Ավ. ըստ Ղուկասի 12.13-31
13 Ժողովրդի միջից մէկը նրան ասաց. «Վարդապե՛տ, ասա՛ եղբօրս, որ ժառանգութիւնը ինձ հետ բաժանի»: 14 Եւ նա նրան ասաց. «Ո՛վ մարդ, ինձ ո՞վ դատաւոր կամ բաժանարար կարգեց ձեզ վրայ»: 15 Ապա ժողովրդին ասաց. «Տեսէք, որ զգոյշ լինէք ամէն տեսակ ագահութիւնից, որովհետեւ մարդու կեանքը իր կուտակած հարստութեան մէջ չէ»: 16 Եւ նրանց մի առակ պատմեց ու ասաց. «Մի մեծահարուստի արտերը առատ բերք տուեցին. 17 եւ նա խորհեց իր մտքում ու ասաց. “Տեսնեմ ի՞նչ կարող եմ անել, քանի որ բերքս կուտակելու տեղ չկայ: 18 Գիտեմ,– ասաց նա,– թէ ինչ պէտք է անեմ. կքանդեմ իմ շտեմարաններն ու աւելի մեծերը կշինեմ եւ այնտեղ կհաւաքեմ ցորենն ու իմ ամբողջ բարիքները. 19 եւ ինքս ինձ կասեմ. ո՛վ մարդ, շատ տարիների համար ամբարուած բազում բարիքներ ունես, հանգի՛ստ արա, կե՛ր, խմի՛ր եւ ուրա՛խ եղիր”: 20 Աստուած նրան ասաց. “Անմի՛տ, հէնց այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են, իսկ ինչ որ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու”: 21 Նոյնպէս է նաեւ նա, ով իր անձի համար գանձ կհաւաքի եւ Աստծով չի հարստանայ»: 22 Եւ իր աշակերտներին ասաց. «Դրա համար էլ ասում եմ ձեզ. հոգ մի՛ արէք ձեր հոգու համար, թէ ինչ էք ուտելու, ոչ էլ՝ մարմնի համար, թէ ինչ էք հագնելու. 23 որովհետեւ հոգին առաւել է, քան կերակուրը, եւ մարմինը՝ քան հագուստը: 24 Նայեցէ՛ք ագռաւներին, որոնք ո՛չ սերմանում են եւ ո՛չ հնձում, որոնք ո՛չ շտեմարաններ ունեն եւ ո՛չ էլ ամբարներ, բայց Աստուած կերակրում է նրանց. որքա՜ն եւս առաւել՝ ձեզ, որ շատ աւելի յարգի էք, քան թռչունները: 25 Ձեզնից ո՞վ հոգս անելով կկարողանայ իր հասակի վրայ մէկ կանգուն աւելացնել: 26 Արդ, եթէ փոքր բանի մէջ անկարող էք, այլ բաների համար ինչո՞ւ էք հոգս անում: 27 Նայեցէ՛ք շուշանին՝ ինչպէս է աճում. ո՛չ աշխատում է եւ ո՛չ հիւսում: Ասում եմ ձեզ. Սողոմոնն իսկ իր ամբողջ փառքի մէջ նրանցից մէկի նման չհագնուեց: 28 Իսկ եթէ խոտը, որ այսօր բաց դաշտի մէջ է, իսկ վաղը հնոց է նետուելու, Աստուած այդպէս է հագցնում, որչա՜փ եւս առաւել ձեզ պիտի հագցնի, թերահաւատնե՛ր: 29 Եւ դուք մի՛ մտահոգուէք, թէ ինչ էք ուտելու կամ ինչ էք խմելու, եւ մի՛ մտատանջուէք, 30 որովհետեւ այդ ամէնը աշխարհի հեթանոսներն են, որ փնտրում են: Իսկ ձեր Հայրը գիտէ, որ այդ ամէնը պէտք է ձեզ: 31 Այլ դուք հետամուտ եղէք Աստծոյ արքայութեանը, եւ այդ ամէնը աւելիով կտրուի ձեզ:
Գործք 17.16-34
16 Եւ մինչ Պօղոսն Աթէնքում նրանց էր սպասում, նրա հոգին իր մէջ զայրանում էր, երբ տեսնում էր քաղաքը կռապաշտութեան մէջ: 17 Եւ ժողովարանում դիմում էր հրեաներին ու յոյն աստուածապաշտ մարդկանց, իսկ հրապարակներում էլ՝ ամէն օր ում որ հանդիպում էր: 18 Էպիկուրեան եւ ստոյիկեան փիլիսոփաներից ոմանք ձեռ առնելով վիճում էին նրա հետ. ոմանք էլ ասում էին. «Այս շաղակրատն ի՞նչ է ուզում ասել»: Իսկ ուրիշներն էլ թէ՝ «Երեւում է, որ ինչ-որ օտար աստուածութիւնների քարոզիչ է», քանի որ նա Յիսուսին եւ յարութիւնն էր աւետարանում: 19 Եւ նրան բռնեցին տարան Արիսպագոսի առջեւ ու ասացին. «Կարո՞ղ ենք իմանալ, թէ ինչ է այդ նոր վարդապետութիւնը, որը դու քարոզում ես: 20 Օտարոտի բաներ ես մատուցում մեր ականջներին. ուզում ենք իմանալ, թէ դրանք ինչ բաներ կլինեն» 21 (որովհետեւ աթէնացիք բոլորը, ինչպէս նաեւ օտար եկուորները այլ բանով չէին զբաղւում, քան միայն՝ ասելով կամ լսելով մի աւելի նոր խօսք): 22 Պօղոսը կանգնեց Արիսպագոսի մէջտեղում եւ ասաց. «Աթէնացինե՛ր, տեսնում եմ, որ դուք ըստ ամենայնի ջերմեռանդ հաւատասէր էք, 23 քանի որ շրջելով եւ տեսնելով ձեր պաշտածները՝ գտայ նաեւ մի բագին, որի վրայ գրուած էր՝ “Անծանօթ Աստծուն”. ում դուք առանց ճանաչելու էք պաշտում, ես նոյնն եմ քարոզում ձեզ: 24 Աստուած, որ ստեղծեց այս աշխարհը եւ այն ամէնը, որ նրա մէջ կայ, նա է Տէրը երկնքի եւ երկրի. 25 նա ձեռակերտ տաճարներում չի բնակւում, ոչ էլ մարդկանց ձեռքերով է պաշտւում, որպէս թէ մի բանի կարօտ լինէր: Նա է տալիս ամէն բանի կեանք եւ շունչ եւ ամէն ինչ: 26 Մէկ արիւնից ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը, որ բնակուեն ամբողջ երկրի վրայ, հաստատեց նախակարգեալ ժամանակները եւ դրեց նրանց բնակութեան սահմանները, 27 որ փնտրեն Աստծուն եւ խարխափելով թերեւս գտնեն նրան. թէեւ նա մեզնից իւրաքանչիւրիցս հեռու չէ, 28 քանի որ նրանով ապրում ենք եւ շարժւում ենք եւ կանք, ինչպէս ձեր բանաստեղծներից ոմանք ասացին, թէ՝ մենք նրա զարմից ենք: 29 Եւ արդ, որովհետեւ Աստծոյ զարմն ենք, չպէտք է խորհենք, թէ աստուածայինը նման է ոսկուն կամ արծաթին կամ քարին, որոնք ճարտարութեամբ եւ մարդու խելքով են քանդակուած: 30 Բայց Աստուած, անգիտութեան ժամանակներն անտես առնելով, այժմ այն է պատուիրում մարդկանց, որ ամէն ոք ապաշխարի. 31 քանի որ սահմանել է մի օր, երբ աշխարհը արդարութեամբ պիտի դատի այն Մարդու ձեռքով, որի միջոցով որոշեց հաւաստիք տալ ամէնքին՝ նրան մեռելներից յարութիւն տալով»: 32 Երբ լսեցին մեռելների յարութեան մասին, ոմանք ծաղրի էին ենթարկում. ոմանք էլ ասում էին. «Մի ուրիշ անգամ կլսենք քեզնից այդ մասին»: 33 Եւ ապա Պօղոսը նրանց միջից ելաւ գնաց: 34 Իսկ մի քանի մարդիկ, յարելով նրան, հաւատացին. նրանց թւում էր նաեւ Դիոնեսիոս Արիսպագացին եւ Դամարիս անունով մի կին եւ սրանց հետ ուրիշներ:
Ա Հովհաննես 2.1-6
1 Որդեակնե՛ր իմ, այս բանը գրում եմ ձեզ, որպէսզի չմեղանչէք. իսկ եթէ մէկը մեղանչի, Աստծոյ առաջ բարեխօս ունենք Յիսուս Քրիստոսին՝ Արդարին եւ Անարատին. 2 եւ նա է քաւութիւնը մեր մեղքերի, եւ ոչ միայն մեր մեղքերի, այլեւ՝ ամբողջ աշխարհի: 3 Եթէ նրա պատուիրանները պահենք, դրանով իսկ գիտենք, թէ ճանաչեցինք նրան: 4 Ով ասում է, թէ՝ ճանաչեցի նրան, բայց նրա պատուիրանները չի պահում, սուտ է, եւ նրա մէջ ճշմարտութիւն չկայ: 5 Իսկ ով պահում է նրա խօսքը, Աստծոյ սէրը նրա մէջ ճշմարտապէս կատարեալ է. եւ սրանով ենք ճանաչում, որ նրա մէջ ենք: 6 Ով ասում է, թէ ինքը նրա մէջ է բնակւում, պարտաւոր է այնպէս ընթանալ, ինչպէս որ նա էր ընթանում:
Ավ. ըստ Հովհաննեսի 7.24-36
24 Աչքներիդ երեւացածի պէս մի՛ դատէք, այլ ուղիղ դատաստան արէք»: 25 Երուսաղէմացիներից ոմանք ասում էին. «Սա չէ՞ նա, որին ուզում էին սպանել: 26 Իսկ ահաւասիկ, բացայայտօրէն խօսում է, եւ նրան բան չեն ասում. գուցէ, արդարեւ, իշխանաւորներն էլ ճանաչեցին, թէ սա է Քրիստոսը: 27 Բայց մենք նրան գիտենք, թէ որտեղից է. իսկ Քրիստոս երբ որ գայ, ոչ ոք չի գիտենայ, թէ որտեղից է»: 28 Յիսուս աղաղակեց տաճարի մէջ, ուսուցանում էր եւ ասում. «Ե՛ւ ինձ գիտէք, ե՛ւ գիտէք որտեղից եմ. ինքս ինձ չեմ եկել, այլ ճշմարիտ է նա, ով ինձ ուղարկեց. նա, որին դուք չգիտէք: 29 Ես գիտեմ նրան, որովհետեւ նրանից իսկ եմ, եւ նա ուղարկեց ինձ»: 30 Ուզում էին նրան բռնել, բայց ոչ ոք նրա վրայ ձեռք չդրեց, որովհետեւ նրա ժամանակը դեռ չէր հասել: 31 Սակայն բազմութեան միջից շատերը հաւատացին նրան եւ ասում էին. «Երբ Քրիստոսը գայ, մի՞թէ աւելի մեծ նշաններ պիտի անի, քան սա է անում»: 32 Եւ փարիսեցիները նրա մասին ժողովրդի մէջ եղած քրթմնջիւնները լսեցին. եւ քահանայապետներն ու փարիսեցիները սպասաւորներ ուղարկեցին, որպէսզի բռնեն նրան: 33 Յիսուս ասաց. «Մի փոքր ժամանակ էլ ձեզ հետ եմ եւ ապա գնում եմ նրա մօտ, ով ինձ ուղարկեց: 34 Ինձ կփնտրէք եւ չէք գտնի, եւ ուր ես եմ գնում, դուք չէք կարող գալ»: 35 Հրեայ առաջնորդներն իրար ասում էին. «Իսկ նա ո՞ւր պիտի գնայ, որ մենք նրան չգտնենք. մի՞թէ հեթանոսների մէջ ցրուած հրեաների մօտ պիտի գնայ եւ հեթանոսներին պիտի ուսուցանի: 36 Ի՞նչ է այն խօսքը, որ նա ասաց. “Կփնտրէք ինձ եւ չէք գտնի, եւ ուր ես եմ գնում, դուք չէք կարող գալ”»:
Ավ. ըստ Մատթեոսի 14.1-12
1 Այն ժամանակ Հերովդէս չորրորդապետը լսեց Յիսուսի համբաւը եւ իր ծառաներին ասաց. 2 «Նա է Յովհաննէս Մկրտիչը. մեռելներից յարութիւն է առել, եւ դրա համար նրա միջոցով զօրաւոր գործեր են լինում»: 3 Արդարեւ, Հերովդէսը ձերբակալել էր Յովհաննէսին, նրան կապել եւ բանտի մէջ էր դրել իր եղբօր՝ Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիայի պատճառով. 4 որովհետեւ Յովհաննէսը նրան ասում էր. «Օրինաւոր չէ, որ դու նրան իբրեւ կին ունենաս»: 5 Եւ կամենում էր նրան սպանել, բայց վախենում էր ժողովրդից, քանի որ նրան որպէս մարգարէ էին ընդունում: 6 Եւ երբ Հերովդէսի ծննդեան տարեդարձը հասաւ, Հերովդիայի դուստրը հրաւիրեալների առաջ պարեց. եւ հաճելի թուաց Հերովդէսին. 7 ուստի եւ նա երդումով խոստացաւ նրան տալ, ինչ էլ որ ուզի: 8 Եւ նա, առաջուց խրատուած լինելով իր մօրից, ասաց. «Տո՛ւր ինձ այստեղ, սկուտեղի վրայ, Յովհաննէս Մկրտչի գլուխը»: 9 Եւ թագաւորը տխրեց, բայց երդման եւ սեղանակիցների պատճառով հրամայեց նրան տալ այդ: 10 Եւ մարդ ուղարկեց, գլխատել տուեց Յովհաննէսին բանտի մէջ: 11 Եւ նրա գլուխը բերուեց սկուտեղով ու տրուեց աղջկան: Եւ սա տարաւ այն իր մօրը: 12 Իսկ Յովհաննէսի աշակերտները եկան վերցրին մարմինը եւ թաղեցին. եւ եկան պատմեցին Յիսուսին:
Ավ. ըստ Մարկոսի 6.45-56
45 Իսկոյն եւեթ Յիսուս շտապեցրեց աշակերտներին, որ նաւակ մտնեն եւ իրենից առաջ գնան հանդիպակաց կողմը՝ դէպի Բեթսայիդա, մինչեւ ինքը ժողովրդին արձակէր: 46 Եւ բաժանուելով նրանցից՝ լեռ բարձրացաւ աղօթք անելու: 47 Երբ երեկոյ եղաւ, նաւակը ծովի մէջտեղում էր, իսկ ինքը՝ ցամաքի վրայ: 48 Եւ տեսաւ նրանց, որ հողմակոծ էին լինում թիավարելիս, որովհետեւ քամին նրանց հակառակ կողմից էր. գիշերուայ ուշ ժամին նա գալիս էր նրանց մօտ՝ ծովի վրայ քայլելով, եւ ուզում էր նրանցից առաջ անցնել-գնալ: 49 Երբ նրանք տեսան, որ քայլում է ծովի վրայ, կարծեցին, թէ մի ուրուական է, եւ աղաղակ բարձրացրին, 50 որովհետեւ ամէնքը տեսան նրան եւ խռովուեցին: Եւ նա իսկոյն խօսեց նրանց հետ ու ասաց. «Քաջալերուեցէ՛ք, ես եմ, մի՛ վախեցէք»: 51 Եւ նա նաւակ բարձրացաւ նրանց մօտ, եւ քամին դադարեց: Եւ նրանք առաւել եւս ապշել էին իրենց մտքում ու սաստիկ զարմանում էին, 52 քանի որ մտքները բթացած լինելով՝ չէին հասկացել նաեւ այն, ինչ վերաբերում էր հացի բազմացմանը: 53 Երբ դիմացի կողմն անցան, Գեննեսարէթի ցամաքը ելան: 54 Եւ երբ նաւակից դուրս ելան, տեղի մարդիկ իսկոյն եւեթ նրան ճանաչեցին: 55 Եւ ամբողջ գաւառում այս ու այն կողմ վազելով՝ սկսեցին մահիճներով հիւանդներ բերել այնտեղ, ուր լսում էին, թէ նա գտնւում է: 56 Եւ ուր որ մտնում էր՝ գիւղեր, քաղաքներ թէ ագարակներ, հրապարակներում դնում էին ախտերով տառապողներին եւ աղաչում նրան, որ գոնէ իր զգեստի քղանցքներին դիպչեն: Եւ ովքեր մի անգամ դիպան, բժշկուեցին: