Հոբ 38.2-39.35
38.2 «Այդ ո՞վ է, որ իր խորհուրդները թաքցնում է ինձնից, խօսքերը հաւաքելով իր սրտում՝ կարծում է, թէ ինձնից պահում է դրանք: 3 Տղամարդու պէս պնդացրո՛ւ մէջքդ. հարցեր եմ տալու քեզ, ու պատասխա՛ն տուր ինձ: 4 Որտե՞ղ էիր դու, երբ ես երկրի հիմքերն էի գցում: Ասա՛ ինձ, եթէ խելամիտ ես ու իմաստուն: 5 Ո՞վ է սահմանել դրա չափը, եթէ գիտես, կամ ո՞վ է լար գցել դրա վրայ: 6 Ինչի՞ վրայ է հաստատուել օղակը դրա, ո՞վ է դրել անկիւնաքարը դրա: 7 Երբ աստղերը ցիրուցան եղան, աստղերի բոլոր հրեշտակները մեծաձայն օրհնեցին ինձ, իմ բոլոր հրեշտակներն էլ գովեցին: 8 Ծովը փակեցի դարպասներով, երբ այն իր մօր որովայնից ծնուեց դուրս եկաւ: 9 Մէգը նրան իբրեւ հանդերձ սահմանեցի, մառախուղը՝ իբրեւ խանձարուր: 10 Սահմաններ դրեցի նրա համար՝ փականքներ ու դարպասներ, եւ ասացի. 11 “Կգաս մինչեւ այդ վայրն ու այլեւս առաջ չես անցնի”. այդտեղ՝ քո մէջ կխորտակուեն ալիքները քո: 12 Թէ՞ քո կողքին կարգեցի լոյսն առաւօտեան: 13 Արուսեակը տեսաւ իր համար սահմանուածը՝ հասնել երկրի թեւերի վրայ, թափ տալ ամբարիշտներին դրա վրայից: 14 Կամ թէ դո՞ւ ես, որ կաւն առնելով ստեղծեցիր կենդանի արարածին եւ, խօսուն, զետեղեցիր երկրի վրայ: 15 Մերժեցի՞ր լոյսն ամբարիշտներին, խորտակեցի՞ր բազուկներն ամբարտաւանների: 16 Հասա՞ր ծովի ակունքին, շրջեցի՞ր խորքերն անդունդների: 17 Քո առաջ ահով բացուելո՞ւ են դռները մահուան. դժոխքի դռնապանները սարսելո՞ւ են քեզ տեսնելով: 18 Վերահասու լինելո՞ւ ես երկնքի ներքոյ եղած տարածութեան. ասա՛ ինձ տեսնեմ՝ որքա՞ն է այն: 19 Ո՞րն է այն երկիրը, ուր լոյսն է օթեւանում, կամ ո՞րն է տեղը խաւարի: 20 Տանելո՞ւ ես ինձ նրա սահմաններին, եթէ գիտես ճանապարհները դրանց: 21 Գուցէ գիտե՞ս կամ ա՞յն ժամանակներում ես ծնուել. քո օրերը բազո՞ւմ են: 22 Գնացե՞լ ես շտեմարանները ձեան կամ տեսե՞լ ես պահեստները կարկտի: 23 Կուտակե՞լ ես դրանցից՝ քո թշնամիների վրայ հասնելու, մարտի ու պատերազմի օրուայ համար: 24 Որտեղի՞ց է դուրս գալու եղեամը, կամ տարածուելու է հարաւային հողմը երկնքի ներքոյ: 25 Ո՞վ է պատրաստել սաստիկ անձրեւների հոսանքները 26 եւ ճանապարհներն ամպրոպների, որ տեղան երկրի վրայ, 27 ուր անմարդաբնակ անապատում ոչ ոք չկայ, որ յագեցնի անկոխ ու անշէն հողը, այնտեղ բխեցնի բոյսը դալար: 28 Ո՞վ է հայրն անձրեւի, եւ ո՞վ է, որ ծնունդ է տուել ցօղի շաղերին: 29 Ո՞ւմ արգանդից է դուրս գալիս սառոյցը, 30 եւ ո՞վ է երկնքում եղեամ ծնել, որ ջրի պէս հոսելով իջնում է. ո՞վ է հալեցնում երկնքի երեսը: 31 Վերահասու եղե՞լ ես Բազմաստեղեանի կարգին, բացե՞լ ես քողը Հայկ համաստեղութեան: 32 Կամ Մազարոթը կարո՞ղ ես բացել իր ժամանակին, Գիշերավարն իր շառաւիղներով հանդերձ կարո՞ղ ես տանել նրանց հետ: 33 Կիմանա՞ս երկնքի բարեշրջութիւնները կամ առհասարակ երկնքի ներքոյ տեղի ունեցածները: 34 Ձայնովդ կկանչե՞ս մէգը. նա էլ, սարսուռով համակուած, ջրի յորդութեամբ կլսի՞ քեզ: 35 Շանթե՞ր կարձակես, ու կսլանա՞ն դրանք. եւ կասե՞ն քեզ, թէ՝ ինչ է սա: 36 Ո՞վ է կանանց տուել ոստայնանկութեան հմտութիւն ու երփներանգ գործուածքներ ստեղծելու շնորհ: 37 Ո՞վ է հաշւում ամպերն իմաստութեամբ: Ո՞վ է խոնարհեցրել երկինքը երկրի վրայ, 38 հողը փոշու պէս թափել: Ես եմ կպցրել դա, ինչպէս խորանարդ քարերը՝ իրար: 39 Կերակուր կորսա՞ս առիւծների համար, վիշապների մարմինը կկշտացնե՞ս, երբ դրանք կուչ են եկած: 40 Սարսելու են իրենց խշտիներում ու դարանակալ նստելու մայրիների անտառում: 41 Ո՞վ է ագռաւների համար կեր պատրաստել, որ նրանց ձագերը ձայները Տիրոջն ուղղեն, մոլորուած՝ ուտելիք խնդրեն:
39.1 Գիտե՞ս քարայծերի ծննդաբերութեան ժամանակը կամ լաւ հետեւե՞լ ես եղնիկների երկունքին: 2 Կարո՞ղ ես լրիւ թուել նրանց ծնելու ամիսները, կարո՞ղ ես մեղմացնել երկունքը նրանց: 3 Առանց երկիւղի կարո՞ղ ես կերակրել նրանց ձագերին, նրանց զերծ պահել երկունքի ցաւերից: 4 Ազատութիւն կունենան նրանց ձագերը, ծնելով կբազմանան, դուրս կգան ու այլեւս չեն վերադառնայ: 5 Ո՞վ է վայրի էշին բաց թողել ազատ, ո՞վ է արձակել կապանքները նրա: 6 Նրան իբրեւ կայեան սահմանել եմ առապարները, իբրեւ բնակավայր՝ աղուտները: 7 Ծաղրում է նա քաղաքների խաժամուժին ու չի լսում մեղադրանքները հարկահանների: 8 Դիտում է իր լեռնոտ արօտավայրերը ու շրջում է՝ ամէն դալարիք փնտրելու: 9 Միեղջերուն յօժար կլինի՞ ծառայելու քեզ կամ հանգստանալու քո մսուրի մէջ: 10 Չուանով նրան լուծ կկապե՞ս, կամ նա ակօս կքաշի՞ քո դաշտում: 11 Յոյսդ կդնե՞ս նրա վրայ, քանի որ նրա զօրութիւնը մեծ է, եւ նրան կթողնե՞ս գործերդ քո բոլոր: 12 Կհաւատա՞ս, որ սերմանուելիքներդ հատուցելու է ու հաւաքելու քո կալում: 13 Գեղեցիկ են թռչող նէեղասների թեւերը. եթէ ասիդն ու նէեսան էլ բեղմնաւորւում են, արժէ տեսնել, 14 որովհետեւ նէեսան իր ձուերը գետնին է դնում, հողով տաքացնում է 15 ու մոռանում, թէ ոտքի տակ ցրիւ կգան, եւ անապատի գազանները կկոխոտեն դրանք: 16 Հեռանում է նա իր ձագերից, կարծես իրենը չլինեն դրանք. իր վաստակի կորստեան վախը չունի նա, 17 որովհետեւ Աստուած նրանից վերցրել է իմաստութիւնը եւ խելքի բաժին չի տուել նրան: 18 Բայց երբ դէպի վեր ու բարձունքներ բարձրանայ, կծիծաղի երիվարի ու հեծեալի վրայ: 19 Դո՞ւ ես միթէ օժտել ձիուն զօրութեամբ, 20 պարանոցին զրահ հագցրել, վրան սպառազինութիւն գցել, նրա լանջը փառաւոր դարձրել ու խիզախութիւն տուել նրան: 21 Որոտում է դաշտում ու դոփում, զօրութեամբ դուրս է գալիս դաշտ: 22 Երբ նետերի է հանդիպում, արհամարհում է, թրի առաջ էլ չի նահանջում նա: 23 Նրա վերեւում շողշողում են աղեղն ու սուրը, շարժւում վահանն ու նիզակը: 24 Իսկ ինքը բարկութեամբ գետինն է փորփրում: Չի հաւատում, մինչեւ փողը չհնչի: 25 Իսկ երբ հնչում է փողը, “վա՜շ-վա՜շ” է կանչում: Հեռուից է առնում պատերազմի հոտը՝ սուրալով ու փնչացնելով: 26 Քո խելքի՞ց է, որ բազէն, թեւերը տարածելով, կանգնած է մնում օդում՝ անշարժ դիտելով հարաւի կողմը, 27 կամ քո հրամանո՞վ է արծիւը բարձրանում, իսկ անգղն էլ քարանձաւներում ու ծածուկ տեղերում նստում-հանգստանում է իր բոյնի վրայ, 28 մնում է այնտեղ ու կեր է փնտրում: 29 Նրա աչքերը դիտում են հեռուից, 30 իսկ նրա ձագերը զոհի արեան մէջ են թաթախուած: Ուր որ դիակ գտնեն, իսկոյն այնտեղ են յայտնւում»: 31 Եւ Տէր Աստուած խօսեց ու Յոբին ասաց. 32 «Մի՞թէ մէկը պիտի կարողանայ իմ դատաստանը ծռել, պիտի յանդիմանի Աստծուն ու նրա առաջ պատասխան պիտի տայ»: 33 Յոբը նորից խօսեց ու Տիրոջն ասաց. 34 «Էլ ինչո՞ւ դատ անեմ դեռ, կշտամբեմ ու յանդիմանեմ: Տիրոջից եմ լսում այդ բաները ես: Ոչնչութիւն եմ, ի՞նչ պատասխան պիտի տամ ես այդ մասին. միայն պիտի պապանձուեմ: 35 Բերանս բացի մի անգամ արդէն, էլ երկրորդ անգամ բան չեմ աւելացնի»: