Կատաղի քամի էր բարձրանում: Մոլեգնում էր փոթորիկը:
Ծովը փրփրում էր, և հսկայական բարձրության հասնող ալիքները խլացուցիչ աղմուկով հարվածում էին ափին:
Իսկ քիչ անց ասես ոչինչ էլ չէր եղել. ծովը հանդարտ էր,
երկինքը՝ պարզ: Ափը, սակայն, ողողված էր անթիվ-անհամար
ծովաստղերով, որոնց ալիքներն էին ցամաք հանել:
Մի փոքրիկ տղա վազում էր ծովափի երկայնքով, զգուշորեն վերցնում էր ծովաստղերը և ջրին հանձնում:
Ափին զբոսնող մի անծանոթ մոտենում է փոքրիկին ու
ասում.
— Անմի՛տ տղա, զուր է չարչարանքդ: Չե՞ս տեսնում, ողջ
ափը հեղեղված է ծովաստղերով: Միևնույնն է, դու չես կարող
դրանց բոլորին ծովը դարձնել: Ոչինչ էլ չես կարող փոխել:
Տղան մի քանի վայրկյան լուռ նայում է անծանոթին,
ապա առաջ անցնելով՝ զգուշորեն բարձրացնում հաջորդ ծովաստղը և դարձյալ ջրին հանձնում:
— Գոնե այս մեկի համար ինչ-որ բան կփոխվի,- համոզված ասում է նա:
Պատրիկ Պորտեր
«Իմաստուն պատմություններ կամ գեղեցիկ ապրելու արվեստը » գրքից
—————————————————————————————-
Դուք պարտավոր չեք բժշկի վերնազգեստ հագնել, որպեսզի ինչ-որ մարդու կյանք փրկեք, Դուք պարտավոր չեք դպրոցի ուսուցիչ լինել, որպեսզի ինչ-որ երեխայի ապագայի մեջ կարևոր ներդրում ունենաք: Դուք պարտավոր չեք միլիարդատեր բարերար լինել, որպեսզի որևէ բարի գործ կատարեք Ձեզ շրջապատող ծանոթ կամ անծանոթ մարդկանց համար:
Կապ չունի, թե որտեղ եք այսօր Ձեր կյանքի ճանապարհին, կապ չունի՝ ինչ դիպլոմ ունեք կամ որտեղ եք աշխատում, կապ չունի՝ ինչքան աշխատավարձ եք ստանում կամ ինչքան զբաղված եք Ձեր սեփական գործերով, Դուք ամեն պահի հնարավորություն ունեք դիմացինի համար որևէ բարի բան անելու՝ Ձեր ունեցած հնարավորությունների սահմաններում: