Ասումեն են Աշորան գեղանի օրիորդ է եղել չորս վարսահյուսերով՝ ցորնաթյուր, հաճարաթյուր, գարեթյուր, և կորեկաթյուր:
Դա այն ժամանակ էր, երբ ծույլից էլ ծույլ դարերը ամայության հազարամյակներ էին սարքում՝ չգիտես ում տարիքը որոշելու համար, երբ հողագունդ կոչված այս մոլորակը դէռ նոր էր ուշքի գալիս այս հավիտենական թմրությունից:
Մարդիկ ուտում էին ամեն տէսակ արմտիք, թռչունների ու գազանների միս, և ոչ ոք չգիտեր, թե թե ինչ բան է հազահատիկը:
Մի անգամ Մասիսի լանջերին ման գալիս Աշորան նկատեց դեղնահասկ ցողուններ: Զարմացավ, որ մինչև հիմա ինքն այդպիսի ծաղիկներ չէր տէսէլ: Փորձեց պոկել մի հասկ, քիստերը մրմռացրին նրա ձեռքի ափը: Հետո տրորեց ափը և հատիկը զատեց քիստերից:
Ու սկսեց ծամծմել կարմրավուն հատիկները:
Աշորան առաջին մարդն էր , որ առավ վայրի ցորենի համը, նա գտավ մարդու համար այն միակ սնունդը, որը հետագայում հնարավոր չեղավ փոխարինել որևէ ուրիշ բանով:
Աղջիկը ուրախությունից փռթկաց: Ապա նա լսեց իր քրքիջի արձագանքը ու գլխի ընկավ,որ ձայնը փոխվեց: Հացահատիկը մարդկայնացրեց Աշորայի ձայնը:
Աշորան գաղտնի չպահեց ցորենը հայտնագործումը: Նա իր և հրևան տոհմերի անդամներին ցույց տվեց վայրի ցորենի տեղը: Մարդիկ սկսեցին ագահորեն ըմբոշխնել վայրի ցորենը:
Ցորենակեր այս առաջին մարդիկ, սակայն, չդիմացան հացի ուժին: Նրանց չորերը այնպես ցավեցին, որ թվում էր, թե ուր որ է ամենքն էլ կմեռնեն:
-Աշորան չար ոգի է, նա մեզ ցույուց տվեց այդ հատիկների տեղը,-ասացին մարդիկ,- Մանավանդ նա գիտեր, որ դրանք մահաբեր ունդեր են: Նա ուզում է ամենգիս ոչնչացնել, որպեսզի ինքը միայնակ տեր դառնա աշխարհին:
Ասացին և առանց ծանրութեթև անելու որոշեցին գարավեժ անել Աշորային: Մասիսի մեծ խորխորատը կուլ տվեց գեղանի օրիորդին:
Այդ գիշեր մարդիկ մի կերպ դիմացան փորացավին և, առավոտյան տեսնելով, որ ոչ մեկը չի մահացել, նայեցին իրար երեսի:
Զգացին, որ Աշորային իզուր են քարավեժ արել: Եվ շարունակեցին անուշ անել վայրի ցորենը՝ կամաց-կամաց հասկանալով, որ պետք է չափավոր ուտել, հագեցնել միայն օրվա քաղցը: Հասկացան, որ մարդ չի կարող ստամոքսը լցնել հացի մի քանի օրվա պաշարով: Մարդկային կյանքում ոչ մի բան այնպես մշտապես չի կրկնվում, ինչպեսւ ամեն օր հաց ուտելը:
Կարծում եք՝ երախտամոռ մարդիկ այդպես էլ մոռացա՞ն Աշորային: Չէ՛, մեծարեցին նրան և դարձրին հացահատիկի աստվածուհին: Նրանք համոզեցին իրենց և ամենքին, թե Աշորայի ոգին ապրում է հասկի մեջ : Հետո մարդիկ ասացին , թե դեղնածամ Աշորան ապրում է Մասիսի մեծ խորխորատում, դուրս է գալիս միայն ամառնամուտին և դեղնաթույր դարձնում աշխարհը:
Այնտեղ ուր մարդիկ ցորեն էին ցանում՝ կոչում էին Աշորա:
Ցորենացան առաջին գավառը կոչվեց Աշորնիք կամ Աշարունիք, հետո աղավաղվեց դարձավ Արշարունիք:
Բայց հայոց հացահատիկի աստվածուհին կանգ չառավ այդ գավառում: Իր թագավորությունը նա հաստատեց Հայաստանի բոլոր կողմերում: Աշորա անունից են հայկական Շիրակ և Շարուր դաշտերի անվանումները:
Աստվածուհու անունով հայերը աշան են ասում կալի մեջ փռած կալսելու հացահատիկը: Աշան է կոչվում Արցախի գյուղերից մեկը:
Հին շումերների հացահատիկի աստվածուհին, որի անունը Աշնան էր եղել է Աշորայի կրտսեր քույրը:
Հայկ Խաչատրյանի « Հացապատում » գրքից. 1984 թ. Երևան — «Հայաստան» Հրատարակչություն