«Բայց ձեզ ասում եմ, որ այսուհետև Ինձ այլևս չեք տեսնի, մինչև որ ասեք` օրհնյա՜լ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով » (Ավետարան ըստ Մատթեոսի, ԻԳ. 39)
Քառասնորդական պահքի վեցերորդ կիրակին նվիրված է Հիսուս Քրիստոսի գալստյանը: Այս կիրակիի ընթացքում եկեղեցին վերհիշում է նախ Փրկչի առաջին գալուստը, ապա անդրադառնում երկրորդ գալստյան խորհրդին: Այսօր հիշատակությունն է մեծագույն գալուստը Ամենամեծի, քանի որ այդ գալստյամբ Նա «փրկեաց զմեզ ի մահուանէ, փրկեաց զհոգիս ի տանջանաց դժոխոց» (Գրիգոր Տաթևացի):
Քրիստոս Իր երկրորդ գալուստը անվանել է «վերջին օրը» (Հովհաննես 6:39), «դատաստանի օր» (Մատթեոս 11:22-24), «Իր գալստյան օրը» (Ղուկաս 17:24), իսկ Պողոս առաքյալը անվանել է «Աստծո բարկության օր» (Հռոմեացիներ 2:5):
Առաջին գալուստը մեղմ եղավ, ինչպես Եղիային մոտեցավ մեղմ օդի ձայնով (Գ Թագ. 19:12), իսկ երկրորդը լինելու է խստաշունչ հողմով, որը լեռներ է քանդելու և վեմեր խորտակելու: Տիրոջ Երկրորդ գալստյան օրն անհայտ է մարդկանց՝ ըստ այս խոսքի. «Այն օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտի. ո՛չ երկնքի հրեշտակները և ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը» (Մատթ. 24:36): Քրիստոսի առաջին գալստյան ժամանակը հայտնի էր Սուրբ Գրքից՝ ըստ այս խոսքի. «Երուսաղեմի շինվելուց մինչև առաջին օծումը կա յոթ յոթնյակ և վաթսուներկու յոթնյակ, որպեսզի վերաշինվեն հրապարակներն ու պարիսպները և նորոգվեն ժամանակները: Վաթսուներկու յոթնյակից հետո կվերանա օծումը, արդարություն չի լինի նրա մեջ» (Դան. 9:25-26):
Իսկ երկրորդ Գալստյան մասին Ավետարանում ասված է. «Որովհետև ինչպես փայլակը, որ ելնում է արևելքից և երևում է մինչև արևմուտք, Մարդու Որդու գալուստն այդպես կլինի» (Մատթ. 24:27): Ինչպես փայլակն է ահեղ զորությամբ հայտնվում, այդպես էլ մեր Տերը պիտի հայտնվի մեծ զորությամբ ու բազում փառքով: Ինչպես փայլակը որոտմամբ է հայտնվում, այդպես էլ Տերը պիտի գա փողի ձայնով, և ինչպես փայլակի լույսը հալածում է խավարը, այդպես էլ Տիրոջ լույսը պիտի հալածի մեղքերի խավարը: Ինչպես նախ փայլակն ենք տեսնում և ապա լսում նրա ձայնը, այդպես էլ Տիրոջ գալստյամբ՝ նախ խաչը պիտի երևա, և ապա Տերը պիտի հայտնվի:
Երկրորդ գալստյամբ Քրիստոս նորոգելու է տիեզերքը և պսակելու Իր սրբերին: Նա պիտի ուղարկի Իր հրեշտակներին մեծ շեփորով՝ հավաքելու Նրա ընտրյալներին աշխարհի չորս կողմերից (Մատթ. 24:31): Ննջածների հոգիները, Նրան նախընթաց լինելով, արծվի նման սլանալով` պիտի հասնեն իրենց մարմիններին և ապա պիտի վեր թռչեն դեպի ամպը՝ ընդառաջ գնալով Քրիստոսին:
Մեր փրկության ճանապարհին Գալստյան կիրակին հիշեցնում է, որ Քրիստոս գալու է և հարկավոր է պատրաստվել Տիրոջ գալստյանը։ Եվ մինչ այդ, մեզ հատկացված օրերը պետք է անցկացնենք քրիստոնյային վայել կյանքով և մեծ համբերությամբ ու ճշմարիտ հավատով սպասենք Տիրոջ հրաշափառ Գալուստին:
Կարևոր է, որ մարդիկ գիտակցեն Քրիստոսի առաջին գալստյան ընծայված պարգևը և հատկապես Գալստյան կիրակիի օրը խորհրդածեն Քրիստոսի երկրորդ գալստյան մասին: Ուստի յուրաքանչյուր քրիստոնյա իր լուսավոր գործերով, հարատև աղոթքով, պահքով, աստվածային պատվիրանների կատարմամբ, Քրիստոսի խոսքին հնազանդ պատրաստվի դիմավորելու «Տիեզերաց իշխանին»:
«Պատրաստ եղեք, որովհետև այն ժամին, երբ չեք սպասի, կգա Մարդու Որդին» (Ղուկաս 12:40)