Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հա՛յր, որ ոչնչից գոյացրիր ամեն ինչ, անմարմին և անիմանալի էություններ և նյութավոր արարածներ` քեզ համագոյակից քո Միածին Որդու միջոցով և Սուրբ Հոգովդ, որ ելնում է քեզնից անճառաբար և իմ եղական բնությանը անհասանելի է, իրենով և Որդիով բերելով քո նմանությունը` ըստ բնության: Աղաչում եմ քեզ, քո քաղցրությամբ նայիր ինձ` անարժան ծառայիդ, և մի՛ շրջիր քո դեմքը իմ պաղատանքից, թեպետ ես անառակությամբ շեղվեցի քո սուրբ ճամփաներից, գործեցի քո պատվիրաններին հակառակ` զայրացնելով քո ներողամտության անճառ քաղցրությունը: Բայց դո՛ւ, ամենագութ և մարդասեր, ներիր և դատաստանի մի՛ մտիր քո ծառայի հետ, մի՛ հաշվիր իմ անօրինությունները և մի՛ հիշիր իմ զազրելի և զանազան չարիքների բազմությունը, այլ մեծ ողորմությամբդ դարձիր ինձ և շնորհիր ինձ` հեռացածիս, դառնալ դեպի քեզ, քանի որ քոնն է և քեզանից է բոլորի փրկությունը: Անկարող եմ դառնալու իմ մեղքերի չարաչար սովորություններից, եթե քո ողորմությունը չհասնի ինձ, և անկարող եմ բարձրանալու իմ ծանր մեղքերի գլորումից, եթե քո ամենազոր ձեռքը չերկարի` օգնելու ինձ: Ամաչում եմ աղաչելքեզ, որ բարկացրել եմ, երկնչում եմ քո առջև լինելուց` գիտակցելով իմ դատաստանը և իմ մեղքերի անչափությունը, բայց ինձ վստահությունեն ներշնչում քո անբավ ու խոր մարդասիրության հիշատակները, և քո բարձրության խոնարհությունը համարձակություն է տալիս ինձ` հանդգնելու: Որովհետև, թեկուզև մեծ է իմ մեղքը, բայց խիստ պակաս է քո մարդասիրությունից, թեկուզ անհնարին են անառակություններն իմ, բայց անկարող են քեզ անգութ ցույց տալու: Գիտեմ, որ արժանի չեմ քո ողորմությանը, բայց դու սովոր ես նաև անարժաններին ողորմել: Անտեղյակ չեմ իմ աղտեղի վարքի անվճարելի պարտքից, սակայն քո ամենառատ կամքի հույսը ինձ հորդորում է քո առջև ինձանից բողոքել:
Եվ արդ, ո՞ւմ դիմեմ, բարերա՛ր, եթե դու չողորմես, ո՞ւմ անունը կանչեմ փրկության համար, եթե միակ կարողդ և մարդասերդ չհասնես: Ոխ մի՛ պահիր, անոխակալ, մի՛ բարկացիր, քաղցր բնություն, մի՛ թաքցրու քո շնորհները ինձնից, առատապարգևդ բոլորի նկատմամբ, ավելին տուր, քան հայցում եմ և բազմապատիկ պարգևիր, քան դրա համար պաղատում եմ: Հիշի՛ր, որ քեզ խորթ է չողորմելը և կամեցիր, որին բնականորեն հավերժակից ունես, լսի՛ր` ինչ ախորժում ես, ընդունիր` ինչի համար ուզում ես և սովորեցրիր հայցել քեզնից. բարերարության առատությունը քո զուգակիցն է և առատորեն տալիս է կարոտյալներին: Իսկ ինձ նման կարոտ և ցանկացող չկա. թո՛ղ մեղքերս և անտեսիր անօրինությունս` իսկակից անճառ քո գոյացության, և չկա մեկը մեղանչական ու ավելի անօրեն, քան ես:
Հա՛յր, սիրում ես պարգևներ բաշխել. զուրկ չլինեմ ես, որ աղքատացածն եմ բոլորից. չես կամենում մեղավորների մահը, այլև ոտքի ես հանում. ինձ հարություն տուր իմ մեղքերի մեռելությունից: Ահավասիկ քո առջև խոստովանում եմ իմ հոգու թարախակալ վերքի անհնարին ցավերը. բուժի՛ր, ամեն ինչով կարողդ, և մի՛ թողնիր վերստին հիվանդանալ. ինձ կորցնելու համար բավական է մանկությունից մինչև այժմ իմ գործած չարիքների բազմությունը, այսուհետև,Տեր, կորզելով հափշտակիր իմ թշվառ անձը: Հեռացա, մոտեցրու քեզ. մոլորվեցի, փնտրիր. կորա, մտածիր գտնել: Ամենագութ, տե՛ս իմ տառապանքը և մի՛ գարշիր իմ աղտեղված անձի տգեղությունից, քո ողորմության օճառով լվա ինձանից իմ անձի ամբողջ գեղեցկությունն այլանդակողներին: Դու, որ անօրինացած ազգի կորստյան ժամանակ ջրերի սաստկությունից փրկեցիր քո սիրելի Նոյին, կարող ես և ցամաքեցնել մեղքի հորձանքը և վեր հանել ընկղմվածներին, և քո նախախնամության խոսքն անհասանելի էր, ուստի ուղարկեցիր քո Միածին Որդուն, որ իր մարդեղությամբ անօրինությունների հորձանքից կորած մարդկային ցեղին հավիտենական ու ճշմարիտ փրկություն ընձեռի: Նրա չարչարանքով քո առջև [կատարված] բոլոր մեղքերի մոռացումն արեցիր, և մարդիկ հավատացին, որ նա քո Որդին է, որ և ճշմարիտ էր:
Եվ ես, թեպետ շաղախվեցի անօրեն գործերով, բայց` հավատքի մեջ, որ ընդունեց քո եկեղեցին, աշակերտելով նրա ուսմունքին` մնացի առանց երկմտության և կմնամ մինչև վերջ` խոստովանելով մի բնություն`երեքանձնյա աստվածությանդ էությունը, որ մատուցում եմ քեզ որպես ընդունելի ընծա, այլ ամեն ինչից կողոպտված լինելով և աղքատ. Քոծ առաներն ունեն վարքի ամենաբարվոք փարթամությունը, որ և արդ կտաս ինձ ողորմելով: Ես` ինքս, իմ կամքով օտարված քո կամքից, ավազակների ձեռքը մատնվեցի և կորցրի ճոխությունը, լոկ դու ես աննենգ և որդեսեր, վերստին ինձ տուր նախկինը: Վիրավորվեցի նրանցից, ում անմտաբար ուղեկից եղա, բժշկի՛ր դարձյալ, ստեղծիչդ բարի, և ինձ ամեն ինչով կատարյալ դարձրու, որ ի բնե սահմանեցիր մեր կերտվածքին, և կրկին սովորեցրիր քո առաքյալ մարգարեներով, որպեսզի արժանի լինեմ` բերանս բանալու իմ մեղքի ամոթի պապանձումից`ի փառաբանություն ամենասուրբ Երրորդությանդ, Հոր և Որդու և Սուրբ Հոգու, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն: