Կատարում է Սեյրան Ավագյանը
Հեղինակ` Սուրբ Գրիգոր Նարեկացի:
Երգվում է Սուրբ Պատարագի ժամանակ:
Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մեղեդի Յարութեան» տաղը, որն ավելի հայտնի է՝ «Հաւուն Հաւուն» ունունով, մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության խորհուրդը ներկայացնող մի գեղեցիկ ու խորհրդանշական պատկեր է։ Այն մի յուրահատուկ հրավեր է մարդկանց՝ արթնանալու նյութական աշխարհի պարտադրած թմբիրից, հաղորդակից լինելու Սուրբ Պատարագի խորհրդին, մասնակից դառնալու Հարության ու հոգիների փրկության մեծ տոնին։
Բառերը
Հաւուն հաւուն արթնացեալ,
դիտելով զհեթանոսըս․
ձայնէր, ձայնէր Տատրակին՝
սիրասընունդ սիրելւոյն։
-Դարձի՛ր դարձի՛ր, Սոմնացի՛դ,
ընդ Վիմին հովանեաւ,
ե՛կ, Հարսնուհի՛դ ի լերանց ընձուց,
ի դաշտաց այծեմանց։
Եկեալ եկեալ տաւաղին
յԵփրայիմ Բեթէլին,
ելեալ, ելեալ յասպարէզս
ի յայգին Կեդրոնի։
Հընձան, հընձան կոխելով
գոյն ի գոյն բոսորի․
արկեալ, արկեալ փայտ ի հաց՝
ըզենլիս իւր զենեալ։
Խառնեալ, խառնեալ ի գինի
ըզխառնելիս անուշից,
բաժակ, բաժակ մատուցաւ՝
ի հրաւէր հարսանեաց։
-Հրաւէր, հրաւեր հարսանեաց․
եկա՛յք, նոր ժողովո՛ւրդք,
կերա՛յք, կերա՛յք յիմ հացէս
եւ արբէ՛ք զիմ գինիս,
զի կեցջիք յանըսպառ
յանվախճան յաւիտեան։
Հավքն արթնանալով՝ դիտեց հեթանոսներին, ձայնեց Տատրակին՝ սիրասնունդ իր սիրելիին:
— Վերադարձի՛ր, վերադարձի’ր, Սոմնացիդ, Վեմի հովանու ներքո, ե՛կ, Հարսնուհի՛դ, ինձերի լեռներից, այծյամների դաշտերից: Եկան, եկան հավաքվեցին Եփրայիմ-Բեթելում, ասպարեզ ելան այգում Կեդրոն։
Հնձաններ հարեցին` ներկվելով բոսորագույն, նետեցին փայտը հացի մեջ` իրենց մատաղները զոհաբերելով:
Գինու հետ խառնեցին անուշահոր խառնուրդներ. մատուցվեց բաժակը, որպես հարսանիքի հրավերք:
Հրավե՛րք, հրավերք է հարսանիքի, եկեք, նոր ժողովուրդնե՛ր, կերե՛ք իմ հացից եւ խմե՛ք իմ գինին, որ ապրէք անվերջ, անվախճան, հավիտյան։