Ինչո՞վ բացատրել այս երեւոյթը. կենսաբանական տկարութեա՞մբ: Բայց ինչե՜ր կարող էր անել իր ճակատագրի խռովքը գիտակցօրէն ապրող 2-3 միլիոնանոց ժողովուրդը: «Իրապաշտական» սոփեստութիւնները, «առարկայական» փարիսեցիութիւնները չեն անցնումայլեւս: Երեւոյթը բարոյագիտապէս բացատրւում է ա՛յն փաստով, որ հայ մտաւորականութիւնը հակառակ սքանչելի բացառութիւնների, ո՛չ ցեղի ամօթանքն ապրելու առաքինութիւն ունի, ո՛չ էլ
ինքնափրկութեան հաւատ:
Եւ չունի մասամբ շնորհիւ հոգեւոր ծուլութիւնից, մտաւոր մակերեսայնութիւնից ծագած չարիքների:
Ունի՛նք մի հայրենիք — վեհակառոյց մի բարձրաւանդակ — վերծանե՞լ ենք նրա բնութեան խորհուրդները:
Ունի՛նք մերթ փառքով օծւած, մերթ մրով ծեփւած մի պատմութիւն.իմաստասիրե՞լ ենք նրա մասին, ծանոթացե՞լ նրա ընթացքի յատկորոշ ելեւէջներին, նրա զարգացման ներքին օրէնքներին, ղեկավար սկզբունքներին:
Ունի՛նք կենսական եւ հոգեկան բարձր կարողութիւններով օժտւած մի ժողովուրդ — կենսաբանական ուժականութեան (բիոլոգիական դինամիկա) անսպառ մի շտեմարան — ուսումնասիրե՞լ ենք նրա մարդա-հոգեբանական իւրայատուկ գծերը, փորձե՞լ ենք գիտական լոյսի տակ դնել նրա առաքինութիւններն ու մոլութիւնները, սրբագրել նրա հոգեբանական թերիները, մշակելդրական կողմերը: Ինչո՞ւ զարմանալ, որ չկարողացանք մեր բարձրաւանդակի ռազմագիտական անառիկ կէտերն օգտագործել մեր ինքնապաշտպանութեան համար, կամ
մեր ժողովրդի կենսա-հոգեկան կարողութիւնները վերածել դիմադրական եւ ստեղծագործ ոյժի, կամմեր մտաւորականութեան պարտադրել ազգայնօրէն ձեւակերպեալ մի աշխարհայեցողութիւն, գէթ, համահայկական եւ համահայաստանեան զգացում: Ինչո՞ւ դժգոհել աշխարհից, երբ ինքներս խորշելով իմաստասիրելու արւեստից
զրկւեցինք մեր հոգեւոր եւ մարմնական ոյժերը գիտականօրէն կազմակերպելու կարելիութիւնից, դարձանք անոյժ եւ անսկզբունք մի հօտ, խաբւեցինք քաղաքական բոլոր «առեւտուրներ»-ի մէջ եւ ճշմարտօրէն հերոսական մեր պայքարների պատմութիւնը փակեցինք պարտութեամբ:
Հոդվածը, որ 1932թ. իբրեւ խմբագրական գրվել է «Խռովք» ամսագրում, որոշ փոփոխումներով, նշված վերնագրով, արտատպվել է »Տարօնի Արծիւ»-ի 1939թ. թիվ 8-ում:
Հայկ Ասատրյան ( 1900 — 1956 )