Երգ երգոց 1.1-2.3
1:1 Հարսն ասում է. Թող ինձ համբուրի իր բերանի համբոյրներով: 2 Քո ստինքներն աւելի լաւ են գինուց, եւ քո օծման իւղերի հոտը՝ բոլոր խնկերից: Քո անունը թափուած իւղ է անուշ. սրա համար էլ օրիորդները սիրեցին քեզ, 3 եւ դէպի իրենց ձգեցին քեզ: Մենք կը գանք քո օծման իւղերի հոտի յետեւից»: Հարսն օրիորդներին պատմում է, թէ Փեսան ինչ է շնորհել իրեն. «Արքան ինձ իր սենեակը տարաւ»: Հարսը պատմում է օրիորդներին, եւ նրանք ասում են. «Մենք պիտի ցնծանք եւ ուրախ լինենք քեզնով, եւ պիտի սիրենք քո ստինքները գինուց աւելի»: Օրիորդները Հարսին յայտնում են Փեսայի անունը. «Արժանին սիրեց քեզ»: Հարսն ասում է. 4 «Ես սեւ եմ եւ գեղեցիկ, ո՜վ Երուսաղէմի դուստրեր, Կեդարի վրանների պէս եւ Սողոմոնի խորանի նման: 5 Մի՛ նայէք ինձ, որ թխացել եմ ու սեւացել, քանզի խէթ նայեց արեգակն ինձ: Իմ մօր որդիները կռուեցին ինձ հետ, ինձ այգեստանի պահապան դրին, բայց ես իմ այգին չպահպանեցի»: Հարսն ասում է Փեսային. 6 «Պատմի՛ր ինձ, իմ հոգո՛ւ սիրած, ու՞ր ես քո հօտը հովուում, ո՞ւր ես հանգստի տանում միջօրէին, որ չմոլորուեմ քո ընկերների երամակների մէջ»: Փեսան ասում է հարսին. 7 «Եթէ չգիտես, ո՜վ գեղեցիկդ կանանց մէջ, թէ որտեղ կը գտնես ինձ, գնա՛ հօտերի ոտնահետքերով եւ քո ուլերն արածեցրո՛ւ հովիւների վրանների մօտ: 8 Ո՛վ իմ սիրելի, ես քեզ նմանեցրի փարաւոնի կառքին լծուած իմ երիվարներին»: Օրիորդներն ասում են Հարսին. 9 «Գեղեցիկ են քո ծնօտները տատրակի ծնօտների նման, եւ գեղեցիկ է քո պարանոցը, ասես մանեակներով զարդարուած լինի: 10 Մենք քեզ կը զուգենք ոսկէ զարդի պէս, որ ընդելուզուած է արծաթէ կիտուածքներով, 11 մինչեւ որ արքան քեզ իր գիրկն առնի»: Հարսն ասում է իր եւ Փեսայի մասին. 12 «Իմ նարդոսը իր հոտը բուրեց. ստաշխի փունջ է իմ սիրեցեալն ինձ համար, որ պիտի հանգստանայ իմ ստինքների միջեւ: 13 Նոճու ողկոյզ է իմ սիրեցեալն ինձ համար՝ Ենգադդի այգիների մէջ»: Փեսան ասում է Հարսին. 14 «Ահաւասիկ, ի՜նչ գեղեցիկ ես, ո՛վ իմ սիրելի, ի՜նչ գեղեցիկ ես. քո աչքերը նման են աղաւնիների»: Հարսն ասում է Փեսային. 15 «Ի՜նչ բարետես ես, ահա, ո՛վ իմ սիրեցեալ, եւ որքա՜ն գեղեցիկ ես գահաւորակի վրայ՝ հովանու ներքոյ: 16 Մեր տան գերանները մայրիներ են, եւ նոճիներ են մեր առաստաղները»:
2:1 Փեսան ասում է իր եւ Հարսի մասին. «Ես դաշտերի ծաղիկ եմ, հովիտների շուշան: 2 Ինչպէս շուշանն է փշերի մէջ, այնպէս էլ իմ սիրելին է դուստրերի մէջ»: Հարսն ասում է Փեսային. 3 «Ինչպէս խնձորենին է անտառի ծառերի մէջ, այնպես էլ իմ սիրեցեալն է տղաների մէջ: Ցանկացայ նստել նրա հովանու տակ եւ նստեցի. եւ քաղցր է նրա պտուղն իմ կոկորդում»: Հարսն ասում է օրիորդներին:
Զաքարիա 9.9-15
9 Ուրախացի՛ր խնդութեամբ, դո՛ւստրդ Սիոնի, կանչի՛ր ցնծութեամբ, դո՛ւստրդ Երուսաղէմի, ահա գալիս է քո թագաւորը քեզ մօտ, քո արդար, փրկագործ ու խոնարհ թագաւորը՝ հեծած էշի, էշի քուռակի վրայ: 10 Կառքերը պիտի ոչնչանան Եփրեմի երկրից, երիվարները՝ Երուսաղէմից, պատերազմողի աղեղը պիտի խորտակուի, եւ նա խաղաղութիւն պիտի բերի մարդկանց ու ազգերին, պիտի տիրի ջրերի վրայ՝ ծովից մինչեւ ծով եւ գետերից մինչեւ երկրի ծագերը: 11 «Իսկ դու արեամբ կնքուած ուխտի համար պիտի արձակես քո գերիներին իրենց անջուր գբից, 12 դուք պիտի ապրէք այդ ժողովրդի ապահով վայրերում, եւ ես քո պանդխտութեան մէկ օրուայ փոխարէն պիտի հատուցեմ քեզ կրկնակին: 13 Ես քեզ, ո՛վ Յուդայի երկիր, ինձ համար պիտի լարեմ ինչպէս աղեղ, պիտի լցնեմ նաեւ Եփրեմի երկիրը, իսկ քո որդիներին, ո՛վ Սիոն, ոտքի պիտի հանեմ Յունաստանի դէմ, պիտի յեսանեմ քեզ ինչպէս ռազմիկի պողպատէ սուսեր»: 14 Տէրը վերակացու պիտի լինի նրանց վրայ, նրա նետը պիտի թռչի ինչպէս փայլակ: Տէրը, Ամենակալ Տէրը փող պիտի փչի եւ բարկութեամբ ու սպառնալիքներով պիտի գնայ նրանց դէմ: 15 Ամենակալ Տէրը պիտի պաշտպանի նրանց, պիտի ոչնչացնեն նրանց, պիտի թաղեն նրանց պարսատիկի քարերի տակ, պիտի խմեն նրանց արիւնը ինչպէս գինի, եւ դաշտերը, զոհասեղանների նման, պիտի լցուեն նրանցով:
Փիլիպեցիներ 4.4-7
4 Միշտ ուրա՛խ եղէք Տիրոջով, դարձեալ եմ ասում՝ ուրա՛խ եղէք: 5 Թող ձեր հեզութիւնը յայտնի լինի բոլոր մարդկանց: Տէրը մօտ է: 6 Հոգ մի՛ արէք, այլ աղօթքներով եւ աղաչանքներով ձեր խնդրանքները գոհաբանութեամբ յայտնի թող լինեն Աստծուն: 7 Եւ Աստծու խաղաղութիւնը, որ վեր է, քան ամենայն միտք, պիտի պահի ձեր սրտերը եւ մտածումները Քրիստոս Յիսուսով:
Ավ. ըստ Մատթեոսի 20.29-21.17
20.29 Եւ երբ նրանք Երիքովից դուրս էին գալիս, Յիսուսի յետեւից բազում ժողովուրդ գնաց: 30 Եւ ահա երկու կոյրեր նստած էին ճանապարհի եզերքին: Երբ լսեցին, թէ Յիսուս անցնում է, աղաղակեցին ու ասացին. «Ողորմի՛ր մեզ, Յիսո՛ւս, Դաւթի՛ Որդի»: 31 Եւ ամբոխը յանդիմանեց նրանց, որ լռեն: Իսկ նրանք առաւել եւս աղաղակում էին ու ասում. «Ողորմի՛ր մեզ, Տէ՛ր, Դաւթի՛ Որդի»: 32 Յիսուս տեղում կանգ առաւ, կանչեց նրանց եւ ասաց. «Ի՞նչ էք կամենում, որ ձեզ անեմ»: 33 Նրան ասացին. «Որ մեր աչքերը բացուեն, Տէ՛ր»: 34 Եւ գթալով՝ Յիսուս դիպաւ նրանց աչքերին, եւ նրանք իսկոյն տեսան ու գնացին նրա յետեւից:
21.1 Երբ Երուսաղէմին մօտեցան եւ եկան Բեթփագէ, Ձիթենեաց լերան մօտ, այն ժամանակ Յիսուս իր աշակերտներից երկուսին ուղարկեց ու նրանց ասաց. 2 «Գնացէ՛ք այդ գիւղը, որ ձեր դիմացն է, եւ այնտեղ կը գտնէք կապուած մի էշ եւ նրա հետ՝ մի քուռակ. արձակեցէ՛ք բերէք ինձ: 3 Եւ եթէ մէկը ձեզ բան ասի, կ՚ասէք, որ Տիրոջը պէտք են. եւ նա իսկոյն դրանք կ՚ուղարկի»: 4 Բայց այս բոլորը եղաւ, որպէսզի կատարուի մարգարէի խօսքը, որ ասում է. 5 «Ասացէ՛ք Սիոնի դստերը, ահա դէպի քեզ է գալիս քո թագաւորը՝ հեզ եւ նստած էշի ու էշի քուռակի վրայ»: 6 Աշակերտները գնացին եւ արեցին, ինչպէս Յիսուս իրենց հրամայել էր. 7 եւ էշն ու քուռակը բերեցին, նրանց վրայ զգեստներ գցեցին. եւ նա նստեց դրանց վրայ: 8 Եւ բազում ժողովուրդ իրենց զգեստները փռեցին ճանապարհի վրայ, իսկ ուրիշներ ծառերից ճիւղեր էին կտրում ու սփռում ճանապարհի վրայ: 9 Առաջից եւ յետեւից գնացող ժողովրդի բազմութիւնը աղաղակում էր ու ասում. «Օրհնութի՜ւն Դաւթի Որդուն, օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնութի՜ւն՝ բարձունքներում»: 10 Եւ երբ նա մտաւ Երուսաղէմ, ամբողջ քաղաքը դղրդաց, եւ ասում էին՝ ո՞վ է սա: 11 Իսկ ժողովրդի բազմութիւնն ասում էր. «Սա Յիսուս մարգարէն է, որ Գալիլիայի Նազարէթ քաղաքից է»:12 Եւ Յիսուս մտաւ տաճար ու դուրս հանեց բոլոր նրանց, որ տաճարի մէջ վաճառում ու գնումներ էին անում. նա շուռ տուեց լումայափոխների սեղաններն ու աղաւնեվաճառների աթոռները: 13 Եւ նրանց ասաց. «Գրուած է՝ իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի, իսկ դուք աւազակների որջ էք արել այդ»: 14 Տաճարի մէջ կոյրեր եւ կաղեր Յիսուսին մօտեցան, եւ նա բժշկեց նրանց: 15 Երբ քահանայապետներն ու օրէնսգէտները տեսան այն սքանչելիքները, որ նա արեց, եւ մանուկներին, որ տաճարի մէջ աղաղակում էին ու ասում՝ օրհնութի՜ւն Դաւթի Որդուն, բարկացան. 16 եւ ասացին նրան. «Լսո՞ւմ ես՝ դրանք ինչ են ասում»: Յիսուս նրանց ասաց. «Այո՛, դուք չէ՞ք կարդացել, թէ՝ երեխաների ու ծծկերների բերանով օրհնութիւն կատարեցիր»: 17 Եւ նրանց թողնելով՝ ելաւ քաղաքից դուրս, դէպի Բեթանիա. եւ այնտեղ գիշերեց: