Ավ. ըստ Ղուկասի 20.27-21.4
20.27 Սադուկեցիներից ոմանք, որոնք հակառակում էին, թէ յարութիւն չկայ, մօտենալով հարցրին նրան եւ ասացին. 28 «Վարդապե՛տ, Մովսէսը մեզ համար գրել է. “Եթէ մէկի եղբայրը, որը կին ունի, մեռնի, եւ նա անժառանգ լինի, թող նրա եղբայրն առնի այդ կնոջը եւ իր եղբօր համար զաւակ հասցնի”: 29 Արդ, եօթ եղբայրներ կային. առաջինը կին առաւ եւ անժառանգ մեռաւ: 30 Նրան առաւ նաեւ երկրորդը. եւ նա էլ անժառանգ մեռաւ: 31 Նրան առաւ նաեւ երրորդը. եւ նոյն ձեւով՝ եօթն էլ: Եւ ժառանգներ չթողեցին: 32 Մեռաւ եւ կինը: 33 Արդ, յարութեան ժամանակ նրանցից ո՞ւմ կինը կլինի, որովհետեւ եօթն էլ նրան կին առան»: 34 Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Այս աշխարհի որդիները կին են առնում եւ մարդի են գնում. 35 իսկ նրանք, որոնք արժանի կլինեն այն աշխարհին հասնելու եւ մեռելներից յարութիւն առնելու, ո՛չ կին են առնում եւ ո՛չ էլ մարդի են գնում, 36 քանի որ այլեւս մեռնել անգամ չեն կարող, որովհետեւ հրեշտակների նման են եւ Աստծոյ որդիներ, քանի որ յարութեան որդիներ են: 37 Իսկ որ մեռելները յարութիւն են առնում, Մովսէսն էլ այդ գուշակեց մորենու օրինակի մէջ, ինչպէս որ ասում է Տիրոջ մասին. «Աստուած Աբրահամի, Աստուած Իսահակի եւ Աստուած Յակոբի»: 38 Իսկ Աստուած մեռելների Աստուածը չէ, այլ՝ ողջերի, որովհետեւ բոլորը նրա համար կենդանի են»: 39 Օրէնսգէտներից ոմանք նրան պատասխանեցին եւ ասացին. «Վարդապե՛տ, լա՛ւ ասացիր»: 40 Եւ այլեւս ոչ ոք չէր համարձակւում նրան որեւէ բան հարցնել: 41 Յիսուս նրանց էլ ասաց. «Քրիստոսի համար ինչպէ՞ս են ասում, թէ Դաւթի Որդին է. 42 քանի որ Դաւիթն ինքը Սաղմոսների գրքում ասում է. “Տէրն ասաց իմ Տիրոջը. նստի՛ր իմ աջ կողմում, 43 մինչեւ որ քո թշնամիներին ոտքերիդ պատուանդան դնեմ”: 44 Իսկ արդ, եթէ Դաւիթը նրան Տէր է կոչում, Նա ինչպէ՞ս նրա որդին կլինի»: 45 Եւ մինչ ամբողջ ժողովուրդը լսում էր, ասաց իր աշակերտներին. 46 «Զգուշացէ՛ք օրէնսգէտներից, որոնք ուզում են պատմուճաններով շրջել եւ սիրում են ողջոյններ ընդունել հրապարակներում ու առաջին աթոռները գրաւել ժողովարաններում եւ պատուոյ տեղերը նստել ընթրիքների ժամանակ, 47 որոնք իւրացնում են այրիների տները եւ ձեւականօրէն երկարում են իրենց աղօթքները: Նրանք աւելի խիստ դատավճիռ պիտի ստանան»:
21.1 Եւ Յիսուս նայեց ու տեսաւ մեծահարուստներին, որոնք տաճարի գանձանակի մէջ իրենց նուէրներն էին գցում: 2 Տեսաւ եւ մի աղքատ այրի կնոջ, որ երկու լումայ գցեց այնտեղ: 3 Եւ ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ աղքատ այրին աւելի գցեց, քան բոլորը: 4 Նրանք ամէնքը իրենց կուտակածներից գցեցին Աստծուն տրուած նուէրների մէջ, իսկ նա իր կարօտութեան մէջ իր ունեցած ամբողջ ապրուստը գցեց»:
Գործք 25.23-26.32
25.23 Եւ յաջորդ օրը, երբ Ագրիպպասը եւ Բերենիկէն փառաւոր հանդէսով եկան եւ հազարապետների ու քաղաքի պատուաւոր մարդկանց հետ ատեան մտան, Փեստոսը հրամայեց, որ Պօղոսին բերեն: 24 Փեստոսն ասաց. «Ագրիպպա՛ս արքայ եւ բոլոր մարդիկդ, որ մեզ հետ էք, սրան տեսնում էք. հրեաների ամբողջ ժողովուրդը թէ՛ Երուսաղէմում եւ թէ՛ այստեղ սրա մասին ամբաստանութիւն էին անում ինձ մօտ եւ աղաղակում, թէ՝ “Չպէտք է կենդանի մնայ”: 25 Բայց ես վերահասու եղայ, որ նա մահուան արժանի ոչինչ չի արել. ինքն էլ բողոքած լինելով մարդկանցից գերազանցին՝ խորհեցի, որ ուղարկեմ նրան: 26 Դրա մասին իմ տիրոջը՝ կայսրին, ստոյգ բան չունեմ գրելու. այդ պատճառով նրան ձեր առաջ բերեցի եւ մանաւանդ՝ քո առաջ, Ագրիպպա՛ս արքայ, որպէսզի վերստին քննութիւն կատարելով՝ կարողանամ մի բան գրել, 27 քանի որ ինձ անպատեհ բան է թւում ուղարկել մի բանտարկեալի եւ նրա մասին որեւէ յանցանք չնշել»:
26.1 Եւ Ագրիպպասը Պօղոսին ասաց. «Քեզ թոյլատրուած է, որ քո մասին խօսես»: Այն ժամանակ Պօղոսը, ձեռքը երկարելով, պատասխանեց. 2 «Հրեաների՝ իմ մասին արած բոլոր ամբաստանութիւնների համար, Ագրիպպա՛ս արքայ, ինձ երանելի եմ համարում, քանի որ այսօր քո առաջ եմ պատասխան տալու, 3 մանաւանդ՝ նրա համար, որ գիտակ էլ ես հրեաների բոլոր կրօնական սովորութիւններին եւ խնդիրներին. այդ պատճառով աղաչում եմ, որ համբերութեամբ ինձ լսես: 4 Բոլոր հրեաները տեղեակ են իմ կեանքին իմ մանկութիւնից ի վեր, որը հէնց սկզբից անցել է Երուսաղէմում՝ իմ ազգի մէջ: 5 Նրանք վաղուց գիտեն, եթէ կամենան վկայել, որ ես որպէս փարիսեցի ապրել եմ մեր կրօնական խստագոյն օրէնքների համաձայն: 6 Եւ այժմ դատւում եմ, կանգնած ատեանի առաջ, Աստծուց մեր հայրերին տրուած խոստման յոյսի համար: 7 Ջերմեռանդութեամբ գիշեր ու ցերեկ պաշտամունք կատարելով՝ մեր տասներկու ցեղերը յուսացել են հասնել դրան: Այդ յոյսի համար, ո՛վ արքայ, ես էլ ամբաստանւում եմ հրեաների կողմից: 8 Ձեզ ինչո՞ւ է անհաւատալի թւում, որ Աստուած մեռելներին յարութիւն կտայ: 9 Ես ինքս էլ պատշաճ էի համարում շատ բան Նազովրեցի Յիսուսի անուանը հակառակ գործել, 10 ինչ որ արեցի իսկ Երուսաղէմում. քահանայապետներից իշխանութիւն ստանալով՝ սրբերից շատերին ես բանտարկում էի եւ նրանցից սպանուելու ենթակայ եղողների համար հաւանութիւն էի տալիս: 11 Եւ բոլոր ժողովարաններում շատ անգամ նրանց պատժելով՝ բռնադատում էի, որ հայհոյեն: Առաւել եւս մոլեգնելով նրանց դէմ՝ հալածում էի նրանց մինչեւ օտար քաղաքներ: 12 Ըստ այսմ, երբ քահանայապետների իշխանութեամբ եւ հրամանով Դամասկոս էի գնում, 13 կէսօրին ճանապարհին, ո՛վ արքայ, տեսայ, որ երկնքից արեգակի լուսաւորութիւնից առաւել ուժեղ մի լոյս փայլատակեց իմ շուրջը եւ նրանց շուրջը, որ ինձ հետ էին գնում: 14 Եւ երբ մենք բոլորս գետնին ընկանք, լսեցի մի ձայն, որ ինձ ասում էր եբրայերէն լեզուով. “Սաւո՛ւղ, Սաւո՛ւղ, ինչո՞ւ ես ինձ հալածում. քեզ համար խիստ դժուար է խթանի դէմ աքացել”: 15 Եւ ես ասացի. “Ո՞վ ես, Տէ՛ր”: Տէրն ասաց. “Ես Յիսուսն եմ, որին դու հալածում ես. 16 վե՛ր կաց ու կանգնի՛ր ոտքերիդ վրայ. ես քեզ երեւացի նրա համար, որ քեզ նշանակեմ պաշտօնեայ եւ վկայ այն բոլորի համար, որոնց մէջ ինձ տեսար, եւ այն բաների համար, որոնցով պիտի երեւամ քեզ. 17 ես քեզ կփրկեմ ժողովրդիցդ եւ հեթանոսներից, որոնց մէջ քեզ կուղարկեմ, 18 որպէսզի բանաս նրանց աչքերը, նրանց դարձնես խաւարից դէպի լոյս եւ սատանայի իշխանութիւնից՝ դէպի Աստուած, որպէսզի նրանք մեղքերի թողութիւն ստանան եւ սրբերի հետ ժառանգութեան բաժին՝ իմ հանդէպ ունեցած հաւատով”: 19 Ուստի, ո՛վ Ագրիպպաս արքայ, ես երկնային տեսիլքին անհնազանդ չգտնուեցի, 20 այլ նախ բոլոր նրանց, որ Դամասկոսում էին ու Երուսաղէմում եւ Հրէաստանի բոլոր գաւառներում, ապա նաեւ հեթանոսներին քարոզեցի, որ զղջան ու դառնան կենդանի Աստծուն եւ ապաշխարութեան արժանի գործեր անեն: 21 Դրա համար հրեաները, տաճարում ինձ բռնելով, փորձեցին սպանել: 22 Սակայն Աստծուց օգնութիւն հասաւ, եւ ես մինչեւ այսօր ողջ մնացի՝ վկայելով փոքրին ու մեծին, ոչինչ չասելով այն բաներից դուրս, ինչ մարգարէները եւ Մովսէսն են խօսել լինելիք դէպքերի մասին. 23 որ Քրիստոս չարչարուելու է. որ մեռելներից առաջին յարութիւն առնողը լոյս է աւետարանելու ժողովրդին եւ հեթանոսներին»: 24 Երբ նա այս պատասխանը տուեց, Փեստոսը բարձր ձայնով ասաց. «Ցնորւում ես, Պօղո՛ս, քո մեծ հմտութիւնը քեզ խելացնորութեան է տանում»: 25 Իսկ Պօղոսն ասաց. «Չեմ ցնորւում, ո՛վ գերազանցդ Փեստոս, այլ զգաստութեան եւ ճշմարտութեան խօսքեր եմ արտասանում. 26 արքան այս բաներին գիտակ իսկ է, դրա համար համարձակ եմ խօսում, քանի որ յանձն չեմ առնում այս բոլորից որեւէ բան քեզնից ծածկել, որովհետեւ մի որեւէ խուլ անկիւնում չէ, որ այս բանը գործուած է: 27 Ագրիպպա՛ս արքայ, մարգարէներին հաւատո՞ւմ ես. գիտեմ, որ հաւատում ես»: 28 Եւ Ագրիպպասը Պօղոսին ասաց. «Քիչ է մնում՝ ինձ էլ համոզես, որ քրիստոնեայ դառնամ»: 29 Եւ Պօղոսն ասաց. «Կխնդրէի Աստծուն, որ վաղ թէ ուշ ոչ միայն դու, այլեւ բոլոր նրանք, որ այսօր ինձ լսում են, լինեն այնպիսին, ինչպիսին ես ինքս եմ, բացի այս կապանքներից»: 30 Արքան ոտքի ելաւ, ինչպէս եւ կուսակալը, Բերենիկէն եւ բոլոր նրանք, որ նրանց հետ նստել էին: 31 Եւ մինչ գնում էին, իրար հետ խօսում էին ու ասում. «Մահուան կամ կապանքների արժանի ոչինչ չի անում այս մարդը»: 32 Իսկ Ագրիպպասը Փեստոսին ասաց. «Կարելի էր ազատ արձակել այս մարդուն, եթէ կայսրին բողոքած չլինէր»:
Հուդա 1.8-15
8 Նոյն ձեւով էլ սրանք եւս, քնի մէջ զառանցելով, մարմին են պղծում, Աստծոյ իշխանութիւնն արհամարհում, երկնային փառաւոր էակներին հայհոյում՝ 9 այն դէպքում, երբ Միքայէլ հրեշտակապետը բանսարկու սատանայի հետ Մովսէսի մարմնի մասին վիճելիս չհամարձակուեց հայհոյալից խօսքերով դատապարտել նրան, այլ ասաց. «Թող Տէրը քեզ սաստի»: 10 Իսկ սրանք հայհոյում են այն բանի դէմ, որ չգիտեն. եւ ինչ բաներ որ բնազդով գիտեն, ինչպէս անբան անասունը, նրանցով էլ ապականւում են: 11 Վա՜յ նրանց, որոնք Կայէնի ճանապարհով ընթացան եւ ըստ Բաղաամի մոլորութեան սայթաքեցին՝ վարձի յետեւից ընկնելով, եւ կորան Կորխի պէս իրենց ըմբոստութեան պատճառով: 12 Նրանք ատելի բանսարկուներ են, որոնք ընթանում են իրենց ցանկութիւնների յետեւից իրենց սէրերով եւ խարդախութեամբ, մասնակից են լինում սիրոյ ճաշին անպատկառօրէն իրենք իրենց պարարտացնելու համար. սրանք հողմակոծ անջուր ամպեր են, պտղակորոյս ծառեր՝ անպտուղ, կրկնակի մեռած, արմատախիլ եղած. 13 ծովի կատաղի ալիքներ, որ միշտ փրփրում-թափում են իրենց սեփական ամօթը. մոլոր աստղեր, որոնց համար է պահուած յաւիտենական խաւարի վիհը: 14 Նրանց մասին մարգարէացել է նաեւ Ենոքը՝ եօթերորդը Ադամից սկսած, եւ ասել. «Ահաւասիկ եկաւ Տէրը բիւրաւոր սուրբ հրեշտակներով՝ 15 դատաստան տեսնելու բոլորի հանդէպ եւ յանդիմանելու բոլոր ամբարիշտներին իրենց այն գործերի համար, որ ամբարշտութեամբ գործեցին, եւ այն բոլոր խիստ խօսքերի համար, որ նրա դէմ ասացին մեղաւորները եւ ամբարիշտները»:
Ավ. ըստ Հովհաննեսի 13.1-15
1 Զատկի տօնից առաջ Յիսուս իմացաւ, որ հասել է իր ժամը, որպէսզի այս աշխարհից Հօր մօտ փոխադրուի. սիրեց իւրայիններին, որ այս աշխարհում են, իսպառ սիրեց նրանց: 2 Եւ ընթրիքի ժամանակ, երբ սատանան արդէն իսկ Սիմոնի որդի Իսկարիովտացի Յուդայի սրտի մէջ դրել էր, որ մատնի նրան, 3 Յիսուս իմացաւ, որ Հայրը ամէն բան իր ձեռքն է յանձնել, եւ որ ինքը Աստծուց է ելել եւ Աստծոյ մօտ է գնում: 4 Նա վեր կացաւ ընթրիքի սեղանից, մի կողմ դրեց զգեստները եւ մի սրբիչ վերցնելով՝ մէջքին կապեց: 5 Եւ ապա ջուր վերցնելով՝ ածեց կոնքի մէջ եւ սկսեց իր աշակերտների ոտքերը լուանալ եւ սրբել մէջքին կապած սրբիչով: 6 Մօտեցաւ Սիմոն Պետրոսին, եւ սա ասաց նրան. «Տէ՛ր, դո՞ւ ես իմ ոտքերը լուանում»: 7 Յիսուս պատասխանեց նրան ու ասաց. «Ինչ որ ես անում եմ, դու հիմա չես իմանում, բայց յետոյ կիմանաս»: 8 Պետրոսը նրան ասաց. «Իմ ոտքերը յաւիտեան չես լուանայ»: Յիսուս պատասխանեց. «Եթէ քեզ չլուանամ, ինձ հետ մաս չունես»: 9 Սիմոն Պետրոսն ասաց նրան. «Տէ՛ր, ոչ թէ միայն իմ ոտքերը, այլեւ իմ ձեռքերն ու իմ գլուխն էլ լուա՛»: 10 Յիսուս նրան ասաց. «Լուացուածին ուրիշ բան պէտք չէ, բայց միայն՝ ոտքերը լուանալ, քանի որ ամբողջութեամբ մաքուր է. եւ դուք մաքուր էք, բայց ոչ՝ բոլորդ»: 11 Քանի որ նա գիտէր նրան, ով իրեն մատնելու է, դրա համար ասաց. «Բոլորդ չէ, որ մաքուր էք»: 12 Եւ երբ նրանց ոտքերը լուաց, վերցրեց իր զգեստները եւ դարձեալ սեղան նստեց ու ասաց նրանց. «Գիտէ՞ք, թէ այդ ինչ արեցի ձեզ: 13 Դուք ինձ Վարդապետ եւ Տէր էք կոչում. եւ լաւ էք անում, քանի որ իսկապէս ե՛մ. 14 իսկ արդ, եթէ ես՝ Տէրս եւ Վարդապետս, լուացի ձեր ոտքերը, դուք էլ պարտաւոր էք միմեանց ոտքերը լուանալ. 15 որովհետեւ մի օրինակ տուեցի ձեզ, որ ինչպէս ես ձեզ արեցի, դուք էլ նոյն ձեւով անէք:
Ավ. ըստ Մատթեոսի 22.15-46
15 Այն ժամանակ փարիսեցիները գնացին, խորհուրդ արեցին նրա մասին, թէ ինչպէս խօսքերով նրան որոգայթ լարեն: 16 Եւ նրա մօտ ուղարկեցին իրենց աշակերտներից ոմանց՝ հերովդէսականների հետ միասին, եւ ասացին. «Վարդապե՛տ, գիտենք, որ ճշմարտախօս ես եւ Աստծոյ ճանապարհը ճշմարտութեամբ ես ուսուցանում. եւ ոչ մէկից չես քաշւում ու ոչ մի մարդու աչառութիւն չես անում: 17 Արդ, ասա՛ մեզ, ինչպէ՞ս է քեզ թւում. պէ՞տք է հարկ տալ կայսրին, թէ՞ ոչ»: 18 Յիսուս հասկացաւ նրանց խորամանկութիւնն ու ասաց. «Ինչո՞ւ էք ինձ փորձում, կեղծաւորնե՛ր, 19 ինձ հարկի դահեկա՛ն ցոյց տուէք»: Եւ նրանք մի դահեկան բերեցին: 20 Եւ նա ասաց նրանց. «Այս պատկերը կամ գիրը ո՞ւմն է»: 21 Նրանք ասացին՝ կայսրինը: Այն ժամանակ նրանց ասաց. «Գնացէք տուէ՛ք կայսրինը կայսերը եւ Աստծունը՝ Աստծուն»: 22 Երբ այս լսեցին, զարմացան եւ թողեցին նրան ու գնացին: 23 Նոյն օրը նրան մօտեցան սադուկեցիները, որոնք ասում էին, թէ յարութիւն չկայ. հարց տուեցին նրան ու ասացին. 24 «Վարդապե՛տ, Մովսէսն ասաց, որ եթէ մէկն անժառանգ մեռնի, նրա եղբայրը նրա կնոջը պիտի առնի եւ իր եղբօրը զաւակ հասցնի: 25 Մեզ մօտ եօթ եղբայրներ կային. առաջինը կին առաւ ու ապա մեռաւ. եւ որովհետեւ զաւակ չունէր, կնոջն իր եղբօրը թողեց: 26 Նոյնպէս եւ՝ երկրորդը եւ երրորդը, մինչեւ եօթերորդը: 27 Բոլորից յետոյ կինն էլ մեռաւ: 28 Արդ, յարութեան ժամանակ եօթից ո՞ւմ կին կլինի նա, քանի որ բոլորն էլ նրան իբրեւ կին ունեցան»: 29 Յիսուս պատասխանեց նրանց ու ասաց. «Մոլորուածնե՛ր, ո՛չ Գրքերն էք հասկանում եւ ո՛չ էլ Աստծոյ զօրութիւնը. 30 որովհետեւ յարութեան ժամանակ ո՛չ կին են առնում եւ ո՛չ էլ մարդի գնում, այլ կլինեն, ինչպէս հրեշտակները երկնքում: 31 Բայց մեռելների յարութեան մասին չէ՞ք կարդացել Աստծուց ձեզ ասուածը. 32 “Ես եմ Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը”. եւ Աստուած մեռելների Աստուածը չէ, այլ՝ կենդանիների»: 33 Երբ ժողովուրդն այս լսեց, զարմացաւ նրա ուսուցման վրայ: 34 Իսկ փարիսեցիները երբ լսեցին, թէ նա պապանձեցրեց սադուկեցիներին, ի մի հաւաքուեցին. 35 եւ նրանցից մէկը, նրան փորձելով, հարցրեց ու ասաց. 36 «Վարդապե՛տ, օրէնքի մէջ ո՞ր պատուիրանն է մեծ»: 37 Եւ Յիսուս նրան ասաց. «Պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով: 38 Այս է մեծը եւ առաջին պատուիրանը. 39 եւ երկրորդը սրա նման է. «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս քո անձը»: 40 Այս երկու պատուիրաններից են կախուած ամբողջ օրէնքը եւ մարգարէները»: 41 Եւ երբ փարիսեցիները հաւաքուեցին, Յիսուս նրանց հարցրեց ու ասաց. 42 «Ի՞նչ կարծիք ունէք Քրիստոսի մասին. ո՞ւմ որդին է»: Նրան ասացին՝ Դաւթի: 43 Յիսուս նրանց ասաց. «Իսկ Դաւիթն ինչպէ՞ս նրան Սուրբ Հոգով կոչում է Տէր եւ ասում է. 44 “Տէրն իմ Տիրոջն ասաց. նստի՛ր իմ աջ կողմում, մինչեւ որ քո թշնամիներին դնեմ քո ոտքերի տակ իբրեւ պատուանդան”: 45 Իսկ եթէ Դաւիթը նրան Տէր է կոչում, ինչպէ՞ս նրա որդին կլինի»: 46 Եւ ոչ ոք նրան մի բառ պատասխան չկարողացաւ տալ: Եւ այդ օրուանից ոչ ոք չէր համարձակւում նրան մի որեւէ բան հարցնել:
Ավ. ըստ Մարկոսի 12.35-44
35 Մինչ Յիսուս ուսուցանում էր տաճարում, հարց տուեց ժողովրդին ու ասաց. «Ինչպէ՞ս են ասում օրէնսգէտները, թէ Քրիստոս Դաւթի Որդի է, 36 մինչ Դաւիթն ինքը Սուրբ Հոգով ասում է. “Տէրն իմ Տիրոջն ասաց. նստի՛ր իմ աջում, մինչեւ որ քո թշնամիներին քո ոտքերի համար պատուանդան դնեմ”: 37 Արդ, եթէ Դաւիթն ինքը նրան Տէր է կոչում, ինչպէ՞ս նրա Որդին կլինի»: Եւ շատ ժողովուրդ նրան լսում էր սիրով: 38 Եւ սովորեցնելով նա իր ուսուցման ընթացքում ասում էր. «Զգո՛յշ եղէք այդ օրէնսգէտներից, որ ուզում են աչքի զարնող զգեստներով ման գալ, հրապարակներում յարգանքի ողջոյններ որոնել, 39 ժողովարաններում՝ առաջին աթոռները եւ ընթրիքների ժամանակ՝ պատուոյ տեղերը: 40 Նրանք ուտում են այրիների տները, ցուցադրաբար երկարացնում են աղօթքները, որպէսզի աւելի խիստ դատաստան ընդունեն»: 41 Յիսուս կանգնած էր գանձանակի դիմաց. դիտում էր, թէ ինչպէս ժողովուրդը պղինձ դրամ է գցում գանձանակի մէջ: Եւ շատ մեծահարուստներ շատ բան գցեցին: 42 Մի այրի կին եկաւ եւ երկու լումայ գցեց, որը մի գրոշ է: 43 Եւ Յիսուս, իր մօտ կանչելով իր աշակերտներին, նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ չքաւոր այրին աւելի շատ գցեց, քան գանձանակի մէջ միւս բոլոր դրամ գցողները, 44 քանի որ ամէնքը իրենց աւելորդից գցեցին, իսկ նա իր չքաւորութիւնից գցեց ամէն ինչ, որ ունէր՝ իր ամբողջ ապրուստը»: