Աստվածասեր և բարեպաշտ թագավորին` Օգոստոս Կոստանդիանոսին, Կյուրեղից, որ եպիսկոպոս է Երուսաղեմում, խնդություն ի Տեր: Երուսաղեմից առաջին հերթին քո աստվածասեր թագավորությանն եմ առաքում նամակներիցս այս առաջինը, որն ընդունելը վայել է քեզ, իսկ տալը` ինձ: Շողոքորթ խոսքերով չի լցված, այլ երկնավորներին ազգակից Աստվածատեսությամբ, և ոչ թե ճարտասանների հավանությանը ձգտող ինչ-որ խոսքերի գեղեցկադիր շարադրանք ունի իր մեջ, այլ Սուրբ Ավետարանների կանխաձայնությունը` տեղի ունեցած դեպքերի միջոցով, որոնք ճշմարտությունն են վկայում: Քանզի ոմանք, ովքեր ստացվածք ունեն բազում անգամ պսակում են քո պատվական գլուխը` փայլուն, ոսկեհուռ և զանազան պայծառ քարերով պսակներ են բերում ու մատուցում, իսկ մենք քեզ երկրից չենք պսակում, որովհետև երկրից ընծայածներիս վախճանը` երկիրն է, այլ Քո աստվածասեր թագավորության ժամանակներում Երուսաղեմում կատարված երկնավոր դեպքերի Աստվածային զորությունն ենք շտապով ի գիտություն հանձնում քո բարեպաշտությանը: Ոչ թե նրա համար, որ իբրև թե այժմ անգիտությունից դեպի աստվածգիտություն գաս, այլ որպեսզի ժամանակ գտնես նաև ուրիշներին ուսուցանելու այն, ինչի մեջ որ բարեպաշտ ես և որպեսզի հաստատվես այն բանի մեջ, ինչ արդեն գիտեիր: Եվ թագավորությանդ սեփականությունը կալվածք ընդունելով` մեծ և երկնավոր աստվածառաք պսակով պատվված լինես, որպեսզի ամենաթագավոր Աստծուց սովորելով` վայելուչ գոհությամբ արդ վարձահատույց լինես և, քաջալերված թշնամիների դեմ մեծ հաղթությամբ, արդյունքներով լցնես Աստծուց սիրված, ուստի և հրաշակերտ կերպով քեզ հասած, քո թագավորությունը: Որովհետև Քո աստվածասեր և երջանկահիշատակ հորը` Կոստադիանոսի օրոք Աստվածային շնորհներով Երուսաղեմում Խաչի փրկական փայտը գտնվեց նրա կողմից, ով գեղեցիկ բարեպաշտություն փնտրեց, և սուրբ տեղերը ծածկված գյուտը մատուցեցին: Իսկ Քո օրոք, ամենաբարեպաշտ թագավոր, սկզբնական բարեպաշտությունն Աստծո նկատմամբ երկյուղով մեծապես նվաճված լինելով` այսուհետև ոչ թե երկրից, այլ երկնքից են Աստծո միածին Որդու` Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի զարմանալի գործերը, որը` հաղթության նշան է ընդդեմ մահվան:
Երանելի Խաչի մասին եմ խոսում, որը լույսի ճառագայթներով տեսնվեց Երուսաղեմում, որովհետև Սուրբ Պենտեկոստեի այս օրերին, Ահեկանի սկզբին, երրորդ ժամին լույսից կազմված ամենահաղթ խաչը ցոլալով երևաց երկնքում սուրբ Գողգոթայի վերևից մինչև Ձիթենյաց սուրբ լեռը` ո´չ թե երևալով միայն մեկին կամ երկուսին, այլ հայտնապես ցույց տրվեց քաղաքիս ողջ բազմությանը, ո´չ այնպես, ինչպես մեկն ինչ-որ հապշտապ, թվացյալ, հարևանցի մի տեսիլ կարող է կարծել, այլ բազում ժամեր ակներև տեսնվեց երկրի վերևում, և բոցաճաճանչ փայլմամբ արեգակնային ճառագայթներին էր հաղթում, ապա թե ոչ` նրանցից հաղթահարվելով, ծածկված կլիներ: Եվ որովհետև արեգակից այնքան առավել հզորագույն ճառագայթներ էր մատուցում տեսնողներին, մինչև որ քաղաքիս ողջ բազմությունը միահամուռ և առանց բացառության ընթացավ դեպի Սուրբ եկեղեցի` բռնված աստվածատեսության երկյուղով ու ուրախությամբ: Միանգամայն մանուկներն ու ծերերը, տղամարդիկ ու կանայք, և ամեն տարիքի մարդիկ, մինչև իսկ նրանց մեջ եղած տանն արգելափակված աղջիկները, բնակիչներն ու օտարները, քրիստոնյաների մասին եմ ասում, և այլ տեղերից եկվոր ազգերը` ամենքը միահամուռ ու միաբերան օրհնում էին սքանչելագործին` Աստծո միածին Որդուն` մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որ արդյունքներով ու փորձով ցույց տրվեց, թե քրիստոնյաների կրոնն` ամենաբարեպաշտն է, ո´չ թե խոսքերի հավանական իմաստությամբ, այլ հոգու հայտնությամբ ու զորությամբ, որը ո´չ թե միայն մարդկանցից է պատմվում, այլ երկնքից` Աստծուց է վկայված:
Արդ, որովհետև մենք, որ Երուսաղեմում ենք բնակվում, կարծիքից վեր հրաշքը մեր իսկ դեմքով ընդունեցինք, ամենաթագավոր Աստծուն և Նրա միածին Որդուն գոհությամբ հանդերձ վայելչական երկրպագություն հատուցեցինք ու հատուցելու ենք: Նաև քո աստվածասեր թագավորության համար սուրբ տեղերում երկարատև ու մշտական աղոթքներ կատարեցինք ու կատարելու ենք: Եվ որովհետև այս երկնավոր աստվածատեսությունն արժանի էր լռության չմատնվելու, այլ ավետարանվելու քո բարեպաշտությանը, այդ պատճառով շտապեցի գրել, որպեսզի, քաջալերվելով, նաև հույսն ընդունես քո առաջնային հավատքի հաստատուն ու բարի հիմքի վրա, որն Աստծուց ցույց տրված գիտությունն է` հաստատապես շինված դեպի մեր Տեր Հիսուս Քրիստոսը: Եվ ամեն սովորությամբ լցված` նույն Ինքն Աստծուն զորավիգ ունենալով` Խաչի հաղթության նշանը պատրաստ մատուցես, որպես պարծանքների պարծանք, քեզ հետ կրելով երևելի նշանը, որի ձևը ցույց տրվեց մարդկանց:
Մեծապես փառավորվեց երկինքը: Սակայն այս հրաշագործությունը, ով աստվածասեր թագավոր, մարգարեների վկայությամբ ու Քրիստոսի սրբերի Ավետարաններում եղած խոսքերով է, որ հերթականությամբ կատարվեց մինչև այժմ և դարձյալ մեծապես կատարվելու է: Որովհետև Մատթեոսի Ավետարանում Փրկիչը, հանդերձյալ դեպքերի գիտությունն իր երջանիկ առաքյալներին պարգևելով, և իր հետ եղածներին հայտնի բաների մասին խոսելով, կանխաձայնելով, ասում էր. «Եվ այն ժամանակ երկնքում երևալու է մարդու Որդու նշանը», որի Ավետարանի աստվածային գրքերը սովորական ձևով վերցնելով` կգտնես հենց այս մասին գրի առնված առաջապատում վկայությունները, որ կան այնտեղ: Որի հետ մանավանդ, ով տեր, հորդորում եմ հոգու կրթությամբ հաճախակի նայել նաև մեր Փրկչի կողմից նախապես ասված և այնտեղ եղած ուրիշ գրվածների վրա, որոնց հանդեպ պետք է զգուշություն ունենալ բազում երկյուղածությամբ, որպեսզի հակառակորդների զորություններից ոչ մի վնաս չկրենք:
Մեր խոսքերից այս առաջինը, աստվածասեր թագավոր, քեզ եմ մատուցում Երուսաղեմից, շարունակում եմ իմ մտերիմ ձայնով բարբառել, որովհետև քեզ համարում եմ հարազատ ու բարեպաշտ և մեզ հետ երկրպագող Քրիստոսին` Աստծո միածին Որդուն և մեր Փրկչին, որն ըստ աստվածային գրքերի տնօրինական փրկությունը կատարեց Երուսաղեմում: Նա, Ով այստեղ ոտնակոխ արեց մահվանը ու Իր պատվական արյամբ ի բաց ջնջեց մարդկանց մեղքերը, և կյանք, անապականություն ու հոգևոր շնորհներ տվեց բոլոր նրանց, ովքեր հավատում են Իրեն, թե Աստված է: Զորությամբ ու շնորհներով պահպանելով` թող քեզ պայծառացնի և մեծամեծ բարեպաշտությամբ, վայելուչ ուղղությամբ ու հարազատ արքայական սերունդներով հարստացնի: Ամենաթագավորն Աստված, որ տվիչն է ամենայն բարությանց, ապագա բազում խաղաղ տարիներով թող ամբողջ պահի քեզ ողջ ընտանիքովդ հանդերձ` ի պարծանս քրիստոնյաների ողջ աշխարհի: Եվ զարդարված ամեն ինչով ու սուրբ եկեղեցիների ընտանության սովորությամբ, և իշխանությամբ մարդասիրություն ցուցաբերելով հռոմեացիների նկատմամբ, և մեծ բարեպաշտությամբ ու հաղթությամբ բարձրանալով` Աստված թող բազում խաղաղ տարիներ շնորհի մեզ ամենքիս, բոլոր ընտանիքներով հանդերձ, Օգոստոս աստվածասեր թագավոր: