Ավ. ըստ Ղուկասի 9.18-36
18 Եւ երբ նա առանձին աղօթքի էր կանգնել, նրա հետ էին նաեւ իր աշակերտները: Նրանց հարցրեց եւ ասաց. «Ժողովուրդը իմ մասին ի՞նչ է ասում. ո՞վ եմ»: 19 Եւ նրանք պատասխանեցին եւ ասացին՝ Յովհաննէս Մկրտիչը. եւ ոմանք թէ՝ Եղիան, իսկ ուրիշներ թէ՝ նախնիներից մի մարգարէ յարութիւն է առել: 20 Ասաց նրանց. «Դո՞ւք իմ մասին ինչ էք ասում. ո՞վ եմ»: Պետրոսը պատասխանեց եւ ասաց. «Աստծոյ Քրիստոսը»: 21 Նա սաստեց նրանց եւ պատուիրեց ոչ ոքի չասել այդ: 22 Ապա ասաց. «Մարդու Որդին պէտք է շատ չարչարուի եւ անարգուի քահանայապետներից եւ ծերերից ու օրէնսգէտներից. եւ սպանուի ու երրորդ օրը յարութիւն առնի»: 23 Եւ ամէնքին ասում էր. «Եթէ մէկը կամենում է իմ յետեւից գալ, թող ուրանայ իր անձը եւ իր խաչը մշտապէս վերցնի եւ գայ իմ յետեւից. 24 որովհետեւ ով որ կամենայ իր անձը փրկել, այն պիտի կորցնի, իսկ ով որ իր անձն ինձ համար կորցնի, այն պիտի փրկի: 25 Ի՞նչ օգուտ է մարդուն, եթէ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի ու տուժի. 26 որովհետեւ ով որ ինձ եւ իմ խօսքերը ամօթ համարի, նրան մարդու Որդին էլ ամօթահար պիտի անի, երբ գայ իր եւ Հօր եւ սուրբ հրեշտակների փառքով: 27 Բայց արդարեւ, ասում եմ ձեզ, թէ այստեղ գտնուողների մէջ կան ոմանք, որոնք մահ չպիտի ճաշակեն, մինչեւ որ տեսնեն Աստծոյ արքայութիւնը»: 28 Եւ այս խօսքերից մօտ ութ օր յետոյ, իր հետ վերցնելով Պետրոսին, Յակոբոսին եւ Յովհաննէսին, նա լեռ ելաւ աղօթքի կանգնելու: 29 Եւ երբ աղօթքի էր կանգնած, նրա երեսի տեսքը այլակերպուեց, նրա զգեստը փոխուեց եւ փայլուն-սպիտակ դարձաւ: 30 Եւ ահա երկու մարդիկ խօսում էին նրա հետ: Նրանք Մովսէսն ու Եղիան էին, 31 որոնք, փառքով երեւալով, խօսում էին նրա վախճանի մասին, որ պիտի տեղի ունենար Երուսաղէմում: 32 Իսկ Պետրոսը եւ նրա հետ գտնուողները քնի ծանրութեան տակ արթնացան ու տեսան նրա փառքը եւ երկու մարդկանց, որոնք նրա մօտ կանգնած էին: 33 Եւ երբ սրանք նրանից հեռանում էին, Պետրոսը Յիսուսին ասաց. «Վարդապե՛տ, լաւ է, որ մենք այստեղ ենք. երեք տաղաւար շինենք, մէկը՝ քեզ, մէկը՝ Մովսէսի եւ մէկը՝ Եղիայի համար»: Եւ չէր իմանում, թէ ինչ է խօսում: 34 Եւ երբ այս ասում էր, մի ամպ եկաւ ու նրանց վրայ հովանի եղաւ. եւ երբ նրանք ամպի տակ ընկան, վախեցան: 35 Ամպից մի ձայն եկաւ, որ ասում էր. «Դա է իմ ընտրեալ Որդին, նրա՛ն լսեցէք»: 36 Եւ մինչ խօսքի ձայնը դեռ գալիս էր, Յիսուս միայնակ գտնուեց. եւ նրանք լսեցին ու այդ օրերին ոչ ոքի չպատմեցին իրենց տեսածներից եւ ոչ մի բան:
Գործք 13.16-43
16 Պօղոսը ոտքի կանգնեց, ձեռքը շարժեց ու ասաց. «Ո՛վ իսրայէլացիներ եւ դուք, որ Աստծուց երկնչում էք, լսեցէ՛ք. 17 Իսրայէլի այս ժողովրդի Աստուածը ընտրեց մեր հայրերին եւ Եգիպտացիների երկրում պանդխտութեան ժամանակ ժողովրդին բարձրացրեց ու հզօր բազուկով նրանց այնտեղից հանեց: 18 Եւ շուրջ քառասուն տարի ժամանակով անապատում նրանց կերակրեց: 19 Եւ Քանանի երկրում եօթ ազգեր խորտակելով՝ նրանց հողը որպէս ժառանգութիւն տուեց նրանց: 20 Եւ դրանից յետոյ շուրջ չորս հարիւր յիսուն տարի նրանց տուեց դատաւորներ՝ մինչեւ Սամուէլ մարգարէն: 21 Եւ այնուհետեւ թագաւոր խնդրեցին. ու Աստուած թագաւոր տուեց նրանց Բենիամինի ցեղից Կիսի որդուն՝ Սաւուղին, քառասուն տարի: 22 Եւ երբ նրան փոխեց, նրանց համար մէջտեղ բերեց Դաւթին որպէս թագաւոր, որի մասին եւ վկայելով՝ ասաց. “Գտայ Յեսսէի որդի Դաւթին՝ իմ սրտով մի մարդու, որը պիտի կատարի իմ ամբողջ կամքը”: 23 Աստուած, ըստ իր խոստման, նրա սերնդից յարուցեց Իսրայէլի համար մի Փրկչի՝ Յիսուսին: 24 Նրա գալստից առաջ նրա առջեւից գնացողը՝ Յովհաննէսը, Իսրայէլի ամբողջ ժողովրդին քարոզել էր ապաշխարել եւ մկրտուել: 25 Եւ երբ Յովհաննէսն իր գործունէութեան ընթացքն աւարտեց, ասաց. “Իմ մասին ի՞նչ էք կարծում, ո՞վ եմ. ես Քրիստոսը չեմ, այլ ահա իմ յետեւից գալիս է նա, որի ոտքերի կօշիկներն արձակելու արժանի չեմ”: 26 Եղբայրնե՛ր, Աբրահամի տոհմի որդինե՛ր եւ ձեր մէջ նրանք, որ Աստծուց երկնչում են, ձեզ ուղարկուեց փրկութեան այս խօսքը. 27 բայց Երուսաղէմում բնակուողները եւ նրանց իշխանաւորները չճանաչեցին Յիսուսին եւ նրան դատապարտելով՝ կատարեցին մարգարէների խօսքը, որ ամէն շաբաթ ընթերցում էին: 28 Եւ մահուան արժանի ոչ մի յանցանք չգտնելով՝ Պիղատոսին խնդրեցին սպանել նրան: 29 Եւ երբ կատարեցին այն ամէնը, ինչ նրա մասին գրուած էր, խաչափայտից իջեցնելով նրան՝ գերեզման դրեցին: 30 Բայց Աստուած մեռելներից յարութիւն տուեց նրան, որ բազում օրեր երեւաց նրանց, 31 որոնք նրա հետ Գալիլիայից Երուսաղէմ էին բարձրացել եւ որոնք այժմ իսկ ժողովրդի առաջ նրա վկաներն են: 32 Եւ մենք ձեզ աւետարանում ենք այն խոստումը, որ արուած էր մեր հայրերին, 33 եւ Աստուած նոյնը կատարեց մեզ՝ նրանց որդիների համար՝ յարութիւն տալով Յիսուսին, ինչպէս գրուած է երկրորդ սաղմոսում. “Դու իմ Որդին ես, եւ ես այսօր ծնեցի քեզ”: 34 Եւ որ նրան յարութիւն տուեց մեռելներից ու այլեւս ապականութեան չի դառնալու, այդ մասին այսպէս է ասում. “Ձեզ պիտի տամ Դաւթին խոստացուած վստահելի սրբութիւնները”: 35 Ուստի եւ մի ուրիշ տեղում էլ ասում է. “Քո Սրբին ապականութիւն տեսնել չես տայ”: 36 Սակայն Դաւիթն իր սերնդի ժամանակ ծառայեց եւ Աստծոյ կամքով վախճանուեց ու աւելացաւ իր հայրերի վրայ, եւ նրա մարմինը ապականութիւն տեսաւ: 37 Բայց Յիսուս, որին Աստուած յարութիւն տուեց, ապականութիւն չտեսաւ: 38 Եղբայրնե՛ր, թող ձեզ յայտնի լինի, որ նրանով է ձեզ համար մեղքերի թողութիւն աւետարանւում. 39 եւ այն ամէնից, որոնցից չկարողացաք Մովսէսի օրէնքով արդարանալ, նրանով կարդարանայ, ով հաւատում է: 40 Զգո՛յշ կացէք, գուցէ ձեր գլխին գայ այն, ինչ ասուած է մարգարէների գրուածքներում. 41 “Տեսէ՛ք, արհամարհողնե՛ր, եւ զարմացէ՛ք ու չքուեցէ՛ք. ես ձեր օրերում մի գործ եմ կատարելու, այնպիսի մի գործ, որին չպիտի հաւատաք, եթէ մէկը ձեզ պատմի այն”»: 42 Եւ երբ Բառնաբասն ու Պօղոսը այնտեղից ելան, աղաչում էին, որ միւս շաբաթ էլ նոյն բաներն ասեն իրենց: 43 Եւ երբ ժողովուրդը ցրուեց, հրեաներից ու հրէութեան դարձած աստուածապաշտներից շատերը գնում էին Պօղոսի եւ Բառնաբասի յետեւից, որոնք խօսում էին նրանց հետ ու համոզում նրանց, որ շարունակեն մնալ Աստծոյ շնորհի մէջ:
Ա Պետրոս 5.1-14
1 Ուրեմն, աղաչում եմ երէցներին՝ ես էլ նոյնպէս լինելով երէց ու վկայ Քրիստոսի չարչարանքների եւ մասնակից գալիք փառքի յայտնութեան. 2 արածեցրէ՛ք Աստծոյ այդ հօտը, որ ձեզ է յանձնուած, վերակացու լինելով ոչ թէ հակառակ ձեր կամքին, այլ՝ յօժարակամ, ըստ Աստծոյ՝ ոչ թէ շահախնդրութեամբ, այլ յօժարութեամբ 3 ոչ թէ տիրելով նրանց, որ բաժին են ընկած ձեզ, այլ օրինակ լինելով հօտին, 4 որպէսզի երբ Հովուապետը երեւայ, փառքի անթառամ պսակն ընդունէք: 5 Նոյնպէս եւ դուք, երիտասարդնե՛ր, հնազա՛նդ եղէք ծերերին. բոլորդ միմեանց հանդէպ խոնարհութիւն ունեցէք, քանի որ «Աստուած հակառակ է ամբարտաւաններին, իսկ խոնարհներին տալիս է շնորհ»: 6 Խոնարհուեցէ՛ք Աստծոյ հզօր ձեռքի տակ, որպէսզի ժամանակին նա ձեզ բարձրացնի: 7 Ձեր բոլոր հոգսերը նրա վրա՛յ գցէք, որովհետեւ նա է, որ հոգում է ձեր մասին: 8 Արթո՛ւն եղէք, հսկեցէ՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առիւծի պէս, շրջում եւ փնտրում է, թէ ում կուլ տայ: 9 Դիմադրեցէ՛ք նրան՝ հաստատուն լինելով հաւատի մէջ. իմացէ՛ք, որ ձեր եղբայրներն էլ աշխարհում կրում են նոյն չարչարանքները: 10 Եւ բոլոր շնորհների Աստուածը, որ ձեզ կոչեց իր յաւիտենական փառքին Քրիստոս Յիսուսի միջոցով, որին մի փոքր ժամանակ չարչարակից պիտի լինէք, թող վերականգնի, զօրացնի, հաստատահիմն դարձնի ձեզ: 11 Նրան իշխանութի՜ւն եւ փա՜ռք յաւիտեանս: Ամէն: 12 Սիղուանոսի միջոցով, որ հաւատարիմ եղբայր է, ինչպէս ես եմ կարծում, մի փոքր բան գրեցի ձեզ՝ յորդորելու եւ վկայելու համար, որ Աստծոյ ճշմարիտ շնորհն այս է. դրանում հաստա՛տ մնացէք: 13 Ձեզ ողջունում է Բաբելոնում գտնուող եկեղեցին, որ ընտրուած է ձեզ նման, ինչպէս նաեւ՝ իմ որդի Մարկոսը: 14 Ողջունեցէ՛ք միմեանց սուրբ համբոյրով: Խաղաղութի՜ւն ձեզ բոլորիդ, որ Քրիստոս Յիսուսի մէջ էք: Ամէն:
Ավ. ըստ Հովհաննեսի 5.19-30
19 Յիսուս ասաց նրանց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. մարդու Որդին ինքն իրենից ոչինչ չի կարող անել, եթէ չտեսնի Հօրը, որ գործում է. որովհետեւ ինչ որ Հայրն է անում, նոյնը նրա նման եւ Որդին է գործում, 20 քանի որ Հայրը սիրում է Որդուն եւ այն ամէնը, ինչ ինքն է անում, ցոյց է տալիս նրան. եւ նրան ցոյց կտայ սրանից շատ աւելի մեծ գործեր, որոնց վրայ դուք կզարմանաք. 21 որովհետեւ ինչպէս որ Հայրը յարութիւն է տալիս մեռելներին եւ կենդանացնում է, նոյնպէս եւ Որդին կենդանացնում է, ում կամենայ: 22 Սակայն Հայրը ոչ մէկին չի դատում, այլ ամէն դատաստան տուել է իր Որդուն, 23 որպէսզի ամէնքը պատուեն Որդուն, ինչպէս պատւում են Հօրը: Ով Որդուն չի պատւում, չի պատւում եւ Հօրը՝ նրան առաքողին: 24 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ով իմ խօսքը լսում է եւ հաւատում է նրան, ով ինձ առաքեց, ընդունում է յաւիտենական կեանքը եւ չի դատապարտւում, այլ մահուանից կեանք անցաւ: 25 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ կգայ ժամանակ, եւ արդէն իսկ եկել է, երբ մեռելները կլսեն Աստծոյ Որդու ձայնը, եւ նրանք, որ կլսեն, կապրեն, 26 որովհետեւ ինչպէս Հայրն ինքն իր մէջ կեանք ունի եւ կեանք է տալիս, նոյնպէս եւ Որդուն տուեց ինքն իր մէջ կեանք ունենալ եւ տալ: 27 Եւ նրան իշխանութիւն տուեց դատաստան անելու, քանի որ մարդու Որդի է. 28 դրա վրայ ինչո՞ւ էք զարմանում, որովհետեւ կգայ ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում են, կլսեն նրա ձայնը 29 եւ դուրս կգան. ովքեր բարի գործեր են արել՝ կեանքի յարութեան համար, իսկ ովքեր չար գործեր են արել՝ դատաստանի յարութեան համար: 30 Ես ինքս ինձնից ոչինչ անել չեմ կարող, այլ ինչպէս լսում եմ Հօրից, դատում եմ, եւ իմ դատաստանն արդար է, որովհետեւ ոչ թէ իմ կամքն եմ որոնում, այլ նրա կամքը, ով ինձ առաքեց»:
Ավ. ըստ Մատթեոսի 11.25-30
25 Այն ժամանակ Յիսուս պատասխան տուեց եւ ասաց. «Գոհութիւն եմ յայտնում քեզ, Հա՛յր, Տէ՛ր երկնքի եւ երկրի, որ ծածկեցիր այս բանը իմաստուններից եւ գիտուններից ու յայտնեցիր մանուկներին: 26 Այո՛, Հա՛յր, քանի որ այսպէս հաճելի եղաւ քեզ: 27 Ամենայն ինչ տրուեց ինձ իմ Հօրից. եւ ոչ ոք չի ճանաչում Որդուն, եթէ ոչ՝ Հայրը. եւ ոչ ոք չի ճանաչում Հօրը, եթէ ոչ՝ Որդին, եւ նա, ում Որդին ուզի յայտնել: 28 Եկէ՛ք ինձ մօտ, բոլոր յոգնածնե՛րդ ու բեռնաւորուածնե՛րդ, եւ ես ձեզ կհանգստացնեմ: 29 Իմ լուծը ձեզ վրա՛յ վերցրէք եւ սովորեցէ՛ք ինձնից, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ. եւ ձեզ համար հանգիստ պիտի գտնէք, 30 որովհետեւ իմ լուծը քաղցր է, եւ իմ բեռը՝ թեթեւ»:
Ավ. ըստ Մարկոսի 4.26-34
26 Եւ ասում էր. «Այսպէս է Աստծոյ արքայութիւնը. որպէս թէ մի մարդ հողի մէջ սերմեր ցանի. 27 եւ նա ննջի թէ վեր կենայ, գիշեր եւ ցերեկ սերմերը կբուսնեն ու կաճեն, 28 եւ նա չի իմանայ, թէ հողը ինքն իրենից բերք է տալիս. նախ՝ խոտը, ապա՝ հասկը, եւ ապա՝ ատոք ցորենը հասկի մէջ: 29 Սակայն երբ սերմն իր պտուղը տայ, իսկոյն մանգաղ է ուղարկում, որովհետեւ հնձի ժամանակը հասել է»: 30 Եւ ասում էր. «Ինչի՞ նմանեցնենք Աստծոյ արքայութիւնը կամ ի՞նչ օրինակով ներկայացնենք այն. 31 նման է մանանեխի հատիկին, որը երբ սերմանւում է հողի մէջ, աւելի մանր է լինում, քան երկրի վրայի բոլոր սերմերը. 32 իսկ երբ սերմանուի, բուսնում եւ լինում է աւելի մեծ, քան ամէն տունկ, եւ արձակում է մեծ ճիւղեր՝ այնքան, որ երկնքի թռչունները նրա հովանու տակ կարող են բնակուել»: 33 Եւ այնպիսի առակներով էր նրանց ասում խօսքը, որ կարողանային հասկանալ: 34 Եւ առանց առակի նրանց հետ ոչինչ չէր խօսում, բայց իր աշակերտների համար առանձին ամէն ինչ մեկնում էր: