Առակներ 11.2-11
2 Ուր թշնամանք է մտնում, այնտեղ կայ նաեւ անարգանք: Խոնարհների բերանն իմաստութիւն է խորհում: 3 Ուղղամիտներին առաջնորդելու է իրենց կատարելութիւնը, բայց անօրէններին կործանելու է իրենց գայթակղութիւնը: 4 Հարստութիւնը չի օգնի բարկութեան օրը, բայց արդարութիւնը կը փրկի մահից: Արդարը մեռնում է եւ մեծ ափսոսանք թողնում, ամբարիշտների կորուստը պիտի լինի բիրտ ու անարգ: 5 Անբիծ մարդու արդարութիւնը ուղղում է նրա ճանապարհները, բայց ամբարիշտ մարդուն կորստի է մատնում անիրաւութիւնը: 6 Ուղղամիտ մարդկանց արդարութիւնը փրկում է իրենց, բայց անօրէնները պիտի կորչեն անմտութիւնից: 7 Երբ արդար մարդը վախճանուի, նրա յոյսը չի կորչում, բայց ամբարիշտների սնափառութիւնը պիտի կորչի: 8 Արդարը պիտի խոյս տայ որսացողներից, իսկ նրա փոխարէն ամբարիշտը պիտի մատնուի կորստի: 9 Անօրէնների բերանը որոգայթ է ընկերների համար, իսկ արդարների իմաստութիւնը երաշխիք է յաջողութեան: 10 Արդարների բարութեամբ բարեկարգւում է քաղաքը, իսկ ամբարիշտների կորստեամբ ուրախութեան հանդէս է լինում: 11 Ուղղամիտների օրհնութեամբ բարձրանում է քաղաքը, բայց կը կործանուի ամբարիշտների բերանով:
Եսայի 61.3-7
3 փառաւորելու Սիոնի սգաւորներին, որ մոխրի փոխարէն ուրախութեան օծման իւղի պիտի արժանանան, իսկ սգաւորները վհատ հոգու փոխարէն՝ փառքի զգեստի: Եւ նրանք պիտի կոչուեն ազգ արդարութեան, տունկ՝ ի փառս Տիրոջ: 4 Պիտի վերաշինեն դարաւոր աւերակները, նախկինում աւերուածները պիտի վերականգնեն եւ նորոգեն դարերից ի վեր փլատակուած քաղաքները: 5 Օտարածինները պիտի գան ու լինեն քո ոչխարների հօտերի հովիւները, այլազգիները՝ քո մաճկալներն ու այգեգործները: 6 Իսկ դուք Տիրոջ քահանաներ պիտի կոչուէք, մեր Աստծու պաշտօնեաներ պիտի անուանուէք, ազգերի հարստութիւնը պիտի ուտէք եւ նրանց մեծութեամբ պիտի փառաւորուէք: 7 Ձեր ամօթի փոխարէն՝ կրկնակի ուրախութիւն, ձեր անարգանքի փոխարէն ցնծութիւն պիտի վայելէք եւ ապա դարձեալ պիտի ժառանգէք երկիրը, եւ յաւիտենական ուրախութիւն պիտի լինի ձեզ համար:
Բ Տիմոթեոս 4.1-8
1 Այս բանն եմ վկայել տալիս Աստծոյ եւ Յիսուս Քրիստոսի առաջ, որ դատելու է կենդանիներին եւ մեռածներին իր յայտնութեան օրը, երբ գայ իր արքայութեամբ: 2 Եւ դու քարոզի՛ր Աստծոյ խօսքը, շարունակ յայտարարի՛ր այն՝ ժամանակին լինի թէ տարաժամ, յանդիմանի՛ր, սաստի՛ր, յորդորի՛ր՝ կատարեալ համբերատարութեամբ ուսուցանելով. 3 քանզի պիտի գայ ժամանակ, երբ չպիտի անսան ողջամիտ վարդապետութեանը, այլ, իւրաքանչիւրն ըստ իր ցանկութիւնների, ուսուցանողներ պիտի հաւաքի իր շուրջը իր ականջներին հաճելի բաներ լսելու մարմաջով. 4 եւ նրանք ականջները պիտի դարձնեն ճշմարտութիւնից ու պիտի մոլորուեն-գնան առասպելների յետեւից: 5 Իսկ դու արթո՛ւն եղիր ամէն ինչում, նեղութիւնների մէջ համբերի՛ր, աւետարանչի գործե՛ր արա, լիուլի կատարի՛ր քո պաշտօնը: 6 Իսկ ես զոհաբերուելու եմ, եւ իմ մեկնումի ժամանակը հասել է: 7 Պատերազմեցի բարի պատերազմը, աւարտեցի ընթացքս, պահեցի հաւատը: 8 Եւ հիմա ինձ է սպասում արդարութեան պսակը, որը, որպէս հատուցում, ինձ պիտի տայ Տէրը՝ արդար Դատաւորը, այն օրը. եւ ոչ միայն՝ ինձ, այլ նաեւ բոլոր նրանց, որ սիրեցին նրա յայտնուելը:
Ավ. ըստ Հովհաննեսի 10.11-16
11 Ես եմ լաւ հովիւը. լաւ հովիւը իր կեանքն է տալիս ոչխարների համար: 12 Իսկ վարձկանը, որ հովիւ չէ, եւ ոչխարներն էլ իրենը չեն, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին ու փախչում է: Եւ գայլը յափշտակում է նրանց ու ցրում է. 13 քանի որ վարձկան է եւ ոչխարների համար հոգ չի անում: 14 Ես եմ լաւ հովիւը. եւ ճանաչում եմ իմ ոչխարներին ու ճանաչւում նրանցից: 15 Ինչպէս Հայրը ինձ ճանաչում է, ես էլ ճանաչում եմ Հօրը. եւ իմ կեանքը կտամ իմ ոչխարների համար: 16 Ես ունեմ նաեւ այլ ոչխարներ, որոնք այս փարախից չեն. նրանց եւս պէտք է այստեղ բերեմ. եւ իմ ձայնը պիտի լսեն. եւ պիտի լինի մի հօտ եւ մի հովիւ: