Սուրբ Հոգին Ամենասուրբ Երրորդության երրորդ Անձն է։ Հոր և Որդու հետ միասին մասնակցում է աստվածային միակ բնությանը և նրանց հետ միասին գործում է փրկության պատմության մեջ։ Անձնավոր Սերն է, որով Հայրը սիրում է Որդուն և Որդին սիրում է Հորը, աստվածության սիրո զոդն է։ Որպես աստվածային Անձ հայտնվել է նաև Հին Կտակարանում, բայց Նրա վերաբերյալ վերջնական հայտնությունը մեզ տրվել է Հիսուսի կողմից Նոր Կտակարանում։
Ա) ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆՈՒՄ
Հին Կտակարանի տվյալները Սուրբ Հոգու վերաբերյալ ընծայում են ո՛չ թե վերջնական մի հայտնություն, այլ ավելի՝ մի նախապատրաստություն։ Ժամանակները տակավին հասուն չէին և հինկտակարանյան կուռ միաստվածությունը հեթանոսական տիպի բազմաստվածության վերածվելու վտանգին կենթարկվեր, եթե Աստծո Իմաստությունն ու Զորությունը մարգարեների կողմից ներկայացվեին իբրև անձնավորված գոյություններ։
Եբրայեցերեն տեքստերում գործածվում է « ruah » եզրը, որն իր առաջնային իմաստով նշանակում է շունչ, օդի փչելը, քամի։ Այդ եզրով հասկացվում է Աստծո միաժամանակ անդրանցականությունն ու ներկայությունը, Նրա գոյութենական ա՛յլ հարթության վրա լինելը, որտեղից, սակայն, կենսատու շնչի նման մուտք է գործում մարդկանց պատմության մեջ, գործում է այդ պատմության ներսում, այդ պատմությունից և այդ պատմության դերակատարներից տարբեր մնալով հանդերձ։ Հունարեն տեքստերում թարգմանվում է « pneuma » եզրով (լատիներեն՝ « spiritus »), որոնք ունեն եբրայեցերենի միևնույն նշանակությունը. շունչ, փչել։
Այսպիսով, «Աստծո Հոգի» արտահայտությունն, օրինակի համար, Հին Կտակարանում նշանակում է, որ Աստծո արարչական զորությունը երկրի նկատմամբ արտաքին իրականություն է, գալիս է դրսից, Աստծուց, և նյութական աշխարհում ներգործում է տարբեր ուղղություններով. ստեղծում և պահպանում է արարչության մեջ կարգուկանոնը, պարգևում է կենդանության շունչը, առաջնորդում է, վերանորոգում, ստեղծում է ընդհանրականության զոդն ու ձգտումը (Ծնդ 1, 2; 2, 7; Ես 11, 1-5; Եզկ 36, 22-30; Հվլ 3, 1-2)։
Միայն երկու անգամ է, որ Հին Կտակարանում հանդիպում ենք «Սրբության Հոգի» (« ruah qodesh ») արտահայտությանը (Ես 63, 10-11; Սղմ 50, 13), ուր, սակայն, «Սրբություն» եզրը «Աստված» եզրի հոմանիշն է։
Պենտեկոստեի հրեական տոնի ժամանակ հիշվում էր Ուխտի և Օրենքի պարգևը։ Այդ տոնի ժամանակ է, որ Սուրբ Հոգին իջնում է Քրիստոսի Առաքյալների վրա (Գրծ 2, 1-12), խորհրդանշելով Հին Ուխտի կատարումը։
Բ) ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆՈՒՄ
Նոր Կտակարանի գրությունները համակարգված ուսմունք չեն ներկայացնում Սուրբ Հոգու մասին։ Նորկտակարանյան հեղինակների գրություններում ներկա բազմաթիվ տվյալներն ի մի հավաքելով է, որ ձևավորվում է նորկտակարանյան հոգեխոսությունը, որն էլ իր հերթին աստվածաշնչյան ամուր հիմք է հանդիսանում Եկեղեցու աստվածաբանական հոգեխոսության համար։
«Սուրբ Հոգի» արտահայտությունը («Πνεῦμα ἅγιον » կամ « Ἅγιον Πνεῦμα ») շատ հաճախ (100-ից ավելի անգամներ) է գործածվում Նոր Կտակարանում։ Ուրիշ հարյուրավոր անգամներ էլ գործածվում է «Հոգի» անունը առանձին եղանակով։ Հաճախակի են նաև «Աստծո Հոգի» (Մտթ 12, 28; Հռմ 8, 9.14; 1Կր 7, 40), «Տիրոջ Հոգի» (Ղկս 4, 18; Գրծ 5, 9; 2Կր 3, 17-18), «Որդու Հոգի» (Գղտ 4, 6), «Քրիստոսի Հոգի» (1Պտ 1, 11), «Հիսուսի Հոգի» (Գրծ 16, 7) և «Հիսուս Քրիստոսի Հոգի» (Փլպ 1, 19) արտահայտությունները։
Դյուրին չէ, մինչդեռ, միանշանակ մեկնաբանություն տալ վերացական մի քանի արտահայտությունների, որոնք գտնվում են Պողոս և Հովհաննես Առաքյալների գրություններում. օրինակ, «ճշմարտության Հոգի» (Հվհ 14, 17), «որդեգրության Հոգի», որն ընդդիմանում է «ստրկության հոգուն» (Հռմ 8, 15), «հավատքի հոգի» (2Կր 4, 13), «իմաստության ու հայտնության հոգի» (Եփս 1, 17), «մարգարեության հոգի» (Հյտ 19, 10)։ Այս պարագաներում հարկավոր է կետ առ կետ ճշտել, թե խոսքը վերաբերվում է Սուրբ Հոգուն իբրև ա՞նձ, թե՞ Նրա պարգևներին ու դրանց կողմից հարուցված հետևանքներին։
Սուրբ Հոգու գործողությունը նկարագրող բայերի մեջ հանդիպում ենք, օրինակի համար, հետևյալներին. իջնում է (Մտթ 3, 16), գալիս է (Հվհ 15, 26; Գրծ 1, 8), լցնում է (Ղկս 1, 15; Գրծ 2, 4; 4, 8.31), հանգչում է (1Պտ 4, 14), մտնում է (Հյտ 11, 11), խոսում է (Մտթ 10, 20; Հյտ 2, 7), աղաղակում է (Գղտ 4, 6), կենագործում է (Հվհ 6, 64; 1Կր 15, 45; 2Կր 3, 6), վկայում է (Գրծ 5, 32; Հռմ 8, 16), խոչընդոտում է (Գրծ 16, 6-7), բնակվում է (Հռմ 8, 9.11; 1Կր 3, 16), օգնության է հասնում և բարեխոսում է (Հռմ 8, 26), արդարացնում է (1Կր 6, 11), լուսավորում ու ջերմացնում է (հմմտ. 1Թղ 5, 19), պտղաբերում է (Գղտ 5, 22), նորոգում է (Հռմ 7, 6)։ Սույն խիստ բազմազան բառապաշարը մի կողմից միանշանակ կերպով ցույց է տալիս, որ խոսքը մի անձնավորված էակի մասին է, իսկ մյուս կողմից ընդգծում է, որ Նա ամբողջովին անդրանցական է և բնավ ենթակա չէ մարդկային որևէ տեսակի հաշվարկների։
Գ) ՀԻՍՈՒՍԻ ՀՈԳԻՆ
Նոր Կտակարանը Սուրբ Հոգուն ներկայացնում է մեկնելով Հիսուսի հետ ունեցած Նրա եզակի հարաբերությունից։
գ.1) Մարդեղությունը։ — Հիսուսի մեջ Սուրբ Հոգու ներկայությունը սկսվում է Նրա հղացման առաջին իսկ պահից։ Եթե հինկտակարանյան դատավորները, մարգարեներն ու թագավորները (Հովհաննես Մկրտիչը ներառյալ) Աստծո Հոգիով լցվում էին իրենց կյանքում մի որոշակի պահի, Հիսուսի մարդկային գոյության առաջին իսկ պահը՝ հղացումը, տեղի է ունենում Սուրբ Հոգու աստվածային ներգործությամբ (Մտթ 1, 20; Ղկս 1, 35), առանց մարդկային միջամտության, առանց ընծայման կամ նվիրաբերման ծիսական որևէ արարողության անհրաժեշտության։
գ.2) Մկրտությունը։ — Հովհաննես Մկրտչի քարոզչությունն ավետում էր Մեսիայի գալուստը. Նրա, ով գործելու էր Հոգու զորությամբ և մարդկանց մկրտելու էր Սուրբ Հոգու և կրակի մեջ (Մտթ 3, 11)։ Հովհաննեսի մոտ մկրտություն ստանալու նպատակով եկած բազմության մեջ Սուրբ Հոգին է, որ Հիսուսին հայտնում է որպես խոստացված Մեսիան (Մտթ 3, 13-17; Ղկս 3, 21-22), Աստծո սիրեցյալ Որդին (Մրկ 1, 11), Աստծո Գառը, որի զոհաբերմամբ ջնջվում է աշխարհի մեղքը (Հվհ 1, 29)։
գ.3) Բացահայտ կյանքի տարիներին։ — Իր ողջ վարքով Հիսուսը բացահայտում է Սուրբ Հոգու ներգործությունն Իր մեջ (Ղկս 4, 14). Սուրբ Հոգով է Նա դիմագրավում սատանայի փորձություններին (Մտթ 4, 1), Սուրբ Հոգու զորությամբ է ազատում մարդկանց սատանայի ու դևերի տիրապետությունից (Մտթ 12, 28), Սուրբ Հոգու մղմամբ է աղքատներին ավետում բարի լուրը և Աստծո խոսքը (Ղկս 4, 18), Սուրբ Հոգու մեջ է հաղորդակցվում Հոր հետ (Ղկս 10, 21)։ Այս բոլոր նշանները փաստում են, որ Նրա վրա է «հանգչում Հոգին» (Ես 61, 1)։
Հիսուսի անձում Սուրբ Հոգու ներգործությունը արմատականորեն տարբերվում է հինկտակարանյան կերպարներից. աստվածային Հոգու հինկտակարանյան հայտնություններն ու միջամտությունները պատահական ու միշտ անցողիկ բնույթ ունեին. հանձինս Հիսուսի, մինչդեռ, տևական են ու մնայուն. Հիսուսը չի ստանում Աստծո խոսքն ու հայտնությունը, այն արտահայտում է Իր բոլոր խոսքերի ու արարքների մեջ. ոչ ոք երբևէ չի ունեցել Հոգին այնքան, որքան Նա, «առանց չափի» (Հվհ 3, 34)։ Ինչպես որ Հայրը միշտ Իր հետ էր (Հվհ 8, 29), նույնպես և Հոգին. Հիսուսի անձում Հոգու սովորական ներկայությունն Իր աստվածության նշաններից մեկն էր. Հոգին Հիսուսի մեջ չի գալիս դրսից, այլ՝ Իրենն է, Հիսուսի Հոգին է (Հվհ 20, 22)։
Դ) ԵԿԵՂԵՑՈՒՆ ՊԱՐԳԵՎՎԱԾ ԵՎ ՆՐԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀՈԳԻՆ
Սուրբ Հոգով ամբողջովին լիացած լինելով և Նրա միջոցով գործելով, Հիսուսը գրեթե երբեք չի խոսում Նրա մասին. Սուրբ Հոգուն Նա բացահայտում է Իր բոլոր գործերով, բայց քանի դեռ ապրում էր մարդկանց մեջ, չէր կարող ցույց տալ Նրան Իրենից զատ կերպով։ Այս պատճառով է, որ նախ հարկավոր էր, որ Հիսուսը ավարտեր Իր առաքելությունը և գնար, որպեսզի Հոգին գար և ճանաչվեր (Հվհ 7, 39; 14, 16-17.26; 16, 7.12-15)։
դ.1) Հիսուսը խոստանում է Սուրբ Հոգու պարգևումը։ — Նախ Հիսուսը խոստանում է, որ Հոգին նեցուկ է լինելու քարոզիչներին (Մրկ 13, 11)։ Բայց վերջին Ընթրիքից հետո արտասանված խոսքերում խոստումը տարածվում է Քրիստոսի բոլոր հետևորդների վրա. Սուրբ Հոգին ամեն օր զորացնելու է քրիստոնյաներին՝ կրելու աշխարհի նեղությունները (Հվհ 14, 16-18; 15, 18-27)։ Ինչպես որ Հիսուսն Իր ամբողջ կյանքով վկայեց Հորը (Հվհ 5, 43; 8, 49-50; 12, 49), նույնպես աշակերտներն էլ վկայելու են Տեր Հիսուսին (Մրկ 13, 9; Հվհ 15, 26-27)։ Քանի դեռ Իր աշակերտների հետ էր, Հիսուսն Ինքն էր նրանց մխիթարությունը (Հվհ 17, 11-14), իսկ Իր մեկնումից հետո Սուրբ Հոգին է, որ լինելու է քրիստոնյաների Մխիթարիչը (Հվհ 14, 16; 16, 7)։ Գալով Հիսուսի աշակերտների մոտ, Սուրբ Հոգին փառավորելու էր Հիսուսին (Հվհ 16, 13-14), հիշեցնելու էր Հիսուսի խոսքերը (Հվհ 14, 26), առաջնորդելու էր դեպի ամբողջական ճշմարտությունը, այսինքն՝ Հիսուսի ուսուցումների լիակատար ըմբռնումը (Հվհ 16, 8-15)։
դ.2) Հիսուսը պարգևում է Սուրբ Հոգին։ — Ինչպես և խոստացել էր (Հվհ 7, 37-39), մահից հետո հարություն առնելով՝ Հիսուսն Իր աշակերտներին պարգևում է Սուրբ Հոգին (Հվհ 20, 22-23; Գրծ 2, 4)։ Հոգեգալուստով հիմնվում է Քրիստոսի Եկեղեցին, որի կյանքն այդուհետև անդադար առաջնորդվելու էր Սուրբ Հոգու կողմից։ Գործք Առաքելոց գրքում նկարագրվում են Հիսուսի Հոգու հրաշագործ միջամտություններն ի նպաստ նորածին Եկեղեցու (Գրծ 5, 12-16; 10, 44-48; 13, 2.4.52; և այլն)։
Ե) ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ԳՈՐԾԸ ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ՆԱՄԱԿՆԵՐՈՒՄ
Պողոս Առաքյալն ընդգծում է Սուրբ Հոգու գործունեությունը անհատ քրիստոնյայի կյանքում, մատնանշելով այն իբրև նոր ու հավիտենական կյանքի աղբյուր, որն Իր Եկեղեցուն հաղորդվել է Հիսուսի կողմից։
ե.1) Հոգին՝ Քրիստոսի փառքը մեր մեջ։ — Պողոս Առաքյալի նամակներում Սուրբ Հոգին նախևառաջ Քրիստոսի փառքն է մեր մեջ. Սուրբ Հոգու պարգևը Տիրոջ փառքի ներկայությունն է, որ կերպարանափոխում է մեզ Իր պատկերի ու նմանության համաձայն։ Պողոս Առաքյալը միմյանցից բնավ չի բաժանում Քրիստոսին և Սուրբ Հոգուն, Քրիստոսի մեջ կյանքը՝ Սուրբ Հոգու մեջ կյանքից. նրա համար կյանքը Քրիստոսն է (Գղտ 2, 20), և կյանք է նաև Հոգին (Հռմ 8, 10)։ Լինել «Քրիստոս Հիսուսի մեջ» (Հռմ 8, 1) նշանակում է «ապրել Հոգու համաձայն» (Հռմ 8, 4-5)։
ե.2) Հոգին նոր կյանքի աղբյուրն է։ — Պողոս Առաքյալը տարբեր պատկերներով է նկարագրում Սուրբ Հոգու միակ փորձառությունը. մահվանը հաջորդել է կյանքը, օրենքի տառին՝ Հոգու նորությունը (Հռմ 7, 6; 2Կր 3, 6), անեծքին՝ Աբրահամի օրհնությունը խոստման Հոգու մեջ (Գղտ 3, 13-14), մարմնի օրենքը թելադրող մեղքին՝ Հոգու և արդարության օրենքը (Հռմ 7, 13-25; 8, 1-6), մարմնի գործերին՝ Հոգու պտուղները (Գղտ 5, 18-23), մեղավորի վրա աստվածային զայրույթի «նեղությունն ու տագնապը» ծանրացնող դատապարտությանը՝ Հոգու խաղաղությունն ու բերկրանքը (Հռմ 2, 9; Գղտ 5, 22; 1Թղ 1, 6)։
Այս նոր կյանքը մեզ պարգևվել է և Սուրբ Հոգու մեջ մեզ չի պակասում ոչ մի պարգևաշնորհ (1Կր 1, 7), բայց այդ ամենը մեզ տրվել է պայքարի մեջ, որովհետև այս աշխարհում Սուրբ Հոգու միայն «առհավատչյան» ունենք (2Կր 1, 22; 5, 5; Եփս 1, 14)։ Հոգին մեզ կանչում է պայքարի, և Պողոս Առաքյալը Սուրբ Հոգու ներկայությունը հաստատող խոսքերին միշտ կցում է Նրա պահանջներին համապատասխանելու հրամայականը. «Եթե Հոգու մեջ ենք ապրում, ուրեմն Հոգու համաձայն էլ պետք է ընթանանք» (Գղտ 5, 25; հմմտ. 6, 8; Հռմ 8, 9-14; Եփս 4, 30), որպեսզի Նա «Քրիստոսի մեջ նորածին» մարմնավոր էակներին փոխակերպի «հոգևոր էակների» (1Կր 3, 1-3)։
ե.3) Հոգու զորությամբ է ծնվում և աճում Եկեղեցին։ — Պողոս Առաքյալը հստակ կերպով հաստատում է, որ Սուրբ Հոգուց ծնված նոր արարչությունը Եկեղեցին է։ Եկեղեցին և Սուրբ Հոգին անբաժանելի են. Հոգու փորձառությունը տեղի է ունենում Եկեղեցու ներսում և մուտք է տալիս Եկեղեցու խորհրդին մերձենալու համար։ Պարգևաշնորհներն արժեք ունեն այնքանով, որքանով որ արդյունավետ կերպով նպաստում են կերտելու Եկեղեցին (1Կր 12, 7; 14, 4) և սրբացնելու Աստծո տաճարը (1Կր 3, 16-17; Եփս 2, 22)։ Իր ներգործությունն ու պարգևները անդադար նորոգելով, Սուրբ Հոգին տևականորեն ստեղծում է Քրիստոսի մարմնի միությունը (1Կր 12, 12-13)։ Միության մեջ աճեցնելով (Եփս 4, 3; Փլպ 2, 1-4), Սուրբ Հոգին քրիստոնյաների սրտերից ներս հեղում է սիրո գերագույն պարգևը (1Կր 13, 1-13; 2Կր 6, 6; Գղտ 5, 22; Հռմ 5, 5) և Քրիստոսի բոլոր հավատացյալներին հավաքում է Իր միության մեջ (Եփս 4, 1-16)։
ե.4) Սուրբ Հոգին Աստծուն հասնելու միակ ճանապարհն է։ — Սուրբ Հոգու ամբողջ գործունեությունը նպատակամղված է մեր առջև ճանապարհ բացելու դեպի Աստված, մեզ կենդանի հաղորդության մեջ դնելու Աստծո հետ, մեզ ընտանի դարձնելու սրբազան իրականությունների խորությանը և հայտնելու մեզ Աստծո գաղտնիքները (1Կր 2, 10-11)։ Սուրբ Հոգին միավորում է, որովհետև Միակ Աստծո Հոգին է. «Միայն մեկ մարմին և միայն մեկ Հոգի, […] միայն մեկ Տեր, […] միայն մեկ Աստված» (Եփս 4, 4-6)։ Սուրբ Հոգու մեջ ենք մենք ճանաչում Քրիստոսին և դավանում ենք, որ «Հիսուսը Տերն է» (1Կր 12, 3), աղոթում ենք Աստծուն (Հռմ 8, 26-27) և Նրան կոչում ենք Իր Անունով. «Աբբա», որ նշանակում է «Հայրիկ» (Հռմ 8, 15; Գղտ 4, 6)։ Եթե Սուրբ Հոգին բնակվում է մեր մեջ, աշխարհում ոչինչ չի կարող հեռացնել մեզ փրկությունից և դատապարտել կործանման, որովհետև Աստված պարգևվել է մեզ և մենք ապրում ենք Իր մեջ։
Աղբյուր՝ Mashtoz.org