Վեհապանծ, բարձրագահ և տիեզերախոհ ոգիներից է բխում ազատությունը, որը լեռնաբարձունքներից շառաչող հզոր հեղեղի պես, ահեղագոչ շառաչում է` փշրելով սառած, անկյանք ժայռերը, կապանքներ ու օրենքներ փշրող ազատության հեղեղը, խորտակելով գրաբիտե և բրոնզե հագերը ` ջրվեժի պես ընկնում է դաշտի վրա, ցոլացնելով իր մեջ արևի շքեղությունը և հրացայտ մտնում է դաշտը, ճեղքում է տաղտուկ տափակությունը և ոտքի կանգնեցնելով ամբոխին, ընմոստացնելով նրան բռնակալների և օրենքների դեմ ` արշավում է առաջ, առաջ` դեպի անսահման ազատության մեծ օվկիանոսը, ուր ամեն կաթիլ ազատ է ու ինքնակամ, ուր ամենքը ունեն իրենց մեջ մի ամբողջ արև, ուր ամենքը երազում են երկինք սլանալ, դեպի տիեզերական անսահման, ենեզր ազատությունը…
Բայց կարմիր ու բոսորավառ է հեղեղը — մարդկային նվիրական զոհերի թանկ արյունով է վառվում, և լի են նրա հոսանքում զոհերի անվերջ շարքեր — թարմ, գեղեցիկ նահատակներ (հերոսներ)` վիրավոր ճակատներով և կրծքերով…
Աշխարհասասան մռնչում է ազատության հեղեղը. ո՛չ մի ուժ չի հանդգնում նրան դիմագրավել․ անպարտելի է նա և ամեն մի արգելին — նա ավելի ուժգին է հարվածում. ամեն ինչ ենթարկվում է նրա հոսանքին — մեռած դիակներն էլ են քշվում այդ հոսանքով — անշարժ ժայռերն էլ գլորվում են, և հուժկու ալիքները իրար ջարդելով, տանում են ամեն ինչ …
Ահա՛ ես ևս ընկնում եմ ազատության հոսանքի մեջ և գնում եմ, և գնում եմ…
1906թ.
Ասվածների հավաքածու
Ավետիք ԻՍԱՀԱԿՅԱՆ