- ասում է Քրիստոս,- ձեր բարի գործերն ու պիտի փառավորեն ձեր Հորը, որ երկնքում»։ Ուստի այդ դեպքում մեզ համար կրկնապատիկ փրկություն է տնօրինված՝ և՛ Աստծուն մատուցված փառքի, և՛ մեր բարեգործության համար։
Իսկ իրական բարեգործությունը մեղքից զատվելն ու անօրենությունից հեռանալն է, բարիքը սիրելն ու Աստծու պատվիրանները կատարելը, քանի որ իզուր և անիմաստ տեղը չէ, որ Աստծու պատվիրանները գրի են առնվել, այլ՝ մեզ ապրեցնելու նպատակով: Քանի որ մենք էլ պատահականորեն կամ անտեղի տեղը չենք եկել այս անցավոր կյանքով ապրելու, որի ժամանակ մեծ է դյուրությամբ վնասվելու հավանականությունը և որը լի է դառնությամբ ու բյուրապատիկ խռովություններով, այլ մենք լույս աշխարհ ենք եկել առաքինությունների սխրագործության և բարեգործությունների ճիգեր գործադրելու համար, մենք աշխարհ ենք եկել Աստծու պատվիրանների կատարման, ինչպես նաև անհնազանդության պատճառով մեզ վրա դրված դատապարտության կնիքը ջնջելու համար:
Եվ ինչպես որ այն ժամանակ անհնազանդության պատճառով երկնքից՝ երկիր «խոնարհվեցինք» և մեր մեջքը հողին դիպավ, այդպես էլ այժմ երկրից՝ մահկանացուների այս բնակավայրից, դեպի երկինք բարձրանանք Աստծու պատվիրաններին հնազանդության միջոցով, անմահական կյա՛նքը ժառանգենք և մեր անցավոր կյանքը հավիտենական կենդանության հետ փոխարինենք:
Սա ևս Աստծու մարդասիրության, մեծ ողորմության և անեզր գթասրտության շնորհիվ է, քանի որ Տերը մեր այս «ստորին» կյանքը, որ լեցուն է բյուրապատիկ մեղքերով, կարճ տևողությամբ սահմանեց, որպեսզի մեղքերից «բուսնող» փշերի բազմությունը մեզ առավել բազմապատիկ անգամներ չծակծկի՝ վիրավորելով մեր պարզ հոգին ու մարմինը և ասես լույսի աղբյուրը փակող մի գերանի միջոցով՝ կուրացնելով մեր մտքի տեսությունը, ինչի պատճառով անկարող կդառնայինք տեսնելու Աստծու պատվիրանների լույսը: