Ա. Ինչպես ղեկավարն է նավի մեջ, զորապետը՝ զորքում, հովիվը՝ հոտում, և աչքը՝ գլխի վրա, նույնպես և առաջնորդն է
իր քաղաքում ու ազգի մեջ: Եթե ղեկավարը ճարտար է, նավը կարող է անվտանգ հասնել նպատակադրյալ նավահանգիստը: Եթե զորապետը քաջ է, նրա զորքը մարտերում հաղթանակներ է տանում թշնամիների դեմ: Եթե հովիվը զգոն է, նրա հոտը, գայլերի շորթումից ազատ, արածելով գիրանում է դալար մարգերում:
Եվ եթե աչքը պայծառ է, ամբողջ մարմինը լուսավոր է լինում: Այսպես եթե առաջնորդն արժանավոր է լինում, հասարակությունն ամբողջապես երջանկություն է վայելում :
Բ. Նա է արժանի առաջնորդ լինելու, ով քաջածանոթ է ժողովըրդին և հրաժարվում է առաջնորդ լինելուց: Որովհետև ով ինքն է իրեն ներկայացնում և իշխանություն ցանկանում, նա չի իմանում, թե ինչ է նշանակում շատերի առաջնորդ լինել, և չի կարող իր պարտավորությունը կատարել:
Բայց ժողովուրդն էլ պետք է ընտրի այնպիսինին, որ իմաստուն ու ջանասեր լինի: Որովհետև երկու շնորհ է հարկավոր առաջնորդին. խոհեմություն՝ օգտակար օրենքներ սահմանելու, և ջանք՝ այդ օրենքները գործադրելու համար:
Գ. Կարևոր է, որ առաջնորդը գիտենա լավ ղեկավարելու եղանակը թե՛ խաղաղ ժամանակներում և թե՛ անհանգիստ. որովհետև այլ է
ղեկավարելու կերպը խաղաղ ժամանակ, և այլ՛ անհանգիստ: Իսկ եթե առաջնորդը երկու պարագաներում էլ միօրինակ է վարվում, խոհեմ ու կատարյալ չէ՛:
Դ. Պետք է, որ առաջնորդը զգույշ լինի ամեն ինչում. որովհետև բոլոր մարդիկ անթարթ աչքերով անընդհատ հետևում են, որ դատեն նրան, տեղյակ չեն այն վիճակին, որում գտնվում է նա, և չեն զգում կրած դժվարությունները. այլ ուզում են նրա մեջ տեսնել
այն կատարելությունները, որոնք մարդկային կարողությունից վեր են:
Ե. Առաջնորդներն ու իշխանները պետք է ավելի հոգածու լինեն հասարակության կրտսեր անդամների հանդեպ, քան նրանց ծնողները՝
ջանալով քաղաքի կամ ազգի դեռաբույս մանկանց կրթել գիտության ուսմամբ բարի վարքով ու անհրաժեշտ արհեստներով:
Որովհետև այն երեխաները, որոնք փոքր տարիքում սովոր են ուսումնատյաց, անգործ կամ չարաբարո լինել, տարիքի առաջանալու հետ հույժ դժվար են դառնում ուսումնասեր, ժրաջան ու բարեբարո:
Զ. Առաջնորդները թող ջանան ուսուցանել ժողովրդին արհամարհել տանջանքն ու մահը՝ հանուն ճշմարիտ հավատքի,
հեռու մնալ փափկությունից ու ապերախտությունից, աշխատանքում եռանդուն ու անձանձիր լինել, ճանաչել բարերարի
երախտիքները և սիրել ազգն ու հայրենիքը:
Է. Այն առաջնորդը, որ սիրում է միայն մեծարանք, օգուտ ու դյուրություն իր անձին,չի կարող սիրելի լինել ժողովրդին. որովհետև
ընդհանուրի օգուտը նախադասելի է սեփական անձի օգտից ու դյուրությունից:
Ուստի չեն կարող անբասիր լինել նրանք, ովքեր հանգիստ ու հանդարտ կյանք վարելու համար հրաժարվում են հասարակությանը ղեկավարելու ծանրությունը կրելուց:
Անբասիր չեն նաև նրանք, ովքեր ցանկանում են ղեկավարող լինել և հնարներ են բանեցնում հափշտակելու համար այդ քաղցր պատառը:
Առաջնորդը, եթե միայն իր հաճույքի ու օգտի համար է իշխանությունը վարում, անիրավ բռնակալ է: Իսկ եթե իրավունքով ու հասարակության օգտի համար է վարում, գթած հայր է և առաջնորդ լինելու արժանի:
«Թանգարան խրատու, յօրինեալ ի Պօղոս Պատրիարքէ Անդրիանուպօլսեցւոյ»
Երուսաղէմ, Սրբոց Յակովբեանց տպարան, 1870 թ.
Թարգմանությունը՝ Վազգեն Համբարձումյանի
( Շարունակելի )
Մաս Բ https://matyan.am/2024/05/25/arajnord-mas-b/