Գերմանացի մի հնախույզ հետաքրքրվում է հնագիտական արժեք ունեցող իրերով: Երբ Էջմիածնում նրան ներկայացնում են Խրիմյանին, վերջինս դիմում է թարգմանչին:
— Ըսեք, որ ես թանկագին հնություն մը ունիմ. քանի՞ տարվան կենթադրե:
— Հինգերորդ դարի, — փորձում է գուշակել հնագետը:
— Անկեց ալ հին, – հուշում է կաթողիկոսը:
— Քրիստոսի ժամանակվա:
— Անկեց ալ հին:
Հնախույզի աչքերը վառվում են հետաքրքրությունից, որ աստիճանաբար փոխվում է ոգևորության.
— Տեսնեմ, Վեհափառ, ինչ է այդ թանկագին հնությունը:
— Իմ ազգս է, — կշտամբող շեշտով պատասխանում է Խրիմյան Հայրիկը, – Քրիստոսեն ալ հին, Մովսեսեն ալ, իմ թշվառ ազգը: Անտեսած այս թանկագին հնությունը՝ հին քար մը կամ առարկա մը փնտրելու կելլեք: