Հայրիկ Մուրադյան
Տեսեք աղավնին Նոյան տապանին,
Եկած ու կանգնած ի սար Տավրոսին,
Ավետիս կուտա հայկյան սերունդին,
Թե եկավ գարուն Թորգոմա զարմին:
Մոռցանք հայրենիք, մոռցանք Հայաստան,
Կորուսինք մեր փառքն ու Վասպուրական,
Սիրո, միության դասեր մոռացանք,
Ատելության ձեռք խաղալիք դարձանք:
Հինգ հարյուրամյա մի քուն քնացանք
Զ’Աստված ու զեղբայր իսպառ մոռացանք
Սիրո, միության լաթեր մերկացանք
Ատելության ձեռք խաղալիք դարձանք:
Երկինք բարկացավ, հայրենիք լացավ,
Մեր ջուրն ու գինին մեզ արյուն դարձավ,
Մաս մը Պարսկաստան, մաս մը Տաճկաստան,
Մնացինք հայեր թշվառ անպաշտպան:
Այսչափ քնանալ մեզի հերիք է
Թմրիլն ու պառկիլ խիստ մեծ չարիք է
Սիրելն ու սիրվել արդեն բարիք է
Հայու զինվորին համար պարտիք է:
Շուքի պես անցան այս հինգ մեծ դարեր,
Լացին հայրենյաց դաշտեր ու սարեր.
Հերիք է մեզի, հերիք է, հայեր,
Հերիք մեր բաժին արցունք ու ավեր:
Եկեք միանանք, բանանք դպրոցներ
Մեր մատաղ մանկանց համար վարժոցներ
Վառենք, բորբոքենք սիրո հնոցներ
Մեր սառած սրտին ըլլան հալոցներ:
Արթնցեք, հայեր, քաջաց զավակներ,
Առեք միության տեգ ու նիզակներ.
Շուտով կազմեցեք սիրո խմբակներ,
Հագեք քաջության զեն ու զրահներ:
Այս երգը վերաբերում է XIX դարի վերջին, երբ հայությունը բաժանվել էր կուսակցությունների և միաբանվելու ու ընդհանուր թշնամու դեմ պայքարելու փոխարեն միմյանց դեմ էին պայքարում: Երգում նախ հիշատակվում է Համաշխարհային Մեծ Ջրհեղեղից հետո Մասիս լեռան վրա հանգրվանած Նոյյան տապանը, որտեղից Նոյի բաց թողած աղավնին, ինչպես այն ժամանակ էր ավետել ջրերի ետ քաշվելու և նոր կյանքի սկզբի մասին, այնպես էլ հիմա եկել, իջել է Տավրոս լեռան գագաթին և այնտեղից Հայկի սերնդին ավետում է Թորգոմա զարմի վրա նոր գարուն ծագելու մասին: Հիմա, թեև աղավնին գարուն է ավետում, բայց հայությունը, մոռացած հայրենիք, սիրով միաբանվելու փոխարեն ատելություն են տածում միմյանց հանդեպ, ինչի արդյունքում կորցրել են նախնյաց փառքն ու վասպուրականը: Երգողը հիշեցնում է, որ հինգ հարյուր տարի, կարծես քնել էր մեր ժողովուրդը՝ մոռացած թե՛ Աստծուն, թե՛ մեր եղբայրներին: Դրա պատճառով, կամ, ինչպես կգրեին մեր պատմիչները՝ մեր բազում մեղքերի պատճառով, երկինքը բարկացավ մեր դեմ, պատուհասեց մեր հայրենիքին՝ մատնելով լացի, որի մի մասը տքնում է Պարսկաստանի, մյուս մասը՝ Տաճկաստանի (Թուրքիայի) լծի տակ: Եվ կոչ է հնչում արթնանալ այս հին թմբիրից, միաբանվել սիրով ու այդ սերը սերմանել հայ զինվորի սրտում: Եվ ազգին արթնացնելու միջոցը երգով իր հայրենակիցներին դիմողը տեսնում է դպրոցում, որտեղ պետք է մանկանց սրտերում սիրո հուր բորբոքել առ հայրենիք և առ միմյանս: Եվ այդ սիրով կրթված մանուկները վաղը կդառնան քաջ զինվորներ, որոնք տեգ ու նիզակ կճոճեն թշնամու դեմ հանուն հայրենյաց ու կազատագրեն Հայաստանը օտարի լծից: