«Զարթիր Լաո»
«Մի երգի պատմություն» շարքի հոդվածներից մեկում ներկայացվել է ժանրի սիրված ու լայն ժողովրդականություն վայելով «Զարթիր Լաո» երգի ստեղծման պատմությունը: Հայտնի է երգի ստեղծման հավանական ժամանակաշրջանը, հեղինակի անունը, հիմք հանդիսացած պատմաքաղաքական ու դիպվածային նախադրյալները, ինչպես նաև այն հանգամանքը, որ երգը հավանաբար նվիրված է եղել Արաբոյին (Այս մասին մանրամասն տես. Ա. Ս. Ղազինյան, «Հայ ժողովրդական ռազմի և զինվորի երգեր», Երևան, 1989:):
Նշված հոդվածում և այլ աղբյուրներում կարդում ենք, որ երգը հորինված է իբրև օրորոցային, որում սակայն մայրը ոչ թե ննջելու, այլ զարթնելու կոչով է դիմում արու զավակին. նպատակը՝ երեխայի մեջ սերմանել զգոնություն, որն էլ կապահովի նրան լուսավոր ապագա: Տեղեկատվությունը, բնականաբար, չի վերաբերվում «Զարթիր լաո» երգի հայտնի քայլերգանման տարբերակին, որի ուղեկցությամբ անհնար է երեխային թմրեցնել, «ուղեկցել» դեպի քուն…
Խոսքը մեզանում քիչ տարածված, նույն երգի այլ տարբերակի մասին է.
Այն իր բնույթով ավանդական օրորոցային է, այս դեպքում կոչ պարունակող բովանդակության հետ մեկտեղ ծորուն մեղեդիով, այդ մեղեդու տարբերակմամբ կրկնություններով, հանկարծաբանական (իմպրովիզացիոն) շարադրանքով, ազատ մետրառիթմով…
Երգն այս քիչ կատարված և բոլորիս հայտնի տարբերակներով շուրջ հինգ տարի է «Ազգային երգ ու պար» ներդրվող առարկայի մաս է կազմում (Առարկան արդեն իսկ ներդրվել և դասավանդվում է Երևանի և ՀՀ ու ԱՀ մի շարք դպրոցների 5-7-րդ դասարաններում), ինչի արդյունքում, հուսով ենք, որ շատ չանցած նաև օրորոցային բնույթով «Զարթիր լաո»-ն ևս կդառնա հայ ժողովրդի «սեփականությունը»:
ՀՀ ԳԱԱ Արվեստի Ինստիտուտի ժողովրդական երաժշտության բաժնի գիտաշխատող,
«Կարին» ավանդական երգի ու պարի խմբի խմբավար,
ԱԵՊԱ վերապատրաստող մասնագետ,
Ռ. Մելիքյանի անվան պետ. եր. քոլեջի դասախոս.
Անի Հակոբյան