Ելք 4.1-21
1 Պատասխան տուեց Մովսէսն ու ասաց. «Եթէ ինձ չհաւատան, իմ ասածը չլսեն (քանի որ նրանք կարող են ասել, թէ՝ Աստուած քեզ չի երեւացել), ես ի՞նչ ասեմ նրանց»: 2 Տէրն ասաց նրան. «Այդ ի՞նչ է քո ձեռքին»: Սա ասաց. «Գաւազան»: 3 Նա ասաց. «Գետնի՛ն գցիր դա»: Մովսէսը գետին գցեց գաւազանը, այն օձ դարձաւ, եւ Մովսէսը փախաւ դրանից: 4 Տէրն ասաց Մովսէսին. «Երկարի՛ր ձեռքդ եւ բռնի՛ր դրա պոչից»: Նա երկարեց ձեռքն ու բռնեց պոչից, եւ օձը գաւազան դարձաւ իր ձեռքում: 5 «Այդպէս կանես, որպէսզի քեզ հաւատան, որ քեզ երեւացել է նրանց հայրերի Աստուածը՝ Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը»: 6 Տէրը նորից ասաց նրան. «Ձեռքդ ծոցդ դի՛ր»: Նա ձեռքը դրեց իր ծոցը, ապա հանեց այն իր ծոցից, եւ ձեռքը ձեան նման սպիտակեց, ինչպէս բորոտների մօտ է լինում: 7 Աստուած ասաց. «Ձեռքդ ծոցդ դի՛ր»: Նա ձեռքը դրեց իր ծոցը, յետոյ հանեց այն իր ծոցից, եւ ձեռքը վերստացաւ իր մարմնի նախկին գոյնը: 8 Աստուած ասաց. «Եթէ չհաւատան քեզ եւ չունկնդրեն առաջին նշանի ձայնին, ապա կհաւատան քո երկրորդ նշանին: 9 Եթէ պատահի, որ չհաւատան երկու նշաններին էլ, չանսան քո ասածին, ապա գետից ջուր կվերցնես, կթափես գետնին, եւ գետից քո առած ջուրը գետնի վրայ արիւն կդառնայ»: 10 Մովսէսն ասաց Տիրոջը. «Աղաչում եմ քեզ, Տէ՛ր, մինչեւ օրս ես պերճախօս չեմ եղել, ոչ իսկ երբ սկսեցիր խօսել քո ծառայի հետ, որովհետեւ անվարժ եմ խօսում, ծանրախօս եմ»: 11 Տէրն ասաց Մովսէսին. «Ո՞վ է մարդուն բերան տուել, կամ ո՞վ է ստեղծել խուլին ու համրին, տեսնողին ու կոյրին: Մի՞թէ ոչ ես՝ Աստուածս: 12 Արդ, գնա՛, ես կբացեմ քո բերանը, քեզ կսովորեցնեմ, որ ասես այն, ինչ պէտք է ասել»: 13 Մովսէսն ասաց. «Աղաչում եմ քեզ, Տէ՛ր, մի այլ կարող մարդու ընտրիր, նրան ուղարկիր»: 14 Տէրը խիստ բարկացաւ Մովսէսի վրայ ու ասաց. «Մի՞թէ ղեւտացի Ահարոնը քո եղբայրը չէ: Գիտեմ, որ նա քո փոխարէն փայլուն կխօսի: Նա քեզ ընդառաջ կելնի եւ քեզ տեսնելով՝ ամբողջ հոգով կուրախանայ: 15 Կխօսես նրա հետ եւ իմ պատգամները կդնես նրա շրթներին: Ես կբացեմ քո բերանն ու նրա բերանը, ձեզ կսովորեցնեմ այն, ինչ պէտք է անէք: 16 Ժողովրդի հետ քո փոխարէն նա կխօսի, նա կլինի քո խօսափողը, իսկ դու նրա համար կլինես ներշնչող Աստուած: 17 Այն գաւազանը, որ օձ դարձաւ, կառնես ձեռքդ եւ դրանով նշաններ կգործես»: 18 Մովսէսը գնաց իր աներոջ՝ Յոթորի մօտ ու ասաց նրան. «Վերադառնամ Եգիպտոսում գտնուող իմ եղբայրների մօտ եւ տեսնեմ, թէ տակաւին կենդանի՞ են»: Յոթորն ասաց Մովսէսին. «Բարի ճանապարհ»: 19 Այս դէպքերից բազում օրեր անց, երբ վախճանուել էր եգիպտացիների արքան, Տէրը Մադիամում ասաց Մովսէսին. «Գնա՛, վերադարձի՛ր Եգիպտոս, որովհետեւ արդէն մեռել են բոլոր նրանք, ովքեր ուզում էին խլել քո կեանքը»: 20 Մովսէսը, առնելով իր կնոջն ու երեխաներին, նրանց նստեցրեց գրաստների վրայ ու վերադարձաւ Եգիպտոս: Մովսէսն իր ձեռքն առաւ գաւազանը, որ Աստուած էր տուել իրեն: 21 Տէրն ասաց Մովսէսին. «Եգիպտոս գնալիս ու վերադառնալիս փարաւոնի առաջ ջանա՛, որ անես բոլոր այն նշանները, որոնք անելու շնորհը տուել եմ քո ձեռքը: Ես խստասիրտ կդարձնեմ փարաւոնին, եւ նա ազատ չի արձակի ժողովրդին:
Հովել 3.9-22
9 Յայտարարեցէ՛ք ազգերին. «Մարտի ժա՛մ նշանակեցէք, արթնացրէ՛ք պատերազմողներին, հաւաքուեցէ՛ք եւ ելէ՛ք, բոլո՛ր ռազմիկներ: 10 Ձեր խոփերից սրե՛ր կռեցէք եւ ձեր գերանդիներից՝ գեղարդներ: 11 Տկարը թող խրախուսի՝ ասելով, թէ՝ ես հզոր եմ. հաւաքուեցէ՛ք եւ նե՛րս մտէք, շրջակայ բոլո՛ր ազգեր, խմբուեցէ՛ք այստեղ. հանդարտ մարդն էլ պատերազմող թող դառնայ: 12 Թող ելնեն ու գնան բոլոր ազգերը Յոսափաթի ձորը, քանի որ այնտեղ պիտի նստեմ՝ դատելու բոլոր ազգերին»: 13 Գործի՛ դրէք մանգաղը, որովհետեւ հասել է հունձը, եւ մտէ՛ք, կոխոտեցէ՛ք, որովհետեւ լցուել է հնձանը, եւ փոսերը յորդում են, քանի որ շատացան նրանց չար գործերը: 14 Ձայներ հնչեցին Դատաստանի ձորում, որովհետեւ մօտ է Տիրոջ օրը Դատաստանի ձորում: 15 Արեգակն ու լուսինը կխաւարեն, եւ աստղերը կթաքցնեն իրենց լոյսը: 16 Տէրը Սիոնից կկանչի, Երուսաղէմից ձայն կտայ, եւ կշարժուեն երկինքն ու երկիրը. 17 սակայն Տէրը կխնայի իր ժողովրդին, կզօրացնի իսրայէլացիներին: 18 «Դուք կճանաչէք, թէ ես եմ Տէր Աստուածը, որ բնակւում եմ իմ սուրբ Սիոն լեռան վրայ. Երուսաղէմը կսրբանայ, եւ այլազգիները այլեւս չեն անցնի նրա միջով»: 19 Այո՛, կլինի այնպէս, որ այն օրը լեռները քաղցրութիւն կբխեցնեն, բլուրները կաթ կյորդեցնեն, Յուդայի երկրի բոլոր աղբիւրները ջուր կբխեցնեն, Տիրոջ տանից աղբիւր կբխի եւ կոռոգի շրջակայքի ձորը: 20 Եգիպտոսը եւ Եդոմը ամայի դաշտ կդառնան Յուդայի երկրի որդիներին արուած անիրաւութիւնների պատճառով, քանի որ արդար արիւն թափեցին իրենց երկրում: 21 Սակայն Հրէաստանը յաւիտենապէս կբնակեցուի, նաեւ Երուսաղէմը՝ սերնդից սերունդ: 22 «Եւ ես,– ասում է Տէրը,– նրանց արեան վրէժը կլուծեմ, անպարտ չեմ դարձնի նրանց եւ կբնակուեմ Սիոնի մէջ»: