Այդ ո՞ր մեռելոտի գարշահոտությունը, կամ ո՞ր զազրահոտությունն է այնքան նողկալի, որքան մեղքերի շարավահոտությունը։ Այդ մեղսալի շարավահոտությունը «ճանաչելով»՝ մեծն Դավիթ մարգարեն ողբաձայն ասում էր. «Նեխեցին և փտեցին իմ դեմքի վերքերն անզգամությանս պատճառով»։ Արդարև, անզգամ է նա, ով պագշոտությամբ և այլ աղտեղություններով պղծում է Աստծու տաճարը, քանի որ մենք իսկապես Աստծու տաճար ենք, ինչպես Տեր Ինքն իսկ ասաց. «Պիտի բնակվեմ նրանց մեջ ու պիտի ընթանամ նրանց միջով և նրանց Աստվածը պիտի լինեմ,
և նրանք պիտի լինեն իմ ժողովուրդը»։
Արդ, ինչպիսի՜ պատիժների ու ինչպիսի՜ տանջանքների կարժանանանք մենք, եթե Աստծուն իբրև «բնակիչ» մեր մեջ կրելով՝ մեղքերի գարշահոտությամբ վանենք Նրան և Նրա փոխարեն բանսարկուին բնակեցնենք մեր մեջ։ Ի՜նչ գեհենի ու ի՜նչ տանջանքի ասես որ չենք մատնվի, և դա էլ դեռ մեզ քիչ կլինի։ Աստված մեզ պատվում է՝ Իր «տուն», «տաճար» և «հանդերձ» անվանելով, իսկ մենք անարգելով անարգում և զանազանատեսակ նախատիքների ենք «արժանացնում» Նրան։ «Դու, որ օրենքով պարծենում ես,- ասում է երանելի Պողոսը,- օրենքը խախտելով Աստծուն ես անարգում»։
Նա քեզ աստվածային «հանդերձ» ու թագավորական «ծիրանի» է կոչում՝ մաքուր ու պայծառ զգեստներ հագցնելով, իսկ դու աղտոտում և մրոտում ես քեզ մեղքերով, ուստի էլ ի՞նչ ներման կարող ես արժանանալ։ Քանի որ եթե մի մարդ իր թանկարժեք զգեստները ժամանակավորապես մեզ տար, իսկ մենք անփույթ վարվեինք, ցեխի ու տիղմի մեջ գցեինք դրանք՝ անպիտան դարձնելով ու այդպես տիրոջ առջև դնելով, որպիսի՜ ու որչա՜փ տուգանքների ասես որ չէինք ենթարկվի նրա կողմից։