Հայոց Արտաշեսյան դինաստիայի Տիգրան Մեծ արքան ստեղծեց աշխարհակալ տերություն և կրում էր Հին աշխարհում ամենաբարձր «Արքայից արքա» տիտղոսը, որովհետև չէր հանդուրժում Հայրենիքի դավաճանությունը: Արքայից արքան չներեց ու չխնայեց իր դավաճան որդուն՝ Զարեհին, որը պատերազմի թեժ փուլում ապստամբություն էր բարձրացրել և ցանկանում էր տիրանալ հոր գահին: Տիգրան Մեծը Հին աշխարհի գլխավոր աշխարհաքաղաքական խաղացողներից մեկն էր, որի հետ ստիպված էին հաշվի նստել թե Հռոմեական կայսրությունը, թե Պարթևական Իրանը, և թե Միհրդատ Եվպատորի Պոնտոսյան կայսրությունը: Պատահական չէ, որ Տիգրան Մեծին են նվիրված մեծաքանակ օպերաներ, որոնց հեղինակների թվում են այնպիսի մեծություններ, ինչպիսին են Տոմազո Ալբիոնին և Անտոնիո Վիվալդին
Ըստ պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանի՝ Արքայից Արքա Տիգրանի համար «կարմիր գիծ էին» բոլոր այն տարածքները, որոնք հայաբնակ էին և մեծամասնությամբ հայ բնակչություն ունեին: Տիգրան Երկրորդը, ժամանակին «պատվավոր գերություն մեջ լինելով պարթևական արքունիքում», հայոց գահը բարձրանալիս արդեն իսկ բավականաչափ կառավարչական փորձառություն էր ձեռք բերել և ուներ աշխարհակալ տերություն ստեղծելու իր նախագիծը: Տարբեր իրավիճակներում Տիգրան Մեծը կարող էր ստիպված զիջումների գնալ, բարց դա որևէ կերպ չէր կարող և չէր արվում հայկական հողերի հաշվին:
Պատմաբան, լրագրող Անի Հակոբյանը նշում է, որ հայոց աշխարհակալ արքան պատմության ասպարեզում է հայտնվել այնպիսի ժամանակաշրջանում, երբ Առաջավոր Ասիայում անզիջում պայքար էին մղում մի կողմից Հռոմը, մյուս կողմից՝ Պարթևստանը: Մեր պատմության մեջ շատ քիչ են հանդիպում դեպքեր, երբ հայոց արքան իր կառավարումը սկսում է նվաճողական արշավանքների նախաձեռնումով: Տիգրան Մեծը ոչ միայն տաղանդավոր զորավար էր և համաշխարհային մակարդակի տիրակալ, այլև խորագետ քաղաքական գործիչ էր, որն ամեն ինչ արեց Հայաստանի դերն ու կշիռն այդ պահի աշխարհաքաղաքական մեծ խաղում արձանագրելու համար:
Տեսանյութը ՝http://«Մեր պատմությունը» հեռուստանախագծի
Աղբյուր՝ https://times.am/