«Խաչը մեր փրկության նշանն է, Խաչը քրիստոնյաների հույսն է, Խաչը եկեղեցու հիմքն է, Խաչը սատանայի պարտությունն է, Խաչը որբերի հայրն է, Խաչը ամբարիշտների դատավորն է, Խաչը հիվանդների բժիշկն է, Խաչը օրվա զենքն ու գիշերվա պահպանիչն է, Խաչը ծարավողների աղբյուրն է, Խաչը լույսն է խավարում նստածների և ազատագրումը գերվածների, Խաչը անօրենի տապալումն է» (Սբ. Հովհան Ոսկեբերան):
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Սուրբ Խաչին նվիրված ունի չորս տոն՝ Խաչվերաց, Գյուտ Խաչի, Երևումն Սբ. Խաչի և Վարագա Սուրբ Խաչ: Սուրբ Խաչի երևման տոնը Հայ եկեղեցին նշում է Հինանց շրջանի չորրորդ կիրակի օրը: Այս տոնը Երուսաղեմի երկնքում «բոցանիշ փայլմամբ» խաչի լուսեղեն նշանի հրաշալի երևման հիշատակությունն է: Այդ երևույթը տեղի ունեցավ 351թ-ին մայիսի 7-ին՝ ցերեկվա երրորդ ժամին, Կոստանդին Բ կայսեր օրոք (351-361թթ.), Հոգեգալստյան օրերին: Երուսաղեմի երկնակամարում լուսափայլ խաչը տարածվում էր Գողգոթայից՝ Քրիստոսի խաչելության վայրից, մինչև Բեթանիայի մոտ գտնվող Ձիթենյաց լեռան կողմը, որտեղից Տերը դեպի երկինք բարձրացավ: Տիրոջ նշանն իր բոցաճաճանչ փայլով հաղթեց արեգակի ճառագայթներին և արձակած լույսով ծածկեց արեգակը:
Երկնքում փայլող խաչը երևաց գրեթե քաղաքի ողջ բնակչությանը և տեսանելի էր բավական երկար ժամանակ: Արտասովոր այդ հրաշքը մարդկանց մեջ երկյուղ ծնեց և ամրապնդեց հավատը, որ արդեն գնալով մարում էր: Շատերը ուրախությամբ շտապեցին տաճար՝ խոստովանելու իրենց մեղքերը և գոհություն մատուցելու Աստծուն, իրենց պարգևած այս հրաշալի մխիթարության համար:
Երկնային այդ պատկերը տեսնելուց հետո շատ հրեաներ ու հեթանոսներ քրիստոնեություն ընդունեցին ու մկրտվեցին Սուրբ Կյուրեղի ձեռքով՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով:
Այս հրաշալի դեպքը այնքան խոր տպավորություն թողեց երուսաղեմացիների վրա և մասնավորաբար Երուսաղեմի Կյուրեղ պատրիարքի, որ իր պարտականությունը համարեց զարմանահրաշ դեպքի մասին պաշտոնական նամակով ներկայացնել Կոստանդին կայսեր: Վերջինս ձգտում էր վերականգնել արդեն դատապարտված արիոսականությունը՝ դրանով մեծապես վտանգելով եկեղեցին: Ուստի Կյուրեղ պատրիարքը նամակով վայելուչ, բայց խստորեն մատնանշեց նրա հոր՝ Կոստանդիանոս Մեծի պաշտպանած կրոնի ճշմարիտ էությունը, որպես ապացույց բերելով Խաչի երևումը: Սքանչելի երևույթը բացատրեց իբրև ուղղափառ դավանության պաշտպանություն արիոսականության դեմ և հորդորեց կայսեր ետ կանգնել արիոսականներին պաշտպանելուց: Այս հրաշալի դեպքի միակ աղբյուրը պահպանվել է նաև հայերեն թարգմանությամբ և ընթերցվում է Սուրբ Խաչի երևման տոնին առավոտյան ժամերգության ընթացքին:
Սուրբ Կյուրեղը այդ օրը եկեղեցական տոն դարձրեց և մինչև օրս այն հայտնի է նույն անվամբ:
Ի տարբերություն առաքելական և ուղղափառ եկեղեցիների, կաթոլիկ եկեղեցին չունի «Երևումն Սբ. Խաչի» անունով տոն:
0րթոդոքսները այն տոնում են մայիսի 7-ին, Հայ Եկեղեցին՝ Սբ. Զատկից 28 օր հետո՝ Հինանց չորրորդ կիրակի օրը:
Այս կիրակի «Խաչի խորհուրդը» լուսեղեն ու տեսանելի կերպարանք ստացավ: Այս կիրակի տոնված խաչը ավելի լուսավոր է քան արեգակը, ավելի թեթև՝ քան եթերը և ավելի գեղեցիկ քան աստղերը: Հոգեպարար երևույթ է այն, որի ականատեսը լցվում է երգելու, Աստծուն փառք տալու տրամադրությամբ:
Լուսավոր խաչը, ցոլալով Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռը, ցույց տվեց, որ դա նշանն է Նրա, Ով խաչվեց Գողգոթայի վրա և համբարձվեց Ձիթենյաց լեռան վրայից: Եվ այդ նշանն է առաջնորդում մարդկանց դեպի Խաչյալի հավատը, ինչպես լուսեղեն ամպը հրեաներին, դուրս բերելով եգիպտական անհավատությունից, առաջնորդեց դեպի Ավետյաց երկիր:
Խաչի երևումը անցյալ կիրակիի իմաստի շարունակութունն ու լրումն է: Քրիստոնեական կյանքը պայքար է ազնիվ նպատակներ իրագործելու համար, պայքար է՝ մարդկության մեջ սեր, եղբայրություն, խաղաղություն հաստատելու համար: Եվ անհրաժեշտ է հոգեկան ուժ, քաջություն, զոհողություն և համազոր է «Խաչը առնել և Քրիստոսին հետևել» ավետարանական խոսքին: Խաչի ճանապարհը վերածվում է հաղթանակի, ու նեղ ճամբան դեպի երկինք առաջնորդող լուսավոր ճանապարհի: Խաչի երևման մեջ նշանակալից պարագան այն է, որ լուսեղեն սուրբ նշանը երևաց Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռան կատարը: Գողգոթան Հիսուսի Խաչի ճանապարհի գագաթն է, իսկ Ձիթենյաց սարը այն կատարն է, որտեղից երկինք համբարձվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսը: Համբարձման լեռը, այլաբանորեն երկնքի մուտքն է: Ինչը նշանակում է, թե Խաչը առաջնորդում է մեզ դեպի հավերժություն, դեպի հավիտենական կյանք:
Եւ արդ, մենք, ո՛վ Քրիստոսի հաւատացեալներս եւ Սուրբ Խաչի երկրպագուներս, եկէք տօնե՛նք սուրբ Խաչի երեւման պայծառ տօնը, քանզի՝
Խաչի շնորհիւ մեզ տրուեց Կենաց Ծառը;
Խաչով ճաշակեցինք անմահութեան պտուղը;
Խաչով վայելեցինք անթառամ Ծաղիկը;
Խաչով վայելեցինք անվախճան Կեանքը;
Խաչով արժանացանք վայելչական Դրախտին;
Խաչով արժանի եղանք մտնելու առագաստը;
Խաչով պիտի մտնենք յաւիտենական հանգիստը;
Խաչով դեւերը փախան մեզնից;
Խաչով հրեշտակները խառնուեցին մարդկանց;
Խաչով վերացաւ մահը;
Խաչով քաւուեց մեղքը;
Խաչով աւերուեցին մեհեանները;
Խաչով կործանուեցին բագինները;
Խաչով փշրուեցին կուռքերի արձանները;
Խաչով շինուեցին եկեղեցիները;
Խաչով հիմնուեցին տաճարները;
Խաչով կառուցուեցին նահատակների վկայարանները;
Խաչով շինուեց սուրբ Կաթողիկէն;
Խաչով բարձրացաւ Խորանը;
Խաչով պայծառացաւ հաւատը;
Խաչով կանգնեցուեց սուրբ Սեղանը;
Խաչով հաստատուեց Աւազանը;
Խաչով աւանդուեց մկրտութիւնը;
Խաչով կնքուեց դրոշմը;
Խաչով տրուեց քահանաների օծութիւնը;
Խաչով օրհնուեց սուրբ Պատարագը;
Խաչով զոհաբերութիւն մատուցուեց;
Խաչով դժոխքը պարտութեան մատնուեց;
Խաչով վերացաւ ապականութիւնը;
Խաչով պարտուեց մահը;
Խաչով բացուեց Դրախտը;
Խաչը երեւաց, եւ միաբանուեցին երկինքն ու երկիրը;
Խաչը երեւաց, եւ հրեշտակները մարդկանց պահապան եղան;
Խաչը երեւաց, եւ ծաղկեց քրիստոնէութիւնը;
Խաչը երեւաց, եւ հաստատուեց հաւատը;
Խաչը երեւաց, եւ կատարուեց Փրկչի հրամանը;
Խաչը երեւաց, եւ կատարուեց սաղմոսի խօսքը, թէ՝ երեւաց նրա փայլատակումը տիեզերքին;
Խաչը երեւաց, որը տեսաւ երկիրը եւ սասանուեց;
Խաչը երեւաց, եւ մարգարէները ցնծացին, քանզի կատարուեցին նրանց խօսքերը;
Խաչը երեւաց, եւ առաքեալները պայծառացան, քանզի ճշմարիտ դարձաւ Աւետարանի քարոզութիւնը;
Խաչը երեւաց, եւ հայրապետները զօրացան;
Խաչը երեւաց, եւ վարդապետները պերճացան;
Խաչը երեւաց, եւ մարտիրոսները պսակուեցին;
Խաչը երեւաց, եւ ճգնաւորները քաջալերուեցին;
Խաչը երեւաց, եւ հրեշտակները խառնուեցին մարդկանց;
Խաչը երեւաց, եւ մարդիկ հրեշտակներին դասակից եղան;
Խաչը երեւաց, եւ կոյսերը զգաստացան;
Խաչը երեւաց, եւ ամուսնացածները ողջախոհ դարձան;
Խաչը երեւաց, եւ ծերերը հոգի առան;
Խաչը երեւաց, եւ մանուկները պաշտպանուեցին;
Խաչը երեւաց, եւ երիտասարդները կրթուեցին;
Խաչը երեւաց, եւ կրօնաւորները ողջախոհ դարձան;
Խաչը երեւաց, եւ կանայք արիացան;
Խաչը երեւաց, եւ ախտաւորներն առողջացան;
Խաչը երեւաց, եւ վիրաւորները բժշկուեցին;
Խաչը երեւաց, եւ հրէաները կարկամեցին;
Խաչը երեւաց, եւ հեթանոսներն ամօթահար եղան;
Խաչը երեւաց, եւ մեղաւորներն արդարացան;
Խաչը երեւաց, եւ դեւերը հալածուեցին;
Խաչը երեւաց, եւ մեռելները յարութեան յոյս ստացան;
Խաչը երեւաց, եւ անհաւատներն þի Քրիստոս դարձան;
Խաչը երեւաց, եւ հեթանոսները մկրտուեցին Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անուամբ:
Արդ, այսքան եւ այսպիսի բիւրաւոր բարիքների առիթներ գտանք: Ո՛վ սիւն հաւատի, սուրբ Խա՛չ երկրպագելի եւ քրիստոնեաներիս համար պաշտելի: Դու պարծանքն ես Պօղոսի, զէնքն ու վահանը Պետրոսի: Դու սուրբ Եկեղեցու փառքն ես, սուրբ հաւատի ամուր պարիսպը: Դու քեզ տօնողներիս պահապանն ես եւ քեզ երկրպագողներիս բարեխօսը: Դու բելիարի հալածիչն ես ու նրա զօրքին յաղթողը:
Անդադար բարեխօսի՛ր Քեզ պաշտողներիս համար այժմ, ամէն ժամի եւ յաւիտեան. ամէն: