Հայրենիքի եւ հայրենասիրութեան թշնամին աշխարհաքաղաքացին էկոսմոպոլիտը: Սրա հայրենիքը, իր յայտարարութեամբ, համայն աշխարհն է, ազգը
համայն մարդկութիւնը:
Չկա՛ն ազգեր, կայ մարդկութիւնը,- ասում է այդ միամիտ երազատեսը եւ հայեացքն ուղղում դէպ անորոշ հեռուները:
Պիտ սիրել,- ասում է սա. պիտ սիրել բոլոր մարդկանցառանց ցեղի, գոյնի, կուլտուրայի խտրութեան: Այո՛, պիտ սիրել, պիտ կարեկցել,աւելին
պիտ օգնութեան փութալ իր նմաններին: Սէրը դէպ մեր նմանները եղել է եւ կը մնայ կրօնների եւ յեղափոխութիւնների հռչակած առաքինութիւններից գերագոյնը: Պիտ ապրի մարդասիրութիւնը: Բայց մի°թէ մեր դէպ մարդկութիւնն ունեցած սէրը ազատում է մեզ եւ մե՛ր ժողովուրդը սիրելուց, հայրենասէր լինելուց:
Մերը պիտի չսիրե°լ, որովհետեւ պէտք է սիրել եւ օտարի°նը: Մի մասը պիտի չսիրե°լ, որովհետեւ սիրում ենք ամբողջութի°ւնը: Անհեթեթութիւն չէ° դա: Իսկ եթէ բոլորն էլ, ի դժբախտութիւն աշխարհի,իրենց աշխարհաքաղաքացի յայտարարէին, այսինքն դադարէին իրենց ազգը սիրելուց, իրենց ազգային պարտականութիւնները կատարելուց կը շահէ°ր մարդկութիւնը: Եւ ինչո°ւ միայն մե՛ր ազգը չսիրել, ինչո°ւ միայն մերի՛ն չօգնել, չէ° որ դա էլ մի մասն է կազմում մարդկային ցեղի:
Անհեթեթ վարդապետութիւն, որը պղատոնական սէր քարոզելով դէպ մարդկութիւնը, քար անտարբերութիւն է յանձնարարում դէպ մարդկութիւնը կազմող ազգերը: Չէ՛, լրջօրէն կաղում է այդ մոլար վարդապետութիւնը. նրան պակասում են պետութիւնը. նրան պակասում են տրամաբանութիւնը եւ բարոյականութիւնը:
Հեռո՛ւ մեզնից այդ մոլորութիւնը:
Բացարձակապէս հաշտելի են հայրենասիրութիւնն ու մարդասիրութիւնը: Բարեկամներ են սրանք եւ ոչ թշնամիներ: Միայն ազգասէ՛րը կարող է սիրել ե՛ւ մարդկութիւնը:
Աշխարհաքաղաքացին իրապէս սիրում է — եթէ սիրում է — ոչ այս, ոչ այն,այլ մի մեծ քիմերա, մի ոչնչութիւն: Ծառայելով իր ազգին, հայրենասէրը անուղղակի կերպով ծառայում է եւ մարդկութեան: Նոյնը չի կարելի ասել աշխարհաքաղաքացու մասին: Մարդկութիւնն իրենից չի ներկայացնում մի կազմակերպւած միութիւն, ինչպիսին է ազգը, որպէսզի նրա նկատմամբ կարողանանք որոշել մեր անելիքը, մեր պարտականութիւնները: Մեզնից որոշ եւ կօնկրետ զոհողութիւններ պահանջում է ազգը, որը եւ մեզ բարոյապէս կապում է մարդկութեան հետ, յարաբերութեան դնում նրա հետ:
Սեղմ ասած, աշխարհաքաղաքացին իրապէս ոչ ոքի հանդէպ իրեն պարտական չի համարում: Ահա՛ թէ ինչո՛ւ իրականում նա մօտենում է աւելի եսասէրին, քան այլասէրին: Իսկ եթէ եսասէր չէ, ապա ցնորապաշտ է, որի սէրը դեպ մարդկութիւնը պլատոնական է, անարժէք:
Աշխարհաքաղաքացիների մի մասը միամիտ ցնորապաշտներ են, զուրկ իրականութեան զգացումից, միւս մասը` պարտականութեանց փոքրոգի դասալիքներ, որոնք զանազան սոփեստութիւններով քօղարկում են իրենց դաւաճանութիւնը մարդկային առաքինութիւններից ամենագերագոյնի — հայրենասիրութեան հանդէպ: Սրանց աշխարհաքաղաքացիութիւնը այլ բան չէ, բայց եթէ բացասումն բոլոր տեսակի պարտականութեանց:
«Օգտակար անդամը ազգերի դաշնակցութեան մէջ նա է, որն ամե-
նաուժեղ կերպով է թափանցւած ազգայնականութեան գաղափարնե-
րով»,- ասում է Ռուզվելթը:
«Հակահայրենասիրութեան տեսութիւնը,- ասում է եւրոպացի մի
գրող,- միշտ էլ հանդիսանում է որպէս մարդկային ստորնութեան
տեսութիւնը»:
Գարեգին Նժդեհ