Զաւա՛կս…
Աժան ձեռք չէ բերւում առիւծի մորթին:
Այդ այսպէս լինելով հանդերձ՝ երբ մեծացար դու, զաւա՛կս, ձգտի՛ր տիրանալ նրան, բայց միամտութիւն չունենաս կարծելու, թէ Երկրագնդի վրայ կարելի է փառքի տէր դառնալ, առանց նախանձահեղձ սինլքորների չարութիւնը գրգռելու:
Զօրավա՞ր ես եօթ վէրք — չզարմանաս, եթէ մի օր դասալիքը դատաւորդ հանդիսանայ: Մեր աշխարհի լրբութիւններից մէկն էլ այդ է, չզարմանաս եւ չկրկնես զայրոյթով. «Թող զինուորն իր ստացած վէրքերը եւ հովիւը՝ իր ոչխարները համրէ»:
Չար անասուն է մարդս, երբ նախանձում է: Մեր աշխարհում միշտ էլ վատասիրտը հայհոյել է աներկիւղ ասպետին, երկչոտը՝ մութ անկիւնից քար նետել հերոսին:
Նախանձը — մասնաւորապէս հայկականը — ընտրում է ճամբաներից ամենակարճը, եւ թոյլատրելի համարում թշնամանքի բոլոր զէնքերը:
Նա, որին դեռ երէկ էր ինչ խլեցիր առիւծի բերնից, փրկեցիր ստոյգ մահից՝ վաղը կարող է իժի նման գարշապարդ փնտռել:
Նա, որն այսօր ձիուդ ասպանդակները բռնելը իր համար պատիւ է համարում՝ վաղը կարող է փողոցաշունչ ամբոխը գրգռել անձիդ դէմ:
Նա, որ երէկ խորապէս կը ցաւէր, թէ հայոց դաշտերում չի աճում այն ազնիւ դափնեվարդը, որ արժանի լինէր յաղթական ճակատդ զարդարել՝ վաղը կարող է ցեխ նետել քո կատարած պատմական գործին:
Մի՛, մի՛ զարմանար, եթէ իրենց կեանքը սրիդ պարտողները այսպէս վարուեն քեզ հետ, եւ մի՛ զայրանար, քանզի անձիդ դէմ ապերախտողը շուն չէ՛, այլ՝ մարդ:
Սէր, յարգանք, պաշտամունք պարտադրել՝ նշանակում է իշխանութիւն ունենալ մարդկանց հոգիների վրայ:
Պաշտամունք — ասել է՝ ճանաչում ենք մեր պաշտածի իշխանութիւնը, եւ բարոյական որոշ տուրք տալիս նրան:
Ուրիշների մէջ մենք, էապէս, սիրում ենք այն, ինչ որոշ չափով կայ ե՛ւ մեր մէջ:
Արին սիրում է արիութիւնը անգա՛մ իր հակառակորդների մէջ: Մենք սիրում ենք նրանց, որոնց նմանում ենք մասամբ, եւ առնուազը՝ անտարբեր ենք դէպի այն բոլորը, որոնք հոգեբանօրէն օտար են մեզ: Հայրենապաշտը քո անձի մէջ տեսնում է մի բան իր ոգուց, եւ ցնծում քո յաջողութիւնների առթիւ: Անհայրենասէրն, ընդհակառակը, քո անձի, քո գործերի մէջ տեսնում է այն, ինչ պակասում է իրեն — եւ հենց այդ է պատճառը, որ նա չի՛ հանդուրժում քո հոգեւոր լուծը, քո իշխանութիւնը: Ահա՛ թէ ո՛ւր է շրջապատիդ որոշ տարրերի պաղ անտարբերութեան, երբեմն էլ՝ թշնամանքի գաղտնիքը:
Սինլքորներ կան, որոնց եթէ ապտակեցիր, իրենց ստացած հարուածը կ’ընդունին ուղղուած իրենց քաղաքական փարախի, եկեղեցու, ծրագրի դէմ: Թքեցի՞ր — թքուած կը հռչակեն իրենց տէրերը, եւ նրանց կռնատակից կը նետեն քեզ:
Ջրի պէս շարժուն, ջրի պէս ամեն ձեւ ու գոյն առնելու ընդունակ՝ սրանք մէկի ստուերն են, միւսի՝ արձագանգը, երրորդի՝ կապարճակիրը:
Մի աստուածութիւն ունին — օրուայ իշխանաւորը, որի մանկլաւիկը, պնակալէզը, շնիկը լինելու մէջ է իրենց երջանկութիւնը: Եւ միշտ էլ ունին — մի ձեռքում խունկ, միւսի մէջ՝ ցեխ: Վա՜յ քեզ, եթէ կայսերաբար առատաձեռն չեղար սրանց նկատմամբ: Վա՜յ, եթէ չգնահատեցիր սրանց սողունութիւնը: Եւ հազար վա՜յ, եթէ ժպտալու փոխարեն «անհեռատեսութիւն» ունեցար բերան արիւնելու չափ զօրաւոր կերպով քաշելու սրանց սանձը:
Նման չարարուեստ էակներից շաղախուած մի ցածոգի ամբոխ, դարեր առաջ, արդարն Արիստիդէսին — իր ծայրահեղ ազնուութեան համար — հայրենի հողէն ու ջրէն օգտուելու իրաւունքից զրկեց. դա սպանեց Սոկրատէսին, եւ, աւազակների հետ՝ խաչ հանեց Նազովրեցուն:
Հայաստանից դուրս, իմ ճամբին քար ու տատասկ ցանողներ շատ եղան: Գիտեմ, զաւա՛կս, տարբեր ճամբայ պիտի չունենաս նաեւ դու: Եւ եթէ քեզ յաջողուեց ոտքերիդ արիւնով յագեցնել տատասկները, եւ քարերը վերածել վերելքդ հեշտացնող մարմարիոնէ սանդուխների՝ վատերը պիտի կուրանան, որպէսզի չտեսնեն մեծութիւնը կատարածդ գործի:
Հեռու հայրենի լեռներից, ես սովորեցի թքել ինձ թշնամացող նախանձոտ տգիտութեան ու չարութեան վրայ — թքել ու անցնել: Քեզ, սակայն, պիտի չյանձնարարեմ այդ վարքագիծը: Դու աշխատի՛ր աւելի՛ զօրաւոր լինել, քան եղաւ հայրդ: Դու սովորի՛ր ծիծաղել մարդկային վատութիւնների վրայ ու անցնել անցասում:
Օ՜հ, ուր էր թէ գէթ քո սերունդը ազատ մնար անհայրենիք կեանքի անէծքից, եւ արդար փառքը — առիւծի մորթին — դու փնտրէիր հայրենի ազատ եւ անկախ աշխարհում՝ միշտ գիտակցելով, որ հազարիցս լաւ է պատմական մի գործ կատարել, թէկուզ հազար թշնամի շահելով, քան մարդկային չարութիւնից զերծ մնալու գնով՝ դուրս մնալ պատմութիւնից:
Գարեգին ՆԺԴԵՀ
«Ռազմիկ»
25 Դեկտ. 1940, թիւ 1