«Նա համբերում էր մեծ ժուժկալությամբ, իբրև կենդանի դրված գերեզմանի մեջ, անտուն, մերկ, գիշեր-ցերեկ, ամռան շոգին և ձմռան սառնամանիքին, քանզի մոտ էր Աստծուն»
Սուրբ Հովհան Ոսկեբերան
Գրիգորը Լուսավորիչը իր քրիստոնեական դաստիարակությունը ստացել է Կեսարիա քաղաքում: Նրա կրթության մեջ կարևոր դեր է ունեցել Փիրմիլիանոս եպիսկոպոսը, ով այդ ժամանակ Կեսարիայի եկեղեցու առաջնորդն էր: Այդ ողջ ընթացքում Գրիգորը դաստիարակվում էր քրիստոնեական ոգով: Նրա ուսումնասիրության գլխավոր առարկաներն էին Աստվածաշունչը, քրիստոնեական կրոնի բարոյական սկզբունքներն ու հավիտենական ճշմարտությունները: Տիրապետում էր հելլեն լեզվին ու մշակույթին, պատկառելի հասակի հետ աճում էին նաև իր հոգևոր շնորհները: Ի ծնե օժտված էր առաքինական ձիրքերով: Պահպանելով կապը Կեսարիայի հայ ընտանիքների հետ՝ Գրիգորը կարողացավ պահել ու զարգացնել հայ լեզուն:
Գրիգորի հոգում հայրենասիրական զգացումը շատ մեծ էր և բնական էր, որ այն աստիճանաբար զորանում և դառնում էր քրիստոնեական գիտակցություն՝ մղելով իրեն քավելու իր հոր ոճիրը: Եվ պատեհ առիթը չուշացավ:
Գրիգորը 22 տարեկանում ամուսնացավ Մարիամ անունով մի աղջկա հետ, որի եղբայրը նշանավոր Աթանագինեսն էր, Սեբաստիայի քորեպիսկոպոսը: Զույգը ունեցավ երկու զավակ՝ Արիստակես և Վրթանես, որոնք ապագայում իրենց հոր արժանի գործակիցն ու հաջորդը եղան:
Սակայն, այս ամուսնությունը երկար չտևեց: Գրիգորը, ամբողջությամբ նվիրվելով հոգևոր կյանքին, թողեց իր կնոջը, երեխաներին և ընտանեկան կյանքը: Վճռական այս քայլը արհամարհանք չէր տան կամ ընտանիքի հանդեպ, ոչ էլ ամուսնալուծում, այլ ընդհակառակը, մաքուր սիրո ծայրագույն ինքնազոհողություն:
Հռոմեական սահմաններում Գրիգորը հանդիպեց և մտերմացավ Տրդատի հետ: Հռոմեական զորքի օժանդակությամբ 287 թ-ին Տրդատ արքային վերջնականապես հաջողվեց վերագրավել հոր գահը: Պատերազմական այս գործողությունների ընթացքում Գրիգորը Տրդատի քարտուղարն էր, բայց հավատքի մեջ անանցանելի վիհ կար նրանց հոգիներում. մեկը՝ քրիստոնեական դաստիարակությամբ թրծված, մյուսը՝ հեթանոսական կրթությամբ:
Երբ Տրդատը հաղթականորեն մտավ Հայաստան, դեռ մայրաքաղաք չհասած, Եկեղյաց գավառի Երիզա ավանում Անահիտ դիցուհու մեհյանում մեծ հանդիսություն կազմակերպեց և հրամայեց, որ Գրիգորն էլ հաղթանակի պսակ նվիրի Անահիտին: Գրիգորը, որ տարիներ շարունակ հավատարմությամբ և սիրով ծառայել էր Տրդատին, առաջին անգամ չկատարեց հայոց արքայի հրամանը՝ հավատարիմ մնալով իր Աստծուն: Այդժամ Տրդատը իմացավ, որ Գրիգորն իր հորը սպանող Անակի որդին է: Անսպասելի գույժը կրկնապատկեց Տրդատի՝ Գրիգորի հանդեպ ունեցած զայրույթը, և արքան այդ ծանր հանցանքի համար հրամայեց Գրիգորին նետել Արտաշատի մահապարտների համար սահմանված ստորերկրյա բանտը: Այդ վիրապում նա մնաց տասներեք տարի: Բանտարկության բոլոր տարիներին Աստված չլքեց ու միայնակ չթողեց Գրիգորին: Այս դեպքերից հետո թագավորը հիվանդացավ խոզակերպ հիվանդությամբ: Այդ օրերին արքայի քույրը՝ Խոսրովիդուխտը, երազ տեսավ, որ Տրդատին կարող է բժշկել միայն վիրապում գտնվող Գրիգորը:
Խոր Վիրապում կրած 13 տարիների չարչարանքներից հետո Ս. Գրիգոր Լուսավորիչը դուրս գալով ստորգետնյա զնդանից, Քրիստոսի լույսը տարածեց հայոց աշխարհում:
Օրվա խորհուրդը մեր միտքն ու ուշադրությունը հրավիրում է հատկապես Ս. Գրիգոր Լուսավորչի կրած չարչարանքներին, որոնց արդյունքում կառուցվեց հայոց Գողգոթան: Բոլոր տաճարները` կառուցված հայոց աշխարհում, կարծես Գրիգոր Լուսավորչի կրած չարչարանքների վկայություն են, որոնք դարձել են կենդանի աղոթք և ճշմարիտ խոստովանություն:
Ս. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու Վիրապ մտնելու օրը Հայ Առաքելական եկեղեցին հիշատակում է Մեծ պահքի 6-րդ կիրակիի նախորդ շաբաթ օրը: