Ավ. ըստ Ղուկասի 20.20-26
20 Եւ ապա յարմար առիթի սպասեցին եւ ուղարկեցին խաբեբաների, որոնք իրենք իրենց կեղծաւորութեամբ արդար էին ձեւացնում, որպէսզի նրան խօսքերով բռնեն մատնելու համար պետութեան եւ իշխանութեան կուսակալին: 21 Հարցրին նրան եւ ասացին. «Վարդապե՛տ, գիտենք, որ ճիշտ ես խօսում եւ ուսուցանում եւ աչառութիւն չես անում, այլ ճշմարտութեամբ Աստծոյ ճանապարհն ես սովորեցնում: 22 Օրինաւո՞ր է մեզ համար կայսրին հարկ տալ, թէ՞ ոչ»: 23 Եւ նկատելով նրանց խորամանկութիւնը՝ ասաց նրանց. 24 «Ցո՛յց տուէք ինձ դահեկանը»: Եւ նրանք ցոյց տուեցին: 25 Եւ նա ասաց. «Ո՞ւմ պատկերը եւ գիրը ունի դա»: Պատասխանեցին եւ ասացին՝ կայսրինը: Եւ նա նրանց ասաց. «Արդ, գնացէք տուէ՛ք կայսրինը կայսերը, իսկ Աստծունը՝ Աստծուն»: 26 Եւ չկարողացան նրան խօսքերով բռնել ժողովրդի առաջ եւ զարմանալով նրա պատասխանի վրայ՝ լռեցին:
Գործք 25.13-22
13 Մի քանի օր անցնելուց յետոյ Ագրիպպաս արքան եւ Բերենիկէն Կեսարիա եկան՝ Փեստոսին ողջունելու: 14 Եւ երբ այնտեղ շատ օրեր էին անցկացրել, Փեստոսն արքային տեղեկացրեց Պօղոսի մասին ու ասաց. «Այստեղ Ֆելիքսի կողմից կալանքի տակ առնուած մի մարդ կայ մնացած, 15 որի մասին, երբ Երուսաղէմ գնացի, քահանայապետները եւ հրեաների գլխաւորներն ինձ տեղեկացրին: Ինձնից խնդրում էին, որ նրան մահուան վճիռ տամ: 16 Նրանց պատասխանեցի. “Հռոմէացիների սովորութիւնը չէ որեւէ մէկին որպէս շնորհ յանձնել ուրիշ մէկի, մինչեւ որ ամբաստանեալը իր դիմաց չունենայ մեղադրողներին եւ ամբաստանութեան դէմ պատասխան տալու պատեհութիւնը չստանայ”: 17 Եւ երբ այստեղ եկան, ոչնչով չուշացրի, այլ յաջորդ օրն իսկ ատեան նստելով՝ հրամայեցի, որ մարդուն բերեն: 18 Նրա դէմ ներկայացող ամբաստանողները մէջտեղ չէին բերում չարագործութեան ոչ մի յանցանք, որոնց մասին ես կասկած ունէի. 19 այլ ինչ-ինչ խնդիրներ ունէին նրա հետ՝ իրենց պաշտամունքին վերաբերող, ինչպէս նաեւ՝ մի ոմն մեռած Յիսուսի վերաբերեալ, որի մասին Պօղոսն ասում էր, թէ կենդանի է: 20 Երբ այսպիսի խնդիրների քննութեան պատճառով տարակուսանքի մէջ ընկայ, նրան ասացի, թէ կկամենա՞ր Երուսաղէմ գնալ եւ այդ խնդիրների համար այնտեղ դատուել: 21 Բայց երբ Պօղոսը բողոքեց, որ ինքը պէտք է պահուի նորին գերազանցութեան վճռին ներկայանալու համար, հրամայեցի պահել նրան, մինչեւ որ կայսեր մօտ ուղարկեմ»: 22 Ագրիպպասը Փեստոսին ասաց. «Ես էլ կկամենայի այդ մարդուն լսել»: Փեստոսն ասաց. «Վաղը կլսես»:
Հուդա 1.1-7
1 Յուդան՝ ծառան Յիսուս Քրիստոսի եւ եղբայրը Յակոբոսի՝ հեթանոսներիդ, որ սիրուած էք Հայր Աստծուց, պահուած եւ ընտրուած Յիսուս Քրիստոսի համար. 2 թող ողորմութիւնը, խաղաղութիւնը եւ սէրը առատ լինեն ձեզ համար: 3 Սիրելինե՛ր, ամէն ջանք յանձն էի առնում՝ գրելու ձեզ մեր ընդհանուրի փրկութեան մասին. հարկ համարեցի գրել ձեզ եւ աղաչել, որ պայքարէք հաւատի համար՝ այն հաւատի, որ մի անգամ ընդմիշտ աւանդուեց սրբերին. 4 քանի որ ձեր մէջ սողոսկել են ոմանք, որ վաղուց իսկ սահմանուած էին սոյն դատապարտութեան համար. ամբարիշտ մարդիկ, որ մեր Աստծոյ շնորհը վերածեցին անառակութեան եւ ուրացան մեր միակ Իշխանին եւ Տիրոջը՝ Յիսուս Քրիստոսին: 5 Կուզենայի ձեզ յիշեցնել – թէեւ դուք այդ բոլորը գիտէք – որ Աստուած նախ իր ժողովրդին փրկեց Եգիպտոսից, իսկ ապա կորստեան մատնեց անհաւատներին: 6 Եւ այն հրեշտակներին, որ չպահեցին իրենց իշխանութիւնը, այլ լքեցին իրենց բնակութեան տեղը, յաւիտենական կապանքներով խաւարի մէջ պահեց դատաստանի մեծ օրուայ համար, 7 ինչպէս Սոդոմն ու Գոմորը եւ նրանց շուրջը եղող քաղաքները, որոնք այդ նոյն ձեւով պոռնկացան՝ անբնական կրքերի յետեւից ընկնելով, եւ յաւիտենական կրակի դատաստանն ընդունելու օրինակ դարձան բոլորին:
Ավ. ըստ Հովհաննեսի 12.44-50
44 Յիսուս աղաղակում էր ու ասում. «Ով ինձ է հաւատում, ինձ չէ, որ հաւատում է, այլ նրան, ով ինձ ուղարկեց: 45 Եւ ով ինձ է տեսնում, տեսնում է նրան, ով ինձ ուղարկեց: 46 Ես որպէս լոյս եկայ աշխարհ, որպէսզի ամէն ոք, որ ինձ հաւատում է, խաւարում չմնայ: 47 Եւ եթէ մէկը լսի իմ խօսքերը եւ չպահի դրանք, ես նրան չեմ դատապարտի, քանի որ չեկայ, որ աշխարհը դատապարտեմ, այլ՝ որպէսզի փրկեմ աշխարհը: 48 Ով անարգում է ինձ եւ իմ խօսքերը չի ընդունում, կայ մէկը, որ նրան դատում է. այն խօսքը, որ ես խօսեցի, դա պիտի դատապարտի նրան վերջին օրը, 49 որովհետեւ ես ինքս ինձնից չխօսեցի, այլ Հայրը, որ ինձ ուղարկեց, նա ինձ պատուիրեց, թէ ինչ պիտի ասեմ եւ ինչ պիտի խօսեմ: 50 Եւ գիտեմ, որ այն պատուիրանը յաւիտենական կեանք է: Արդ, ինչ որ ես եմ խօսում, այնպէս եմ խօսում, ինչպէս Հայրը ինձ ասաց»:
Ավ. ըստ Մատթեոսի 22.1-14
1 Յիսուս դարձեալ պատասխանեց եւ առակներով ասաց նրանց. 2 «Երկնքի արքայութիւնը նմանուեց մի թագաւորի, որ իր որդու համար հարսանիք արեց: 3 Եւ ուղարկեց իր ծառաներին՝ հրաւիրուածներին հարսանիքի կանչելու. ու նրանք չուզեցին գալ: 4 Դարձեալ ուրիշ ծառաներ ուղարկեց՝ ասելով. “Հրաւիրուածներին ասացէ՛ք. ահա իմ ճաշկերոյթը պատրաստեցի. իմ զուարակները եւ իմ պարարտ անասունները մորթուած են, ու ամէն ինչ պատրաստ է, եկէ՛ք հարսանիքի”: 5 Սակայն նրանք, բանի տեղ չդնելով, գնացին՝ մէկն՝ իր ագարակը, մէկն՝ իր առեւտրին. 6 ուրիշներ էլ բռնեցին նրա ծառաներին, անպատուեցին ու սպանեցին: 7 Իսկ թագաւորը, երբ լսեց, բարկացաւ եւ իր զօրքն ուղարկեց ու բնաջնջեց սպանողներին եւ այրեց նրանց քաղաքը: 8 Ապա իր ծառաներին ասաց. “Հարսանիքը պատրաստ է, բայց հրաւիրուածներն արժանի չէին: 9 Արդ, գնացէ՛ք հրապարակները եւ, ում որ գտնէք, կանչեցէ՛ք հարսանիքի”: 10 Եւ ծառաները, ճանապարհների վրայ ելնելով, հաւաքեցին բոլոր նրանց, ում գտան՝ ե՛ւ չարերին, ե՛ւ բարիներին. եւ հարսանիքը լցուեց հրաւիրուածներով: 11 Եւ երբ թագաւորը ներս մտաւ հրաւիրուածներին նայելու, այնտեղ տեսաւ մի մարդու, որ հարսանիքի զգեստ չէր հագել, ու նրան ասաց. 12 “Ընկե՛ր, որ հարսանիքի զգեստ չունէիր, ինչպէ՞ս այստեղ մտար”: Եւ նա պապանձուեց: 13 Այն ժամանակ թագաւորը ծառաներին ասաց. “Կապեցէ՛ք դրա ոտքերն ու ձեռքերը եւ դո՛ւրս հանեցէք դրան արտաքին խաւարը. այնտեղ կլինի լաց եւ ատամների կրճտում”. 14 որովհետեւ կանչուածները բազում են, իսկ ընտրեալները՝ սակաւ»:
Ավ. ըստ Մարկոսի 12.18-34
18 Նրա մօտ եկան սադուկեցիները, որոնք ասում են, թէ յարութիւն չկայ. հարց էին տալիս եւ ասում. 19 «Վարդապե՛տ, Մովսէսը մեզ համար գրել է. “Եթէ մէկի եղբայրը մեռնի եւ կին թողնի, բայց որդի չթողնի, թող նրա եղբայրն առնի նրա կնոջը եւ իր եղբօր համար զաւակ հասցնի”: 20 Արդ, մեզ մօտ եօթ եղբայրներ կային. առաջինը կին առաւ եւ մեռաւ ու զաւակ չթողեց. 21 եւ երկրորդը նոյն կնոջն առաւ ու մեռաւ. եւ նա էլ զաւակ չթողեց: Նոյն ձեւով նաեւ երրորդն առաւ նոյն կնոջը: 22 Եւ եօթն էլ զաւակ չթողեցին. ամէնքից յետոյ մեռաւ նաեւ կինը: 23 Արդ, յարութեան ժամանակ, երբ յարութիւն առնեն, նրանցից ո՞ւմ կինը կլինի. քանի որ եօթն էլ նրան կին առան»: 24 Յիսուս պատասխան տուեց եւ ասաց նրանց. «Հէնց դրա համար չէ՞, որ մոլորուած էք. քանի որ չգիտէք Գրքերը եւ ոչ էլ՝ Աստծոյ զօրութիւնը. 25 որովհետեւ երբ մեռելներից յարութիւն առնեն, ո՛չ տղամարդիկ կին կառնեն, եւ ո՛չ էլ կանայք մարդու կգնան, այլ կլինեն հրեշտակների նման, որ երկնքում են: 26 Իսկ գալով մեռելներին, թէ յարութիւն են առնում, դուք չէ՞ք կարդացել Մովսէսի գրքում, թէ ինչպէս Աստուած մորենու մօտ ասաց նրան. “Ես եմ,– ասում է,– Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը”: 27 Իսկ Աստուած մեռելների Աստուածը չէ, այլ՝ ողջերի. ուստի դուք խիստ մոլորուած էք»: 28 Օրէնսգէտներից մէկը մօտենալով լսում էր նրանց, մինչ վիճում էին. երբ նա տեսաւ, որ Յիսուս նրանց պատասխանը լաւ տուեց, հարցրեց նրան եւ ասաց. «Ո՞ր պատուիրանն է առաջինը»: 29 Եւ Յիսուս ասաց նրան. «Ամէնից առաջինն է. “Լսի՛ր, Իսրայէ՛լ, մեր Տէր Աստուածը միակ Տէրն է. 30 եւ դու պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով եւ քո ամբողջ զօրութեամբ”. սա է առաջին պատուիրանը: 31 Եւ երկրորդը նման է սրան. “Դու պիտի սիրես քո ընկերոջը քո անձի պէս”. չկայ ուրիշ պատուիրան աւելի մեծ, քան սրանք»: 32 Եւ օրէնսգէտը նրան ասաց. «Լաւ է, Վարդապե՛տ, ճշմարտութեամբ ասացիր, թէ Աստուած մէկ է, եւ բացի նրանից ուրիշ Աստուած չկայ. 33 եւ նրան ամբողջ սրտով, ամբողջ զօրութեամբ, ամբողջ մտքով սիրելը, ինչպէս եւ ընկերոջն իր անձի պէս սիրելը առաւել է, քան ողջակէզները եւ զոհերը»: 34 Եւ Յիսուս, տեսնելով, որ նա իմաստութեամբ պատասխան տուեց, նրան ասաց. «Հեռու չես Աստծոյ արքայութիւնից»: Եւ այլեւս ոչ ոք չէր համարձակւում նրան բան հարցնել: