Մտքովդ երկու սայլ պատկերացրու. մեկին կապիր առաքինությունն ու հպարտությունը, իսկ մյուսին՝ մեղքն ու խոնարհությունը, և կտեսնես, որ մեղքի կողմից քաշվող սայլը առաջ է անցնում առաքինության կողմից քաշվող սայլից: […] Հասկանալու համար, թե այս զույգերից մեկն ինչպես է ավելի արագ ընթանում, քան մյուսը, հիշիր փարիսեցուն և մաքսավորին: […] Փարիսեցին հենվում էր իր սեփական արդարության վրա, իր սեփական պահքերի ու վճարած տասանորդների վրա, մինչ մաքսավորին բավական եղավ մի քանի խոսք միայն ասել և արձակվեց իր բոլոր մեղքերից: Պատճառը նրանում է, որ Աստված նրա խոսքերը չէ միայն, որ լսել էր: Նաև տեսել էր հոգին նրա, ով արտասանել էր այդ խոսքերը, և այն խոնարհ ու զղջացած գտնելով՝ արժանի էր նկատել Իր կարեկցանքին և Իր սիրույն: […]
Ճիշտ այն է, ինչ կամենում էր մատնացույց անել Քրիստոսը, երբ ասում էր. «Իմ մոտ եկեք, դուք բոլորդ, որ հոգնած եք և ծանր բեռներ եք կրում, և ես կմխիթարեմ ձեզ» (Մտթ 11, 28): Նա այսպե՛ս է կանչում մեզ, չանցնենք ու չգնանք առանց լսելու Իրեն: Նա ձգում է մեզ դեպի Ինքը, չհեռանանք Իրենից: Եթե մեր մեղքերն անթիվ են, առավե՛լ ևս հարկավոր է գնալ Նրա մոտ, որովհետև հենց սա՛ է մարդկանց այն տեսակը, որոնց Նա կանչում է: Արդարև, ասում է. «Չեմ եկել արդարներին կանչելու, այլ՝ մեղավորներին» (Մտթ 9, 13): […] Անվանվել է մխիթարությունների, ողորմությունների Աստվածը, որովհետև անդադար մխիթարում, քաջալերում է ապերջանիկներին ու վշտահարներին, նույնիսկ եթե հազարավոր մեղքեր են գործել:
Գոհանանք, ուրեմն, մեզ Իրեն հանձնելով, Իր մոտ գնալով, Իրենից չհեռանալով:
ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ, Աստծո անըմբռնելիության մասին, V, 6-7 (PG 48, 745-747; SC 28 bis, pp. 314-322).
Աղբյուր՝mashtoz.org