Այս պատմությունը սկիզբ է առնում 1498 թվականից, երբ Վասպուրականի Քաջբերունիք գավառի Ասպիսնակ գյուղում Թուրվանդա անունով մի իշխան Տեր Բարսեղ քահանային պատվիրեց ընդօրինակել Ավետարանը: Այն ժամանակ դժվար էր նույնիսկ կռահելը, որ հետագայում վանեցիները պիտի այդքան կապվեին ձեռագրի հետ, և երբ 17-րդ դարում Շահ-Աբաս 5-րդ արքան հայերին տեղահան էր անում, վերջիններս այն իրենց հետ տեղափոխեցին Պարսկաստան: Հայտնի է, որ Փերիայում՝ Իրանի ամենահայաբնակ գավառներից մեկում, ապրել է Տեր Գրիգորը, ով հետագայում իր ձեռքով Ավետարանը տեղափոխել է նահանգի գյուղերից մեկը՝ Շուրիշկան. այստեղից էլ՝ ավետարանի ներկայիս անվանումը: Պատմում են, որ Տեր Գրիգորը Սուրբ Գիրքը հսկել է աչքի լույսի պես, նրա հետ գաղթի երկար ճանապարհ է անցել: Քահանան այնքան հնարամիտ է գտնվել, որ գիրքը կապել է իր մեջքին՝ այծի մորթուց պատրաստված տիկի մեջ` պահպանելով վտանգներից ու ամեն կարգի արտաքին ներգործություններից:
Սակայն կորստի վտանգը դեռ կար, և Շուրիշկանում վանեցիները որոշում են թաքցնել ավետարանը: Նրանք հարմար մի վայր են ընտրում Սուրբ Բարսեղ Կեսարացու վանքի տարածքում, գիրքը թաղում են հողում, ապա վրան ուռենու շիվ են տնկում` իբրև նշան, որպեսզի տեղը չկորցնեն: Հետո պիտի գլորվեին յոթ երկար ու ձիգ տարիներ: Ուռենին հասակ էր առել, փարթամ սաղարթ էր կապել` դառնալով ավետարանի փրկության խորհրդանիշը: Իսկ այնտեղ, որտեղ թաղված է եղել գիրքը, նաև աղբյուր էր գոյացել, որի բուժիչ ջրերի մասին լեգենդներ էին պատմում: Ահա այսպես, յոթ տարի շարունակ ձեռագիրը մնացել էր ուռենու արմատների տակ, աղբյուրից անդադար բխող ջրերի մեջ` վստահված միայն ճակատագրի կամքին …
Եվ որքան մեծ էր նրանց զարմանքը, ում վիճակվել էր տարիներ անց կրկին լույս աշխարհ դուրս բերել ձեռագիր մատյանը, երբ տեսել էին, որ գիրքը մնացել էր անվնաս: Ո´չ ջուրը, ո´չ հողը, ո´չ ժամանակը ի զորու չէին եղել իրենց հետքը թողնել նրա վրա: Ավետարանի 322 թերթից միայն առաջին երեք էջերն էին թեթևակի վնասվել: Բայց առաջվանն էին անկրկնելի մանրանկարները, կիսախորան-անվանաթերթերը և լուսանցքազարդերը: Նույնն էր կաշեպատ կազմը` պատված արծաթե բարձրաքանդակ ականակուռ կրկնակազմով, զարդարված թանկարժեք քարերով (ըստ ավանդույթի, դրանք մի պարսիկ փաշայի նվիրատվությունն էին՝ իր որդուն Ավետարանի միջոցով բուժելու համար): Պատմությանը այսպիսի քանի՞ դեպք է հայտնի, երբ որևէ գիրք տարիներով ջրասույզ է արվել, ծածկվել է հողով ու արմատներով, իսկ հետո դուրս է բերվել այնտեղից այն նույն տեսքով, ինչպիսին եղել էր նախկինում:
Հետագայում այդ վայրն անվանեցին «Պապի աղբյուր», դրա մոտ կառուցվեց մատուռ, որը դարձավ սրբատեղի հազարավոր ուխտավորների համար: Մարդիկ, արդեն, ավելի մեծ հավատով էին լցվել ավետարանի զորավոր ուժի նկատմամբ. շատ հիվանդներ, հայցելով դրա զորությունը, բժշկվում էին, բազմաթիվ անպտուղ կանայք, այդ սուրբ գրքին դիմելուց հետո, մայրանում էին: Անգամ պատմում են, որ համաճարակների ժամանակ ավետարանը հրաշքներ է գործել. երբ ձեռագիրը հայտնվել է վտանգի օջախում, համաճարակն անմիջապես նահանջել է: Ավետարանի հռչակը հասել էր երկրի տարբեր հատվածներ, և շատ ուխտավորներ անմասն չէին մնացել բարեգործությունից: Նրանց թողած գումարով էլ Շուրիշկանում կառուցվեց ծխական դպրոց: Ավետարանի հռչակը, սակայն, միայն հայերի մոտ չէ, որ տարածվել էր. ամենաուշագրավ փաստերից մեկն էլ այն է, որ դրա մասին իմացել էին նաև օտարները, ավելին՝ պարսիկ իշխաններն իրենք էին արգելել ձեռք տալ Շուրիշկանի ավետարանին, դրա զորությունն ընդունելով բացարձակ` վեր ամեն կարգի կրոնական ու ազգային տարբերություններից:
Երկար ժամանակ ժողովուրդը կարողացել է առձեռն շփում ունենալ ավետարանի հետ, դիպչել դրան և դիմել խնդրանքով: Եվ միայն 1970-ականներին հրաշագործ գրքի դարավոր դեգերումները վերջ գտան, երբ Հայաստան ներգաղթած Շուրիշկանի բնակիչների կողմից բերված գիրքը հանգրվանեց Հին ձեռագրերի ինստիտուտում:
Երբ կայցելեք Մատենադարան, դուք էլ մոտեցեք այն ցուցափեղկին, որտեղ դրված է «Խնդրակատար» ավետարանը: Ձեր ձեռքը հպեք ապակուն ու մտքում ցանկություն պահեք: Ասում են՝ երազանքն անպայման իրականություն կդառնա:
Աղբյուր ՝http://Մագաղաթ.am