Քրիստոսի Համբարձման տոնի հաջորդ կիրակի օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Երկրորդ Ծաղկազարդը: Տոնի անվանումն առաջացել է Ս. Հարությանը նախորդող Ծաղկազարդի տոնի անվանումից: Վերջինս խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, երբ մարդիկ Տիրոջը դիմավորում էին փառաբանությամբ ու ցնծությամբ և արմավենու ճյուղեր սփռում Նրա առաջ:
Երկրորդ Ծաղկազարդն արդեն համբարձված Քրիստոսի՝ Վերին Երուսաղեմ մտնելու հիշատակն է, երբ Նրան ցնծությամբ դիմավորում էին հրեշտակները:
Տոնախմբությունը հաստատվել է Ներսես Շնորհալու եղբայր՝ Գրիգոր Բ Վկայասեր կաթողիկոսի կողմից և տոնում է միայն Հայ եկեղեցին:
Երկրորդ Ծաղկազարդի տոնախմբության հիմքում ընկած է հետևյալ ավանդությունը: Ըստ որի՝ Գրիգոր Լուսավորչին խոր ու խավար վիրապում չորրորդ դասի երկնային մի հրեշտակ էր ծառայում:
Համբարձման չորրորդ օրը, այսինքն՝ Երկրորդ Ծաղկազարդի կիրակի օրը, հրեշտակը, ի զարմանս Գրիգոր Լուսավորչի, չի այցելում:
Հաջորդ օրը, երբ նորից է հայտնվում երկնային հրեշտակը ու սկսում սպասարկել Աստծո նվիրյալին, Գրիգոր Լուսավորիչը հարցնում է նրան բացակայության պատճառը և տեղեկանում, որ այդ օրը երկնային քահանայապետությունը տոնում էր Հիսուսի երկինք համբառնալը և նույն օրը չորրորդ դասակարգության տոնն էր: Համբարձմանը հաջորդող ինն օրերին Քրիստոս հրեշտակների ինը դասերում եղավ և յուրաքանչյուր դասում մի օր հանգստացավ: Այդ օրերին յուրաքանչյուր դաս ցնծությամբ և ուրախությամբ ընդառաջ էր ելնում Տիրոջն ու Նրա պատվին տոն կատարում, և Տերը նրանց հաստատում էր ու հայտնում Իր մարդեղության խորհուրդը: Իսկ չորրորդ օրը չորրորդ դասում հանգստացավ և այդ պատճառով ամեն տարի այդ օրն այդ դասը տոն է կատարում:
Այս առթիվ Գրիգոր Վկայասեր կաթողիկոսի գրած «Մեծահրաշ այս խորհուրդ» շարականում հանգամանորեն պատմվում է ամբողջ ավանդությունը:
Ինչպես հարությունից հետո Քրիստոս մնաց օդում քառասուն օր, որպեսզի մարդկանց մեջ հաստատի Իր հարության հավատը, այդպես էլ համբարձումից հետո ինն օր մնաց հրեշտակների դասերում, որպեսզի նրանց հայտնի մարդկանց փրկության խորհուրդը:
Այսպիսով, եթե բուն Ծաղկազարդը խորհրդանշում է Հիսուսի արքայական մուտքը Երուսաղեմ, ապա Երկրորդ Ծաղկազարդը խորհրդանշում է Հիսուսի փառավոր մուտքը ի Վերին՝ Երկնային Երուսաղեմ, հրեշտակների ուղեկցությամբ:
ՇԱՐԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԾԱՂԿԱԶԱՐԴԻ
Մեծահրաշ այս խորհուրդ աւանդութեամբ առ մեզ հասեալ
Զոր հոգւոց լուսատուն ի պաշտպանէն իւրմէ լըւեալ.
Եթէ տօն մեծ է այսօր իմոյ դասուն որ ի յերկինս:
Քանզի ի յելսըն վերին երկնաւորին որ ի յերկրէ,
Ըստ դասուց երկնայնոցըն տօնէին ուրախութեամբ.
Ի հրեշտակացն ըսկըսեալ մինչ ի յաթոռսըն(1) կատարեալ:
Իսկ չորրորդն դասէ պաշտպան եղեալ լուսաւորչին,
Ի դասուն իւր փութացեալ ուրախոթեամբ տօնակցութիւն.
Զոր հարցմամբ ի նմանէ տեղեկանայր մարմնով հրեշտակն:
Եւ քանզի մեծ այս խորհուրդ ի փրկութիւն բանաւորաց,
Հրեշտակաց եւ մարդկան առ հասարակ կատարեալ,
Երկոցունց սեռիցն ի միասին յարմարութիւն:
Եւ զի շարժեալ նախանձու երիցագոյն զաւակին,
Ի գիւտ մոլորեալ եւ կորուսեալ անառակին.
Հրամայէ հայրըն վերին ուրախանալ ի միասին:
Վասն որոյ եւ մեք հանդիսացեալք ընդ նոսին,
Երգեսցուք օրհնութիւն հասարակաց Փրկողին.
Որ եբարձ ըզխռովութիւն եւ հաստատեաց զխաղաղութիւն:
ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ
Մեծահրաշ այս խորհուրդ , աւանդութեամբ մեզի հասած,
Զոր հոգւոց մեր Լուսատուն իր պաշտպանն էր լսած.
Թէ մեծ տօն էր այսօր երկինքի մէջ իր դասուն:
Երկրէն եկող Երկնաւորը, երբ վերացաւ երկինքն ի վեր,
Երկնայիններ դաս առ դաս տօն սարքեցին ուրախութեամբ.
Սկսեալ հրեշտակներէն մինչեւ վերին Աթոռները:
Իսկ չորրորդ դասակարգէն, պաշտպան եղած Լուսաւորչին,
Իր խումբին մէջ կը փութար տօնակցելու ուրախութեամբ.
Որմէ հարցում ընելով տեղեակ կ’ըլլար մարմնաւոր մեր հրեշտակն:
Քանզի մեծ է այս խորհուրդն բանաւորացս փրկութեան,
Հրեշտակներու եւ մարդկան. միասնաբար կը տօնուի,
Երկու տեսակ բանաւոր էակներէն առ հասարակ:
Երէց որդին առակին, երբ նախանձով էր լեցուած,
Մոլորուած ու կորուսեալ անառակին գտնուելուն,
Վերին Հայրը կը հրամայէ ի միասին ուրախանալ:
Ուստի մենք ալ անոնց հետ, մեծահանդէս տօնելով,
Օրհնութեան երգեր երգենք հասարակաց Փրկիչին.
Որ վերջացուց խռովութիւնն ու հաստատեց խաղաղութիւն: