Ավ. ըստ Ղուկասի 17.1-19
1 Յիսուս ասաց նաեւ իր աշակերտներին. «Անկարելի է, որ գայթակղութիւնը չգայ, բայց վա՜յ նրան, որի ձեռքով կգայ: 2 Նրա համար լաւ կլինէր, եթէ իր պարանոցից երկանաքար վէմ կախուէր, եւ նա ծովը գցուէր, քան թէ այս փոքրիկներից մէկին գայթակղէր: 3 Զգո՛յշ եղէք ձեր անձերի համար: Եթէ քո եղբայրը մեղանչի, սաստի՛ր նրան. եւ եթէ զղջայ, ների՛ր նրան: 4 Եւ եթէ եօթ անգամ մեղանչի քո դէմ եւ եօթ անգամ դառնայ քեզ եւ ասի՝ զղջում եմ, ների՛ր նրան»: 5 Եւ առաքեալները Տիրոջն ասացին. «Աւելացրո՛ւ մեր հաւատը»: 6 Եւ Տէրն ասաց. «Եթէ մանանեխի հատիկի չափ հաւատ ունենաք եւ այս թթենուն ասէք՝ “Արմատախի՛լ եղիր եւ տնկուի՛ր ծովի մէջ”, նա իսկ կհնազանդուի ձեզ: 7 Իսկ ձեզնից ո՞վ է, որ հողագործ կամ հովիւ ծառայ ունի, երբ սա ագարակից տուն մտնի, նրան կասի իսկոյն. “Անցիր, սեղա՛ն նստիր”. 8 այլ նրան չի՞ ասի. “Պատրաստի՛ր, ինչ ընթրելու եմ, եւ գօտի կապած ծառայի՛ր ինձ, մինչեւ որ ուտեմ ու խմեմ, եւ ապա կուտես եւ կխմես դու”: 9 Մի՞թէ տէրը շնորհապարտ կլինի այդ ծառային, որ իր բոլոր հրամանները կատարեց: 10 Նոյնպէս եւ դուք, երբ կատարէք այն բոլորը, որ ձեզ հրամայուած է, ասացէք, թէ՝ “Անպիտան ծառաներ ենք. ինչ որ պարտաւոր էինք անել, այն արեցինք”»: 11 Եւ մինչ նա դէպի Երուսաղէմ էր գնում, անցնում էր Սամարիայի եւ Գալիլիայի միջով: 12 Եւ երբ մի գիւղ էր մտնում, նրան հանդիպեցին տասը բորոտներ, որոնք հեռու կանգնեցին, 13 բարձրացրին իրենց ձայնը եւ ասացին. «Յիսո՛ւս Վարդապետ, ողորմի՛ր մեզ»: 14 Եւ երբ նրանց տեսաւ, ասաց նրանց. «Գնացէք, դուք ձեզ քահանաներին ցոյց տուէք»: Երբ գնում էին, նոյն ժամին մաքրուեցին: 15 Նրանցից մէկը երբ տեսաւ, որ բժշկուեց, վերադարձաւ եւ բարձր ձայնով փառաւորում էր Աստծուն. 16 երեսի վրայ ընկաւ Յիսուսի ոտքերի առաջ եւ շնորհակալութիւն էր յայտնում նրան. եւ ինքը սամարացի էր: 17 Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Սրանք տասն էլ չմաքրուեցի՞ն. իսկ արդ, իննը ո՞ւր են, 18 որ չվերադարձան փառք տալու համար Աստծուն, բացի միայն այս օտարազգի մարդուց»: 19 Եւ ասաց նրան. «Վեր կաց գնա, որովհետեւ քո հաւատը քեզ փրկեց»:
Գործք 21.15-26
15 Այդ օրերից յետոյ պատրաստուեցինք եւ Երուսաղէմ բարձրացանք: 16 Մեզ հետ եկան նաեւ կեսարացի մի քանի աշակերտներ, որոնք մեզ տանում էին կիպրացի ոմն Մնասոնի մօտ, որը նախապէս աշակերտ էր, եւ որի տանը օթեւանելու էինք: 17 Եւ երբ մենք Երուսաղէմ մտանք, եղբայրները մեզ խնդութեամբ ընդունեցին: 18 Յաջորդ օրը Պօղոսը մեզ հետ Յակոբոսի մօտ մտաւ. եկան եւ բոլոր երէցները: 19 Ողջունելով նրանց՝ նա մի առ մի պատմեց այն բաները, որ Աստուած նրա ծառայութեան միջոցով արեց հեթանոսների մէջ: 20 Եւ նրանք լսելով փառաւորում էին Աստծուն եւ նրան ասում. «Տեսնո՞ւմ ես, եղբա՛յր, հազարաւոր հաւատացեալ հրեաներ կան, եւ բոլորն էլ նախանձախնդիր են օրէնքին: 21 Բայց քո մասին իրազեկ եղան, թէ հեթանոսների մէջ գտնուող բոլոր հրեաներին ուսուցանում ես հրաժարուել Մովսէսի օրէնքից. ասում ես, որ նրանք իրենց որդիներին չթլփատեն եւ կրօնի աւանդութիւնների համաձայն չգնան: 22 Արդ, ի՞նչ պէտք է լինի. հաստատապէս կլսեն, որ եկել ես: 23 Ուրեմն, արա՛ այն, ինչ քեզ ասում ենք. մեզ մօտ կան չորս ուխտադիր մարդիկ. 24 նրանց քեզ հետ առ եւ նրանց հետ միասին մաքրուիր. եւ նրանց ծախսը քեզ վրայ վերցրու, որ իրենց գլուխներն ածիլեն: Այսպէս ամէնքը թող իմանան, որ քեզ վերաբերող այն բաները, որոնց մասին իրազեկ են եղել, ոչինչ են, եւ ընդհակառակը՝ դու էլ համաձայն ես օրէնքը պահել: 25 Գալով հաւատացեալ հեթանոսներին, մենք ուղարկել ենք մեր որոշումը, որ այդպիսի բաներ չպահեն նրանք, այլ միայն զգուշանան կուռքերին մատուցուած զոհերից ու արիւնից եւ խեղդամահ արուած կենդանուց եւ պոռնկութիւնից»: 26 Այն ժամանակ Պօղոսն իր հետ վերցրեց այդ մարդկանց եւ յաջորդ օրը նրանց հետ մաքրուելուց յետոյ տաճար մտաւ՝ յայտնելու մաքրման օրերի աւարտի մասին. որից յետոյ նրանցից իւրաքանչիւրի համար զոհ մատուցուեց:
Ա Հովհաննես 3.10-20
10 Ամէն ոք, ով արդարութիւն չի գործում, Աստծուց չէ. նոյնպէս՝ նա, ով չի սիրում իր եղբօրը: 11 Քանզի այս է այն պատուիրանը, որ լսեցիք ի սկզբանէ՝ որ սիրե՛նք միմեանց. 12 ոչ՝ ինչպէս Կայէնը, որ չարից էր եւ սպանեց իր եղբօրը: Եւ ինչո՞ւ սպանեց նրան. որովհետեւ իր գործերը չար էին, իսկ եղբօր գործերը՝ բարի: 13 Եւ մի՛ էլ զարմացէք, եղբայրնե՛ր, որ աշխարհը ատում է ձեզ: 14 Մենք գիտենք, որ մահուանից դէպի կեանք անցանք, քանզի սիրում ենք մեր եղբայրներին: Իսկ ով չի սիրում եղբօրը, մնում է մահուան մէջ: 15 Ամէն ոք, ով ատում է եղբօրը, մարդասպան է. եւ գիտենք, որ ամէն մարդասպան իր մէջ յաւիտենական կեանք չունի: 16 Սէրը նրանով ճանաչեցինք, որ Յիսուս իր կեանքը տուեց մեզ համար. մենք էլ պարտաւոր ենք մեր եղբայրների համար տալ մեր կեանքը: 17 Ով այս աշխարհի բարիքներից ունենայ եւ տեսնի իր եղբօրը մի բանի կարօտ ու փակի իր սիրտը նրա առաջ, Աստծոյ սէրը ինչպէ՞ս կարող է բնակուել նրա մէջ: 18 Որդեակնե՛ր, խօսքերով եւ լեզուո՛վ չսիրենք, այլ՝ գործով եւ ճշմարտութեամբ: 19 Եւ հէնց դրանով ճանաչած կլինենք, որ ճշմարտութիւնից ենք, եւ նրա առաջ կանգնելու վստահութիւն կունենան մեր սրտերը: 20 Եթէ մեր սրտերը դատապարտեն մեզ, մենք գիտենք, թէ Աստուած աւելի մեծ է, քան մեր սրտերը. եւ նա գիտէ ամէն բան:
Ավ. ըստ Հովհաննեսի 10.22-42
22 Այն ժամանակ Երուսաղէմում տաճարի Նաւակատիքի տօն էր, եւ ձմեռ էր: 23 Եւ Յիսուս շրջում էր տաճարի մէջ՝ Սողոմոնի սրահում: 24 Հրեաները նրա շուրջը հաւաքուեցին ու ասացին. «Մինչեւ ե՞րբ մեր հոգին պիտի հանես. եթէ դու ես Քրիստոսը, համարձակ ասա՛ մեզ»: 25 Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Ձեզ ասացի, եւ ինձ չէք հաւատում. այն գործերը, որ ես անում եմ իմ Հօր անունով, դրանք վկայում են իմ մասին: 26 Բայց դուք չէք հաւատում, որովհետեւ իմ ոչխարներից չէք. 27 իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, եւ ես ճանաչում եմ նրանց. եւ նրանք գալու են իմ յետեւից. 28 եւ ես նրանց կտամ յաւիտենական կեանք. եւ նրանք չեն կորչի յաւիտեան. եւ ոչ ոք նրանց իմ ձեռքից չի յափշտակի: 29 Իմ Հայրը, որ նրանց ինձ տուեց, ամէնքից մեծ է. եւ իմ Հօր ձեռքից ոչ ոք չի կարող ոչինչ յափշտակել: 30 Ես եւ իմ Հայրը մի ենք»: 31 Հրեաները քարեր վերցրին, որ նրան քարկոծեն: 32 Յիսուս պատասխանեց նրանց. «Բազում բարի գործեր ցոյց տուեցի ձեզ իմ Հօրից. դրանցից ո՞ր գործի համար էք ինձ քարկոծում»: 33 Հրեաները նրան պատասխանեցին. «Քեզ բարի գործի համար չենք քարկոծում, այլ հայհոյութեան համար եւ նրա համար, որ դու մարդ ես, բայց ինքդ քեզ Աստծոյ տեղ ես դնում»: 34 Յիսուս նրանց պատասխանեց. «Ձեր օրէնքում չէ՞, որ գրուած է. “Ես ասացի, թէ աստուածներ էք”: 35 Իսկ եթէ աստուածներ է կոչում նրանց, որոնց ուղղուած էր Աստծոյ խօսքը (եւ հնարաւոր չէ, որ Գիրքը ջնջուի), 36 ուրեմն, ում Հայրը սրբացրեց եւ աշխարհ ուղարկեց, դուք ասում էք, թէ՝ հայհոյում ես, նրա համար, որ ասացի, թէ՝ Աստծոյ Որդի եմ: 37 Եթէ իմ Հօր գործերը չեմ անում, ինձ մի՛ հաւատացէք: 38 Իսկ եթէ անում եմ, թէ ինձ էլ չէք հաւատում, գործերի՛ն հաւատացէք, որպէսզի իմանաք եւ ճանաչէք, որ Հայրը իմ մէջ է, եւ ես՝ Հօր մէջ»: 39 Դարձեալ ուզում էին նրան բռնել, բայց նա նրանց ձեռքից դուրս պրծաւ: 40 Եւ վերստին գնաց Յորդանանի միւս կողմը՝ այնտեղ, ուր Յովհաննէսն էր նախապէս գտնւում եւ մկրտում. եւ այնտեղ էր մնում: 41 Շատերը նրա մօտ եկան եւ ասում էին. «Յովհաննէսը որեւէ նշան չարեց, բայց այն ամէնը, որ Յովհաննէսն ասել էր նրա մասին, ճշմարիտ է»: 42 Եւ այնտեղ շատերը հաւատացին նրան:
Ավ. ըստ Մատթեոսի 17.21-18.9
17.21 Եւ մինչ նրանք Գալիլիայում դեռ շրջում էին, Յիսուս իր աշակերտներին ասաց. «Մարդո Որդին մատնուելու է մարդկանց ձեռքը, 22 ու նրան պիտի սպանեն, եւ նա երրորդ օրը յարութիւն պիտի առնի»: Եւ նրանք շատ տխրեցին: 23 Երբ նրանք Կափառնայում եկան, երկդրամեան տուրքը պահանջողները մօտեցան Պետրոսին եւ ասացին. «Ձեր վարդապետը երկդրամեանը չի՞ տալիս»: Եւ Պետրոսն ասաց՝ այո՛: 24 Եւ երբ տուն մտան, Յիսուս կանխեց նրան ու ասաց. «Քեզ ինչպէ՞ս է թւում, Սիմո՛ն. ազգերի թագաւորները հարկերը կամ տուրքը ումի՞ց են առնում՝ իրենց որդիների՞ց, թէ՞ օտարներից»: 25 Եւ երբ ասաց՝ օտարներից, Յիսուս նրան ասաց. «Ապա ուրեմն որդիներն ազատ են: 26 Բայց որպէսզի նրանց չգայթակղենք, գնա՛ ծով ու կարթ գցիր, եւ առաջին ձուկը, որ դուրս կելնի, վերցրու ու բա՛ց նրա բերանը եւ մի արծաթ դրամ կգտնես. այն ա՛ռ եւ իմ ու քո տեղ նրանց կտաս»
18.1 Այն օրը աշակերտները մօտեցան Յիսուսին եւ ասացին. «Մեզնից ո՞վ է մեծ երկնքի արքայութեան մէջ»: 2 Եւ Յիսուս իր մօտ կանչեց մի մանուկ, կանգնեցրեց նրան նրանց մէջ 3 ու ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. եթէ չդառնաք ու չլինէք մանուկների պէս, երկնքի արքայութիւնը չէք մտնի: 4 Արդ, ով իր անձը խոնարհեցնում է, ինչպէս այս մանուկը, երկնքի արքայութեան մէջ նա է մեծ: 5 Եւ ով որ իմ անունով մի այսպիսի մանուկ ընդունի, ի՛նձ կընդունի: 6 Եւ ով որ ինձ հաւատացող այս փոքրիկներից մէկին գայթակղի, նրա համար լաւ կլինի, որ նրա պարանոցից էշի երկանաքար կախուի, եւ նա սուզուի ծովի խորքը: 7 Վա՜յ աշխարհին գայթակղութիւնների պատճառով. գայթակղութիւններ պէտք է, որ գան, բայց վա՜յ այն մարդուն, որի միջոցով կգայ գայթակղութիւնը: 8 Եթէ քո ձեռքը կամ ոտքը քեզ գայթակղում է, կտրի՛ր այն եւ դէ՛ն գցիր քեզնից. լաւ է, որ դու մէկ ձեռքով կամ կաղ մտնես կեանք, քան երկու ձեռք ու երկու ոտք ունենաս եւ յաւիտենական կրակի մէջ ընկնես: 9 Եւ եթէ քո աչքն է գայթակղում քեզ, հանի՛ր այն եւ դէ՛ն գցիր քեզնից. լաւ է, որ դու միաչքանի մտնես կեանք, քան երկու աչք ունենաս եւ ընկնես գեհենի կրակը:
Ավ. ըստ Մարկոսի 9.29-49
29 Այնտեղից ելնելով՝ նրանք անցնում էին Գալիլիայի միջով, եւ Յիսուս չէր կամենում, որ որեւէ մէկն իմանայ, 30 քանի որ իր աշակերտներին ուսուցանում էր եւ նրանց ասում. «Մարդու Որդին մատնուելու է մարդկանց ձեռքը, նրանք պիտի սպանեն նրան. եւ երբ նա սպանուի, երրորդ օրը յարութիւն պիտի առնի»: 31 Բայց նրանք չէին հասկանում այդ խօսքը եւ վախենում էին նրան հարցնել: 32 Եկաւ Կափառնայում եւ, երբ տուն մտաւ, աշակերտներին հարցրեց. «Ճանապարհին իրար հետ ինչի՞ մասին էիք վիճում»: 33 Եւ նրանք լուռ էին մնում, որովհետեւ ճանապարհին իրար հետ վիճում էին, թէ ով է մեծը: 34 Եւ երբ նստեց, կանչեց տասներկուսին ու նրանց ասաց. «Եթէ մէկն ուզում է առաջինը լինել, բոլորից վերջինը եւ բոլորի սպասաւորը պիտի լինի»: 35 Եւ մի մանուկ վերցնելով՝ կանգնեցրեց նրանց մէջ եւ նրան իր գիրկն առնելով՝ նրանց ասաց. 36 «Ով այսպիսի մանուկներից մէկին ընդունում է իմ անունով, ինձ է ընդունում, եւ ով ինձ է ընդունում, ոչ թէ ինձ է ընդունում, այլ նրան, ով ինձ ուղարկեց»: 37 Յովհաննէսը պատասխանեց եւ ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մէկին, որը քո անունով դեւեր էր հանում, բայց մեզ հետ չէր շրջում, եւ արգելեցինք նրան»: 38 Եւ նա ասաց. «Արգելք մի՛ եղէք նրան, որովհետեւ չկայ մէկը, որ իմ անունով զօրաւոր գործեր անի ու կարողանայ ինձ հայհոյել. 39 քանզի ով մեզ հակառակ չէ, նա մեր կողմն է: 40 Եւ ով որ ձեզ մի բաժակ ջուր խմեցնի յանուն այն բանի, որ դուք Քրիստոսինն էք, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չպիտի կորցնի»: 41 «Եւ ով որ ինձ հաւատացող այս փոքրիկներից մէկին գայթակղի, նրա համար աւելի լաւ կլինէր, եթէ նրա պարանոցից կախուած լինէր էշի մի երկանաքար, եւ ծով գցուէր: 42 Եւ եթէ քեզ գայթակղում է քո ձեռքը, կտրի՛ր, դէ՛ն գցիր քեզնից, որովհետեւ քեզ համար աւելի լաւ է խեղուած մտնել յաւիտենական կեանքը, քան թէ երկու ձեռք ունենալ ու գնալ գեհեն՝ անշէջ կրակի մէջ: 44 Եւ եթէ քո ոտքն է գայթակղում քեզ, կտրի՛ր, քեզնից դէ՛ն գցիր այն. լաւ է, որ դու կաղ մտնես յաւիտենական կեանքը, քան թէ երկու ոտք ունենաս ու գեհեն ընկնես: 46 Եւ եթէ քո աչքն է գայթակղում քեզ, քաշիր-հանի՛ր այն. լաւ է, որ դու մէկ աչքով մտնես Աստծոյ արքայութիւնը, քան թէ երկու աչք ունենաս ու ընկնես գեհեն, 47 ուր նրանց որդը չի մեռնում, եւ կրակը չի հանգում, 48 որովհետեւ ամէն ինչ կրակով պիտի աղուի: 49 Աղը լաւ բան է. բայց եթէ աղը անհամանայ, ինչո՞վ պիտի համեմուի. արդ, դուք ձեր մէջ ունեցէ՛ք աղը եւ իրար հետ խաղաղութեա՛մբ ապրեցէք»: