Դո՛ւ, որ այսքան շատ հրաշքներ ես գործել,
Հայր ամենաստեղծ, անուն ահավոր, ձայն սարսափելի,
Կոչումն ընտանի, խոսք համբուրելի, ազդումն սքանչելի,
Հրաման սոսկալի, էություն անքննելի, գոյություն անճառելի,
Իսկություն անբավելի, զորություն անզննելի, կամք ամենաբարի,
Տերություն անսահմանելի, մեծություն անչափելի, բարձրություն անբովանդակելի,
Քանակություն անկշռելի, առավելություն անհասանելի,
Պատճառ Որդու՝ հայրությամբ, այլ ո՛չ նախադաս լինելով.
Քո միջոցով և անպարագիր քո զորության շնորհիվ
Սաստի՛ր տառապեցնող ու դիվական տենդիս ջերմությունը,
Որ սպրդելով` մեղքի հետ մտավ ներս, որպեսզի փախչի մարդուց,
Զարհուրելով երկնավոր գառիդ սխրալի և առատահոս արյան վտակից,
Որով սրսկվեցինք թեպետ մի անգամ,
բայց մաքրվեցինք մշտնջենապես:
Եվ արդ, արարչակերտ այս խորհրդի պատկառելի խոնարհությունից
Թո՛ղ ամաչի սատանան իր հրեշտակների չար գործերի համար,
Տանջվի՛ թող և հալածվի, հեռանալով ու արտաքսվելով
Քո բնակարանն եղող մարմնի խորանից դեպի խավարն արտաքին:
Եվ ջնջի՛ր, սրբիր, դու մեր դեմքերից արցունքն ողբագին
Եվ հեծեծագին հառաչանքները մեր սրտերից հա՛ն,
Հիշելով հարվածները քստմնափուշ,
ժանտատեսիլ և մահառիթ այն բևեռների,
Որոնցով գամվեց Միածինը քո` խաչի
աշտարակի վրա` թող չարը ցավի գա
Եվ կողքը հերձող սայրասուր սլաքի ուժգին բախումից,
Որից խորապես մեծ վերք ընդունեց,
Նախապատճառը մահվան թող իսպառ սատակի՛, կորչի՜:
Եվ քանզի հոգին ավանդելիս իր գովյալ գլուխը խոնարհեց քո գիրկը,
Բարձրյա՜լ,
Ուստի ապստամբությունն անբարի բարքի տեր Բելիարի
Թո՛ղ ի կոր կործանվի, ըստ ամենայնի կորուստի մատնված:
Եվ դարձյալ, քանզի անմահ իսկությունն
թաղվեց ու ծածկվեց երկրի արգանդում,
Ապա, ուրեմն դրանով թող որ գոռոզի
հոխորտ հպարտությունը
Մահվան դժոխքի մթաստվեր ու խոր հատակը դիտի,
Եվ թող որ հիշի առաջին հարվածն անբժշկելի,
Որով մահացավ դիմադրությունը թունոտ վիշապի՝
Ամենազորի կենարար չարչարանքների գնով:
Ի փառս քո և ի գովեստ Որդուդ ու Սուրբ Հոգուդ է
Խոստովանությունն այս, Հա՜յր ողորմության,
Քանզի խորախորհուրդ ձեր միության մեջ
Մեկդ մյուսի զորությանը կարոտություն չունի:
Ուստի և մենք փառավորելով Բանդ անսկիզբ ու մարմնացած՝
Փառավորած կլինենք նույնպես Հորդ անժամանակ:
Եվ քեզ` միակ Սուրբ Երրորդությանդ,
Հավասարապատիվ տերությանդ, Համաբուն, անբաժան ինքնությանդ՝
Օրհնաբանություն, գոհություն, զորեղություն
Եվ անճառ վայելչություն մեծության բարեվիճակ հարթության,
Զուգակշիռ հավասարության` հավիտյանս. ամեն:
Գրիգոր Նարեկացի (ԲԱՆ ԻԸ)