Աստծու պատվիրանները ինքնին լույս են և լույս են տալիս մեր աչքերին, ճրագ են դառնում մեր ոտքերի համար, լուսավորում են մեր շավիղները և հեռու են պահում մեզ մեղքերի խավարային աղջամուղջից, որ դեպի գեհեն է տանում: Ուստի և մենք, ինչքան էլ որ ճգնենք Աստծու փառքի համար, ինչքան էլ չարչարվենք՝ սովի և ծարավի, մերկության ու աղքատության, ողբի ու հառաչանքի, արտասուքի ու նախատինքի, բամբասանքի ու զրկանքների մատնվելու պատճառով, միևնույն է, չչարանա՛նք երկարատև այդ նեղություններից և մեր այդ վշտերի մեջ չհուսալքվե՛նք, այլ մարգարեական ձայնով բարբառե՛նք. «Վա՜յ ինձ, քանի որ երկարեց իմ պանդխտությունը, որը ես անցկացնում եմ այս խավարային վրանում»։
Արդարև, խավարամած է մեր այս կյանքը և խավարով է լցնում բոլոր նրանց, ովքեր անմտաբար են կենցաղավարում այս աշխարհում և անասնական օրենքներով են ապրում՝ իրենց փորին ու որովայնին ծառայելով։ Արդ, չանմտանա՛նք իբրև անասուններ և մեր պատիվը կորստյան չմատնե՛նք։ Գայթակղությամբ լեցուն շավիղներով չընթանա՛նք և ոչխարների հոտի նման դեպի դժոխային մահը չգնա՛նք, որպեսզի այդ մահը չտիրի մեզ և մենք, առանց օգնության մնացած, դժոխքի գերին չդառնանք։ Որպեսզի չկործանենք մեր փառքը և մեր երախտիքներն ի չիք չդարձնենք ու որպեսզի մեր օրհնությունն այս կյանքով չսահմանափակվի։
Այլ ամենայն զգոնությամբ խորհենք, թե ինչու ենք այս աշխարհ եկել, թե ինչ պատճառով է մեզ ստեղծել մեր Արարիչն ու Տերը և թե ինչու է այս աշխարհ «ուղարկել»։ Եվ դեռ Նա մեզ օրենքներ է տվել, մեզ մոտ մարգարեներ է ուղարկել՝ մեր գործած չարիքների համար հանդիմանելու, իսկ բարիքների համար՝ գովաբանելու նպատակով։