Հայ վրիժառուների իրագործած «Նեմեսիս» գործողությամբ պատժվեցին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներն ու Մուսավաթական Ադրբեջանի այն լիդերները, որոնց անմիջական մասնակցությամբ խաղաղ հայ բնակչության դեմ զանգվածային ջարդեր էին իրականացվել: «Նեմեսիս» գործողությունը նախ և առաջ հայ ժողովրդի արժանապատվության վերականգնման հարցն էր, միաժամանակ «Նեմեսիսն» ազդակ էր աշխարհին, որ չիրականացված արդարադատության հետևից գալու են և մի ամբողջ ժողովրդի դահիճների դատավճիռներն իրականացնելու են հայ վրիժառուները:
Պատմաբան, դոցենտ Հովիկ Գրիգորյանը նշում է, որ Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին ոչնչացնելու ծրագրեր կազմվել են դեռև 1915-1916 թվականներին, սակայն վրիժառության կազմակերպված գործողությունը՝ «Նեմեսիսը», սկսվեց միայն Առաջին աշխարհամարտի ավարտից հետո:
Տարբեր աղբյուրներ տարբեր թվեր են նշում, սակայն փաստ է, որ վրիժառության ցուցակներում ներառված թուրք և ադրբեջանցի պարագլուխների մեծ մասին «Նեմեսիսի» մարտիկները կարողացան հայտնաբերել ու ոչնչացնել: Ուշագրավ է, որ վրիժառության գործողություններից զերծ չմնացին նաև Հայոց ցեղասպանության իրագործման հարցում թուրք պարագլուխներին ծառայություններ մատուցած ազգությամբ հայ դավաճանները: Հայ վրիժառուի գնդակը հասավ նաև դավաճաններին՝ ապացուցելով, որ մարդկայնության դեմ հանցանքը և սեփական ժողովրդի դավաճանությունը վաղեմության ժամկետ չունեն ու անպայմանորեն գալու է արդար հատուցման ժամանակը:
Ըստ պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանի՝ «Նեմեսիսի» մշակման և իրականացման գործում մեծ ներդրում են ունեցել նաև հայ մտավորականները՝ ի ցույց դնելով, որ ազգային վրիժառության հարցը չի վերաբերվում զուտ միայն զինվորականներին:
Օրինակ՝ մեծանուն հայ գրող Ավետիք Իսահակյանը, 1920-1930-ականներին ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան Հակոբ Զորյանը և այլ մտավորականներ գործուն ներգրավվածություն են ունեցել «Նեմիսիսի» նախագծման և իրականացման հարցում:
Պատմաբան, լրագրող Անի Հակոբյանը նշում է, որ «Նեմեսիսը» ոչ միայն պատժիչ գործողություն էր, այլև հասարակական-քաղաքական մեծ նշանակություն ունեցող իրադարձություն, որի միջոցով հայ վրիժառուները միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեցին Հայոց ցեղասպանության հետևանքների վրա, նաև չիրականացված արդարադության փաստի վրա:
Աղբյուր ՝ https://times.am/987267/
Սեսանյութը ՝ http://«Մեր պատմությունը» հեռուստանախագծի