Պատահական չէ, որ գինեգործության պատմության ակունքները հասնում են մինչև Նոյ Նահապետի ժամանակներ: Թե աստվածաշնչյան պատումը, և թե հայկական ազգային ավանդապատումները ներկայացնում են, որ Նոյ Նահապետը ջրհեղեղից հետո խաղողի առաջին որդը տնկել է Մասիս լեռան ստորոտին՝ Արարատյան դաշտում: Որպես հնագույն արտադրական մշակույթ՝ ծեսի ու արժեքաբանության համատեքստում գինեգործությունը հայոց պատմության մեջ նշանակալի տեղ ունի և նախաքրիստոնեական, և քրիստոնեական դարաշրջաններում:
Ըստ պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանի՝ խաղողագործության և գինեգործության տեխնոլոգիաների հայկական դարավոր ավանդույթները գիտական հիմքերի վրա են դրվել խորհրդային շրջանում՝ 1920-1930-ական թթ., թեև դրա հենքը ստեղծվել էր դեռևս 19-րդ դարի վերջերում: 1920-ականներին Երևանի Պետական Համալսարանում խաղողագործության և գինեգործության ամբիոն է հիմնվել, որը 1930-ականներին տեղափոխվել է նորաստեղս Գյուղատնտեսական ինստիտուտ: Հետագայում այս հաստատության առաջին շրջանավարտներից Մանուկ Մալխասյանը ղեկավարել է 1941թ.-ին ստեղծված գիտահետազոտական կայանը, իսկ արդեն 1943-ին ակադեմիկոս Մանուկ Մալխասյանը Գիտությունների ակադեմիայի հիմնադիրների շարքում էր՝ որպես խաղողագործության և գինեգործության գիտահետազոտական իստիտուտի տնօրեն:
Պատմաբան, լրագրող Անի Հակոբյանը նշում է, որ խաղողագործության մշակույթը բնորոշ է հնագույն նստակյած քաղաքակրթություններին, և հայերն անհիշելի ժամանակներից են սկսել գինեգործությամբ զբաղվել: Հայկական գինիներով հիացել են հին հույն պատմիչները, որոնք բազմաթիվ նկարագրողական վկայություններ են թողել հայկական գինու մասին: Օրինակ՝ Քսենոփոնը (մ.թ.ա. 430 – 354թթ.) վկայում է, որ հայկական գինիները բարձրորակ էին, տարբեր տեսակների և հնեցված:
Ըստ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանի՝ գինեգործության մշակույթը կարևոր դեր ուներ նաև Վանի թագավորությունում: Դեռևս 2850 տարի առաջվա ասորեստանյան աղբյուրները հիշատակում են Նաիրի երկրից գինի ներկրելու մասին: Գինին հիշատակվում է նաև Ասորեստանի Սալմանասար 3-րդ արքայի և Արամու Ուրարտացու պայքարի մասին պատմություններում: Ըստ հնագիտական աղբյուրների՝ գինու համար նախատեսված կարասը ստեղծվել է հենց Վանի թագավորությունում:
Ուշագրավ է, որ «Կարաս գինիների» ղեկավար Խուլիանա Դել Ագիլա Էռնեկյանը նշում է՝ երբ առաջին անգամ 2000-ականների սկզբին ՀՀ Ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանը այցելել է Արմավիրի ներկայիս գինեգործարանի վայրը և տեսել է Արարատ լեռան զարմանահրաշ տեսարանը, հիշել է աստվածաշնչյան պատումը, որը դեռ Բուենոս Այրեսի հայկական դպրոցում էին նրան պատմել. երբ Նոյը իջնում է տապանից, հենց այստեղ՝ Արարատյան դաշտում, առաջին խաղողի որդն է տնկում և այդ խաղողից գինի պատրաստում: Եվ Էդուարդո Էռնեկյանը մտածում է՝ ինչու նույն բանը հիմա չանել՝ մի վայրում, որտեղ ոչ ոք այդ ժամանակ խաղող չէր աճեցնում: Նա կարծում էր, որ դա լավ առիթ է երկարաժամկետ որակյալ աշխատատեղեր ստեղծելու ու արտադրելու արտահանման համար որակյալ գինի, որը կներկայացնի Հայաստանը՝ հնարավորություն տալով մարդկանց խոսել Հայաստանի մասին, և այդկերպ նաև կամուրջներ ստեղծել Հայաստանի և աշխարհի միջև։
Աղբյուր ՝https://times.am/986175/
Տեսանյութը՝ http://«Մեր պատմությունը» նախագծի