«ՄԻ ՄԱՐԴ ԵՐԿՈՒ ՈՐԴԻ ՈՒՆԷՐ. ՆՐԱՆՑԻՑ ԿՐՏՍԵՐԸ ՀՕՐՆ ԱՍԱՑ. “ՀԱ՛ՅՐ, ՏՈ՛ՒՐ ՔՈ ՈՒՆԵՑՈՒԱԾՔԻՑ ԻՆՁ ԸՆԿՆՈՂ ԲԱԺԻՆԸ”. ԵՒ ՆԱ ՈՒՆԵՑՈՒԱԾՔԸ ԲԱԺԱՆԵՑ ՆՐԱՆՑ» [ՂՈԻԿ. ԺԵ 11]:
Այս առակը խօսում է ի դէմս Արարչի ամենակալ բնութեան, եւ «մի մարդ»-ը խորհրդանշում է Աստծուն: Մէկ այլ տեղ Նա մեզ արժանացրեց որդիներ լինել ու իրեն Հայր կոչել, եւ այստեղ խոնարհւում է ու ասում. «Մի մարդ երկու որդի ունէր»: Արդ, իմանանք, թէ ովքեր են երկու որդիները:
Ոմանք ասում էին, թէ հրէաներն ու հեթանոսներն են, ինչպէս Աստուած էր ասում. «Իմ անդրանիկ որդին Իսրայէլն է»: Արդ, եթէ նրանք անդրանիկ էին, ապա հեթանոսները կրտսեր են կոչւում: Եւ ովքեր այսպէս են ասում, չեն կարող հաստատել իրենց խօսքերը, որովհետեւ ինչպէս գրուած է. «Աւագ որդին ագարակից եկաւ, եւ բարկացաւ»: Ինչպէ՞ս կարող է հրէան ասել, թէ՝ պահել եմ Աստուծոյ պատուիրանները, քանզի միշտ անօրէն էին, կամ ինչպէ՞ս կարող են ասել, թէ «ինձ մի ուլ չտուեցիր»: Չէ՞ որ Աստուած նրանց տուեց հոգեւոր եւ մարմնաւոր բոլոր բարիքները, սակայն նրանք մերժեցին եւ ուրացան Նրան, խաչեցին իրենց Տիրոջը եւ Փրկչին, ընկան Աստուծոյ աչքից եւ ատելի եղան բոլոր մարդկանց համար:
Արդ, այս առակը երկու դիտաւորութիւն ունի եւ նախ՝ հրեշտակների ու մարդկանց մասին է, ինչպէս մէկ այլ տեղում Իրեն Հովիւ կոչեց, իսկ հրեշտակներին ու մարդկանց՝ հարիւր ոչխարներ: Նրանցից մէկին՝ Ադամին, ով մոլորուել էր, գտաւ, Իր խաչով առաւ Իր ուսի վրայ եւ տարաւ խառնեց հրեշտակների հօտին: Դարձեալ՝ կոչեց տասը դրամ, որից մէկ դրամը, այսինքն մարդկային ազգը՝ կորած, իսկ մնացած ինը դրամը հրեշտակաց դասերն են: Որի համար Իր աստուածութեան լոյսով վառեց Իր մարմինը եւ այն որպէս աւել, բերեց աշխարհի տուն, գտաւ Իր կորած պատկերը եւ նրան Իր դրացի ու բարեկամ կոչեց՝ ուրախ լինելով կորած դրամի՝ մարդկային ազգը գտնելու համար:
Այս առակը նաեւ պատւում է մարդկային ազգը, որովհետեւ Նա, Ով բնութեան ստեղծողն է ու Արարիչը ամէն բանի, նրան Աստուծոյ որդի է կոչում: Աւագ որդին հրեշտակներն են, որովհետեւ բոլոր երեւելի արարածներից առաջ նախ նրանց ստեղծեց: Քանզի երբ ասաց. «Թող լինի լոյս», «Թող լինեն երկինքները», լոյսի եւ երկինքների հետ ստեղծուեցին երկնային բոլոր իմանալի զօրութիւնները անբաւ բազմութեամբ, հազար-հազարներով ու բիւր-բիւրաւորներով, անթուելի մեզ համար, եւ իմանալի՝ իրենց ու Արարչի համար, որ ստեղծեց նրանց: Իսկ Ադամին նրանցից կրտսեր ստեղծեց, որովհետեւ նրան արարեց ուրբաթ օրը՝ իմանալի հոգով եւ զգալի մարմնով, ինչպէս ինչպէս որ Դաւիթ մարգարէն է ասում. «Քո հրեշտակներից փոքր-ինչ ցածր դրիր նրան եւ փառք ու պատուով պսակեցիր նրան» 1: Եւ կրտսեր որդին ասաց հօրը. «Հա՛յր, տուր ինձ քո ունեցուածքից ինձ ընկնող բաժինը» 2: Եւ նա իր ունեցուածքը բաժանեց նրանց միջեւ, երկնային անմահ եւ իմանալի կեանքը տուեց իր աւագ որդուն, որոնք հրեշտակներ են, իսկ մարդուն բնակութեան համար տուեց երկնաւոր դրախտը, որը Եդեմն է Արեւելքում: Սակայն մարդն այն չպահեց, լսեց օձին, կերաւ պտուղը եւ կորցրեց, ինչ որ ունէր: Սուրբ Գիրքն ասում է. «Քիչ օրեր յետոյ … գնաց հեռու աշխարհ» 3: Սա նշանակում է, որ մարդը Դրախտում երկար չմնաց, այլ շուտով զանց առաւ պատուիրանը եւ գնաց հեռու աշխարհ: Եւ ո՞րն է հեռու աշխարհը, եթէ մարգարէն ասում է. «Եթէ երկինք ելնեմ, այնտեղ ես Դու, եթէ դժոխք իջնեմ, դրան էլ մօտ ես» 4, քանզի չկայ Նրանից հեռու մի որեւէ տեղ: Միայն մեղքն է, որ մեզ հեռացնում է Աստծուց եւ զրկում Նրա փառքից, ինչպես որ մարգարէն է ասում. «Ես մերձաւոր Աստուած եմ եւ ոչ թէ հեռաւոր Աստուած, -ասում է Տէրը» 5 եւ՝ «ձեր մեղքերն են պատնէշ դարձել ձեր եւ Աստծու միջեւ» 6:
Երբ մեղաւորը դառնում դէպի մեղքը, հեռանում է Աստծուց, օտարանում Նրա սիրուց եւ մոռանում Նրա գթութեան մասին: Կարծում է, թէ Աստուած տեղեակ չէ իր գործերին, որպէս թէ չգիտի ու չի տեսնում, որի համար էլ մեղք է գործում: Քանզի անհնար է, որ մարդ մեղք գործի, եթէ աչքի առջեւ Աստծուն տեսնի եւ մտքերն ու խորհուրդները Նրա մէջ պահի: Բայց երբ մարդը մտքով հեռանում է Աստծուց եւ երես է դարձնում Նրանից, ապա դառնում է դէպի մեղքերը եւ համարձակ գործում՝ հեռանալով Աստծուց: Այդ պատճառով է ասում՝ «գնաց հեռու աշխարհ… վատնեց իր ունեցուածքը, որովհետեւ անառակ կեանքով էր ապրում»: Այսինքն նա կորցրեց իր Դրախտի փառքը, մերկացաւ լուսեղէն զգեստից, կորցրեց համարձակութիւնն ու սէրը, որ ունէր առ Աստուած: Ելաւ Դրախտից եւ վատնեց ունեցուածքը, այսինքն՝ անմահութիւնը, հոգեւոր շնորհները, հաւատը, յոյսը, սէրը, պարգեւները, հանգիստը, փառքը, հարստութիւնը եւ դարձաւ աղքատ ու չքաւոր, զուրկ ամէն պարգեւներից:
Իսկ այժմ տեսնենք, «անառակ որդու» առակի երկրորդ խորհուրդը, թէ ինչպէս է նա խորհրդանշում մեղաւոր մարդը: Վարդապետներն ասում են, թէ այս առակով Աւետարանը երեք բան է ցոյց տալիս: Նախ, թէ ինչպէս նա բաժանուեց հօրից, երկրորդ՝ թէ ինչպէս զղջաց, վերադարձաւ հօր մօտ եւ խոստովանեց, երրորդ՝ թէ ինչպէս հայրն ուրախութեամբ ընդունեց նրան:
Արդ, առաջին գլուխը վեց մաս ունի: Այս անառակ որդին մեղաւոր մարդն է, եւ հայրը՝ Աստուած: Մեղաւորը մեղքով հեռանում է Աստծուց եւ երբ զղջում է, Աստուած մեծ ողորմութեամբ ընդունում է նրան: Անառակ որդին առաւ իր բաժինը հօրից եւ չկամեցաւ մնալ հօր մօտ, այլ՝ ապրել առանձին, ազատ ու գնալ իր կամքով: Բայց այս հպարտութիւնից եւ ազատութիւնից վեց տեսակ վնաս եղաւ նրան:
Առաջին. հեռացաւ Աստծուց, ինչպէս որ ասում է՝ «գնաց հեռու աշխարհ»: Մեղաւորը հեռու է Աստծուց, ինչպէս որ Դաւիթ մարգարէն է ասում. «Փրկութիւնը հեռու է մեղաւորներից, քանզի նրանք քո օրէնքները չպահեցին» 7: Եւ Ոսկեբերանն էլ ասում է. «Ո՛վ Տէր, մեղաւորը ո՞ւր պիտի գնա, Քեզնից փախչել չի՛ կարող, այլ կը հեռանա Քեզնից եւ դէպի Քեզ կը գայ», այսինքն կը փախչի Քո քաղցրութիւնից եւ Դատաւորիդ առջեւ կը գայ:
Երկրորդ. «վատնեց իր ունեցուածքը», քանի որ ընկաւ մահու չափ մեղքերի մէջ, վատնեց բոլոր հոգեւոր բարիքները, այսինքն՝ Աստուծոյ շնորհները, զանազան առաքինութիւնները, հաւատը, յոյսը, սէրը եւ այլն:
Երրորդ. «եղաւ սաստիկ սով», այսինքն սաստիկ սով հոգեւոր կերակրից, քանզի այն մարդը, ով մեղքերի մէջ է, հոգեւոր բոլոր բարիքների քաղցն ունի: Նա, ով հեշտանում է աշխարհի մարմնաւոր բարիքների մէջ, Աստուած նրան չի տալիս հոգեւոր բարիքներ, որոնք յոյժ հարկաւոր եւ փառաւոր են Աստուծոյ առջեւ: Այդ պատճառով հոգին սովամահ է լինում, ինչպէս որ ասում է մարգարէի միջոցով. «Ես սով պիտի ուղարկեմ այդ երկիրը, ոչ թէ հացի սով կամ ջրի ծարաւ, այլ Տիրոջ խօսքը լսելու սով» 8: Տիրոջ խօսքը հոգու կերակուր է ըստ այն խօսքի, որն ասում է. «Ոչ միայն հացով կ՚ապրի մարդ, այլ՝ այն ամէն խօսքով, որ դուրս է գալիս Աստուծոյ բերանից» 9:
Չորրորդ. «գնաց այդ երկրի քաղաքացիներից մէկի մօտ», այսինքն սատանայի մօտ, որը դժոխքի քաղաքակիցն է, յարեց ու ծառայեց նրան ըստ այն խօսքի, որն ասում է. «Ամէն ոք, որ մեղք է գործում, մեղքին ծառայ է» 10, որովհետեւ որովհետեւ մեղաւոր մարդը կորցնում է իր ազատութիւնը, դառնում մեղքերի եւ վայելքի ծառան, գործակից է դառնում դրանց ու ծառայում սատանային, ով նրան ձգում է դէպի մեղքը, դարձնում իր ծառան ու գերին:
Հինգերորդ. ով մեղք է գործում, արհամարհւում է, ինչպէս որ քաղաքացին արհամարհեց նրան եւ ուղարկեց խոզեր արածեցնելու: Մեղաւորը խոզեր է արածեցնում այն ժամանակ, երբ մեղանչում է արբեցութեամբ կամ պոռնկութեամբ, քանզի սատանան, ինչպէս խոզ հանգստանում է պոռնիկների, յարբեցողների մօտ եւ ամէն տեսակ աղտեղութեան մէջ, ինչպէս որ ասում է. «Խոզը տիղմի մէջ է թաւալւում»: Առակաց գիրքն ասում է. «Ինչպէս ոսկէ գինդը խոզի դնչին, նոյնպէս էլ գեղեցկութիւնն է չարաբարոյ կնոջ համար» 11: Եթէ ոսկէ օղ դնես խոզի քթին, կը շաղախի աղբի հետ: Մեղաւորը խոզի պէս թաւալւում է պոռնկութեան մեղքի տիղմի եւ արածում ամէն տեսակի աղտեղութիւնների մէջ, ինչպէս Պետրոսն է ասում իր ընդհանրական թղթում. «Շունը վերստին է դառնում իր փսխածին եւ լուացուած խոզը վերստին է թաւալւում տիղմի մէջ» 12: Այսինքն ով խոստովանում է իր մեղքերը եւ ապա յոժարութեամբ դառնում նոյնին, նման է շանը, որը վերադառնում է իր փսխածին, եւ լուացուած խոզի, որ կրկին թաւալւում է աղտեղութեան մէջ: Առակաց Գիրքն ասում է. «Ինչպէս ոսկէ գինդը խոզի դնչին, նոյնպէս էլ գեղեցկութիւնն է չարաբարոյ կնոջ համար» 13, քանի որ եթէ ոսկէ օղ դնես խոզի դնչին, նա աղբի հետ կը շաղախի այն: Այսպէս Աստուած բանականութիւնը որպէս ոսկէ օղ դրեց Իր պատկերին, սակայն պոռնկասէր հոգին չիմացաւ դրա պատիւը եւ շաղախեց այն մեղքերի հետ, որի համար ասում է «ամբողջ ունեցուածքը վատնեց հեշտութեամբ եւ արածեց խոզերի հետ»:
Վեցերորդ. անյագ ցանկութիւնն էր, քանզի «ցանկանում էր որովայնը լցնել եղջերենու պտղով, որը խոզերն էին ուտում», քանզի հեշտասէրը բնաւ չի յագենում պոռնկութիւնից եւ արբեցութիւնից, որոնք սատանայի կերակուրներն են, այլ որքան ուտում է, այնքան քաղցում է, եւ իր ցանկութեան մէջ հալումաշ է լինում:
Երկրորդ գլուխ: Աւետարանը ցոյց է տալիս, թէ ինչպէս անառակ որդին զղջաց եւ եկաւ հօր մօտ: Սուրբ Գիրքն ասում է. «…խելքի եկաւ եւ ասաց. “Քանի՜ վարձու աշխատաւորներ կան իմ հօր տանը, որ առատ հաց ունեն”» 14: Երեք յանգամանք կայ, որ անհրաժեշտ են մեղաւորին առ Աստուած դառնալու համար: Նախ՝ պէտք է մեղաւորը խելքի գայ եւ մտածի, թէ՝ ի՞նչ վնաս եղաւ իրեն մեղքի պատճառով: Եւ այս խորհելը երեք կերպ է:
Նախ. նա պէտք է խորհի, թէ որտեղի՞ց ընկաւ եւ ո՞ւր գնաց, այսինքն տեսնի, որ ընկաւ Աստուծոյ երեսից եւ գնաց դէպի սատանան: Եւ այս պատճառով է ասում «խելքի եկաւ»:
Երկրորդ. խորհի, թէ ով էր նախքան մեղանչելը եւ ինչ եղաւ մեղանչելուց յետոյ, քանզի Աստուծոյ որդի էր եւ սատանայի որդի դարձաւ: Այդ պատճառով է ասում «Ես՝ անառակ որդիս»:
Երրորդ. խորհի, թէ ինչ է կորցրել եւ ինչ է գտել, այսինքն տեսնի, որ կորցրել է Աստուծոյ շնորհներն ու առատ պարգեւները եւ գտել սաստիկ սով, որի համար ասաց՝ «Ես այստեղ սովամահ կորչում եմ, բայց վարձու աշխատաւորներ կան իմ հօր տանը, որ առատ հաց ունեն»: Ոմանք ասում են, թէ վարձկանները հրեշտակներն են, ովքեր հնազանդ եւ հպատակ են Աստուծոյ հրամաններին ու միշտ ծառայում են Նրան, որի համար որպէս վարձք ունեն Աստուծոյ տեսութիւնը, իրենց փառքը եւ առատ հաց՝ Աստուծոյ շնորհաբաշխումից: Ոմանք, ինչպէս Ներսէս Մեծը, ասում են, թէ վարձկանները երկնքի լուսատուներն են, որոնք օր ու գիշեր Աստուծոյ հրամանով լուսաւորում են մեզ եւ ունեն իրենց մշակութեան վարձքը՝ անապականութիւնը: Անառակ որդին, ընկած լինելով մահուան եւ կենցաղի ապականութեան միջեւ, յիշեց իր բնական անմահութիւնը, որ ունէր եւ իր մէջ խորհելով՝ ասաց. «գնամ իմ հօր մօտ եւ նրան ասեմ. հա՛յր, մեղանչեցի երկնքի դէմ ու քո առաջ» 15, այսինքն՝ մեղանչեցի Դրախտում եւ ընկայ երկիր, արժանի չեմ հրեշտակների հետ քո որդին կոչուել, այլ՝ «վերցրու ինձ որպէս քո վարձկաններից մէկը», այսինքն՝ ազատի՛ր ինձ մահուան երկիւղից եւ դարձրո՛ւ ինձ անապական՝ ինչպէս Քո լուսաւորները:
Այժմ առաջիկայ խօսքով քննենք մեղաւորների զղջումին վերաբերող մասը:
Հայրն Աստուած է, տունը՝ Եկեղեցին, Աստուծոյ վարձկանները՝ նրանք, ովքեր ժառանգում են Աստծուն եւ որպէս վարձք՝ Նրանից ստանում երկնքի Արքայութիւնը: Նրանք առատ հաց ունեն, որն Աստուծոյ խօսքն է եւ Քրիստոսի Մարմինը: Այս է մեղաւորի առաջին քայլը. նա խելքի եկաւ եւ ճանաչեց իրեն:
Երկրորդ. պէտք է, որ մեղաւորը հաստատի իր մտքում՝ դառնալ առ Աստուած, որը լինում է երեք կերպով:
Առաջին. զղջմամբ, որի համար ասաց «վեր կենամ գնամ»;
Երկրորդ. ապաշխարութեամբ, այսինքն պահեցողութեամբ եւ աղօթքներով, որի համար ասաց «գնամ իմ հօր մօտ»;
Երրորդ. խոստովանութեամբ, որի համար ասաց «հա՛յր, մեղանչեցի երկնքի դէմ եւ քո առաջ»:
Եւ երբ գալիս է խոստովանութեան, երեք բան է խոստովանում: Նախ՝ իր մեղքերը, երկրորդ՝ իրեն անարժան համարելով՝ ասում է. «Արժանի չեմ քո որդին կոչուելու», եւ երրորդ՝ Աստծուն ողորմած է խոստովանում՝ ասելով. «Վերցրո՛ւ ինձ որպէս քո վարձկաններից մէկը»:
Սակայն այս երկուսը՝ մեղաւորի խելքի գալը, իր մեղքերը ճանաչելն ու առ Աստուած դառնալու միտքը հաստատելը, բաւական չեն: Նա պէտք է իրականացնի իր բարի խորհուրդը, որ ասաց. «Գնամ իմ հօր մօտ»: Այսքանը՝ երկրորդ գլխի մասին:
Երրորդ գլուխ: Աւետարանը ցոյց է տալիս, որ Աստուած ընդունում է մեղաւորին, երբ նա զղջում է: Եւ որ ընդունեց նրան, երեւում է չորս կերպով:
Առաջին. ընդունեց մեծ ողորմութեամբ, քանզի ասաց. «Հայրը հեռուից տեսաւ նրան եւ գթաց»:
Երկրորդ. ընդունեց իսկոյն, քանզի «շտապ գնաց նրան ընդառաջ»:
Երրորդ. ընդունեց նրան սիրով, քանզի «ընկաւ նրա պարանոցով եւ համբուրեց նրան», որը նշանակն է սիրոյ, խաղաղութեան եւ ուրախութեան: Եւ յիրաւի այսպէս է, որովհետեւ եթէ հրեշտակներն ուրախանում են մէկ մեղաւորի համար, ով ապաշխարում է, ապա որքան առաւել կուրախանայ Աստուած, որովհետեւ Հայր է: Որքան գթառատ է երկնաւոր Հայրը, որ ընդառաջ է վազում մեղաւոր որդուն: Նա չի սպասում, որ որդին գայ Իր մօտ, չի յանդիմանում նրան, երեսով չի տալիս նրա մեղքերը եւ ոչ էլ ծանր լուծ է դնում նրա պարանոցին, այլ քաղցրութեամբ եւ սիրով համբուրում է նրան: Այսպիսին պէտք է լինի նաեւ խոստովանահայրը, այսինքն պէտք է սիրով ընդունի ճշմարտապէս զղջացողին, դառը վերաբերմունք ցոյց չտայ նրան եւ չյանդիմանի անցեալի գործերի համար, այլ խրատի քաղցրութեամբ:
Չորրորդ. Աստուած մեղաւորին ընդունում է մեծ պատուով, ինչպէս որ Աւետարանում ասաց հայրը. «Անմիջապէս բերէ՛ք նրա նախկին պատմուճանը եւ հագցրէ՛ք նրան»: Եւ չորս կերպով պատուեց իր որդուն: Նախ՝ նրան գեղեցիկ հանդերձ հագցրեց, ինչպէս որ ասում է. «հագցրէ՛ք նրան», երկրորդ՝ զարդարեց նրան՝ ասելով. «մատանին նրա մատը դրէք», երրորդ՝ կօշիկներ հագցրեց նրա ոտքերին, չորրորդ՝ նրա համար կերակուր պատրաստեց, ինչպէս որ գրում է. «բերէ՛ք պարարտ եզը եւ մորթեցէ՛ք»:
Արդ, Աստուծոյ ծառաները հրեշտակներն են, որ երկնքում են, իսկ երկրի վրայ՝ վարդապետները: Աստուած նրանց ասում է. «Բերէ՛ք նախկին պատմուճանը եւ հագցրէ՛ք նրան»: Նախկին պատմուճանն անմեղութիւնն է, որն առաջինը Ադամը հագաւ Դրախտում, սակայն մեղքով մերկացրեց թէ՛ իրեն, թէ՛ մեզ: Բայց ճշմարիտ խոստովանութիւնն այնպիսի զօրութիւն ունի, որ անմեղութեան առաջին պատմուճանն է հագցնում նրան: Քանզի խոստովանահօր արձակելու պահին մարդն այնպիսինն է, ինչպիսին Ադամն էր Դրախտում՝ նախքան մեղանչելը: Այդ պատճառով է ասում. «գովաբանութեամբ ու մեծափառութեամբ զգեստաւորուեցիր, լոյսը կրեցիր ինչպէս վերարկու» 16:
Իսկ մատանին ցոյց է տալիս ճշմարիտ հաւատն ու աստուածային սէրը: Հանդերձը ցոյց է տալիս գործը: Քանզի ճշմարիտ հաւատն աստուածային սիրոյ եւ բարի գործերի հետ զարդարում է հոգին: Ապա ուրեմն՝ հաւատն առանց գործերի՝ մեռած է: Կոշիկը մեռած կենդանու կաշուից է եւ ցոյց է տալիս մեռած սուրբերի օրինակը, որ մեռան ճշմարտութեան համար: Նա կոշիկներ է հագնում, որպէսզի խոստովանի եւ հետեւի սուրբերին, ովքեր մեռան մեղքի պատճառով՝ բարին գործեր ունենալով: Դարձեալ՝ կոշիկն ամրութեան նշանն է եւ ցոյց է տալիս, թէ նա, ով խոստովանում է, զօրանում է թշնամու վրայ եւ ոտնակոխ անում նրա գլուխը: Եւ թշնամին այլեւս չի կարող իշխել նրան եւ բռնութեամբ մեղքերի մէջ գցել, ինչպէս նախկինում: Նախքան խոստովանութիւնը նա սատանայի ծառան էր եւ նրա գերին:
Պարարտ եզը Քրիստոսի խորհուրդն ունի է, Ով պարարտ էր աստուածութեամբ, ինչպէս մէկ այլ տեղում Նա կոչուեց Գառ, որ վերցնում է աշխարհի մեղքը: Այստեղ պատարագելի եզ կոչուեց, որ մորթուեց աշխարհի փրկութեան համար: Եւ այժմ մեզ համար մշտապէս պատարագւում է Հօրը՝ հաշտութեան եւ մեղաւորների քաւութեան համար: Այս պատարագից իւրաքանչիւրը կարող է ուտել ճշմարիտ զղջումից եւ խոստովանութիւնից յետոյ: Ապա ուրեմն պարզ է, որ նրանք, ովքեր խոստովանութեամբ անմեղութեան հանդերձներ չեն հագել, չունեն հաւատի մատանին բարի գործերի հանդերձ, չունեն կոշիկներ, որոնցով գնանն սուրբերի հետեւից եւ ոտնակոխ անեն մեղքն ու սատանային: Այդպիսիններն արժանի չեն ուտելու Քրիստոսի պատարագուած Մարմնից եւ Արիւնից:
Բայց եւ տե՛ս այն, որ ասաց. «Բերէ՛ք պարարտ եզը, մորթեցէք եւ ուտենք»: Նրան չասաց՝ դո՛ւ մորթիր: Սա ցոյց է տալիս, որ ընկած քահանան, թէպէտ խոստովանի, արդարանայ եւ ճաշակի հաղորդութիւնից, սակայն չի կարող պատարագել Քրիստոսին, այլ պէտք է հաղորդուի ուրիշների ձեռքով: Տե՛ս եւ ուրախութիւնը, քանի որ ասում է. «Ուտենք, խմենք եւ ուրախ լինենք, որովհետեւ իմ այս որդին մեռած էր եւ կենդանացաւ, կորած էր եւ գտնուեց»: Իսկ այն, որ ասում է. «Ինձ երբէք մի ուլ չտուիր», ուլ՝ սատանային է կոչում: Քանզի երբ նա ընկաւ երկնքից ու զրկուեց Աստուծոյ փառքից, հրեշտակներն բազում անգամ աղաչեցին Աստծուն, սակայն Աստուած չներեց սատանայի յանցանքները եւ չլսեց նրանց աղաչանքները:
Եւ ուլ կոչում սատանային նախ. փոքրութեան եւ տկարութեան համար, որ ընկաւ հրեշտակների ինը դասերից, փոքրացաւ եւ տկարացաւ:
Երկրորդ, որովհետեւ ուլը նման է հրեշտակներին եւ նման չէ: Այդպէս էլ սատանան նման է հրեշտակներին, որովհետեւ անմարմին է եւ ունի անմահ բնութիւն: Սակայն նման չէ, քանի որ չունի հրեշտակների փառքն ու պատիւը, երկնքում չէ, չի ծառայում Աստծուն եւ չի փառաբանում Նրան:
Երրորդ. որովհետեւ ուլը մկկում է եւ փախչում հովուից ու փարախից: Այդպէս էլ սատանան փախաւ Արարչից եւ երկնքի արքայութիւնից ու բնակուեց դժոխքի սանդարամետում:
Չորրորդ. ուլի ամօթոյքի անդամը բաց է եւ բոլորին տեսանելի: Նոյնպէս էլ բոլորը տեսնում են սատանայի մեղքերը եւ նախատում նրան: Այդպէս նաեւ մեղաւորների մեղքերն են տեսնում եւ յանդիմանում, ու նա չի իմանում:
Հինգերորդ. ուլը թխագոյն է, իսկ սատանան, զրկուած լինելով լոյսից, խաւարն է սիրում, խաւարի մէջ է շրջում, տրտմեցնում է մարդկանց եւ խաւարեցնում նրանց մտքերը:
Վեցերորդ. ուլի բուրդը քիչ է, չունի դմակ եւ հնազանդութիւն ու չարչարում է հովուին: Այդպէս էլ սատանան, զրկուած լինելով հրեշտակների լուսեղէն զգեստից, չունի նրանց պարարտ իմաստութիւնը եւ ոչ էլ հնազանդ է իր Արարչին, այլ միշտ հակառակ է իր Հովուապետին՝ Քրիստոսին: Այդ պատճառով հրեշտակներն ասում են երկնաւոր Հօրը. «Ինձ երբէք մի ուլ չտուեցիր, որ բարեկամներիս հետ ուրախութիւն անէի, իսկ անառակի համար պարարտ եզը մորթեցիր»: Իսկ Հայրն ասում է. «Որդեա՛կ, դու միշտ ինձ հետ ես, եւ ամէն ինչ, որ իմն է, քոնն է: Երկինքը քո տեղն է, երկիրը քոնն է, եւ բոլոր բարիքները, փառքը, պսակները, որ կան երկնքում եւ երկրի վրայ, քոնն են»: Եւ սա ասում է հրեշտակների եւ արդար մարդկանց մասին, որ պէտք է ուրախ լինել եւ ցնծալ, որովհետեւ «քո այս եղբայրը մեռած էր եւ կենդանացաւ, կորած էր եւ գտնուեց»:
Այսպէս երկնաւոր Հայրն ուրախանում է բոլոր նրանց համար, ովքեր դառնում եւ զղջումով խոստովանում են իրենց մեղքերը: Ովքեր առանց զղջման մնում են իրենց մեղքերի մէջ, երկնաւոր Հայրը ոչ թէ ուրախանում, այլ սգում է, բայց ուրախութիւն եւ տօն է անում խոստովանողների համար: Եւ այս տօնը յոյժ փառաւոր է, քանզի ծննդեան տօն է, որովհետեւ մեղաւորը սատանայի որդի է, սակայն խոստովանելուց յետոյ նա ծնւում է որպէս Աստուծոյ որդի: Նաեւ յարութեան տօն է, որովհետեւ վերստին նորոգւում է մահուան մեղքից եւ կենդանանում հոգով, ինչպէս որ ասում է. «Ուրախ լինենք, որովհետեւ մեռած էր եւ կենդանացաւ»: Նաեւ Հոգու գալստեան տօն է, որովհետեւ ով ճշմարիտ խոստովանութիւն է անում, ընդունում է Սուրբ Հոգին, ինչպէս առաքեալները Վերնատանը:
Ուրեմն մենք եւս ասենք. «Հա՛յր, մեղանչեցի երկնքի դէմ եւ Քո առջեւ», ինչպէս անառակ որդին, որպէսզի նրա հետ էլ արդարանանք, երկնաւոր Հօր որդի կոչուենք եւ բոլոր սուրբերի հետ հասնենք հանդերձեալ բարիքներին մեր Տէր Յիսուս Քրիստոսով, Ում Հօր եւ եւ Սուրբ Հոգու հետ վայել է փառք եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն։
shavigh.am