Նստած էի ես մի օր մեր շեմին,
Քեռիս ցորեն էր էրնում մեր կալում.
Սարից փչում էր աշնան զով քամին,
Քամին քշում էր ու հարդը տանում։
— Քե՛ռի,- ասացի,- էդ ի՞նչ ես անում,
Մեր ամբողջ հարդը տվեցիր քամուն:
— Բան չկա, բալիկ, ի՞նչ ես վշտանում,
Հարդը գնում է, ցորենն է մնում։
Ամեն բանի մեջ և ամեն ժամին
Քամին էրնում է ու հարդը տանում,
Մեզ էլ էրնում է աշխարհի քամին,
Հարդը գնում է, ցորենն է մնում։
Մենք ողջ աշխարհն ենք էրնում լույսից լույս,
Հարդն ու ցորենը տվել ենք քամուն,
Ու ես հիշում եմ խոսքերը քեռուս.
«Հարդը գնում է, ցորենն է մնում»:
էրնում եմ ես էլ երգերս հիմի,
Իմ ամբողջ կալը բռնել եմ քամուն.
Ինչ որ չի մնա՝ կտանի քամին,
Հարդը գնում է, ցորենն է մնում։
1932