Ո՛վ մարդ, մի՛ հուսահատվիր, ինչ է թե բազում են հանցանքներդ, քանզի քո բազում չարիքներն ու մեղքերը չեն կարող գերակշռել Աստծո ողորմությանը: …. Ինչպես որ Աստված անբավ է ու անսահման և անճառելի մեծությամբ առավել է սատանայից (քանի որ նրա արարիչն ու Տերն է և անշեջ հուրն է գցելու նրան), այնպես էլ Աստծո գութը, ողորմությունն ու մարդասիրությունը ավելի քան բարձր են ու մեծ, քան սատանայի չարությունը և այն մեղքերը, որ նա հրահրում է գործել մարդկանց: Եվ ինչպես որ սակավ հուրը չի կարող վնասել համատարած ծովին, այնպես էլ աշխարհում գործվող մեղքերի բազմությունը խոստովանության ու ապաշխարության եկողի համար անհետանում է ու ջնջվում Աստծո ողորմածության առջև՝ կրակի առջև հալվող մոմի պես: ….
Գրված է՝ ոչ ոք առանց մեղքի չէ [հմմտ. Հռոմ 3.9], անգամ եթե մեկ օր ապրի աշխարհում. նաև՝ «Քո առջև չի արդարանա ամեն կենդանի շունչ» [տե՛ս Սաղմ. 142.2]: Բայց թող ամեն ոք գիտենա. քանի որ Նա, Ով ստեղծեց մեզ Իր պատկերով, մեզ համար մարդացավ և չարչարվելով մեռավ խաչի վրա, որպես մեծ բարիք շնորհեց մեզ խոստովանությունն ու ապաշխարությունը իբրև երկրորդ ավազան, որպեսզի նրանով մեզ բարձրացնի դեպի նախկին պատիվը: Քանի որ Աստված գիտեր մեր՝ մարդկանցս թույլ ու մեղսասեր բարքը, որ չենք կարող պահել սուրբ ավազանի շնորհը, պարգևեց մեզ անաշխատ խոստովանությունը: Քանզի մեղքը, որքան էլ այն մեծ լինի, խոստովանելիս միայն մեղք է կոչվում և ջնջվում է արտասուքով: Իսկ չխոստովանված՝ նույնիսկ փոքր մեղքը մահացու է, որովհետև անմահ տանջանքի է տանում մեղանչողին: ….
Ահա՛ բարձր աշտարակը, ահա՛ հաստահիմն և անսասանելի սանդուղքը, ահա՛ հեշտանցիկ ու անաշխատ կամուրջը՝ ի սրտե զղջումը: Եկեք, Աստծո՛ սիրելիներ, վերցրեք այս ու ելեք առ Աստված, որ միշտ կանչում է մեզ՝ ասելով. «Եկե՛ք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես ձեզ կհանգստացնեմ» [տե՛ս Մատթ. 11.29]:
Ամեն ոք գիտե, որ, երբ մեղավորը խոստովանելուց հետո դուրս է գալիս խոստովանահոր մոտից, թեթևանում է խղճմտանքից, և հանգստանում է հոգին, կարծես թե ուսերից երկաթի բեռներ են վերցրել: [Այդժամ] ուրախանում է Աստված, և ցնծում են հրեշտակները նրա զղջման համար, որը լինում է արցունքով ու խոստովանությամբ, և զվարճանում են արդարների դասերը երկրում, երբ հոժարակամ և անկեղծ ապաշխարություն են տեսնում:
Ո՛վ մարդ, մի՛ հապաղիր՝ ասելով, թե՝ վաղը դուրս կելնեմ մեղքերից և կդիմեմ առ Աստված: Այդպես մի՛ մտածիր, քանզի դա չար դևն է սերմանում քո խորհուրդներում, որպեսզի հապաղես ու հանկարծակի, անհույս մեռնես և իր հետ այրվես [գեհենի] հրում: ….
Չզղջացող ու չապաշխարող սիրտը նման է սատանայի սրտին, որին, դարբնի սալի պես, եթե բոլոր սրբերն էլ աստվածային խոսքերի մուրճով հանդիմանեն ու հարվածեն, բնավ ոչ մի հետք չեն թողնի վրան: …. Եվ այնքան կարևոր ու բարձրագույն է խոստովանության և զղջման գործը, որ ոչ միայն Աստվածաշունչ գրքերն ու Եկեղեցու վարդապետներն են գովաբանում այն, այլև արտաքին իմաստասերները ևս այն ճանաչեցին՝ խիստ գովաբանելով այն առավել ունեցողին. ու թեև կռապաշտության մեջ էին, բայց այս մասին բարի խորհեցին, քանզի Պյութագորասն ասում է. «Մի՛ ծածկիր քո մեղքերը, այլ բացահայտիր, որպեսզի բժշկվես»:
ԳՐԻԳՈՐ ՎԿԱՅԱՍԵՐ (+1105)
Աղբյուր՝ ՄՄ ձեռ. 8029, 1376 թ.-ից առաջ, էջ 51ա-54բ
(փոխադրությունը գրաբարից՝ Տիգրան Խաչատրյանի)