Ավ. ըստ Հովհաննեսի 12.27-43
27 Բայց այժմ հոգիս խռովուած է. եւ ի՞նչ ասեմ. Հա՛յր, փրկի՛ր ինձ այս ժամից: Բայց ես հէնց այս բանի համար եմ եկել այս ժամին: 28 Հա՛յր, փառաւորի՛ր քո անունը»: Երկնքից մի ձայն եկաւ. «Ե՛ւ փառաւորեցի, եւ դարձեա՛լ պիտի փառաւորեմ»: 29 Եւ ժողովուրդը, որ կանգնած էր ու լսում էր, ասում էր, թէ՝ որոտմունք է լինում: Ոմանք էլ ասացին. «Նրա հետ մի հրեշտակ խօսեց»: 30 Յիսուս պատասխանեց ու ասաց. «Այս ձայնը ինձ համար չէ, որ եկաւ, այլ՝ ձեզ համար: 31 Հիմա՛ է այս աշխարհի դատաստանը, հիմա՛ է, որ այս աշխարհի իշխանը դուրս կը նետուի: 32 Եւ երբ ես բարձրանամ երկրից, ամենքին դէպի ինձ կը ձգեմ»: 33 Այս ասում էր նշելու համար, թէ ի՛նչ մահով էր մեռնելու: 34 Ժողովուրդը նրան պատասխանեց. «Օրէնքից մենք լսել ենք, թէ Քրիստոս յաւիտեան կը մնայ, իսկ դու ինչպէ՞ս ես ասում, թէ մարդու Որդին պէտք է բարձրանայ. ո՞վ է այդ մարդու Որդին»: 35 Յիսուս նրանց ասաց. «Մի փոքր ժամանակ եւս լոյսը ձեզ հետ է. քայլեցէ՛ք, քանի դեռ լոյսն ունէք, որպէսզի խաւարը ձեզ չկլանի, քանի որ, ով քայլում է խաւարի մէջ, չի իմանում, թէ ուր է գնում: 36 Քանի դեռ լոյսը ձեզ հետ ունէք, հաւատացէ՛ք լոյսին, որպէսզի լոյսի որդիներ լինէք»: Յիսուս այս խօսեց եւ գնաց նրանցից թաքնուեց: 37 Թէպէտ եւ նա այնքան նշաններ էր արել նրանց առաջ, նրանք չէին հաւատում նրան, 38 որպէսզի կատարուէր Եսայի մարգարէի խօսքը, որ ասաց. «Տէ՛ր, ո՞վ հաւատաց մեր տուած լուրին, եւ Տիրոջ բազուկը ո՞ւմ յայտնուեց»: 39 Չէին կարողանում հաւատալ եւ այն բանի համար, որ Եսային վերստին ասում է. 40 «Նրանց աչքերը կուրացրեց եւ նրանց սրտերը կարծրացրեց, որպէսզի աչքերով չտեսնեն ու սրտերով չիմանան եւ դարձի չգան, ու ես նրանց չբժշկեմ»: 41 Եսային այս ասաց, որովհետեւ տեսաւ նրա փառքը եւ խօսեց նրա մասին: 42 Բայց մինչեւ անգամ հրեայ իշխանաւորներից շատեր հաւատացին նրան, բայց փարիսեցիների պատճառով չէին յայտնում, որպէսզի ժողովարանից դուրս չհանուեն. 43 քանի որ մարդկանցից տրուած փառքը աւելի սիրեցին, քան Աստծուց տրուած փառքը:
Եսայի 60.20-22
20 Արեգակը քեզ համար մայր չի մտնելու, եւ լուսինը քեզնից չի պակասելու, որովհետեւ Տէրը քեզ համար յաւիտենական լոյս է լինելու: Քո սգոյ օրերը պիտի վերջանան: 21 Քո ժողովուրդը բոլորովին արդար պիտի լինի եւ յաւիտենապէս պիտի ժառանգի երկիրը՝ պահպանելով իր նոր տունկը՝ իր ձեռքի գործը յանուն իմ փառքի: 22 Սակաւաթիւը հազարաւոր պիտի դառնայ, փոքրը՝ մեծ ազգ, քանզի ես՝ Տէրս, ժամանակ առ ժամանակ պիտի հաւաքեմ նրանց:
Եզեկիել 36.24-31
24 Ես վերցնելու եմ ձեզ հեթանոսների միջից, հաւաքելու եմ ձեզ բոլոր ազգերի միջից ու տանելու եմ ձեզ ձեր երկիրը: 25 Ձեզ վրայ սուրբ ջուր եմ ցանելու, եւ դուք մաքրուելու էք ձեր բոլոր պղծութիւններից. ձեր բոլոր կուռքերից մաքրելու եմ ձեզ: 26 Նոր սիրտ եմ տալու ձեզ, նոր հոգի եմ դնելու ձեր մէջ. ձեր մարմիններից հանելու եմ քարեղէն սիրտն ու մարմնեղէն սիրտ եմ տալու ձեզ. իմ հոգին եմ տալու ձեզ: 27 Եւ այնպէս եմ անելու, որ իմ արդարութեան ճանապարհով ընթանաք, օրէնքներս պահէք ու կատարէք դրանք, 28 բնակուէք այն երկրում, որ տուել էի ձեր հայրերին, ինձ համար ժողովուրդ լինէք, եւ ես ձեզ համար՝ Աստուած: 29 Ազատելու եմ ձեզ ձեր բոլոր պղծութիւններից: Դիմելու եմ ցորենին ու բազմացնելու եմ այն եւ ձեզ սովի չեմ մատնելու: 30 Շատացնելու եմ ծառերի պտուղներն ու հանդերի բերքը, որպէսզի ազգերի մէջ այլեւս սովի նախատինքը չստանաք: 31 Յիշելու եմ ձեր չար ճանապարհներն ու ձեր ոչ բարի ընթացքը, եւ դուք զզուելու էք ձեր բոլոր անօրէնութիւններից ու գարշելի արարքներից:
Եբրայեցիներ 10.19-31
19 Եղբայրնե՛ր, ուրեմն համարձակութիւն ունենք Յիսուսի արեամբ մտնելու սրբարանից ներս 20 այն նոր եւ կենդանի ճանապարհով, որ նա բացեց մեզ համար վարագոյրի միջով, որ է իր մարմինը. 21 եւ մեծ քահանայ ունենալով Աստծու տան վրայ՝ 22 մօտենանք ճշմարիտ սրտով, հաւատի լիութեամբ՝ սրտներս մաքրած չար խղճմտանքից եւ մեր մարմինը լուացած մաքուր ջրով: 23 Ամուր պահենք անխախտ յոյսի դաւանութիւնը, քանի որ հաւատարիմ է նա, ով խոստացաւ. 24 եւ հոգ տանենք միմեանց՝ սիրոյ եւ բարի գործերի յորդորելով 25 եւ զանց չառնենք մէկտեղ հաւաքուելը, ինչպէս որ սովոր են անել ոմանք, այլ խրախուսենք միմեանց, եւ այդ այնքան աւելի, որքան տեսնում էք Տիրոջ օրուայ մօտենալը: 26 Քանզի եթէ կամաւոր կերպով ենք մեղանչում ճշմարտութիւնն իմանալուց եւ ընդունելուց յետոյ, ուրեմն մեղքերի քաւութեան համար այլեւս ուրիշ զոհ չի մնում. 27 այլ մնում է դատաստանի ահեղ սպասումը եւ կրակի կատաղութիւնը, որ լափելու է Աստծու հակառակորդներին: 28 Մովսէսի օրէնքը արհամարհած մէկին անողորմաբար սպանում էին երկու կամ երեք մարդու վկայութեամբ: 29 Իսկ որչա՜փ աւելի խիստ պատժի արժանի պիտի համարէք նրան, ով ոտնահարել է Աստծու Որդուն եւ անմաքուր համարել նոր ուխտի արիւնը, որով մաքրուել է ինքը եւ անարգել շնորհի Հոգին: 30 Արդարեւ, ճանաչում ենք նրան, ով ասաց. «Իմն են վրէժխընդրութիւնները, եւ ես պիտի հատուցեմ», — ասում է Տէրը: Եւ դարձեալ. «Տէրը պիտի դատի իր ժողովրդին»: 31 Ահաւոր է ընկնել կենդանի Աստծու ձեռքը:
Ավ. ըստ Ղուկասի 7.36-50
36 Փարիսեցիներից մէկը աղաչում էր նրան, որ իր հետ ճաշ ուտի. եւ նա մտնելով փարիսեցու տունը՝ սեղան նստեց: 37 Եւ քաղաքում մի մեղաւոր կին կար. երբ նա իմացաւ, որ փարիսեցու տանը սեղան է նստել, մի շիշ ազնիւ իւղ բերելով, 38 կանգնեց Յիսուսի յետեւ, նրա ոտքերի մօտ. եւ լաց էր լինում ու սկսեց արտասուքներով թրջել նրա ոտքերը եւ իր գլխի մազերով սրբում էր. համբուրում էր նրա ոտքերը եւ այդ իւղով օծում: 39 Իսկ փարիսեցին, որ նրան հրաւիրել էր, տեսնելով այդ, իր մտքում ասում էր. «Եթէ սա մարգարէ լինէր, ապա կ՚իմանար, թէ ով կամ ինչպիսի մի կին է մօտենում իրեն, որովհետեւ նա մեղաւոր է»: 40 Յիսուս պատասխանեց նրան եւ ասաց. «Սիմո՛ն, քեզ ասելու բան ունեմ»: Եւ սա ասաց. «Ասա՛, Վարդապե՛տ»: Եւ Յիսուս ասաց. 41 «Մի փոխատու երկու պարտապաններ ունէր. մէկը հինգ հարիւր դահեկան պարտք ունէր, իսկ միւսը՝ յիսուն: 42 Եւ քանի որ նրանք հատուցելու ոչինչ չունէին, երկուսին էլ պարտքը շնորհեց. հիմա ասա՛, ո՞վ աւելի շատ կը սիրի նրան»: 43 Սիմոնն ասաց. «Ինձ այնպէս է թւում, թէ նա՛՝ ում աւելի շատը շնորհուեց»: Եւ Յիսուս ասաց նրան. «Ուղի՛ղ դատեցիր»: 44 Եւ դառնալով կնոջ կողմը՝ Սիմոնին ասաց. «Տեսնո՞ւմ ես այս կնոջը. մտայ քո տունը, ոտքերիս համար ջուր չտուիր, իսկ սա իր արտասուքներով թրջեց իմ ոտքերը եւ իր մազերով սրբեց: 45 Դու ինձ մի համբոյր էլ չտուիր, սակայն սա ահա տուն մտնելուցս ի վեր չի դադարում ոտքերս համբուրելուց: 46 Դու իւղով իմ գլուխը չօծեցիր, սա անուշ իւղով ոտքերս օծեց: 47 Դրա համար քեզ ասում եմ. իր անհամար մեղքերը կը ներուեն սրան, որովհետեւ ուժգին սիրեց. քանզի ում շատ է ներւում, շատ է սիրում, եւ ում սակաւ՝ սակաւ»: 48 Եւ ասաց այն կնոջը. «Քո մեղքերը քեզ ներուած են»: 49 Եւ նրանք, որ նրա հետ սեղան էին նստել, սկսեցին ասել իրենց մտքում. «Ո՞վ է սա, որ մեղքերին թողութիւն է տալիս»: 50 Եւ նա ասաց այդ կնոջը. «Քո հաւա՛տը քեզ փրկեց, գնա՛ խաղաղութեամբ»:
Ծննդոց 22.1-18
1 Այս դէպքերից յետոյ Աստուած փորձեց Աբրահամին: Նա ձայն տուեց նրան. «Աբրահա՛մ, Աբրահա՛մ»: Սա պատասխանեց. «Այստեղ եմ»: 2 Աստուած ասաց նրան. «Ա՛ռ քո միակ որդուն՝ քո սիրելի Իսահակին, գնա՛ մի բարձրադիր տեղ եւ այնտեղ՝ լեռան վրայ, որ ցոյց կտամ քեզ, ողջակիզի՛ր նրան»: 3 Աբրահամն առաւօտեան վեր կացաւ, համետը դրեց իր էշի վրայ, հետը վերցրեց երկու ստրուկ ծառաներ, իր որդի Իսահակին, ողջակիզութեան համար փայտ կոտրեց եւ ճանապարհ ընկաւ, եկաւ այն տեղը, որ Աստուած ասել էր նրան: 4 Երրորդ օրը Աբրահամը բարձրացրեց իր աչքերը եւ հեռուից տեսաւ այդ տեղը: 5 Աբրահամն ասաց իր ծառաներին. «Նստեցէ՛ք այստեղ՝ էշի մօտ, իսկ ես ու այս պատանին գնանք այնտեղ, երկրպագութիւն անենք ու վերադառնանք ձեզ մօտ»: 6 Աբրահամը վերցրեց ողջակիզութեան փայտը, դրեց այն իր որդի Իսահակի մէջքին, իր ձեռքն առաւ կրակն ու դանակը, եւ երկուսով գնացին: 7 Իսահակը դիմեց իր հօրը՝ Աբրահամին. «Հա՛յր»: Սա ասաց. «Ի՞նչ է, որդի՛ս»: Նա հարցրեց. «Ահա կրակը, եւ ահա փայտը, հապա ո՞ւր է ողջակիզելու ոչխարը»: 8 Սա պատասխանեց. «Աստուած կհոգայ իր ողջակիզելու ոչխարի մասին, որդեա՛կ»: Նրանք երկուսով գնացին 9 եւ հասան այն տեղը, որ նրան ցոյց էր տուել Աստուած: Աբրահամն այնտեղ զոհասեղան շինեց, վրան դրեց փայտը, իր որդի Իսահակին կապեց եւ դրեց զոհասեղանի փայտի վրայ: 10 Աբրահամը երկարեց ձեռքը, որ վերցնի դանակն ու մորթի իր որդուն: 11 Տիրոջ հրեշտակը երկնքից ձայն տուեց նրան ու ասաց. «Աբրահա՛մ, Աբրահա՛մ»: Սա պատախանեց նրան. «Այստեղ եմ»: 12 Նա ասաց. «Ձեռք մի՛ տուր պատանուն, նրան որեւէ վնաս մի՛ պատճառիր, որովհետեւ այժմ համոզուեցի, որ դու երկիւղ ունես Աստծոյ նկատմամբ եւ ինձ համար չես խնայի քո որդուն»: 13 Աբրահամը բարձրացրեց իր աչքերը եւ տեսաւ, որ մացառուտ թփի մէջ եղջիւրներից մի խոյ է կախուած: Աբրահամը գնաց, առաւ խոյն ու այն ողջակիզեց իր որդի Իսահակի փոխարէն: 14 Աբրահամն այդ վայրի անունը դրեց «Տէրը տեսաւ», եւ մինչեւ այսօր էլ ասում են. «Այդ լեռան վրայ երեւաց Տէրը»: 15 Տիրոջ հրեշտակը, երկնքից երկրորդ անգամ ձայն տալով, ասաց Աբրահամին. 16 «Անձովս եմ երդւում,– ասում է Տէրը,– քանի որ դու արեցիր այդ բանը՝ ինձ համար չխնայեցիր քո սիրելի որդուն, 17 անչափ պիտի օրհնեմ քեզ եւ երկնքի աստղերի, ծովեզերքի աւազի չափ պիտի բազմացնեմ քո սերունդը: Քո սերունդը պիտի տիրանայ իր թշնամիների քաղաքներին, 18 քո սերնդի շնորհիւ պիտի օրհնուեն աշխարհի բոլոր ազգերը այն բանի համար, որ անսացիր իմ ձայնին»:
Եսայի 61.1-7
1 Տիրոջ Հոգին ինձ վրայ է, դրա համար իսկ նա օծեց ինձ, ուղարկեց ինձ՝ աւետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկուածներին, գերիներին ազատութիւն քարոզելու եւ կոյրերին՝ տեսողութիւն, 2 հռչակելու Տիրոջ ընդունելի տարին եւ մեր Աստծու վրէժխնդրութեան օրը, մխիթարելու բոլոր սգաւորներին, 3 փառաւորելու Սիոնի սգաւորներին, որ մոխրի փոխարէն ուրախութեան օծման իւղի պիտի արժանանան, իսկ սգաւորները վհատ հոգու փոխարէն՝ փառքի զգեստի: Եւ նրանք պիտի կոչուեն ազգ արդարութեան, տունկ՝ ի փառս Տիրոջ: 4 Պիտի վերաշինեն դարաւոր աւերակները, նախկինում աւերուածները պիտի վերականգնեն եւ նորոգեն դարերից ի վեր փլատակուած քաղաքները: 5 Օտարածինները պիտի գան ու լինեն քո ոչխարների հօտերի հովիւները, այլազգիները՝ քո մաճկալներն ու այգեգործները: 6 Իսկ դուք Տիրոջ քահանաներ պիտի կոչուէք, մեր Աստծու պաշտօնեաներ պիտի անուանուէք, ազգերի հարստութիւնը պիտի ուտէք եւ նրանց մեծութեամբ պիտի փառաւորուէք: 7 Ձեր ամօթի փոխարէն՝ կրկնակի ուրախութիւն, ձեր անարգանքի փոխարէն ցնծութիւն պիտի վայելէք եւ ապա դարձեալ պիտի ժառանգէք երկիրը, եւ յաւիտենական ուրախութիւն պիտի լինի ձեզ համար:
Գործք 1.15-26
15 Եւ այն օրերին Պետրոսը վեր կացաւ եղբայրների մէջ (եւ այնտեղ հարիւր քսան հոգու չափ հաւատացեալների բազմութիւն կար) եւ ասաց. 16 «Ո՛վ եղբայրներ, պէտք է, որ կատարուէր գրուածը, ինչ որ նախօրօք Սուրբ Հոգին ասել էր Դաւթի բերանով Յուդայի մասին, որ Յիսուսին բռնողներին առաջնորդ եղաւ. 17 որովհետեւ նա մեզ հետ մեր խմբի մէջ էր. եւ նրան էլ վիճակուած էր այս սպասաւորութիւնը: 18 Սա իր անիրաւութեան վարձով մի ագարակ գնեց եւ ուռչելով մէջտեղից պատռուեց, ու նրա ամբողջ փորը դուրս թափուեց: 19 Եւ այս բանը յայտնի եղաւ բոլոր նրանց, որոնք Երուսաղէմում են բնակւում, այնպէս որ մինչեւ իսկ այն ագարակը կոչուեց իրենց բարբառով Ակեղդամա, այսինքն՝ Արեան ագարակ. 20 որովհետեւ սաղմոսների գրքում գրուած է. «Թող նրա տունը աւերակ լինի, եւ չգտնուի մէկը, որ նրա մէջ բնակուի». եւ՝ «Նրա պաշտօնը թող ուրիշն առնի»: 21 Արդ, մէկն այս մարդկանցից, որոնք մեզ ուղեկցում էին այն ամբողջ ժամանակ, երբ Յիսուս երկրի վրայ մեզ հետ էր, — 22 սկսած Յովհաննէսի մկրտութիւնից մինչեւ այն օրը, երբ մեր միջից երկինք վերացաւ, — պէտք է, որ նա մեզ հետ վկայ լինի նրա յարութեանը»: 23 Եւ ներկայացրին երկուսին՝ Յովսէփին, որին Բարսաբա էին կոչում, եւ որ վերանուանուեց Յուստոս, ու Մատաթիային: 24 Եւ աղօթք անելով՝ ասացին. «Տէ՛ր, դու որ գիտես բոլորի սրտերը, ցո՛յց տուր այս երկուսից մէկին, որին ընտրեցիր, 25 որպէսզի առնի վիճակն այն պաշտօնի եւ առաքելութեան, որից Յուդան ընկաւ իր տեղը գնալու համար»: 26 Եւ նրանց համար վիճակ գցեցին. վիճակը ելաւ Մատաթիային, եւ սա դասուեց տասնմէկ առաքեալների հետ:
Ավ. ըստ Մարկոսի 14.1-26
1 Եւ երկու օր յետոյ զատիկ էր ու Բաղարջակերաց տօնը. քահանայապետները եւ օրէնսգէտները հնար էին որոնում, թէ ինչպէս նրան նենգութեամբ բռնելով սպանեն: 2 Բայց ասում էին. «Ո՛չ այս տօնին, որպէսզի ժողովրդի մէջ խռովութիւն չլինի»: 3 Եւ մինչ նա Բեթանիայում էր, բորոտ Սիմոնի տանը սեղան նստած, եկաւ մի կին, որ հետն ունէր նարդոսի ազնիւ, մեծարժէք իւղի մի շիշ. եւ շիշը կոտրելով՝ իւղը թափեց Յիսուսի գլխին: 4 Աշակերտները զայրացան եւ ասացին. «Այդ իւղը ինչո՞ւ այսպէս պիտի կորչէր. 5 կարելի էր այդ անուշահոտ իւղը վաճառել աւելի քան երեք հարիւր դահեկանի եւ տալ աղքատներին»: Եւ խիստ զայրանում էին կնոջ վրայ: 6 Եւ Յիսուս նրանց ասաց. «Թո՛յլ տուէք դրան. ինչո՞ւ էք նեղութիւն տալիս, որովհետեւ նա ինձ համար մի բարի գործ արեց: 7 Ամէն ժամ աղքատներին ձեզ հետ ունէք եւ երբ ուզենաք, կարող էք նրանց բարիք անել: Բայց ինձ ամէն ժամ ձեզ հետ չունէք: 8 Դա, ինչ որ կարող էր, արեց. առաջուց խնկաւետեց իմ մարմինը ի նշան պատանքուելու: 9 Ճշմարիտ եմ ասում ձեզ, ուր էլ քարոզուի այս Աւետարանը ամբողջ աշխարհում, ինչ որ նա արեց, այդ եւս պիտի պատմուի նրա յիշատակի համար»:10 Եւ Յուդա Իսկարիովտացին՝ Տասներկուսից մէկը, գնաց քահանայապետների մօտ, որ Յիսուսին մատնի նրանց: 11 Երբ նրանք լսեցին, ուրախացան եւ խոստացան նրան դրամ տալ. եւ նա առիթ էր փնտռում, թէ ինչպէս յարմար ժամանակ մատնի նրան: 12 Եւ Բաղարջակերաց տօնի առաջին օրը, երբ զատկի գառն էին մորթում, աշակերտները նրան ասացին. «Ո՞ւր ես ուզում գնանք պատրաստենք, որ զատկական ընթրիքն ուտես»: 13 Եւ նա աշակերտներից երկուսին ուղարկեց ու նրանց ասաց. «Գնացէ՛ք այն քաղաքը եւ երբ այն քաղաքը մտնէք, կը պատահի ձեզ մի մարդ, որ ուսին ջրի սափոր ունի. գնացէ՛ք նրա յետեւից: 14 Եւ նա ո՛ր տունը որ մտնի, տանտիրոջը կ՚ասէք. “Վարդապետն ասում է՝ ո՞ւր է այն իջեւանը, ուր իմ աշակերտների հետ զատկական ընթրիքը պիտի ուտեմ”: 15 Եւ նա ձեզ ցոյց կը տայ զարդարուած մի վերնատուն. այնտե՛ղ պատարաստեցէք մեզ համար»: 16 Եւ նրա աշակերտները գնացին պատրաստելու. եկան այն քաղաքը եւ գտան՝ ինչպէս որ նա իրենց ասել էր. ու զատկական ընթրիքը պատրաստեցին: 17 Երբ երեկոյ եղաւ, նա եկաւ Տասներկուսի հետ միասին: 18 Եւ երբ սեղան նստեցին ու դեռ ուտում էին, Յիսուս ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզանից մէկը մատնելու է ինձ. նա, որ ինձ հետ իսկ ուտում է»: 19 Եւ նրանք սկսեցին տրտմել ու ասել մէկը միւսի յետեւից՝ միթէ ե՞ս եմ. եւ միւսը՝ թէ՝ միթէ ե՞ս եմ: 20 Նա պատասխան տուեց եւ ասաց. «Տասներկուսիցդ մէկը, որ ձեռքը ինձ հետ մտցրեց պնակի մէջ: 21 Ճիշտ է, մարդու Որդին կը գնայ այս աշխարհից, ինչպէս որ նրա մասին գրուած է. բայց վա՜յ այն մարդուն, որի ձեռքով մարդու Որդին կը մատնուի. լաւ կը լինէր նրան, եթէ այդ մարդը ծնուած անգամ չլինէր»:22 Եւ մինչ դեռ ուտում էին, Յիսուս հաց վերցնելով՝ օրհնեց եւ կտրեց, տուեց նրանց ու ասաց. «Առէ՛ք, ա՛յս է իմ մարմինը»: 23 Եւ բաժակը վերցնելով՝ գոհութիւն յայտնեց, տուեց նրանց, եւ բոլորն էլ նրանից խմեցին: 24 Եւ Յիսուս ասաց նրանց. «Ա՛յս է Նոր Ուխտի իմ արիւնը, որ կը թափուի շատերի համար: 25 Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այլեւս որթատունկի բերքից չեմ խմելու մինչեւ այն օրը, երբ կը խմեմ նոր գինին Աստծու արքայութեան մէջ»: 26 Եւ գոհութիւն մատուցելուց յետոյ ելան Ձիթենեաց լեռը:
Ա Կորնթացիներ 11.23-32
23 որովհետեւ ես ընդունեցի Տիրոջից, ինչ որ աւանդեցի ձեզ. այն՝ որ Տէր Յիսուս, այն գիշերը, երբ մատնուեց, հաց վերցրեց, 24 գոհութիւն մատուցեց, կտրեց եւ ասաց. «Այս է իմ մարմինը, որ ձեզ համար է. արէ՛ք այս իմ յիշատակի համար»: 25 Նոյն ձեւով էլ ընթրիքից յետոյ վերցրեց բաժակը եւ ասաց. «Այս բաժակը նոր ուխտ է իմ արիւնով. արէ՛ք այս իմ յիշատակի համար, քանի անգամ էլ որ խմէք»: 26 Քանի անգամ որ այս հացն ուտէք եւ այս բաժակը խմէք, պատմեցէ՛ք Տիրոջ մահը, մինչեւ որ նա գայ: 27 Ահա թէ ինչու, ով որ ուտի այս հացը կամ խմի Տիրոջ այս բաժակն անարժանօրէն, պարտական պիտի լինի Տիրոջ մարմնին եւ արեանը: 28 Թող մարդ նախ ինքն իրե՛ն փորձի եւ ապա ուտի այդ հացից ու խմի այդ բաժակից. 29 որովհետեւ, ով ուտում է եւ խմում անարժանօրէն, իր իսկ դատապարտութիւնն է ուտում եւ խմում, քանի որ չի զատորոշում Տիրոջ մարմինը: 30 Դրա համար իսկ ձեր մէջ բազում հիւանդներ եւ ցաւագարներ կան, եւ շատերն էլ մեռած են. 31 որովհետեւ, եթէ մե՛նք մեզ քննէինք, ապա չէինք դատապարտուի: 32 Իսկ եթէ դատւում ենք, Տիրոջից խրատւում ենք, որպէսզի աշխարհի հետ չդատապարտուենք:
Ավ. ըստ Մատթեոսի 26.17-30
17 Եւ Բաղարջակերաց տօնի առաջին օրը աշակերտները մօտեցան Յիսուսին եւ ասացին. «Ո՞ւր ես կամենում՝ պատրաստենք քեզ համար զատկական ընթրիքը, որ ուտես»: 18 Եւ Յիսուս նրանց ասաց. «Գնացէ՛ք քաղաք այսինչ անձի մօտ եւ նրան ասացէ՛ք. “Վարդապետն ասում է՝ իմ ժամանակը մօտեցել է, քեզ մօտ եմ անելու զատիկը իմ աշակերտների հետ միասին”»: 19 Եւ աշակերտները արեցին, ինչպէս Յիսուս իրենց հրամայեց, ու պատրաստեցին զատկական ընթրիքը: 20 Եւ երբ երեկոյ եղաւ, տասներկու աշակերտների հետ սեղան էր նստել: 21 Եւ մինչ նրանք դեռ ուտում էին, նա ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզանից մէկն ինձ մատնելու է»: 22 Եւ նրանք խիստ տխրեցին. նրանցից իւրաքանչիւրն սկսեց ասել նրան. «Միթէ ե՞ս եմ, Տէ՛ր»: 23 Նա պատասխան տուեց ու ասաց. «Ով իր ձեռքն ինձ հետ պնակի մէջ մտցրեց, նա՛ է ինձ մատնելու: 24 Մարդու Որդին կը գնայ այս աշխարհից, ինչպէս նրա մասին գրուած է, բայց վա՜յ այն մարդուն, ում ձեռքով կը մատնուի մարդու Որդին: Աւելի լաւ կը լինէր նրա համար, եթէ այդ մարդը ծնուած չլինէր»: 25 Յուդան, որ մատնելու էր նրան, պատասխանեց ու ասաց. «Միթէ ե՞ս եմ, Վարդապե՛տ»: Նրան ասաց՝ դու ասացիր: 26 Եւ մինչ նրանք դեռ ուտում էին, Յիսուս հաց վերցրեց, օրհնեց ու կտրեց եւ տուեց աշակերտներին ու ասաց. «Առէ՛ք, կերէ՛ք, այս է իմ մարմինը»: 27 Եւ բաժակ վերցնելով՝ գոհութիւն յայտնեց, տուեց նրանց ու ասաց. 28 «Խմեցէ՛ք դրանից բոլորդ, որովհետեւ այդ է նոր ուխտի իմ արիւնը, որ թափւում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողութեան համար: 29 Բայց ասում եմ ձեզ, այսուհետեւ ես այլեւս որթատունկի բերքից չեմ խմի մինչեւ այն օրը, երբ ձեզ հետ կը խմեմ նորը իմ Հօր արքայութեան մէջ»: 30 Եւ օրհներգեցին ու ելան Ձիթենեաց լեռը:
Ելք 30.17-21
17 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 18 «Պղնձէ լուացարան պատրաստի՛ր: Պղնձից շինի՛ր նրա պատուանդանը, որպէսզի լուացուեն նրա մէջ: Այն կդնես վկայութեան խորանի ու զոհասեղանի միջեւ: Դրա մէջ ջուր կլցնես: 19 Ահարոնն ու նրա որդիները այդ ջրով կլուանան իրենց ձեռքերն ու ոտքերը. 20 երբ մտնեն վկայութեան խորանը, ջրով թող լուացուեն, որպէսզի չմեռնեն: Կամ երբ պաշտամունք կատարելու եւ Տիրոջը ողջակէզներ մատուցելու համար մօտենան զոհասեղանին, 21 թող լուանան իրենց ձեռքերն ու ոտքերը, որպէսզի չմեռնեն: Դա նրանց համար, նրա եւ նրանից յետոյ գալիք նրա յետնորդների համար յաւիտենական կարգ թող լինի»:
Գ Թագավորություններ 7.38-40
38 Նա պղնձէ տասը տաշտեր պատրաստեց. ամէն մի տաշտ քառասուն սափոր էր տանում եւ չորս կանգուն բարձրութիւն ունէր: Ամէն մի տաշտ դրուեց այդ տասը պատուանդաններից մէկի վրայ: 39 Ուսի վրայ ամրացուած հինգ պատուանդանները տեղադրեց տան աջ կողմում, միւս հինգը՝ տան ձախ կողմում, իսկ աւազանը տեղադրեց տան աջ կողմում՝ դէպի հարաւ-արեւելք: 40 Քիրամը շինեց կաթսաներ, երեսին տաք ջուր ցանելու անօթներ ու կոնքեր: Քիրամն աւարտեց բոլոր այն գործերը, որ արել էր Սողոմոն արքայի համար Տիրոջ տունը կառուցելիս.
Բ Մնացորդաց 4.2-6
2 Ձուլածոյ մեծ աւազանը շինեց տասը կանգուն տրամագծով, շրջանաձեւ, հինգ կանգուն բարձրութեամբ եւ երեսուն կանգուն շրջագծով: 3 Դրա տակ շուրջանակի կային ձուլածոյ եզներ, որոնք տասը կանգուն տրամագծով շրջապատել էին այն: Զուարակները միաձոյլ էին: 4 Զուարակները տասներկու հատ էին. երեքը նայում էին հիւսիս, երեքը նայում էին արեւմուտք, երեքը նայում էին հարաւ, երեքը նայում էին արեւելք: Աւազանը տեղադրուած էր դրանց վրայ, եւ դրանց գաւակներն ուղղուած էին դէպի ներս: 5 Մեծ աւազանի խորութիւնը մէկ թիզ էր, նրա շուրթը բաժակի շրթի նման էր, վրան շուշան ծաղիկներ էին քանդակուած, եւ երեք հազար չափ տարողութիւն ունէր: Նա այս ամէնն աւարտեց: 6 Նա պատրաստեց տասը աւազան. հինգը դրեց աջ կողմը, հինգը՝ ձախ կողմը, որ նրանց մէջ լուանան ու ողողեն ողջակիզման գործիքները, իսկ մեծ աւազանը նրա համար էր, որ քահանաները լուացուեն դրա մէջ:
Եսայի 44.2-6
2 Այսպէս է ասում Տէր Աստուած, որ արարեց քեզ, ստեղծեց քեզ որովայնից, եւ տակաւին օգնութիւն պիտի գտնես. մի՛ վախեցիր, ծառա՛յ իմ Յակոբ, եւ դու, սիրեցեա՛լ իմ Իսրայէլ, ում ընտրել եմ: 3 Ես ջուր պիտի տամ ծարաւածներին, որոնք ընթանում են անջրդի տեղերով. իմ հոգին պիտի դնեմ քո զաւակի վրայ եւ իմ օրհնանքները՝ քո որդիների վրայ: 4 Նրանք պիտի ծլեն ու ծաղկեն, ինչպէս ջրարբի խոտը, ինչպէս ուռենին՝ հոսող ջրերի մօտ: 5 Մէկը պիտի ասի՝ Աստծունն եմ ես, մէկ ուրիշը խրախոյս պիտի բարձրացնի յանուն Յակոբի Աստծոյ, իսկ միւսը գիր պիտի գրի իր ձեռքով, թէ՝ ես Աստծուն եմ պատկանում, եւ յանուն Իսրայէլի քաջալերութեան կոչ պիտի անի»: 6 Այսպէս է ասում Աստուած՝ Իսրայէլի Թագաւորը եւ նրա Փրկիչ Զօրութիւնների Տէրը. «Ես եմ առաջինը եւ ես եմ վերջինը, ինձնից բացի ուրիշ Աստուած չկայ:
Ա Կորնթացիներ 10.1-4
1 Եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ անգիտանաք, որ մեր հայրերը բոլորն էլ ամպի առաջնորդութեան տակ էին եւ բոլորն էլ ծովով անցան. 2 եւ բոլորը, հետեւելով Մովսէսին, մկրտուեցին ամպ ու ծովի մէջ. 3 եւ բոլորն էլ նոյն հոգեւոր ուտելիքը կերան 4 եւ բոլորն էլ նոյն հոգեւոր ըմպելիքը խմեցին, որովհետեւ խմում էին հոգեւոր այն Վէմից, որ գնում էր նրանց հետ, եւ այն Վէմը ինքը Քրիստոսն էր:
Ա Հովհաննես 4.7-21
7 Սիրելինե՛ր, սիրե՛նք միմեանց, քանի որ սէրն Աստծուց է. եւ ամէն ոք, ով սիրում է, Աստծուց է ծնուած եւ ճանաչում է Աստծուն: 8 Իսկ նա, ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն, քանի որ Աստուած սէր է: 9 Եւ սրանում երեւաց Աստծոյ սէրը մեր հանդէպ. այն, որ Աստուած իր Միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպէսզի նրանով կենդանի լինենք: 10 Սրանում է սէրը. մենք չէ, որ սիրեցինք Աստծուն, այլ նա սիրեց մեզ եւ ուղարկեց իր Որդուն մեր մեղքերի քաւութեան համար: 11 Սիրելինե՛ր, եթէ Աստուած այսպէս սիրեց մեզ, ապա մենք եւս պարտաւոր ենք սիրել միմեանց: 12 Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել: Եթէ միմեանց սիրենք, Աստուած բնակւում է մեր մէջ. եւ նրա սէրը մեր մէջ կատարեալ է: 13 Սրանով գիտենք, թէ մենք նրա մէջ ենք բնակուած, եւ նա էլ՝ մեր մէջ. այն, որ նա իր Հոգուց տուեց մեզ: 14 Եւ մենք տեսանք ու վկայում ենք, որ Հայրն ուղարկեց իր Որդուն՝ աշխարհի Փրկիչ լինելու: 15 Նա, ով խոստովանի, թէ Յիսուսն է Աստծոյ Որդին, Աստուած բնակւում է նրա մէջ, եւ նա՝ Աստծոյ մէջ: 16 Եւ մենք հաւատացինք ու ճանաչեցինք Աստծոյ սէրը, որ նա ունի մեր հանդէպ: Աստուած սէր է. եւ ով սիրոյ մէջ է ապրում, բնակւում է Աստծոյ մէջ, եւ Աստուած բնակւում է նրա մէջ: 17 Աստծոյ հանդէպ եթէ սէրը կատարեալ է մեր մէջ, ուրեմն վստահութիւն կունենանք դատաստանի օրը նրա դիմաց կանգնելու. որովհետեւ ինչպէս որ նա է, այնպէս էլ մենք ենք այս աշխարհում: 18 Սիրոյ մէջ երկիւղ չկայ. եւ կատարեալ սէրը հեռու է վանում երկիւղը, որովհետեւ երկիւղը տանջանքի ենթակայ է. եւ ով երկնչում է, կատարեալ չէ սիրոյ մէջ: 19 Սիրե՛նք Աստծուն, որովհետեւ առաջինը նա՛ սիրեց մեզ: 20 Եթէ մէկն ասի, թէ սիրում է Աստծուն, եւ ատի իր եղբօրը, սուտ է խօսում. ով չի սիրում իր եղբօրը, որին տեսնում է, ինչպէ՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել: 21 Եւ նրանից ունենք այս պատուիրանը. ով սիրում է Աստծուն, նա պէտք է սիրի նաեւ իր եղբօրը:
Ավ. ըստ Հովհաննեսի 13.1-15
1 Զատկի տօնից առաջ Յիսուս իմացաւ, որ հասել է իր ժամը, որպէսզի այս աշխարհից Հօր մօտ փոխադրուի. սիրեց իւրայիններին, որ այս աշխարհում են, իսպառ սիրեց նրանց: 2 Եւ ընթրիքի ժամանակ, երբ սատանան արդէն իսկ Սիմոնի որդի Իսկարիովտացի Յուդայի սրտի մէջ դրել էր, որ մատնի նրան, 3 Յիսուս իմացաւ, որ Հայրը ամէն բան իր ձեռքն է յանձնել, եւ որ ինքը Աստծուց է ելել եւ Աստծոյ մօտ է գնում: 4 Նա վեր կացաւ ընթրիքի սեղանից, մի կողմ դրեց զգեստները եւ մի սրբիչ վերցնելով՝ մէջքին կապեց: 5 Եւ ապա ջուր վերցնելով՝ ածեց կոնքի մէջ եւ սկսեց իր աշակերտների ոտքերը լուանալ եւ սրբել մէջքին կապած սրբիչով: 6 Մօտեցաւ Սիմոն Պետրոսին, եւ սա ասաց նրան. «Տէ՛ր, դո՞ւ ես իմ ոտքերը լուանում»: 7 Յիսուս պատասխանեց նրան ու ասաց. «Ինչ որ ես անում եմ, դու հիմա չես իմանում, բայց յետոյ կիմանաս»: 8 Պետրոսը նրան ասաց. «Իմ ոտքերը յաւիտեան չես լուանայ»: Յիսուս պատասխանեց. «Եթէ քեզ չլուանամ, ինձ հետ մաս չունես»: 9 Սիմոն Պետրոսն ասաց նրան. «Տէ՛ր, ոչ թէ միայն իմ ոտքերը, այլեւ իմ ձեռքերն ու իմ գլուխն էլ լուա՛»: 10 Յիսուս նրան ասաց. «Լուացուածին ուրիշ բան պէտք չէ, բայց միայն՝ ոտքերը լուանալ, քանի որ ամբողջութեամբ մաքուր է. եւ դուք մաքուր էք, բայց ոչ՝ բոլորդ»: 11 Քանի որ նա գիտէր նրան, ով իրեն մատնելու է, դրա համար ասաց. «Բոլորդ չէ, որ մաքուր էք»: 12 Եւ երբ նրանց ոտքերը լուաց, վերցրեց իր զգեստները եւ դարձեալ սեղան նստեց ու ասաց նրանց. «Գիտէ՞ք, թէ այդ ինչ արեցի ձեզ: 13 Դուք ինձ Վարդապետ եւ Տէր էք կոչում. եւ լաւ էք անում, քանի որ իսկապէս ե՛մ. 14 իսկ արդ, եթէ ես՝ Տէրս եւ Վարդապետս, լուացի ձեր ոտքերը, դուք էլ պարտաւոր էք միմեանց ոտքերը լուանալ. 15 որովհետեւ մի օրինակ տուեցի ձեզ, որ ինչպէս ես ձեզ արեցի, դուք էլ նոյն ձեւով անէք: