Նախ հարկ է իմանալ, թե ի՞նչ է քրիստոնեությունը, եւ ի՞նչ է քրիստոնեության հավատը: Արդ, պետք է իմանալ, թե հավատը Աստծո եւ մարդկանց միջեւ միջոց է ու շաղկապ, քանզի այն Աստծուց է հաստատվում մեր մեջ եւ մարդկանցից ելնում է դեպի Աստված, որը եւ օրինակով կծանուցենք լսողներիդ:
Արդ, ինչպես լույսն ու շողը արեգակից իջնում, մտնում են բոլոր երդիկներով եւ լուսամուտներով, լուսավորում են բոլոր նրանց, ովքեր տան մեջ են, այդպես էլ Աստծո հավատն է իջնում մարդկանց մեջ ու բնակվում նրանց սրտերում եւ հոգիներում: Հավատն է Աստվածութունից տպավորվում մարդկանց մեջ ու կերպարանվելով՝ կնքվում մարդկանց սրտում եւ հոգում:
Հավատն անմարմին լար է՝ լուսեղեն, երկնային բարձունքներից մարդկանց մեջ իջած Աստծուց, քանզի մեր ձեռքերը փոխելով վեր, այսինքն՝ բարի գործեր անելով՝ ելնում ենք առ Աստված:
Հավատը երկնքի արքայության բանալի է, որ տվեց մեզ Աստված, քանզի ով իր ձեռքում ունի հավատի զորությունը, բացում եւ մտնում է Արքայություն:
Հավատը տունկ է՝ արմատացած մարդկանց սրտերում. տունկի արմատը Հայրն է, արմատից [ելնող] ոստը՝ Որդին, իսկ տունկից ու ոստից [ելնող] անթառամելի ծաղիկը՝ Սուրբ Հոգին: Քաղցրահամ պտուղները բոլոր բարի գործերն են, քանզի պտուղը արմատից, ոստից ու ծաղկից է, ինչպես եւ բոլոր բարի գործերը՝ հավատից: Եվ ինչպես ծառն առանց պտղի գեղեցիկ չէ, իսկ պտուղն առանց ծառի չի երեւում, այդպես էլ հավատն առանց գործերի վայելուչ չէ, ոչ էլ գործերը՝ առանց ճշմարիտ եւ ուղիղ հավատի: Եվ ինչպես կենդանի մարդը ստեղծված է գլխով եւ այլ անդամներով, եւ բոլոր անդամներից առավել գլուխն է պատվական, քանզի տեսնող աչքերն ու մյուս զգայարանները գլխի վրա են, եւ կենդանությունը գլխից է իջնում դեպի մյուս անդամները, այդպես էլ հոգու կենդանությունը հավատն է՝ որպես գլուխ, իսկ բոլոր բարի գործերը՝ որպես անդամներ:
Մեծ ու պատվական է հավատի ճշմարտությունը, եւ ինչպես անձը՝ գլխին, այդպես էլ արդարության բոլոր գործերը նրան են հարմարում: Հավատը հիմք է, իսկ ամենայն բարի գործերը՝ հիմքի վրա շինությունը: Եվ հավատով ու գործով մենք Աստծո կենդանի տաճարն ենք դառնում: Ինչպես որ Տերը Պետրոսին ասաց. «Դու ես վեմը, եւ այդ վեմի վրա պիտի կառուցեմ Իմ եկեղեցին» (Մատթ. ԺԶ 18), որ քրիստոնյաներն են՝ հավատով կառուցված Պետրոսի դավանության վրա: Եվ Պետրոսը հավատացյալներին ասաց. «Եվ դուք, իբրեւ կենդանի վեմեր, կառուցվում եք, որպես հոգեւոր տաճար, որպես անարատ քահանայություն» (Ա Պետր., Բ 5): Եվ ինչպես որ տան շինության համար միայն հիմքը բավական չէ, որպեսզի այն մարդկանց համար բնակարան լինի, առանց պատերի ու առաստաղի, այդպես էլ հավատը առանց գործերի, եւ գործերը առանց ուղիղ հավատի մեռած են, ինչպես Հակոբոս առաքյալն է ասում:
Եվ քանի որ այսպես է, ապա պետք է իմանալ, որ հավատը երկու տեսակ է. առաջինն է դավանության ու խոստովանության հավատը, երկրորդը՝ հավատալ, որ աստվածային Սուրբ Գրքերը Աստծո Հոգով են խոսել առաքյալները, մարգարեներն ու սուրբ հայրապետները, եւ Գրքի խոսքերը Աստծո կողմից մեզ համար են գրվել, եւ որ բոլոր սուրբերն Աստծո կողմից միջնորդներ ու պատգամաբերներ են եւ ուսուցանում են մեզ անցյալը, ներկան ու գալիքը:
Արդ, դավանության հավատն այն է, ինչ մկրտության ժամանակ քահանան ասել է տալիս կնքահոր բերանով եւ այդ հավատի խոստովանությամբ կնքում է մանկանը, եւ նա սնվում է այդ հավատով, իսկ մահվան օրը նույն հավատի խոստովանությունը տալիս է քահանային եւ այդ հավատով, որ բանալին է Երկնքի Արքայության, գնում է առ Աստված:
Երկրորդ հավատն այն է, որ հավատանք, թե իմանալի ու զգալի բոլոր արարածները չկային եւ գոյացան ու եղան Աստծո խոսքով. Նա հրամայեց, եւ ստեղծվեցին: Սա եղածն է:
Իսկ այն, որ պիտի լինի, այս է՝ հավատալ, թե այս աշխարհը, որ ստեղծված է եւ սկիզբ ունի, պիտի ունենա վախճան ու ավարտ, եւ այս կյանքը պիտի վերջանա, ու Ադամից հետո բոլոր մեռածները Աստծո Որդու ձայնով հարություն պիտի առնեն, դատաստան պիտի լինի. բարիք գործողներին Աստծո կողմից բարին պիտի հատուցվի, իսկ չարագործներին՝ տանջանք եւ հավիտենական կրակ: Իսկ ներկա ժամանակում, որում ապրում ենք, պետք է հավատանք Սուրբ Գրքերին, որ ասում են, թե Աստված մերձավոր է եւ ոչ թե հեռավոր (Երեմ. ԻԳ 23), եւ գիտի մարդկանց բարի թե չար բոլոր մտածումները, գիտի, թե ինչ են խոսում նրանք, անսխալաբար լսում է ամեն բան եւ պարզ տեսնում է այն ամենը, ինչ մարդիկ մարմնով գործում են ծածուկ, որովհետեւ չկա մի արարած, որին չտեսնի Նա:
Արդ, կենդանի հավատ ունի նա, ով ամբողջ սրտով հավատում է այս ամենին, ով չի հանդգնում չարություն խորհել իր սրտում, անիրավություն խոսել բերանով կամ մեղքեր գործել: Եթե հավատում է, թե Աստված տեսնում է իր գործերը, ինչպե՞ս կհամարձակվի խոսել կամ գործել չար ու անարժան գործեր:
Իսկ նրանք, ովքեր միայն խոսքով են խոստովանում Աստծուն, միայն քրիստոնյա անունն են կրում եւ ըստ իրենց հավատի ու անվան չունեն բարի գործեր, նրանց հավատը մեռած է, որովհետեւ առանց գործերի է: