Ավ. ըստ Ղուկասի 11.33-12.12
11.33 Ոչ ոք ճրագ վառելով ծածուկ տեղ չի դնի, այլ կդնի աշտանակի վրայ, որպէսզի մտնողը լոյսը տեսնի: 34 Մարմնի ճրագը աչքն է. երբ աչքը առողջ է, ամբողջ մարմինը լուսաւոր կլինի, իսկ երբ աչքը պղտոր է, մարմինն էլ խաւար կլինի: 35 Արդ, զգո՛յշ եղիր. գուցէ այն լոյսը, որ քո մէջ է, խաւար լինի: 36 Եթէ քո ամբողջ մարմինը լուսաւոր է, եւ նրա մէջ խաւարի մաս չկայ, ամէն ինչ այնպէս լուսաւոր կլինի, ինչպէս երբ ճրագը իր շողերով լուսաւորի քեզ»: 37 Եւ մինչդեռ նա խօսում էր այս բաները, մի փարիսեցի աղաչում էր նրան, որ իր մօտ ճաշի: Եւ նա մտնելով սեղան նստեց: 38 Երբ փարիսեցին տեսաւ, զարմացաւ, որովհետեւ Յիսուս ճաշից առաջ չլուացուեց: 39 Տէրը նրան ասաց. «Այժմ դուք՝ փարիսեցիներդ, բաժակի եւ պնակի արտաքինն էք մաքրում, իսկ ձեր ներքինը լի է յափշտակութեամբ եւ չարութեամբ: 40 Անմիտնե՛ր, չէ՞ որ նա, ով արտաքինը ստեղծեց, նաեւ ներքինը ստեղծեց: 41 Բայց տեսէ՛ք, թէ ինչն է իսկապէս արժան. ողորմութի՛ւն տուէք, եւ ահա ձեր ամէն ինչը մաքուր կլինի: 42 Բայց վա՜յ ձեզ՝ փարիսեցիներիդ, որ տասանորդ էք տալիս անանուխից, փեգենայից եւ ամէն տեսակ բանջարեղէնից, բայց զանց էք առնում Աստծոյ արդարութիւնն ու սէրը. այս բաները պէտք էր անել, բայց միւսները զանց չառնել: 43 Վա՜յ ձեզ՝ փարիսեցիներիդ, որ ժողովարաններում բարձր գահերն էք սիրում եւ հրապարակներում՝ առաջին ողջոյնները ստանալ: 44 Վա՜յ ձեզ, որ անյայտ գերեզմանների պէս էք. մարդիկ քայլում են նրանց վրայով եւ չգիտեն»: 45 Օրէնսգէտներից մէկը պատասխանեց եւ ասաց նրան. «Վարդապե՛տ, այդ բաներն ասելով՝ մեզ էլ ես նախատում»: 46 Եւ նա ասաց. «Վա՜յ ձեզ եւս, օրէնսգէտնե՛ր, որ մարդկանց դժուարակիր բեռներ էք բարձում, բայց դուք ինքներդ մէկ մատով իսկ բեռներին չէք դիպչում: 47 Վա՜յ ձեզ, որ մարգարէներին շիրիմներ էք շինում, իսկ ձեր հայրերը նրանց սպանեցին: 48 Դրանով իսկ դուք վկայում էք, թէ կամակից էք ձեր հայրերի գործերին, որովհետեւ նրանք կոտորեցին մարգարէներին, իսկ դուք նրանց գերեզմաններ էք շինում: 49 Դրա համար Աստծոյ իմաստութիւնն ասաց. նրանց մէջ մարգարէներ եւ առաքեալներ կուղարկեմ, եւ նրանցից ոմանց պիտի սպանեն եւ հալածեն, 50 որպէսզի այդ սերնդից պահանջուի արիւնը բոլոր մարգարէների՝ թափուած աշխարհի սկզբից՝ 51 Աբէլի արիւնից մինչեւ արիւնը Զաքարիայի, որը կորստեան մատնուեց խորանի եւ տաճարի միջեւ. այո՛, ասում եմ ձեզ, պիտի պահանջուի այդ սերնդից: 52 Վա՜յ ձեզ՝ օրէնսգէտներիդ, որ թաքցնում էք գիտութեան բանալիները. դուք չէք մտնում եւ մտնողներին էլ արգելում էք»: 53 Եւ երբ այս բոլորը նրանց ասաց ամբողջ ժողովրդի առաջ, ամօթահար եղան. եւ օրէնսգէտներն ու փարիսեցիները սկսեցին խիստ չարանալ եւ բանավէճի բռնուել նրա հետ շատ բաների համար: 54 Եւ սպասում էին նրա բերանից ինչ-ինչ խօսքեր որսալ, որպէսզի չարախօսեն նրա մասին:
12.1 Մինչ Յիսուսի շուրջը բիւրաւոր ժողովուրդ հաւաքուեց իրար կոխոտելու աստիճան, նա սկսեց նախ իր աշակերտներին ասել. «Նախ դուք ձեզ զգո՛յշ պահեցէք փարիսեցիների խմորից, որ կեղծաւորութիւնն է, 2 որովհետեւ չկայ ծածուկ բան, որ չյայտնուի, եւ գաղտնի բան, որ չիմացուի, 3 քանի որ ինչ որ խաւարի մէջ ասէք, լսելի պիտի լինի լոյսի մէջ. եւ ինչ որ շտեմարաններում փսփսաք ականջների մէջ, պիտի քարոզուի տանիքների վրայ: 4 Բայց ասում եմ ձեզ՝ իմ սիրելիներին. մի՛ զարհուրէք նրանցից, որ մարմինն են սպանում եւ դրանից յետոյ աւելի բան անել չեն կարող, 5 այլ ցոյց կտամ ձեզ, թէ ումից պէտք է վախենաք: Վախեցէ՛ք Նրանից, ով սպանելուց յետոյ գեհեն նետելու իշխանութիւն ունի: Այո՛, ասում եմ ձեզ. վախեցէ՛ք Նրանից: 6 Չէ՞ որ հինգ ճնճղուկը երկու դահեկանի է վաճառւում, եւ նրանցից ոչ մէկը Աստծոյ առաջ մոռացուած չէ: 7 Նոյնիսկ ձեր գլխի բոլոր մազերը հաշւուած են. մի՛ վախեցէք, որովհետեւ դուք շատ աւելի յարգի էք, քան ճնճղուկները: 8 Ասում եմ ձեզ. ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: 9 Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի: 10 Եւ ով որ մարդու Որդու դէմ բան ասի, նրան պիտի ներուի, բայց ով որ Սուրբ Հոգուն հայհոյի, նրան չպիտի ներուի: 11 Իսկ երբ ձեզ տանեն ժողովարանների, կառավարիչների եւ իշխանաւորների առաջ, մի՛ մտահոգուէք, թէ ինչպէս կամ ինչ պատասխան պիտի տաք եւ կամ ինչ պիտի ասէք, 12 որովհետեւ Սուրբ Հոգին նոյն ժամին կսովորեցնի ձեզ, թէ ինչ պէտք է խօսել»:
Գործք 17.1-15
1 Եւ Ամփիպոլիս ու Ապողոնիա քաղաքների միջով անցնելով՝ եկան Թեսաղոնիկէ, ուր հրեաների ժողովարան կար: 2 Եւ, ըստ իր սովորութեան, Պօղոսը մտաւ նրանց մօտ եւ երեք շաբաթ օրեր նրանց հետ խօսեց Գրքերից: 3 Բաց էր անում Գրքերը եւ նրանց ապացուցում, որ Քրիստոս պէտք է չարչարուէր ու մեռելներից յարութիւն առնէր. եւ ասում էր. «Նա է Քրիստոսը՝ Յիսուսը, որին ես քարոզում եմ ձեզ»: 4 Եւ նրանցից ոմանք համոզուեցին եւ յարեցին Պօղոսին ու Շիղային: Բացի դրանցից, կային նաեւ աստուածապաշտ հեթանոսներ եւ թուով ոչ սակաւ երեւելի կանայք: 5 Իսկ հրեաները նախանձեցին եւ վերցնելով գռեհիկ, անօրէն մի քանի մարդկանց՝ ամբոխ կազմեցին եւ քաղաքը յուզեցին. եւ Յասոնի տան առաջ կուտակուելով՝ ուզում էին Պօղոսին եւ Շիղային հրապարակ տանել: 6 Եւ երբ նրանց չգտան, Յասոնին եւ եղբայրներից ոմանց քարշ տուեցին քաղաքապետների մօտ՝ բողոք բարձրացնելով, թէ՝ «Սրանք, որ աշխարհը յուզեցին, այստեղ էլ են հասել, 7 եւ Յասոնը նրանց ընդունել է. եւ սրանք բոլորը կայսեր հրամաններին հակառակ են գործում. մի ոմն Յիսուսի մասին ասում են, թէ թագաւոր է»: 8 Եւ գրգռեցին ժողովրդին ու քաղաքապետներին, որ այս բաները լսում էին: 9 Բայց երաշխիք ստանալով Յասոնից եւ ուրիշներից՝ արձակեցին նրանց: 10 Բայց եղբայրները գիշերով շտապ ճանապարհ դրեցին դէպի Բերիա Պօղոսին եւ Շիղային, որոնք երբ այստեղ հասան, գնացին հրեաների ժողովարանը, 11 քանի որ սրանք աւելի ազնիւ մարդիկ էին, քան թէ Թեսաղոնիկէում եղածները: Սրանք ամենայն յօժարութեամբ ընդունեցին խօսքը. ամբողջ ժամանակ քննում էին գրուածքները՝ իմանալու, թէ այդ բաները այդպէ՞ս են: 12 Նրանցից շատերը հաւատացին, ինչպէս նաեւ թուով ոչ սակաւ յոյն երեւելի կանայք եւ տղամարդիկ: 13 Բայց Թեսաղոնիկէի հրեաները երբ իմացան, թէ Բերիայում էլ Պօղոսի կողմից քարոզուեց Աստծոյ խօսքը, այնտեղ էլ եկան՝ ժողովրդի բազմութիւնը յուզելու եւ գրգռելու: 14 Այն ժամանակ եղբայրները Պօղոսին իսկոյն ուղարկեցին, որ գնայ մինչեւ ծովեզր, իսկ Շիղան եւ Տիմոթէոսը մնացին այնտեղ: 15 Եւ ովքեր Պօղոսին տանում էին, նրան հասցրին մինչեւ Աթէնք եւ, Շիղային ու Տիմոթէոսին ուղղուած պատուէր ստանալով, որ շտապ նրա մօտ գան, իրենք վերադարձան:
Ա Հովհաննես 1.1-10
1 Խօսում ենք նրա մասին, որ սկզբից էր, որի մասին լսեցինք, որին ականատես իսկ եղանք, որին նայեցինք, եւ որին մեր ձեռքերը շօշափեցին, այսինքն՝ Կենաց Բանը: 2 Նա նոյն ինքը կեանքն էր, որ յայտնուեց, մենք այն տեսանք, վկայում ենք եւ պատմում ենք ձեզ այն յաւիտենական կեանքի մասին, որ Հօր մօտ էր եւ յայտնուեց մեզ: 3 Ինչ որ տեսանք եւ լսեցինք, պատմում ենք ձեզ, որպէսզի դուք էլ հաղորդակից լինէք նրան մեզ հետ, ինչպէս որ մենք հաղորդութիւն ունենք Հօր հետ եւ նրա Որդու՝ Յիսուս Քրիստոսի հետ: 4 Եւ այս բանը գրում ենք ձեզ, որպէսզի ձեր ուրախութիւնը կատարեալ լինի: 5 Եւ այս է այն պատգամը, որը լսեցինք նրանից եւ պատմում ենք ձեզ. Աստուած լոյս է, եւ նրա մէջ խաւար չկայ, բոլորովի՛ն չկայ: 6 Եթէ ասենք, թէ հաղորդութեան մէջ ենք նրա հետ, բայց քայլենք խաւարի մէջ, ստում ենք եւ ճշմարտութիւնը չենք կատարում: 7 Իսկ եթէ լոյսի մէջ ենք քայլում, ինչպէս որ ինքն է լոյսի մէջ, հաղորդութեան մէջ ենք լինում միմեանց հետ, եւ նրա Որդու՝ Յիսուսի արիւնը մաքրում է մեզ ամէն մեղքից: 8 Եթէ ասենք՝ «Մենք ոչ մի մեղք չունենք», մենք մեզ ենք խաբում, եւ ճշմարտութիւն չկայ մեր մէջ: 9 Իսկ եթէ խոստովանենք մեր մեղքերը, հաւատարիմ է նա եւ արդար՝ մեր մեղքերը մեզ ներելու եւ մաքրելու համար մեզ ամէն անիրաւութիւնից: 10 Եթէ ասենք՝ «Չենք մեղանչել», սուտ ենք հանում նրան, եւ նրա խօսքը մեր մէջ չէ:
Ավ. ըստ Մատթեոսի 13.53-58
53 Երբ Յիսուս այս առակները վերջացրեց, այնտեղից մեկնեց: 54 Եւ գալով իր գաւառը՝ նրանց ուսուցանում էր իրենց ժողովարանում, այնպէս որ նրանք զարմանում ու ասում էին. «Սրան որտեղի՞ց են այս իմաստութիւնը եւ զօրութեան գործերը: 55 Սա հիւսնի որդին չէ՞. սրա մայրը չէ՞, որ Մարիամ է կոչւում. եւ սրա եղբայրները՝ Յակոբոս, Յովսէս, Սիմոն եւ Յուդա: 56 Եւ սրա քոյրերը բոլորը մեզ մօտ չե՞ն. եւ արդ, որտեղի՞ց է սրան այս բոլորը»: 57 Եւ նրանով գայթակղւում էին: Իսկ Յիսուս նրանց ասաց. «Չկայ անարգուած մարգարէ, բայց միայն՝ իր գաւառում եւ իր տանը»: 58 Եւ նրանց անհաւատութեան պատճառով այնտեղ զօրաւոր շատ գործեր չարեց:
Ավ. ըստ Մարկոսի 6.30-44
30 Առաքեալները հաւաքուեցին Յիսուսի մօտ ու նրան պատմեցին այն ամէնը, ինչ որ արել էին եւ ուսուցանել: 31 Եւ Յիսուս նրանց ասաց. «Եկէ՛ք դուք առանձին մի ամայի տեղ ու մի քիչ հանգստացէ՛ք». որովհետեւ եկող-գնացողները շատ էին. եւ հաց ուտելու անգամ ժամանակ չունէին: 32 Եւ նաւակով գնացին մի ամայի տեղ՝ առանձին: 33 Սակայն մարդիկ տեսան նրանց, որ գնում էին, եւ շատերը ճանաչեցին նրանց ու բոլոր քաղաքներից հետիոտն, խուռներամ այնտեղ վազեցին եւ մօտեցան նրանց: 34 Եւ նա, նաւակից դուրս ելնելով, մեծ ամբոխ տեսաւ ու գթաց նրանց, որովհետեւ նման էին ոչխարների, որոնք հովիւ չունեն. եւ սկսեց նրանց ուսուցանել շատ բաներ: 35 Երբ շատ ժամեր անցան, աշակերտները մօտենալով ասացին. «Սա ամայի տեղ է, մինչ օրը դեռ չի վերջացել, 36 արձակի՛ր այս ժողովրդին, որպէսզի գնան շրջակայքի ագարակներում եւ գիւղերում իրենց համար ուտելիք գնեն, որովհետեւ այստեղ ուտելու բան չունեն»: 37 Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Դո՛ւք նրանց ուտելիք տուէք»: Ասացին նրան. «Գնանք գնե՞նք երկու հարիւր դահեկանի հաց եւ նրանց տանք ուտելու»: 38 Ասաց նրանց. «Քանի՞ նկանակ ունէք, գնացէք տեսէ՛ք»: Երբ իմացան, նրան ասացին. «Հինգ նկանակ եւ երկու ձուկ»: 39 Եւ նա հրամայեց խումբ-խումբ նստեցնել նրանց դալար խոտի վրայ: 40 Եւ դաս-դաս նստեցին. տեղ-տեղ՝ հարիւր, տեղ-տեղ՝ յիսուն: 41 Եւ նա, վերցնելով հինգ նկանակը եւ երկու ձկները, նայեց դէպի երկինք, օրհնեց, մանրեց նկանակները եւ տուեց աշակերտներին, որպէսզի դնեն նրանց առաջ: Եւ երկու ձկներն էլ բաժանեց բոլորին: 42 Կերան ու յագեցան 43 եւ տասներկու սակառ լիքը կտորտանքները վերցրին, ինչպէս նաեւ՝ ձկներից: 44 Եւ նրանք, որ կերան, մօտ հինգ հազար հոգի էին:
Ավ. ըստ Հովհաննեսի 7.14-23
14 Տօնակատարութեան կէսին Յիսուս տաճար ելաւ եւ ուսուցանում էր: 15 Հրեաները զարմանում էին ու ասում. «Սա ինչպէ՞ս գիտէ գրուածքները, եթէ բնաւ չի սովորել»: 16 Յիսուս նրանց պատասխան տուեց եւ ասաց. «Իմ ուսուցումն իմը չէ, այլ՝ նրանը, ով ինձ ուղարկեց: 17 Եթէ մէկը ուզում է նրա կամքը կատարել, կիմանայ այս ուսուցման մասին, թէ Աստծո՞ւց է արդեօք, թէ՞ ես ինքս ինձնից եմ խօսում: 18 Ով ինքն իրենից է խօսում, իր համար է փառք փնտրում, իսկ ով փնտրում է նրա փառքը, ով իրեն ուղարկել է, նա ճշմարիտ է, եւ նրա մէջ սուտ բան չկայ: 19 Օրէնքը ձեզ Մովսէսը չտուե՞ց, բայց ձեզնից ոչ ոք օրէնքը չի կատարում: 20 Ինչո՞ւ էք ուզում ինձ սպանել»: Ժողովուրդը պատասխան տուեց ու ասաց. «Քո մէջ դեւ կայ. ո՞վ է ուզում քեզ սպանել»: 21 Յիսուս պատասխան տուեց նրանց ու ասաց. «Մի գործ արեցի, եւ ամէնքդ զարմացել էք: 22 Մովսէսը դրա համար ձեզ տուեց թլփատութիւնը (թէեւ այդ ոչ թէ Մովսէսից էր, այլ՝ հայրերից): 23 Եւ շաբաթ օրով մարդ էք թլփատում: Իսկ արդ, եթէ մարդը շաբաթ օրով թլփատւում է, որպէսզի Մովսէսի օրէնքը չխախտուի, ինձ վրա՞յ էք բարկացած, որ շաբաթ օրով մի ամբողջ մարդ բժշկեցի: